info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը: Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) ու Թոնդրակ գործող հրաբուխները:

Մենք առանձնացրել ենք Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները:

Սիփան լեռը հինգերորդ տեղում է ըստ բարձրության (4058 մ):

Սիփան լեռը

Գտնվում է Վանա լճի հյուիսային ափին: Նման է Մասիսին: Կազմված է անդեզիտադացիտային և այլ թթու լավաներից: Նրա կատարային մասում կան էքստրուզիվ կոներ: Նրա լանջերը ծածկված են մարգագետիններով:

Արժեքավոր էին անգլիացի երկրաբան Ֆելիքս Օսվալդի Սիփան և Նեմրութ հրաբխային լեռնազանգվածների վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրությունները:

 Հաճախ գրականության մեջ և շատ այլ աղբյուրներում կարող ենք հանդիպել Սիփանի բարձրության սխալ տվայլեր՝ 4434 մ, սակայն լեռան իրական բարձրությունը կազմում է 4058 մետր:

Չորրորդն Արագածն է (4090 մ)

Հայկական լեռնաշխարհի չորրորդ և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ (Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, Հարավայինը` 3887,8 մ):

Արագած

Արագածի անվան ծագումը պատմիչները կապում են Արա աստծո հետ, Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել է նախամարդու մշակույթի, ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ կանգնեցված հսկա վիշապներ, միջնադարյան ճարտարապետության հոյակապ կերտվածքներ:

Արագածի գագաթնային մասում, բրգաձև, ժայռային կատարների միջև ընկած է 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարան-կրկեսը: Արագածի գագաթային գոտին ունի խիստ մասնատված ալպյան ռելիեֆ: Սառցադաշտային բազմաթիվ կրկեսների և հովիտների վերին մասերում պահպանվում են մնացորդային սառցադաշտեր: Արագածի մերձգագաթային սարահարթը և մեղմաթեք լանջերը մասնատված են մեծ թվով խոր հովիտներով, լանջերում լայն տարածում ունեն չոր ձորերը, որոնց մի մասը հեղեղաբեր է:

Արագածի լավային քարերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ: Սառցադաշտային կրկեսներում և մորենային թմբերի միջև գոյացել են գեղատեսիլ լճեր` Քարի, Ամբերդի, Ումրոյ, Լեսինգի և այլն:

Երրորդը Ջիլոն է (4135 մ)

Ջիլո լեռ

Հանդիսանում է Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթայի շարունակությունը կազմող Կորդվաց լեռների ամենաբարձր գագաթը: Լեռան ստորոտից մինչև գագաթ իրար են հերթափոխում չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ գոտին: Գագաթին պահպանվել են սառցադաշտային մնացորդներ: 

Երկրորդը Սաբալանն է (4811 մ)

Սաբալան

Սաբալանը լեռնաշխարհի առավելագույն բարձրությամբ երկրորդ գագաթն է: Այն ամբողջությամբ կազմված է բազալտներից, անդեզիտաբազալտներից և թթու լավաներից: Համարվում է էքստրուզիվ հրաբխային կոն: Կատարը ծածկված է հավերժական ձյան ծածկույթով, կան նաև սառցադաշտեր

Առաջին տեղում Մասիս լեռն է (5165 մ)

Մասիս լեռ

Մասիսը հայ ժողովրդի սուրբ լեռն է, որին նվիրել են բազմաթիվ լեգենդներ ու ասույթներ: Արարատը լինելով հրաբխային լեռնազանգված, ծածկված է քարացրոններով, գրեթե զուրկ է բուսական ծածկույթից: Նրա վրա չկան աղբյուրներ, բացառությամբ զույգ Մասիսները միացնող թամքոցի վրա գտնվող Սարդարի աղբյուրը: Պարզկա օրերին լեռան վրա երևում է ստորոտից գագաթ ձգվող խորխորատը, որը հայտնի է «Վիհ Մասսյաց» անունով: Արարատյան դաշտի կողմից Մեծ Մասիսի հարաբերական բարձրությունը հասնում է 4300 մ-ի:

Հայկական լեռնաշխարհ, Մասիս, Արարատ, Սիփան, Ջիլո, Արագած, Հայաստանի լեռները

Մեր արշավախումբը Մասիսի գագաթին

Բիբլիական լեռը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտական աշխարհում և դեռ վաղուց փորձեր են արվել բարձրանալ նրա գագաթը: Առաջին անգամ հաջողվեց Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտին և երիտասարդ Խաչատուր Աբովյանին 1829 թվականին:

Այսպիսով Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը՝ Մասիս լեռն է 5165 մ, այնուհետև եթե Սաբալանը  4811 մ բարձրությամբ Հայկական լեռնաշխարհի տարածքի մեջ ենք դիտարկում, այն կհանդիսանա երկրորդ բարձր գագաթը, 3-րդը Ջիլոն է 4168 մ՝ Կորդվաց լեռներում, 4-րդը Արագածն է՝ 4090 մ և վերջապես 5-րդը՝ Սիփան լեռը 4058 մ :

Հայկական լեռնաշխարհ