info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Թանահատի վանք

Թանահատի վանք

Թանահատի վանք / Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Թանահատի վանք կամ ինչպես շատ հաճախ կոչում են՝ Կարմիր վանքը, գտնվում է Վայոց ձորում՝ Վերնաշեն գյուղի հարավ-արևելյան հատվածում: Վանքը կառուցված է կարմրավուն քարից, ինչի շնորհիվ էլ ստացել է երկրորդ՝ Կարմիր վանք անվանումը: 

Հեթանոսության հետքերով

Ինչպես շատ վաղ քրիստոնեական հայկական եկեղեցիներ, այդ թվում նաև Թանահատի վանքը կառուցվել է հեթանոսական տաճարի ավերակների վրա: Թանահատի վանքի դեպքում՝ այն կառուցվել է Անահիտ աստվածուհուն նվիրված հեթանոսական տաճարի տեղում: Որոշ աղբյուրների համաձայն տաճարը վերափոխվել է քրիստոնեական եկեղեցու արդեն 5-րդ դարում, սակայն Թանահատի վանքի մասին ամենահին վկայություններ պատմիչների մոտ հանդիպում ենք 8-րդ դարից:

Թանահատի վանք

Թանահատի վանքը վկայություններում հանդիպում է նաև «Թանադե» անվամբ, ինչպես որ վկայել էր պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը՝ նշելով, որ 735թ. հողարկավորած Ստեփանոս Սյունեցու գերեզմանի վրա մատուռ է կառուցվել:

Եվ միայն 13-րդ դարում մատուռը վերակառուցում են որպես երկու զույգ ավանդատներով և ներքին խաչաձև հորինվածք ունեցող եկեղեցի: Եկեղեցու հովանավոր Պռոշ իշխանն էր, որն էլ եկեղեցին անվանում է Սբ. Ստեփանոս: 

Թանահատ վանական համաիրի մասն են կազմում Սբ. Ստեփանոս և Սբ. Նշան եկեղեցիները, նվիրատվության մաս կազմող բազմաթիվ այգիներ, հողամասեր, ինչպես նաև մի շարք տապանաքարեր և գերեզմանոցներ: Իսկ 1971թ. պեղումների արդյուքնում մասնագետները ենթադրում են, որ վանքապատկան մի քանի շինություններ, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են Գլաձորի համալսարանի կողմից:  

Սբ. Ստեփանոս

Եկեղեցու թմբուկը բազմանիստ է և աչքի է ընկնում մի շարք բարձրաքանդակներով, որոնց շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Պռոշյանների զինանշանը՝ արծիվ, որն իր ճանկերում բռնել է խոյի: Բացի այդ, վեղարի ներքևի հատվածում պատկերված է եզան գլուխ և ցուլի վրա հարձակվող առյուծ: Եկեղեցու արտաքին զարդարանքում առկա է նաև Արևի ժամացույց, որի երկու կողմերից պատկերված են ջուր խմող երկու սիրամարգեր:

Սբ. Նշան

Սբ. Ստեփանոս եկեղեցու հյուսիային կողմին կից գտնվում է ևս մի եկեղեցի՝ Սբ. Նշան կան Վարագա Սբ. Նշան անվամբ: Ենթադրվում է, որ եկեղեցին այդ անունը ստացել է Վարագավանքից բերված Սբ. Նշանի անունով: Այս եկեղեցին նույնպես աչքի է ընկնում իր բարձրաքանդակներով, որոնցում պատկերված են տարատեսակ կենդանիներ և որսի տեսարաններ: 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ