info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վանա կատու

վանա կատու

վանա կատու

Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջակայքում (որտեղից էլ ստացել է իր անվանումը): Համարվում են Հայկական բարձրավանդակի էնդեմիկ ցեղատեսակ, աչքի են ընկնում ընդգծված ազատասեր վարքագծով: Ունեն երկարավուն, ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային քայլվածք, լողորդին հատուկ զարգացած կրծքավանդակ, մեջքն ուղղանկյուն է` դեպի պոչը մի փոքր նեղանալով, որը նման է աղվեսի պոչին: Աչքերը լինում են կամ երկուսն էլ կապույտ, կամ երկուսն էլ ծիրանագույն, կամ մեկը կապույտ մեկը ծիրանագույն: Վանա կատվի աչքերը կարող են լինել տարագույն, որը, սակայն, պարտադիր պայման չէ: Վանա կատուն երբեք չի ունենում դեղին կամ կանաչ աչքեր:

Վանա կատու / լուսանկարը Sputnik Armenia կայքից

Վանա թույր

Ունեն խիտ և ջրամեկուսիչ մորթի: Վանա ցեղին պատկանող այս կատուների մորթին առանձնանում է նաև յուրահատուկ գունավորումով: Սպիտակաթույր գեղմի ֆոնին ունի պղնձագույն նշաններ գլխին և թիկունքի ձախ կողմում, իսկ փարթամ պոչն ունի օղակաձև գունավորում: Գունավոր նշանների յուրօրինակ տեղակայման շնորհիվ, այսպիսի գունավորումը ստացել է «Վանա թույր» անվանումը: Վանա կատուները նաև լավ որսորդներ են. որսում են մկներ, մողեսներ, թռչուններ, ճանճեր, միջատներ, ձկներ: Ուտում են նաև որոշ մրգեր՝ սեխ, ձմերուկ և այլն:

Վանա կատու / լուսանկարը՝ Sputnik Armenia կայքից

Վանա կատուն չի վախենում ջրից

Վանա կատուները միակն են աշխարհում, որ սիրում են լողալ, և չեն վախենում ջրից: Դեռ անհիշելի ժամանակներից նրանք Վանա լճում որսում էին ձկներ, նույնիսկ մինչև  – 35 աստիճան ցելսիուս ցրտի պայմաններում: Նրանք նաև առջևի թաթով ստուգում են կերակրի ջերմաստիճանը:

Վանա կատու

Նորածին կատվիկներն ունենում են գորշ աչքեր: Նրանց գույնը փոխվում է 25-րդ օրից սկսած և վերջնական տեսք է ստանում 40 օրականում: Սովորաբար այս ցեղի կատուների ականջների միջև կարելի է նկատել 1 կամ 2 կետ: 2 կետի առկայությունը բնորոշ է տարագույն աչքեր ունեցողներին: Զուգավորման շրջանը փետրվար, մարտ ամիսներն են: Նոր միջավայրին  հարմարվում են 20–30 օրվա ընթացքում:

Վանա կատու

Կատվի պաշտամունքը Հայաստանում

Դեռևս Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակ, երբ ամբարներում կային մկներ, մարդիկ Վանա կատուներին բերում են ամբարներ, որպեսզի մուկ որսեն և իրենցից անկախ դարձնում են ընտանի կենդանի: Այնքան մեծ արդյունք է ցուցաբերում կատուն, որ նրան դարձրնում  են պաշտամունք: Այս ցեղատեսակի հնության մասին վկայում է նաև կատվին բնորոշ գունավորումը, ինչը հաստատում են նաև հնագիտական պեղումները: Օրինակ, Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանի ոսկերչական զարդերի վրա պատկերված են օղակաձև գունավորում ունեցող,  բաց գույնի խոշոր կատուներ:

Վանա կատու

Վանա Կատուն՝ ազգային արժեք

Հայոց ցեղասպանությունից տարիներ անց թուրքերը Վանա կատվին հռչակեցին իրենց նախնիների ժառանգություն և ազգային արժեք: 1987 թ. Թուրքիայում ստեղծվեց Վանա կատվի հետազոտական ինստիտուտը, որը զբաղվում է նաև կատուների բուծմամբ: Սակայն, թուրք սելեկցիոներները զբաղված էին ցեղատեսակի ուծացմամբ` խաչասերելով անգորա ցեղատեսակի կատուների հետ: Թուրքիայում իրականացվող այս սելեկցիոն աշխատանքը կարող է ցեղատեսակն ամբողջությամբ փոխել և նույնիսկ հասցնել անհետացման վտանգի:

Այժմ աշխարհի տարբեր երկրներում ապրում են Վանա կատուներ՝ այդ թվում նաև Հայաստանում, և առողջ սերունդ են տալիս:

Կա հետաքրքիր մի լեգենդ այն մասին, թե ինչու Վանա կատվի հենց գլխի և պոչի հատվածն ունի ծիրանագույն գունավորում: Ասում են, որ Վանա կատուն, երբ լճում լողում է միայն այդ մասերն են ջրից դուրս մնում, և դա արևի վառած հատվածներն են:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին