info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայաստանի 5 ամենաբարձր գագաթները

Հայաստանի 5 ամենաբարձր գագաթները

Հայաստանը լեռնային երկիր է և ունի լեռնագնացության և լեռնային տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ: Ներկայացնելով Հայաստանի լեռները նպատակ ունենք հետաքրքրություն առաջացնել դեպի Հայաստանի բնաշխարհը: Հայաստան ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը, և հետևաբար, Հայաստանի ամենաբարձր գագաթների մեջ ներառված են նաև Արցախի բարձր գագաթները:

Գեղամա լեռներ

Պետք է նշել նաև, որ Զանգեզուրի լեռնաշղթայում կան ավելի բարձր գագաթներ քան Գոմշասարը (Սիսակապար 3826 մ, Գազանալեռ 3829 մ, Փառական 3826 մ) սակայն նպատակ ունենք առանձնացնել միայն Կապուտջուղը, որպես Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր կետ և ներկայացնել մյուս լեռնաշղթաների բարձր գագաթներն ու լեռնազանգվածները:

Լեռների նկարագրությունն ըստ բարձրության՝

Արագած 4090 մ

Արագած

Արագածը լեռնազանգված է Հայաստանի արևմուտքում, Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Արագածի անվան ծագումը պատմիչները կապում են Արա աստծո հետ, Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել է նախամարդու մշակույթի, ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ կանգնեցված հսկա վիշապներ, միջնադարյան ճարտարապետության հոյակապ կերտվածքներ:

Արագած / Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Արագածը Հայկական լեռնաշխարհի չորրորդ և Հայաստանի ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ և Հարավայինը` 3887,8 մ:

Արագածի գագաթնային մասում, բրգաձև, ժայռային կատարների միջև ընկած է 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարան-կրկեսը: Արագածի գագաթային գոտին ունի խիստ մասնատված ալպյան ռելիեֆ: Սառցադաշտային բազմաթիվ կրկեսների և հովիտների վերին մասերում պահպանվում են մնացորդային սառցադաշտեր: Արագածի մերձգագաթային սարահարթը և մեղմաթեք լանջերը մասնատված են մեծ թվով խոր հովիտներով, լանջերում լայն տարածում ունեն չոր ձորերը, որոնց մի մասը հեղեղաբեր է:

Արագած / Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Արագածի լավային քարերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ: Սառցադաշտային կրկեսներում և մորենային թմբերի միջև գոյացել են գեղատեսիլ լճեր` Քարի, Ամբերդի, Ումրոյ, Լեսսսինգի և այլն:

Բնությունը արտասովոր գեղեցիկ է, գրավում է հովեկներին և զբոսաշրջիկներին: Հարավ-արևելյան լանջերին Բյուրականի աստղադիտարանն է, մերձգագաթային սարավանդի վրա` Տիեզերական ճառագայթների հետազոտման բարձրալեռ օդերևութաբանական կայանները, Մանթաշի հովտում` խոշոր ջրամբարը: Արագածը հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: Իրենց ստեղծագործություններում Արագածը գովերգել են հայ պատմիչները, նկարիչները, բանաստեղծները, երաժիշտները (Ղ. Ալիշան, Կոմիտաս, Հ. Թումանյան, Ե. Չարենց, Մ. Սարյան, Ավ. Իսահակյան և այլն):

Կապուտջուղ 3906 մ

Կապուտջուղը գտնվում է Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին: Զանգեզուրի լեռների ամենաբարձր կետն է: Գտնվում է Քաջարանց գյուղից 9 կմ արևմուտք: Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը Հայաստանի տարածքում բարձրությամբ երկրորդն է Արագածից հետո: Լեռան լանջերը զառիթափ են, պատված ալպյան և մերձալպյան բուսականությամբ: Գագաթային մասերում պահպանվում են ձնաբծեր:

Կապուտջուղ լեռը / Լուսանկարն արված է Խուստուփի գագաթնամերձ հատվածից

Կապուտջուղ / Լուսնկարն արված է Արամազդ լեռան մերձգագաթային հատվածից

Կապուտջուղը սահմանամերձ լեռ է: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի արդյունքում լեռան վերելքները դադարեցին և մինչ օրս գագաթն անհասանելի է:

Գոմշասար կամ Արիության լեռ 3724 մ

Մռավի լեռնաշղթայի ամենաբարձր լենագագաթը: Կազմված  է հրաբխածին ապարներից, կատարային մասը ժայռոտ է, լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ լեռնատափաստաններից մինչև ձնամերձ գոտի:

Լեռնագագաթին կան հնագույն սառցապատման հետքերը, նախկին սառցադաշտային կրկեսում այժմ էլ պահպանվում են ձյան բծեր:

Գոմշասար / Արիության լեռ / Լուսանկարը՝ Վահե Մարտիրոսյանի

Գոմշասարը սահմանային լեռ է: Այժմ լեռան գագաթին են գտնվում հայկական սահմանապահ դիրքերը: Լեռ բարձրանալն արգելվում է առանց հատուկ թույլտվության:

Ծռասար 3616 մ

Թեև Ծռասարը հանդիսանում է Հայաստանի չորրորդ լեռն ըստ բարձրության, սակայն այս լեռան մասին տեղեկություն գրեթե չկա:

Ծռասարը գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում՝ Ջերմաջուրից հարավ արևելք:

 Լուսանկարը՝ Նարինե Ճաղարյանի

Աժդահակ լեռ 3597 մ

Աժդահակը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մետր շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով:

Աժդահակ լեռ

Բացարձակ բարձրությունը 3597 մ է, հարաբերականը՝ մինչև 400 մ։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Գեղամա լեռներ

Գեղամա լեռների լանջերին կան նաև բազմաթիվ ժայռապատկերներ և վիշապաքարեր, որոնք գերում են զբոսաշրջիկներին:

Եթե ունեք տեղեկություններ, որոնք կհետաքրքրացնեն վերը նշված լեռների մասին տեղեկությունները խնդրում ենք կապվել մեզ հետ:

Հարգանքներով՝ Հայկական աշխարհագրական նախագիծ

Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին