Թանահատի վանք
Վերնաշեն գյուղից 6-7 կմ հարավ-արևելք՝ Մալիշկա գյուղ տանող ճանապարհին է գտնվում Թանահատի վանքը: Այն և հարակից գյուղատեղին տեղացիներին հայտնի են նաև «Ղարավանք» անունով։
Վանքի անվանում
Վանքի «Թանահատ» (կամ «Թանատ») անվանումը, ինչպես նաև գլխավոր եկեղեցու՝ Սուրբ Ստեփանոս կոչվելը, որոշակի շփոթություն են առաջացրել մասնագիտական գրականության մեջ։ Պատճառն այն է, որ իրականում գոյություն են ունեցել երկու տարբեր Թանահատի վանքեր, և երկուսի գլխավոր եկեղեցիներն էլ կրել են Սուրբ Ստեփանոս անունը։ Այս հարցում հիմնական աղբյուրը Ստեփանոս Օրբելյանի պատմությունն է, համաձայն որի՝ հնագույն վանքը գտնվել է բուն Սյունիքի Ծղուկ գավառում, իսկ մյուսը՝ Վայոց ձորում։ Վերջինիս հիմնադրումը կապված է 8-րդ դարի նշանավոր մտավորական Ստեփանոս եպիսկոպոսի սպանության և նրա հենց այնտեղ թաղվելու հետ։ Քանի որ մինչև վերջին տասնամյակները հստակ հայտնի էր միայն Վայոց ձորի վանքի տեղը, բանասերները հաճախ միավորում էին պատմագրի հաղորդած տվյալները՝ երկու հուշարձանների պատմությունն էլ սխալմամբ վերագրելով միայն Վայոց ձորի Թանահատին։
Թանահատի վանք
Թանահատի վանքի պատմության արմատները գնում են շատ ավելի խորը, քան կարող է թվալ։ Ենթադրվում է, որ վանքը կառուցվել է հայոց հեթանոսական Անահիտ աստվածուհուն նվիրված մեհյանի տեղում։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը վկայում է, որ դեռ 8-րդ դարում այստեղ համանուն վանք է եղել։ Այն պատմական կարևոր նշանակություն ձեռք բերեց 735 թվականին, երբ մոտակա Մոզ ավանում սպանվեց իր ժամանակի խոշորագույն մտավորականներից մեկը՝ Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսը։ Նրան հուղարկավորեցին Թանահատում, իսկ արդեն 1279 թվականին, երբ կառուցվեց ներկայիս եկեղեցին, նրա տապանը դրվեց հենց նորակառույց տաճարի հիմքում։
13-րդ դարի 70-ական թվականներին (1273–1279 թթ.) Պռոշյանների իշխանական տան նախաձեռնությամբ ու միջոցներով Թանահատում իրականացվել են շինարարական աշխատանքներ: Հին մատուռի հիմքերի վրա վերակառուցվել է գլխավոր տաճարը՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որի ճարտարապետական հորինվածքը կերտվել է տեղական մուգ բազալտից։ Հուշարձանի կառուցման ժամանակագրությունն փաստագրված են երկու հիմնական վիմական աղբյուրներով.
Շինարարական առաջնային արձանագրություն. Ունի զուտ ժամանակագրական նշանակություն: Այս համառոտ հիշատակումը փորագրվել է անմիջապես որմնադրության ընթացքում և տեղադրվել կառույցի բարձրադիր հանգույցում՝ գմբեթի վրա:
Ավարտական-նվիրատվական վիմագիր. Սա ծավալուն հիշատակարան է, որը պատին է հանձնվել տաճարի հանդիսավոր օծման և սրբագործման արարողության ժամանակ: Օծմանը ներկա են եղել շինությանը հովանավորող Պռոշ իշխանը ու իր զավակները։ Նրանք իրենց համար պատարագներ են որոշել և հիշատակարան գրել տվել։
14-րդ դարում Թանահատի վանքը ստացել է նվիրատվություններ՝ դրամ, այգիներ ու հողամասեր։ Համալիրի շուրջը պահպանվել են 13-16-րդ դարերով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։
1971 թվականին կատարված պեղումների արդյունքում բացվել են վանքի գավիթը, ինչպես նաև հարավային կողմում գտնվող խոշոր միանավ եկեղեցու հիմքերը՝ իր գավթով և աշխարհիկ շինություններով։ 1984 թվականին ս․ Ստեփանոս և ս․ Նշան եկեղեցիները նորոգվել են, վանքի տարածքը բարեկարգվել է։
Գլաձորի համալսարան
Մասնագետների մի մասի համոզմամբ՝ հենց այս վանքին կից է գործել միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական հաստատությունը՝ 1282 թվականին հիմնադրված Գլաձորի համալսարանը։ Այստեղ ուսումնասիրում էին բնագիտություն, մաթեմատիկա, երկրաչափություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, աստվածաբանություն, մանրանկարչություն և այլ առարկաներ։ Սակայն հետազոտողների մեկ այլ խումբ կարծում է, որ համալսարանի հստակ տեղը (որն աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Աղբերց վանք) դեռևս անհայտ է։ Ավելին՝ Գլաձորում գրված բազմաթիվ ձեռագրերի հիշատակարաններում կրթօջախը կոչվում է միայն երկու անունով՝ առավելապես Գլիձոր կամ Գայլիձոր։
Բացի այդ, կա երկու կարևոր փաստարկ, որոնք կասկածի տակ են դնում այս երկու վանքերի նույնացումը.
Անվանման տարբերությունը. Թանահատի վանքի պատերի արձանագրություններում և ձեռագրական հիշատակարաններում այս հուշարձանը հիշատակվում է բացառապես «Թանահատ» կամ «Թանատ» անունով։
Հիշատակությունների բացակայությունը. Վանական համալիրի և գերեզմանատան բազմաթիվ արձանագրությունների ու տապանագրերի մեջ չի հանդիպում Գլաձորի դպրոցի նշանավոր գործիչներից և ոչ մեկի անունը։
Այս ամենը հիմք է տալիս պնդելու, որ Գլաձորի վանքի ստույգ տեղորոշման համար անհրաժեշտ է հետազոտություններ անցկացնել Վայոց ձորի այս հատվածի այլ վայրերում ևս։
Մոզ ավանի ողբերգությունը և Ստեփանոս Սյունեցու լեգենդը
735 թվականի ամռանը Վայոց ձորում տեղի ունեցավ աղետալի մի երկրաշարժ, որը 40 օր շարունակ ցնցեց ողջ գավառը՝ հողին հավասարեցնելով երբեմնի ծաղկուն Մոզ ավանը։ Այս զարհուրելի պատուհասի մասին, որը խլեց ավելի քան 10 հազար մարդու կյանք, վկայում են միջնադարյան հայտնի պատմիչներ Ստեփանոս Օրբելյանը, Մովսես Կաղանկատվացին, Կիրակոս Գանձակեցին և Մխիթար Այրիվանեցին։
Ըստ պատմական ավանդության՝ այս արհավիրքը երկնային պատիժ էր Սյունյաց աշխարհի առաջնորդ Ստեփանոս եպիսկոպոսի դավադիր սպանության համար։ Պատմիչները նրան բնութագրում են որպես բարոյականության խիստ ու անաչառ պահապան, ով երբեք աչք չէր փակում մեղքերի վրա։ Դեպքերի բերումով, Մոզ ավանում նա երեք անգամ նախազգուշացնում և ճիշտ ճանապարհի է հրավիրում անառակ կանանցից մեկին։ Տեսնելով, որ կինը չի զղջում և շարունակում է իր անպարկեշտ վարքը՝ սրբազանը սաստիկ բարկանում է և նրա հանդեպ մեծ պատժի վճիռ կայացնում։
Կինը, չհանդուրժելով ստորացումը, որոշում է վրեժխնդիր լինել։ Առիթը երկար սպասեցնել չի տալիս. ամառային սաստիկ տապից պաշտպանվելու համար Ստեփանոս Սյունեցին գնում է «Ավագ ակն» անունով քաղցրահամ աղբյուրի մոտ՝ զովանալու և հանգստանալու։ Անբարո կինն ու իր սիրեկանը գաղտնի հետևում են հոգևորականին։ Երբ հասնում են նրա քնած տեղը, կինը դրդում է տղամարդուն դիմել ոճրագործության, սակայն տեսնելով վերջինիս երկմտանքն ու վախը՝ ինքն է սուրը վերցնում և կտրում եպիսկոպոսի պարանոցը։
Աստվածային արդարադատությունը, սակայն, չհապաղեց. Վայոց ձորը սասանվեց ահեղ ցնցումներից։ Երկրաշարժի հետևանքով տներն ու ապարանքները վերածվեցին իրենց տերերի գերեզմանների, ամբողջական գյուղեր անցան հողի տակ, հին աղբյուրները ցամաքեցին։
Տեսնելով իր մեղքի պատճառով առաջացած կործանումը՝ կինը խորապես ապաշխարեց։ Մինչև իր կյանքի վերջին օրը նա անցկացրեց Թանահատի վանքի դիմաց գտնվող բացօթյա գուբի մեջ, որտեղ, ի վերջո, գտավ իր մահկանացուն ու թաղվեց։
Ս. Ստեփանոս
1273–1279 թվականներին Պռոշյան իշխանական տան հովանավորությամբ կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին աչքի է ընկնում կառուցողական բարձր վարպետությամբ և խնամքով մշակված մուգ սրբատաշ բազալտե շարվածքով։ Հուշարձանի ճարտարապետական հորինվածքն արտաքուստ կրում է քառանկյուն ծավալ, մինչդեռ ներքին տարածությունը խաչաձև է. այս ներդաշնակ լուծումը ստացվել է չորս անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատների շնորհիվ։ Կառույցի սլացիկ վերասլացությունն պսակում է 12-նիստանի թմբուկը՝ հովանոցաձև վեղարով հանգուցավորված գմբեթով։
Հուշարձանի արտաքին տեսքին գեղարվեստական առանձնակի արժեք են հաղորդում բարձրաքանդակները, որոնք կրում են միջնադարյան արվեստին բնորոշ պատմա-խորհրդանշական բնույթ։ Պատերի վրա առանձնանում է խոյին իր ճանկերում պահած արծվի մոնումենտալ հորինվածքը: Վեղարի ստորին գոտում մեծ վարպետությամբ քանդակված են եզան գլուխ և ցուլի վրա հարձակվող առյուծի դինամիկ տեսարան:
Ճակատային հարդարանքի հետաքրքիր տարրերից է արևային ժամացույցը, որի երկու կողմերից պատկերված են ջուր խմող սիրամարգերի սիմետրիկ քանդակներ։
Ս․ Նշան
Սուրբ Նշան եկեղեցին կառուցված է գլխավոր տաճարին կից՝ հյուսիսային կողմից։ Այն չունի կառուցման հստակ տարեթիվը փաստող որևէ արձանագրություն, սակայն կառուցման տեխնիկայով ու ձևով նման է Սուրբ Ստեփանոսին և մասնագետները դրանք համարում են նույն ժամանակաշրջանի կառույցներ։
Եկեղեցու ամենատպավորիչ ու արժեքավոր դետալը արևմտյան մուտքի քարին փորագրված որսի տեսարանն է. այստեղ պատկերված է ձիավոր որսորդ, ով նիզակը մխրճել է գազանի բերանը։ Ցավոք, այս քանդակի վերևի մասում եղած արձանագրությունը ժամանակին ամբողջությամբ ջարդել են. այսօր դրանից մնացել են միայն 2-3 անորոշ տառեր, որոնք ոչ մի տեղեկություն չեն տալիս։
Հոդվածը գրելիս օգտվել ենք «Դիվան հայ վիմագրության» աշխատությունից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
















