Դեպի Սասուն՝ ջրի պաշտամունքի հետքերով
Հոկտեմբերի 1-4-ին իրականացնելու ենք բացառիկ ճամփորդություն դեպի Սասուն։
Սասունը Հայկական լեռնաշխարհի այն եզակի շրջաններից է, որտեղ մինչ օրս պահպանվել են ջրի պաշտամունքի, հնագույն սրբավայրերի և լեռնային կյանքի բազմաթիվ հետքեր։ Այս ճամփորդության ընթացքում կանցնենք Սասնո տարբեր գավառներով, կտեսնենք վիշապաքարեր, պաշտամունքային աղբյուրներ, քարե կամուրջներ, հնագույն վանքեր և Սասունի բնաշխարհի ամենատպավորիչ հատվածները։
Օր 1։ Երևան – Բավրա – Կարծախ
Մեր ճամփորդության առաջին օրը մեր նպատակակետը Սասունին հնարավորինս մոտենալն է։ Անցնելով նախ հայ֊վրացական, ապա վրաց֊թուրքական սահմանային անցակետերով, կանգառ կունենանք Ծովակն Հյուսիսո լճի մոտ։ Այնուհետև կհասնենք Կարս և կշրջենք քաղաքում։
Շարունակելով մեր ընթացքը, ետևում թողնելով Կարսի բարեբեր սարահարթն ու Սարիղամիշի թավ անտառները, հետևելով Արաքսի հոսանքին կհասնենք Բասեն, և վերջապես Խնուսի լեռներով կանցնենք դեպի Մուշ։ Ճանապարհին կտեսնենք նաև Արածանին և Սուլուխի կամուրջը, իսկ օրվա ավարտին կհասնենք Մուշ, որտեղ էլ կլինի առաջին գիշերակացը։
Օր 2։ Վիշապաքարերի և կամուրջների Սասուն
Սասունի դարպասները բացում ենք արևմուտքից, շտապելով Սասնո լեռների վսեմ հսկայի` Անդոկի հետ հանդիպմանը։ Անդոկի լանջերով անցնում ենք Սասունի պատմական Խուլբի շրջան՝ զարմանահրաշ ու գաղտնիքներով լի։ Այստեղ ջրի պաշտամունքը հազարամյակների պատմություն ունի, իսկ դրա հետքերն առկա են ցայսօր։ Այլևս գոյություն չունեցող բնակավայրը` ամայացած Խոփը և տարածքի հնագույն եկեղեցիներից մեկը (ըստ որոշ աղբյուրների 4֊5 դդ), ինչպես նաև դրա շուրջ արդեն հատուկենտ երևացող ձկնակերպ վիշապաքարերը տեսնող վերջին սերունդն ենք վստահաբար։
Այս օրը նաև անմոռանալի քայլարշավ կունենանք դեպի Սասունի ամենափակ ու անհաս համարվող հատվածում` Տալվորիկում։ Ժամանակին Տալվորիկի միակ մուտք ու ելք հանդիսացած Սատանի կամուրջը շատ կերպարանափոխությունների է ենթարկվել, սակայն բնությունը պահել է այստեղ ամենակարևորը` ջրի պաշտամունքային խորշերի հետքերը և երկաթ ծնող այս լեռների վայրի գեղեցկությունը։
Այս օրը ևս մեկ բացառիկ, իրապես մեծ անակնկալ է սպասում, որը կբացահայտենք միայն տեղում։)
Երեկոյան կվերադառնանք Մուշ։
Օր 3։ Խոյթի դաշտերից Մոտկանի լեռներ
Խութի, կամ, ինչպես հնուց ի վեր այս կողմերում են ասում Խոյթի դաշտերն ու լեռներն իրենց անկրկնելի գեղեցկությամբ չէին կարող մաս չկազմել այս ճամփորդության։ Հատկապես, որ տեղի գունագեղ անտառներում է ծվարած Վանդիր Աղբյուրիկի վանքը Սասունի առաջին եպիսկոպոսանիստը։ Սասնո լեռների թագուհին, նույնիսկ կիսավեր, ոչինչ չի կորցրել իր փառքից։ Դրախտային այս անկյունը կարևոր սրբատեղի է եղել նաև նախաքրիստոնեական շրջանում պաշտելի աղբյուրի շնորհիվ, որը հոսում է այստեղ մինչ օրս։ Մեր այս կարևոր ուխտը կիրականացնենք տեղի հայերի հետ համատեղ։
Այս օրը նաև բացառիկ առիթ կունենանք տեսնելու Սասունում թոնիրների պատրաստման վերջին վարպետուհիներին` անձամբ ներկա լինելով նրանց աշխատանքին։
Այնուհետև կհասնենք Մոտկանի լեռներից թափվող ջրվեժին, որն ի դեպ, ամենաբարձրն է ամբողջ Թուրքիայում։ Օրվա ավարտին կհասնենք Դատվան, որտեղ էլ կլինի մեր գիշերակացը։
Օր 4։ Վանա Նեմրութի խորքերում
Եկավ ժամը վերադարձի, բայց… Վանի Նեմրութն իր հարուստ բնաշխարհով նույնպես սպասում է մեզ։ Ասում են Աղբյուր Սերոբը Խլաթից բարձրացավ Նեմրութ և Դատվանից իջավ, իսկ մենք կանենք հակառակը։ Ամենագնացներով ընթացքը թույլ կտա մխրճվել Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխի ամենագրավիչ խորքերը, հասնել խառնարանային լճերին և Սիփանի անկրկնելի տեսարանով իջնել դեպի Բզնունիք շարունակելով մեր ընթացքը Վանի հյուսիսային ափով։
Արծկեից թեքվելով դեպի հյուսիս, Հայկական պար լեռնաշղթայի ուղեկցությամբ նորից կհասնենք Կարս և ճաշից ու հանգստից հետո կուղևորվենք Երևան։
Խումբն ուղեկցելու է թուրքագետ, «Սասուն. 100-ամյա դիմադրություն» գրքի հեղինակ Սոֆիա Հակոբյանը:
Ճամփորդության արժեքը՝ 480 եվրո (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
- Թուրքագետ գիդի ծառայություն
- Տրանսպորտ (4×4 մեքենաներ)
- Գիշերակացերը հյուրանոցում
- Նախաճաշերը հյուրանոցում
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ)
- Ճաշն ու ընթրիքը
- Բժշկական ապահովագրությունը
- Վրաստանի պարտադիր ապահովագրությունը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ճամփորդությունից առաջ խնդրում ենք ստուգել անձնագրի վավերականության ժամկետը։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարին կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև սեպտեմբերի 21-ը։
























