info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ծառաքարի վանք

Ծառաքարի վանք

Ծառաքարի վանք

Ծառաքարի վանք անունը կրող վանական ժայռափոր համալիրը գտնվում է ժամանակակից Թուրքիայի Կարսի նահանգի Կաղզվան գավառում, Չուքուրայվա քրդաբնակ գյուղից 1,2 կմ արևմուտք, ծովի մակերևույթից 1949 մետր բարձրության վրա։ 

Չնայած իր յուրօրինակ կառուցվածքին՝ վանքը մինչև վերջին տարիները մասնագետների ուշադրությանը չէր արժանացել։ Միայն 1999 թվականին շոտլանդացի հետազոտող Սթիվեն Սիմն այցելում է հնավայր, լուսանկարում ու սխեմատիկ չափագրում է վանքի հատակագիծը։ Այնուհետև վանք է այցելում ճապոնացի երկրաշարժագետ Շիրո Սասանոն և 2009 թվականին, այդ այցի հիման վրա, փոքրիկ ուսումնասիրություն է հրատարակում։

Ծառաքարի վանք

Այսպիսով երկու օտարազգի հետազոտողները «հայտնաբերեցին» և գիտական աշխարհին ներկայացրին մի նոր ժայռափոր վանք, որի պատմական անունը չկարողանալով պարզել այն անվանեցին մերձակա քրդաբնակ գյուղի անունով։ 

Այնուհետև 2008-2010 թվականներին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության գիտարշավի շրջանակներում պարզվում է, որ օտարազգի հետազոտողների կողմից հայտնաբերված վանքը Ծառաքարի վանքն է, որի մասին վկայել են վանքի որմերին առկա վիմագիր արձանագրությունները։
Ծառաքարի վանքը եղել է Միջնադարյան Հայաստանի կարևորագույն վանական համալիրներից մեկը, բայց ժամանակի ընթացքում կորցրել է իր նշանակությունն ու մոռացության մատնվել։

Ծառաքարի վանք

19-րդ դարի վերջերին Ղևոնդ Ալիշանը սկզբաղբյուրներից քաղած տեղեկությունների հիման վրա կարողացել էր նշել վանքի մոտավոր տեղադրությունը։ Այնուհետև նույն եզրակացությանն է եկել նաև Ս․ Եփրիկյանը՝ նշելով, որ վանքը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Գաբեղենք գավառում, Կեչրոր քաղաքի մոտակայքում։ 

Այս և շատ այլ գիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ «նորահայտ» ժայռափոր վանական համալիրը հենց նույն Ծառաքարի վանքն է։

Լուսանկարները՝ Սիփան Գրիգի, Գևորգ Հարոյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Վարագի

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում