info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Երերույքի տաճար

Երերույքի տաճար

Երերույքի տաճար

Երերույքի տաճար վաղ քրիստոնեական կառույցը հիմնվել է ՝ 4-5-րդ դարերում: Ըստ որոշ տեղեկությունների տաճարը կառուցվել է հեթանոսական մեհյանի ավերակների վրա: Այն գտնվում է Շիրակի մարզի Ախուրյան գետի ձախ ափին՝ Անիպեմզա գյուղում: Անի մայրաքաղաքից գտնվում է 5 կմ հեռավորության վրա: Երերույքի տաճարն իր  ճարտարապետական, կառուցողական հորինվածքով իրապես եզակի կառույց է Հայաստանում:

Երերույքի տաճար

Ըստ հնագետ Թ. Թորամանյանի տաճարը որոշակի նմանություններ ունի Ախուրյան գետի մյուս ափին գտնվող Շիրակավան եկեղեցու, ինչպես նաև Կարսի մարզի Դիգոր քաղաքում գտնվող Տեկորի տաճարի հետ: Չնայած այդ նմանություններին, կարևոր է նշել, որ Շիրակավան եկեղեցին և Տեկոր տաճարը կառուցվել են 7-րդ դարում՝ անհամեմատ ավելի ուշ:

Անվան ծագումը

Երերույքի տաճարն արժանացել է բազմաթիվ հայ և օտարազգի մասնագետների ուշադրությանը՝ հնագետների, ճարտարապետների, պատմաբանների: Չնայած այնտեղ կատարված պեղումներին և ուսումնասիրություններին, տաճարը շարունակում է մնալ առեղծվածային և մինչև վերջ չբացահայտված՝ նույնիսկ անվան ծագման հարցում: Մեզ հայտնի է անվան բացատրության երեք վարկած: Մի դեպքում ասում են, որ տաճարն իր անունը ստացել է Շիրակ գավառի հին գյուղերից մեկի՝ Երերուաց գյուղի անունով:

Հայագետ Ն. Մառն իր աշխատություններից մեկում նշում է, որ տվյալ վայրում եղել են վայրի այծեր, և մատաղ անելու հեթանոսական ավանդույթի պատճառով տաճարն անունը ստացել է «երե»՝ որս բառից: Անվան մյուս բացատրությունը հետևում է տաճարի ճարտարապետությունից: Այն ունեցել է վեց հսկա սյուներ, որոնց հորինվածքի պատճառով՝  հեռավորության վրա թվացել է, թե տաճարը երերվում է՝ տատանվում է: Եվ այդ պատճառով տաճարն անվանել են Երերույք: Նույնիսկ անվան հետ կապված տարբեր վարկածներն են փաստում տաճարի եզակի, ամբողջովին չբացահայտված լինելու մասին։

Պատմություն

Երերույք տաճարի մասին մեր բոլոր տեղեկությունները հիմնականում ստացվել են մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում: Տաճարն իր հորինվածքով է պատմում մեզ իր մասին, քանի որ արձանագրությունները սուղ են, իսկ պատմիչները, մեզ անհայտ պատճառներով, լռում են այս կառույցի մասին:

Երերույքի տաճար

Եզակի արձանագրություն կա մուտքերից մեկի ձախ հատվածում: Չնայած տաճարի կառուցումը, ըստ մասնագետների, համարվում է 5-րդ դարը, սակայն տարօրինակ կերպով այդ միակ արձանագրությունը կապված է 11–րդ դարի հետ: Այն վկայում է, որ Բագրատունյաց Հովհաննես–Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել՝ տաճարի վերանորոգման համար։

Տաճարում սփռված քանդակազարդ քարերը վկայում են, որ դրանք պատկանում են վաղ քրիստոնեական շրջանին: Ի հակառակ դրան, միջնադարյան կամ ուշ միջնադարյան ճարտարապետության կամ շինարարական արվեստի հետքեր, գրեթե չկան: Ինչից ենթադրում են, որ տաճարը զարգացել է վաղ քրիստոնեական շրջանում: Նոր ուժով զարգացումը շարունակվել 10-11-րդ դարերում, ինչը պայմանավովրված է եղել Անի մայրաքաղաքի ծաղկման հետ: 

Երերույքի տաճար

Վաղ քրսիտոնեական շրջանում կառուցված լինելու մասին է նշում Պ. Տոնապետյանը: Նա հիմք է ընդունում Տեկոր տաճարի հետ նմանությունը՝ փաստելով, որ նմանատիպ 15 բազիլիկ եկեղեցիներ կան նաև Սիրիայում: Վերջիններս ևս թվագրվում են 5-7-րդ դարեր:

Վերականգնողական աշխատանքներ իրականացվել են 1928թ. և 1965թ.: Սակայն խորհդային շրջանում (1965թ.) կատարված աշխատանքները թերի են մնացել:

Երերույքի տաճարն ու Անիպեմզա գյուղը Եվրոպա Նոստրա միջազգային կազմակերպությունն ընդգրկել է «7 առավել վտանգված հուշարձանների» ցանկում:

Ճարտարապետություն

Ինչպես հասկացանք տաճարի մասին որևէ հստակ տեղեկություններ մեզ չեն հասել, միայն ենթադրվում է, որ այն կառուցվել է 5-րդ դարում, և ըստ ճարտարապետական լուծումների, իր մեջ ամփոփում է անտիկ շրջանի ճարտարապետությունը: Մասնագետները պնդում են, որ Երերույքի տաճարը մեզ հայտնի՝ վաղ քրիստոնեական շրջանի, ամենամեծ կառույցն է: Կառուցված է Անիի բաց նարջնագույն տուֆից: Ն. Մառն իր աշխատության մեջ նշում է, որ արձանագրությունների համաձայն, Անիի տուֆով կառույցը կոչվել է Սբ. Կարապետի վկայարան: 

Երերույքի տաճար

Այն եռանավ բազիլիկ եկեղեցի է: Ուսումնասիրողներ Թ. Թորամանյանը և Պ. Տոնապետյանը փաստում են, որ Երերույքի տաճարն ունի մի շարք նմանություններ Տեկորի տաճարի հետ: Երկուսն էլ տեղադրված են եղել բոլոր կողմերից համապատասխանաբար 5-7 և 9-ը աստիճաններով շրջապատված հիմնահարթակի վրա։ Երերույքի տաճարը կանգնված էր ընդարձակ բնական ժայռուտ տեղի վրա և աստիճանային լուծումն առաջին հերթին նպատակ էր հետապնդում ուղղելու տեղի անկանոնությունները: Աստիճաներն ամբողջովին կառուցված են եղել մշակված մեծ քարերից, որոնք ժամանակի ընթացքում ավերվել են կամ ծառայել որպես շինարարական նյութ տեղացիների համար:

Սյունազարդ սրահների մասին են վկայում միայն սյուների ավերված բեկորները, իսկ ամբողջ ծածկից ոչինիչ չի մնացել: Խարիսխներն ու խոյակները քանդակազարդ են եղել, ինչպես բնորոշ էր 5–րդ դարի ճարտարապետությանը: Տաճարն ունի երեք մուտք, որոնք աստիճանների շարունակությունն են: Երկու մուտքերը գտնվում են հարավային կողմում, իսկ մյուսը՝ արևմտյան: Տաճարի հարավային կողմն իր գեղարվեստական գեղեցկությամբ տարբերվում է տաճարի մյուս ճակատներից: Այն տպավորիչ է իր երկու քանդակազարդ դռների շնորհիվ, որոնք հիմա հազիվ կանգուն են մնացել: Արևմտյան կողմն ունի երկու ոչ այնքան մեծ սենյակներ, որոնք նույնպես կիսավեր են: Անմխիթար է արևելյան կողմի խորանի վիճակը, որը ներսից ու դրսից ավերված է:

Երերույքի տաճար


Ընդհանուր առմամբ, ամբողջ շինության ստորին հատվածի սրբատաշ մեծ քարերը հանված են, իսկ հարավ-արևմտյան կողմից քանդված է նաև պատի միջի լիցքը, ինչի արդյունքում առաջացել են խորը խոռոչներ՝ թուլացնելով պատերի ուժը:

Եկեղեցին ամփոփված է պարսպով, որից դուրս գտնվում են ստորգետնյա շինություններ, բնակավայր, ջրամբար: Պարսպից դուրս գտնվող կառույցների ավերակները շարժում են բոլորի հետաքրքրությունը: 

Հնագիտական պեղումներ

1900-ականներին  ուսումնասիրություններ են կատարել Թորոս Թորամանյանն ու Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախումբը: 

Երերույքի տաճար

2010-2011 թվականներին այստեղ աշխատել են Շիրակի Երկրագիտական թանգարանի և Ֆրանսիայից՝ Պրովանսի համալսարանին կից գործող «Միջերկրականի շուրջ գտնվող երկրների միջնադարյան հնագիտության լաբորատորիայի» մասնագետները։

2009-2016թթ. Պ. Տոնապետյանի գլխավորությմաբ Էքս-Մարսելի համալսարանի հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը նույնպես կատարել է  հետազոտություններ:
Եվ անկախ այն տարածված ենթադրությանը, որ տաճարը եղել է հեթանոսական, ուսումնասիրությունների ժամանակ ոչինիչ չի փաստում այդ մասին: Պ. Տոնապետյանը նշում է. «Երերույք տաճարը և իրեն հարակից բոլոր կառույցները՝ դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, ամբարտակներ, պարիսպ, պատկանում են վաղ քրիստոնեական շրջանին»:

Դամբարանադաշտ

2011թ. արշաախումբը պեղել է եկեղեցու հարավային եզրի հատվածը և նկատել վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ՝ դամբարանադաշտ: Այն շատ ընդարձակ է՝ 7-8 պատվանդաններով: Վերջիններիս վրա բարձրանում են քառակող կոթողներ: Դրանք կարող են լինել թե՛ մահարձանային, թե՛ խորհրդանշական հուշարձաններ: 

Երերույքի տաճար

Պ. Տոնապետյանի գլխավորած պեղումներից բացվել են 70-ից ավելի գերեզմաններ: Արշավախումբը թաղումների ժամանակագրական դասակարգման փորձ է արել, եւ դրանք թվագրվել են վաղքրիստոնեական ժամանակաշրջանից մինչեւ մեր ժամանակները:

Մանուկների գերեզմանատներ

Դամբարանադաշտում հայտնաբերված գերեզմանների մեծ մասը պատկանում են փոքրահասակների: Գտնվել են միայն մի քանի հասուն մարդկանց գերեզմաններ, դրանց սակավությունը թույլ է տալիս ենթադրել, որ այդ գերեզմանները հասարակ մարդկանց չեն պատկանում: Պ. Տոնապետյանի արշավախումբը պարզել է, որ 1000թ.-ից սկսած Երերույք տաճարում կատարվել են միայն մանկահասակների թաղումներ:

Ենթադրվում է, որ մանուկների գերեզմանների այդքան շատ լինելը կախված է եղել ինչ-որ աղետի կամ վարակի հետ: Մեկ այլ վարկածի համաձայն, որն առաջ է քաշել Պ. Տոնապետյանը, հնարավոր է,որ գերեզմանատները բացատրվում են տաճարի բնույթով: Ասում են, որ տաճարը նվիրված է եղել Հովհաննես Մկրտչին, ով եղել է մանուկ Հիսուսին մկրտողը: Եվ գուցե, տեղացիները, այդ պատճառով դեռ չկնքված մանուկներին թաղել են տաճարի մոտ: 

Ստորգետնյա կառույցներ

Ֆրանսիացի մարդաբան Պոլ Բելեն գերեզմանների ուսումնասիրության մասին նշում է, որ թաղման արարողակարգը շատ նման է ֆրանսիականին: Ըստ որի՝ երեխաները պառկած են մեջքի վրա, գլուխը դեպի արևմուտք, ձեռքերը՝ կրծքի վրա խաչված, կամ մեկը դեպի վիզը, մյուսը՝ դեպի որովայնը ձգված։ Ուսումնասրողներն ասում են, որ սա ընդհանուր քրիստոնեական երևույթ է։

Երերույքի տաճար

Եկեղեցին գտնվում է մի մեծ համալիրի կազմում, որտեղ բազմաթիվ բաղկացուցիչ կառույցներ կան։ Տաճարի հարևանությամբ՝ գետնի վրա, նկատելի են անցքեր, որոնց ներքևում բավականին ընդարձակ սրահներ կան։ Պատերի վրայի փորվածքները ասես նախատսված են եղել նստելու կամ ինչ-որ առարկաներ դնելու համար։ Սրահներից մեկում իրար դեմ դրված են քարի կտորներ, որոնք թողնում են սեղանի և թիկնակներով երկու աթոռների տպավորություն։ Սակայն պարզ չէ, դրանք նախկինում վերգետնյա կառույցներ են, որոնք ժամանակի ընթացքում անցել են գետնի տակ, թե ի սկզբանե կառուցվել են որպես ստորգետնյա շինություններ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ