info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ցաղաց քար

Ցաղաց քար

Ցաղաց քար

Ցաղաց քար վանական համալիրը (Աստվածածնի անապատ, Արեգունու Սբ. Գրիգոր, Սբ. Կարապետ, Ղոշավանք, Ցագանկար) կրոնական կառույց է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից 6-7 կմ հեռավորության վրա։ Վանական համալիրը գտնվում է ծովի մակարդակից 2080 մ բարձրության վրա։ Ցաղաց քարը եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, որտեղ սովորել են նկարչություն։ Այն վերանորոգվել է 2013 թվականին։

Ցաղաց քար

Անվան ծագումնաբանություն

Այս վանքի անունը հետագայում գրվել է նաև Ցախաց քար ձևով, բայց Ստ․ Օրբելյանը իր չորս հիշատակումների մեջ գործ է ածել Ցաղաց քար ձևը։ Արձանագրությունների մեջ նույնպես հինգ անգամ Ցաղաց քար ձևով է գրված և մեկ անգամ Ցաղած քար, որը հավանաբար պետք է գրչի սխալ համարել։

Մատենագրական և վիմագրական տեղեկություններից պարզ է դառնում, որ եկեղեցին կոչվել է Ցաղաց քար։ Մյուսները՝ Ցախաց քար, Ցախած քար և այլն, պարզապես տարբերակներ են։

Վանական համալիրի անվանումը կազմված է – Ցաղ արմատից և – աց ձևույթից։ Ցախ «փայտի մնացուկ» (Ցախաց քար) արմատը բացառում ենք այս տեղանվան հետ։ Այն ժողովրդական ստուգաբանությամբ է ձևավորված, քանի որ գրավոր աղբյուրների մեծ մասում ուղղակիորեն նշում է Ցաղ > Ցաղաց քար։

Այս տարածքը հարուստ է ջրով, որի պատճառով տարածքում ժամանակին շատ են եղել ջրաղացները և ամենայն հավանականությամբ Ցաղաց քար անունը առաջացել է ջրաղաց > ջաղաց ձևից։ Ջրաղացի քար > ջաղացի քար բարդության առաջին ջ-ն փոխազդեցական հնչյունափոխության առնմանության օրենքով՝ վերջին ց-ի ետընթաց ազդեցությամբ դարձել է ց։ Նման տիպիկ օրինակ վկայում է Հ․ Աճառյանը՝ ջրցան > ցրցան։

Ցաղաց քարՇինության կառուցման վերաբերյալ պետք է լինի զրույց կամ ավանդապատում կապված ջաղաց քարի հետ, որից էլ առաջացել է եկեղեցու անունը։ Թերևս հավանական է նաև, որ անունը տալիս նկատի են ունեցել եկեղեցու շինության համար նախատեսված քարանյութը, որ կոպտատաշ բազալտից է՝ ջաղաց քարի որակի։

Կա վարկած, որ անվան ընտրությունը կապ ունի ծաղկած քար անվան հետ։

Որոշ ժամանակ վանքը հայտնի եղել նաև Ղոշավանք (ղոշ – զույգ) անունով, որը դրված է եղել թուքերի կողմից, նկատի ունենալով միմյան մոտ կանգնած զույգ եկեղեցիները։

Պատմություն

Ըստ Ասողիկ (Ստեփանոս Տարոնեցի 11-րդ դ․) պատմիչի՝ վանքը հիմնված է 10-րդ դ․ կեսերին, Աբաս Բագրատունու թագավորության ժամանակ, իսկ ըստ Ստ․ Օրբելյանի (13-րդ դ․ պատմիչ) վանքը կառուցվել է 1041 թ․ հայր Վարդիկի կողմից, Գագիկի թագավորության օրոք, ով շինում է երկու եկեղեցի, մեկը՝ Սբ․ Կարապետ անունով, մյուսը թեքկտուր, հրաշալի կառուցվածքով։

Կառուցվածքը

Ցաղաց քար վանական համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200 մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից, որոնք բաժանվում են՝ արևելյան և արևմտյան թևերի։

Արևելյան խումբ։ Գլխավոր եկեղեցին կոչվում է Սբ․ Կարապետ, որը կենտրոնագմբեթ է, ներքուստ ունի խաչաձև հորինվածք։ Կառուցված է բազալտի սրբատաշ քարերով և հարդարված է բուսական և երկրաչափական զարդաքանդակներով։ Շքեղ զարդարանք ունեն հատկապես պատուհանները և շքամուտքը։ Հարավային շքամուտքի վերևում ձախ անկյան տակ՝ ագուցված է ճիրաններում խոյ բռնած թևատարած արծվի բարձրաքանդակ։ Իսկ հյուսիսային ճակատի վերին մասում տեղակայված է առյուծի և ցուլի մենամարտ ներկայացնող բարձրաքանդակ, որն իր չափերով մեզ հայտնի բարձրաքանդակներից ամենամեծն է։

Ցաղաց քար

Դեպի հս․ արլ․ Սբ․ Հովհաննես փոքր, թաղածածկ եկեղեցին է, որն իրենից ներկայացնում է դամբարան – եկեղեցի։ Առաջին հարկը կազմում է թաղածածկ ոչ մեծ դամբարանը և նրա արևմտյան կողմում տեղավորված է քառակուսի գավիթը։ Վերջինիս վրա բարձրացող մատուռը և մուտիք երկու կողմերում տեղավորված մեծ խարքարերը կազմում են կառույցի երկրորդ հարկը։ Ըստ աղբյուրների եկեղեցին կառուցված է նույն Վարդիկի կողմից 1041 թ․։

Ցաղաց քար

Արևմտյան խումբ։ Բացի այս երկու եկեղեցիներից հազիվ 100-ից 200 մ հեռավորության վրա, կա ևս երկու եկեղեցի՝ Սբ․ Աստվածածին և Սբ․ Նշան, որոնց շինության թվականն անհայտ է, միայն վերանորոգված են 1221 թ․ ոմն Գրգորի ձեռքով։

Սբ․ Աստվածածին եկեղեցին խմբի գլխավոր կառույցն է։ Այն արտաքուստ ուղղաանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով կառույց է։ Ունի երկու մուտք արևմուտքից և հարավից։ Իր ճարտարապետական ոճով նման է Սյունիքի 9-10-րդ դարերի նույնատիպ կառույցներին։ Եկեղեցուն կից, նրա հարավային կողմում կառուցվել է սյունասրահ, որը հավանաբար 11-րդ դ․ կառույց է։

Սբ․ Նշան եկեղեցին միանավ թաղակապ սրահ է։ Հարավային մասում այն ունի երկու ավանդատներ, որոնց միջև թաղածածկ խորան է։ Եկեղեցին կառուցված է բազալտի կոպտատաշ քարերով։

Ցաղաց քար

Սմբատաբերդ

Ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և  այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:

Սմբատաբերդ

Սմբատաբերդի պատմությունը

Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է և հիմնվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:

Պաշտպանական կառույց

13-15 դդ. Օրբելյանները, ամրացնելով բերդը, վերածել են հզոր պաշտպանական կառույցի: Ամրոցին այս անունը տրվել է 19-րդ դարում` մերձակա գյուղերի բնակիչների կողմից. անվանակոչման համար առիթ է հանդիսացել Եղեգիս գյուղի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը գտնվող Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը: Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Սմբատաբերդը Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակված Կապույտ բերդն է:

Սմբատաբերդ ամրոցի միջնաբերդերը

Հյուսիսային և արևելյան մուտքերն անցնում են թաղածածկ սրահներով, որոնց տանիքներին տեղադրված են եղել դիտանոցներ: Ամրոցն ունեցել է ընդհանուր պատով բաժանված երկու միջնաբերդեր` արևմտյան և արևելյան, որոնք կառուցված են ամենաբարձր կետերում: Արևմտյան միջնաբերդը վատ է պահպանվել:

Սմբատաբերդ

Այստեղ նկատելի են ուղղանկյուն-քառանկյունի կառույցների հիմնապատերը: Արևելյան միջնաբերդը անհամեմատ լավ է պահպանվել: Այն կիսաբոլոր ձգվում է ամրոցի ամենաբարձր` ժայռեղեն գագաթին, որոշ հատվածներում մինչև երեք մետր բարձրությամբ: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ներքուստ առկա են սենյակներ, որոնք միմյանց հետ հաղորդակցվում են միջանցքներով: Ամրոցի ներսում` պարիսպներին կից, պահպանվել են ճեղքված բազալտե քարերով կառուցված բազմաթիվ շինությունների փլատակներ, զորանոցներ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ