Կալասար լեռ
Կալասարը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Հերմոն գյուղից հյուսիս-արևմուտք:
Կալասարի գագաթին դեռ պահպանվում են բերդի պատերից որոշ հատվածներ: Ենթադրվում է, որ այս բերդը Սմբատաբերդից ավելի հին է, որի մասին է վկայում պահպանված պատերի մեջ շաղախի բացակայությունը: Բերդի տարածքում հաճախ են հանդիպում քարայծեր:
Գագաթից բացվող տեսարանը
Գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Վայոց ձորի լեռները, մասնավորապես Թեքսարի լեռների Սրկղոնք գագաթը և Վարդենիսի լեռների Սևաժայռ լեռը:
Կալասարի բացահայտումը
«Առաջին անգամ Կալասար բարձրացել ենք 2014-ին։ Այն ժամանակ ոչ մի տեղեկություն չկար այդ լեռան մասին։ Ավելին ասեմ՝ այդ սարի անունն էլ Կալասար չէ․ քարտեզներով նայեցի ու տեսա, որ սարի լանջին գտնվող լքված գյուղը կոչվել է Կալասեր կամ Կալասար։ Սարն էլ սկսեցինք անվանել Կալասար, բայց քարտեզներով այն պաշտոնական անուն չունի։ Գագաթից բացվող տեսարանն աննկարագրելի գեղեցիկ է, հատկապես գարնանը, երբ Կալասարում ամեն ինչ կանաչ է, իսկ դիմացի լեռնաշղթան՝ դեռ սպիտակ։
Այդ օրվանից սկսած՝ տարվա տարբեր եղանակներին բարձրանում ենք Կալասար, բայց լեռը հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ մի թեք քարի շնորհիվ։ Այդ քարի վրա արված մեր տեսանյութից հետո ամեն շաբաթ հարյուրավոր մարդիկ սկսեցին բարձրանալ Կալասար, որպեսզի տեսնեն այդ տեսարանը»:
Տիգրան Վարագ























