Սբ․ Սիոն վանք
Սբ․ Սիոն վանք
Պատմական աղբյուրները ոչ մի հիշատակություն չեն պարունակում վանքի մասին, նրա վրա փորագրված բազում արձանագրություններն էլ վերաբերում են ավելի ուշ ժամանակի, ուստի որոշակի պարզ չէ, թե երբ է հիմնադրվել այն և ովքեր են եղել նրա կառուցողները։
Ճարտարապետություն
Վանքը բաղկացած է երկու իրար կից եկեղեցուց, մեկ մատուռից, գերեզմանատնից և բնակելի այլ շենքերի մնացորդներից։
Համալիրի հյուսիսային կողմի եկեղեցին կոչվում է Սբ․ Սիոն (որոշ աղբյուրներում հանդիպում ենք նաև Սբ․ Հովհաննես անվանումը) և որոշակի կերպով նկատվում է, որ դա համալիրի ամենահին կառույցը պետք է լինի։ Հատակագծային հորինվածքով ուղղանկյուն, թաղածածկ դահլիճ է`արևելքից և արևմուտքից կիսաշրջանաձև խորաններով: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է VII – VIII դ․դ․։
Երկու մուտքերից մեկը բացվում է արևմտյան, իսկ մյուսը հարավային կողմերից։ Վերջին մուտքը հավանաբար բացվել է կցված երկրորդ երկրորդ եկեղեցին կառուցելու ժամանակ։ Ամբողջ շենքը շարված է գլխավորապես ավազաքարի տարբեր մեծության կիսատաշ քարերով՝ կրաշաղախի միացությամբ։ Նկատվում են վերանորոգումների հետքեր և միակ արձանագրությունը վերաբերում է XIII-րդ դ․ վերջերին կատարած նորոգումներին։
Եկեղեցուն հյուսիսից կից գտնվում է մատուռ և որոշակի կերպով նկատվում է , որ այն կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ։ Միակ մուտքը բացվում է եկեղեցու եկեղեցու մեջ, ինչն էլ հավանական է դարձնում այն, որ մատուռը ծառայել է որպես ավանդատուն։
Ճանկերում խոյ բռնած արծիվ
Երկրորդ եկեղեցին, որն արձանագրությունների մեջ կոչվում է Սբ․ Աստվածածին, գտնվում է Սբ․ Սիոն եկեղեցու հարավային կողմում նրան կից։ Ներսում, հարավային պատի վրա փորագրված ընդարձակ արձանագրության համաձայն, եկեղեցին կառուցվել է Մագիստրոսի թոռ Վասակի որդի Պարոն Վահրամը 1282 – 1283 թ․թ․։ Եկեղեցու ներքին և արտաքին պատերին կան XIII – XIV դ․դ․ նվիրատվական բովանդակությամբ բազմաթիվ արձանագրություններ։ Եկեղեցու արևմտյան ճակատին պատկերված է ճանկերում խոյ բռնած արծիվ։ Հարավային կողմում կա արևային ժամացույց։
Համալիրի բակում շատ են խաչքարերը, որոնց մեջ աչքի է ընկնում մի խաչքար, որը սովորական և ամենափրկիչ խաչքարերի սինթեզ կարելի է համարել։
Սբ․ Սիոն վանական համալիրի տարածքում գտնվող խաչքար
Վանքը հյուսիսից և արևմուտքից շրջապատված է եղել պարսպով, իսկ մյուս երկու կողմերից պաշտպանվել է խոր ձորով։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: