info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Տիգրան Գասպարյան

Տիգրան Գասպարյան

Տիգրան Գասպարյան

Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)

Մասնագիտությամբ մաքսավոր եմ, բայց երբեք չեմ աշխատել այդ ոլորտում։ Փոքր տարիքից սիրում էի առևտուր, հիմա նաև շատ եմ սիրում ժամացույցներ։ Արդեն երկար ժամանակ է միավորել եմ 2 տարերքներս` թանկարժեք ժամացույցների վաճառքով եմ զբաղվում։

Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո “հարմարավետության գոտուց” դուրս գալուց

Շատ ընկերներ ունեմ, ովքեր գնում էին արշավների, ու անընդհատ իրենց մոտ տեսնում էի լեռների նկարները․ ես էլ եմ բնությանը միշտ մոտ եղել, բայց լեռնագնացության մասին չէի էլ մտածում։ Մի օր ուղղակի տեսա Աժդահակի նկարը, հագա ջինս, քաղաքային կոշիկներ, ոսկեգույն ակնոցներ ու գնացի… ու մնացի։

Տիգրանի առաջին արշավը / Վերելք Աժդահակ

Ինչո՞ւ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները

Չեմ սիրում էս հարցը, միշտ դժվարանում եմ պատասխանել։ Շատ ոչ շոշափելի գոյականներ կարող եմ թվարկել էստեղ. ազատություն, հանգստություն, նվաճում և այլն, բայց դրանցից ոչ մեկը մինչև վերջ չի արտահայտում էն, ինչ իրոք զգում եմ ամեն քայլի հետ բարձրանալուց։

Ո՞ւնես սիրելի մեջբերում լեռների մասին

Դրանք շատ շատ են` մանավանդ մեր գրականության մեջ։ Հայ գրողներն ուրիշ մոտեցում ունեն լեռների հանդեպ։ Թումանյանը 6 տողով ներկայացրել է մեզ ու մեր լեռները.

…Ու մեր աչքերը նայում են կարոտ

Հեռու աստղերին,

Երկընքի ծերին,

Թե երբ կըբացվի պայծառ առավոտ

Հայոց լեռներում,

Կանաչ լեռներում։

Ո՞ւնես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն

Իհարկե, հենց էդ ցանկությունն է մեզ առաջ մղում , ամեն հարցում պետք է ևս մեկ քայլի (գոնե) ցանկություն ունենալ։

Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան

Դե Արարատված մարդու համար, որպես լեռ, կարծես թե, ուրիշ լեռ չի կարող մրցել Արարատի հետ, բայց ես ունեմ տենց մեկը՝ Բարդող։ Էն ինչ զգացել եմ Բարդողը բարձրանալիս, գագթին ու, նույնիսկ, իջնելիս էլ չեմ զգացել ոչ մի տեղ ու երբեք։ Իդեպ, դա ուղիղ մեկ տարի առաջ էր։

Բարդող լեռան վերելքը հաղթահարած

Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում

Իմ փորձից կարող եմ ասել, որ հիմնականում, էդ մարդիկ սպասում են «լավ արշավ լինի, գնան»։ Սակայն լավ ու վատ արշավներ չկան, կան ալարկոտ և ոչ ալարկոտ տուտուզներ )))

Ինչո՞վ ես լրացնում լեռների կարոտը պանդեմիայի օրերին

Նկարներով, բայց էլ չեմ ձգում։

Ազատ տեղաշարժը սահմանափակող օրենքի չեղարկումից հետո ո՞ւր ես առաջինը գնալու

Կարևոր չէ ուր, կարևոր է` ում հետ։

 

Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.