info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վարդուհի Եսայան

Վարդուհի Եսայան

Վարդուհի Եսայան

Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)

Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոս եմ` հանրային կառավարման և զարգացման գիտությունների մասնագիտացմամբ:

Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո “հարմարավետության գոտուց” դուրս գալուց

Դեռ փոքր տարիքից հայրս ինձ, քրոջս ու եղբորս իր հետ տանում էր «լավ տեղ». էդպես էր ասում, երբ հարցնում էինք՝ բա ուր ենք գնում: Փորձում էր իր «ջրերը գցել», կամ միգուցե մեզ մեր «հարմարավետության գոտուց» դուրս հանել: Բայց դե հարմարավետությունը դժվար է փոխարինել անհարմարություն պատճառող սառը քամու, կոշիկների մեջ ձյուն լցվելու, դեպի չերևացող գագաթ տանող տանջահար ու երկար ճանապարհի, «կլինի՞ արդեն իջնենք» ձայնարկությունների հետ: Armenian Geographic-ի մասին լսել էի դեռևս 2016թ.-ին ընկերներիցս, ովքեր արդեն 1-2 տարի արշավում էին: Մտածում էի՝ մի օր ես էլ կգնամ իրենց հետ, ախր շատ սիրուն են նկարները: «Մի օրը» բնականաբար էդքան էլ շուտ չեկավ՝ հաշվի առնելով, որ մեծամասնությունը անծանոթ էին, ես էլ դե շփվող չեմ, մտածում էի` գնամ անծանոթների հետ ինչ անեմ, համ էլ իրենք ոնց որ պրոֆեսիոնալ են, նենց թույն արշավական հագուստ ունեն:

Վարդուհու առաջին արշավը / Աղջկա բերդ

2017թ.-ի մարտ. հենց էն նույն ընկերներիցս մեկի ծնունդն էր, ով Armgeo-ի արշավականներից էր, մենք էլ մի 20 հոգով նստած մտածում էինք, թե ծնունդին ինչ անակնկալ անենք: Թարսի պես իր ծնունդի օրը արշավ կար, ինքն էլ գնալու էր, դե հիմա ի՞նչ արած, մենաք էլ կգնանք, լավ է գոնե էն հեշտ արշավներից էր: Գնացինք Տավուշ՝ Աղջկա բերդ, որի անունը հետո չէի էլ հիշելու, որովհետև դե ծնունդ էի գնում, ոչ թե արշավ: Հենց էս տրամաբանությամբ էլ հետո պետք է չհիշեի, որ առաջին արշավն Armgeo-ի հետ Աղջկա բերդն է եղել: 2018թ.-ի մարտ. չեմ էլ հիշում ոնց ստացվեց, որ որոշեցի էլի փորձել: Մեծ Քիրս էին բարձրանալու: «Դե արդեն գարուն է, կանաչել է, մարգագետնոտ ճանապարհ կլինի էլի, չեմ դժվարանա». էս մտքերով էլ գնացել էի ու չէի էլ մտածել, որ վերելքից առաջ ամբողջ գիշեր կարող էր ձյուն գալ ու իմ մարգագետնոտ ճանապարհը հարամ անել: Դե հիմա խայտառակ չեմ լինի, պիտի բարձրանամ: Այ սա իսկական «հարմարավետության գոտուց» դուրս գալ էր: Արդեն գիտեք՝ ջինս, ձմռանը քաղաքում զբոսնելու վերարկու ու հաստ «բատինկաներ» ու դե չմոռանանք՝ «ինչու՞ եկա, ինչի՞ համար ես գրանցվեցի, ախր շատ պետքս էր, բա որ հիմա սայթաքեմ, գլորվեմ, թու՜ թեզիս կեսը մնաց»: Ձմեռային Քիրսը անիրական հեքիաթ էր, որի մասին հետո պետք է հպարտությամբ խոսեի ու ասեի, որ սա իմ առաջին իսկական արշավն է եղել, ու ես իրենցից մեկն եմ եղել, որ մինչև ծունկ հասնող ձյան միջով, մի գծով հասել եմ գագաթ:

Ինչո՞ւ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները

Լեռները սեր են, էներգիայի աղբյուր, աչքերդ պսպղալու չափ ոգևորություն, քաղաքում չհանդիպող հանգստություն, խաղաղվելու ճանապարհ, կարգապահություն, խմբի հետ մի մարդու պես շարժվելու, գծից դուրս չգալու սովորություն, անվերջ զարգացող կամքի ուժ, հպարտության մի մեծ չափաբաժին, անհաղթահարելին հաղթահարելի դարձնող իրականություն, հին ու նորը համեմատելու, ավելիին հասնելու հակում… անմոռանալի հեքիաթային տեսարաններ ու անսահման սիրունություն: Խելագարվել կարելի է:

Ո՞ւնես սիրելի մեջբերում լեռների մասին

Ռեժիմով՝ երկու օրը մեկ, ասում եմ՝ ո՜նց եմ կարոտել սարերս: Թե՞ սա հաշիվ չի :)

Վարդաբլուր / Գայլի ականջներ

Ո՞ւնես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն

Այո’, կան լեռներ, որ գիտեմ՝ բարձրանալու եմ, չգիտեմ՝ երբ, բայց որ գագաթը նվաճելու եմ, դա միանշանակ է:

Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան

Կարծում եմ՝ ցանկացած լեռնագնացի էս հարցը բավական երկար մտորումների մեջ է գցում։ Հարց տվողն էլ հավանաբար սպասում է, որ մի տարբերակ պետք է առանձնացնես. չէ՞ որ նույնատիպ լեռներ են: Բայց արի ու տես, որ մեկը մեկից տարբերվող, մեկը մեկից չքնաղ վերելքներիդ մեջ սկսում ես խառնվել ու մտաբերել էնպիսինը, որ մյուսը հանկարծ «չնեղանա»: Ամենահավես, ամենատարբերվող, անմոռանալի պահերը անկասկած գիշերակացով արշավների ժամանակ են լինում. Սիփանի վիդեոները վկա :) Ուզում եմ առանձնացնել Ծովասարը։ Իրականում ես չպետք է հայտնվեի Ծովասարում, որովհետև պլանավորել էի Վարագ և Արտոս բարձրանալ: Մի սիրուն առավոտ տեղեկանում եմ, որ Վարագ ու Արտոս չի լինելու, դրա փոխարեն կա այլ ծրագիր` դեռ վաղուց պլանավորված, խմբի արշավականներին գրանցած, ոգևորությունը մեջները պահած, երգերն անգիր արած, գրություններին ու պատումներին ծանոթացած, «Ռանչպարների կանչը» վերընթերցած:

Ծովասարի գագաթին / Պատմական Հայաստան

Ես էլի «անծանոթի» (արդեն չակերտավոր) կարգավիճակով հայտնվեցի էտ խմբում ու քանի որ որոշել էի` ինչ էլ լինի Արևմտյան Հայաստան պետք է գնամ, առանց երկմտելու համաձայնեցի: Դե երգերը չեմ սովորել, Ծովասարի հետ առանձնապես մեծ երազանքներ չեմ կապել, ոգևորությունս էլ՝ դե նորմալ: Ավելի քան 2000 կմ ճանապարհ անցնելուց հետո պիտի հասկանայի, որ դա լեռնագնացի մեկ այլ արկածային ճանապարհորդություն չէր, որ իրականությունը շատ ավելի լավն էր լինելու, քան կարող էի պատկերացնել, որ ակամայից արշավական ընկերոջդ երազանքը դառնալու էր քոնը, որ քո ոգևորությումբ վարակվելու էր մեկ ուրիշը: Ավելի քան 2000 կմ ճանապարհ անցնելուց հետո պիտի հասկանայի, որ 7-օրյա ճամփորդությունը այլևս մնալու էր էմոցիոնալ դաշտում` ճամփորդության մասին առանձնապես շատ բան չխոսելով, բայց շունչը կտրվելու չափ ջերմացնող ու գագաթը նվաճածի չափ երջանկացնող:

Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում

Որ մարդիկ ասում են` ուղղակի սկսիր, գիտեն էլի ինչ են ասում :) Փորձելուց հետո առնվազն կհասկանաս` սիրում ես, ուզում ես շարունակել, թե ոչ: Ճանապարհի կեսից մտածելու ես, թե ինչիդ էր պետք հարմարավետ բազկաթոռը ցեխոտ արահետի, մեծ-մեծ քարերի, ոտքիդ տակ հոսող ավազակույտի, մատները կտրելու աստիճան սառը գետը ոտաբոբիկ անցնելու կամ էլ մաշկդ սևացնող արևի հետ փոխարինելը: Հոգնելու ես, նվնվալու ես, ետնապահի նյարդերի հետ ես խաղալու (պրոֆեսիոնալ հանդուրժող է :)), հասնելու ես գագաթ ու հաղթելու ես ինքդ քեզ: Շարունակությունն էլ արդեն ժամանակը ցույց կտա: Ի դեպ, արշավական ընկերներն էլ ինչ-որ պահի դառնալու են ընկերներդ արշավներից դուրս, ում ոչ միայն ասելու ես «կլինի՞ արդեն իջնենք», այլև իրենց հետ կիսելու ես ապագա պլաններդ։

Ինչո՞վ ես լրացնում լեռների կարոտը պանդեմիայի օրերին

Նկարներն ու վիդեոներն եմ նայում:

Ազատ տեղաշարժը սահմանափակող օրենքի չեղարկումից հետո ո՞ւր ես առաջինը գնալու

Կարևոր չէ` ուր, կարևոր է` ում հետ :)

 

Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.