info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ

ի՞նչ տանել արշավ

Արշավական պարագաների ցանկ

Սկսնակ արշավականի մոտ միշտ հարց է առաջանում. «Ի՞նչ տանել արշավ»: Ամեն պարագայի մասին կարելի է երկար հոդվածներ գրել, բայց այս հոդվածում մենք հակիրճ կներկայացնենք արշավային պարագաների ցանկ և մեր փոքրիկ խորհուրդներով կօգնենք ընտրության հարցում:

Ուսապարկ

Արշավային պարագաների ցանկը գլխավորում է ուսապարկը: Սկսնակների մոտ ամենահաճախ առաջացող հարցն է, թե ինչ ուսապարկ ընտրել: Գրեթե բոլորն ուզում են գնել մեկ ուսապարկ, որը կծառայի մեզ և՛ մեկօրյա, և՛ գիշերակացով արշավների ժամանակ: Սակայն ստիպված ենք ձեզ հիասթափեցնել՝ նման ուսապարկ գոյություն չունի: Մեկօրյա արշավին ձեզ անհրաժեշտ է 25-45 լիտր տարողությամբ ուսապարկ, քանի որ այնտեղ չեք տեղավորելու վրան, քնապարկ, ներքնակ, մի քանի օրվա սնունդ, փոխնորդ շորեր և այլն: Գիշերակացով արշավների համար պետք է ունենալ 70-90 լիտր տարողությամբ ուսապարկ՝ վերը նշված պարագաները տեղավորելու համար:

Արշավային ուսապարկերի տեսականին մեծ է: Ընտրեք ուսապարկ նախատեսված արշավների և լեռնագնացության համար: Մնացածն արդեն ճաշակի հարց է: Վառ գույները կօգնեն ձեզ տարբերվել բնության մեջ, իսկ ուսապարկը կորցնելու դեպքում ավելի հեշտ կլինի գտնել այն:

Դեղատուփ

Արշավային դեղատուփին անդրադարձել ենք առանձին հոդվածով: Պատրաստել ենք դեղատուփ հատուկ Հայաստանում իրականացվող արշավների համար: Դեղատուփի պարունակությունը նախատեսված է մինչև 4000 մետր բարձրությունների համար: Ավելի մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով:

Ջրաման

Ունեցեք մետաղական արշավային ջրաման: Մեկ անգամ գնելով, մի քանի տարի կարող եք օգտագործել: Խնայեք բնությունը և ձեր գումարը: Ամեն անգամ ստիպված չեք լինի ջուր գնել և խթանել պլաստիկի արտադրությանը:

Ձեռնափայտեր

Ձեռնափայտերն արշավականի անբաժանելի մասն են կազմում: Որքան դժվար ու բարդ ռելիեֆով արշավ լինի, այնքան ավելի շատ է զգացվում ձեռնափայտերի անհրաժեշտությունը: Ձեռնափայտերը ոչ միայն ծառայում են որպես «հավելյալ ոտք» և օգնում դժվարանցանելի վայրերում, այլ նաև թուլացնում են ծնկների լարվածությունը մոտավոր հաշվարկներով 25-30 տոկոսով` բաշխելով ոտքերից դեպի ձեռքեր և ուսեր:

Արշավային զանգապաններ

Զանգապանն արշավականի ուսապարկի անհրաժեշտ պարագաներից է, հատկապես ձմռանը: Զանգապաններին անդրադարձել ենք առանձին հոդվածով, որին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով: 

Տաք և փոխնորդ շորեր

Հատկապես լեռներում եղանակը շատ փոփոխական է: Ավել հագուստը երբեք չի խանգարի, եթե չեք վերցրել ձեր ողջ զգեստապահարանը: Փոխնորդ շորերն էլ հատկապես օգնում են ուսապարկը հանելուց հետո, երբ ձեր մեջքին քրտինքը սրտիկ է նկարել:

Անձրևապաշտպան թիկնոց

Անձրևապաշտպան թիկնոցն ամենապարզ և էժան արշավային պարագաներից է, որը պետք է լինի ուսապարկում ցանկացած եղանակի: Կան անձրևանոցների մի քանի տեսակ, որոնցից ամենապրակտիկը «պոնչո» անձրևանոցն է: Պոնչոն ծածկում է նաև ուսապարկը, և ձեր իրերը չեն թրջվի նույնիսկ երկարատև անձրևի ընթացքում:

Արևապաշտպան գլխարկ կամ գլխաշոր

«Ինձ չի սազում», «ես գլխարկ չեմ սիրում» արտահայտությունները պետք է մոռանալ, եթե գնում ես արշավ: Արշավականը պարտադիր պետք է ունենա արևապաշտպան գլխաշոր (buff) կամ արևային գլխարկ: Կիզիչ արևի տակ բաց գլխով քայլելը կարող է ծանր հետևանքներ ունենալ:

Ձմեռային գլխարկ

Ձմեռային գլխարկ պետք է ունենալ նաև ամռանը: Լեռներում եղանակը կտրուկ փոխվում է: Օրինակ ամռան ամիսներին Արագածի կամ Աժդահակի գագաթին շատ հաճախ է գլխարկի կարիք զգացվում: Խնայեք ականջները և դրանք դեռ երկար կծառայեն ձեզ:

Արևային ակնոց

Արևային ակնոցն ամռանը ցանկալի է, իսկ ձմռանը՝ պարտադիր: Հատկապես արևոտ եղանակին ձյան մեջ քայլելը վտանգավոր է: Արևի ճառագայթները ձյան անդրադարձից կարող են «վառել աչքերը» առաջացնելով ձնային կուրություն: Այնպես որ ձմեռային արշավներին և բարձր լեռներում արևային ակնոցը պարտադիր է:

Լապտեր

Արշավային լապտերը պետք է լինի գլխին ամրացվող: Այդ լապտերների ամենամեծ առավելությունը ձեռքերի ազատությունն է: Լապտերը պետք է լինի մարտկոցային, ոչ թե վերալիցքավորվող: Բնության մեջ լիցքավորելը անհնար է, իսկ հավելյալ մարտկոցները ձեզ կփրկեն ցանկացած վայրում:

Սպասք (դանակ, պատառաքաղ, բաժակ, աման)

Արշավային սպասքը պետք է լինի մետաղական, չկոտրվող: Հրաժարվեք մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքից: Խնայեք բնությունը:

Կրակայրիչ կամ լուցկի

Միշտ ուսապարկում սեփական կրակայրիչ ունեցեք: Պետք չի հույս դնել ծխողների վրա: Երբեմն արշավախմբում ոչ ոք չի ծխում և ամբողջ խումբը կանգնում է փաստի առաջ:

Լողազգեստ

Լողազգեստ պետք է ունենալ ոչ միայն Սևան գնալուց, այլ նաև լեռ բարձրանալիս: Լեռներում պատահական հանդիպող սառնորակ լճակում լողալու գայթակղությունը մեծ է լինում: Եթե ուսապարկում ունես լողազգեստ դու էլ կլինես լողացողներից մեկը, այլ ոչ թե «ես չգիտեի, որ լողալու ենք» դեմքով կհետևես մյուսներին:

Սրբիչ

Վերը նշված կետից հետո այս պարագան շատ է օգնում:

Պոլիէթիլենային տոպրակներ

Ցավոք մեր հայրենիքում կան շատ արարածներ, որոնք օգտվում են բնությունից խոզի պես, իրենց հետևից չեն մաքրում՝ հույսը դնելով արշավականների վրա, իսկ մենք չենք կարող հիասթափեցնել նրանց, քանի որ մեզ վրա հույս են դրել: Պոլիէթիլենային տոպրակները պետք են գալիս նաև արշավից հետո, երբ ցեխոտ ոտքերով մտնում եք մեքենա և խուսափում վարորդի հայացքից:

Անձնական հիգիենայի պարագաներ

Այս կետի մասին չխոսեմ: Դուք ավելի լավ պատկերացրիք ինչ է պետք վերցնել:

Ահա այս ամենը ձեռք բերելուց հետո դուք կունենաք մեկօրյա արշավին ահնրաժեշտ արշավային պարագաների ցանկ:

 

Հեղինակ՝ Տիգրան Շահբազյան

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավային բլոգ