info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Որդիս Արարատի գագաթին

Որդիս Արարատի գագաթին

Գրիգոր Գուրզադյան

Ինչպե՛ս նշեց իմ որդին դպրոցն ավարտելը

Դպրոցի պատերը թողնելու հաջորդ օրը նա գալիս է ինձ մոտ՝ Բյուրական, այնտեղից էլ առանց ժամանակ կորցնելու միասին՝ հայր ու որդի, շարժվում ենք վեր՝ դեպի ֆիզիկոսների կոսմիկական ճառագայթների կայանը. դա 3200 մետր բարձրության վրա է՝ Արագածի հարավային գագաթի ստորոտւմ, բյուրեղի պես մաքուր լճի ափին։ Օրվա վերջն էր արդեն, ֆիզիկոսները մեզ ընդունեցին ինչպես յուրայինների, աղմկալից խանդավառությամբ։ Արդեն առասպել դարձած Սամվելը՝ տնտեսվարը, այնտեղ՝ այդ բարձրության վրա, ֆիզիկոսների համար իր ստեղծած ճաշարանով հայտնի էր դարձել ամենուր, նստեցինք սեղանի շուրջը ու ճաշակեցինք մեծ ախորժակով բուրումնավետ, տաք բորշչը։ Հետո՝ խոսք ու զրույց, երաժշտություն, ու պառկեցինք քնելու…

* * *

Որոշել էինք, որ Արագածի հյուսիսային գագաթը պիտի բարձրանանք երկուսով՝ հայր ու որդի

Արագածի հյուսիսային գագաթը՝ չորս գագաթներից ամենաբարձրը, որոշել էինք, պիտի բարձրանանք երկուսով՝ հայր ու որդի։ Բարձրությունը 4100 մետր է, գտնվում է ֆիզիկոսների կայանից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Երթուղին ես լավ գիտեի. կայանից դուրս գալուն պես պիտի շարժվել դեպի հարավային գագաթի ուղղությամբ, անցնել նրա ստորոտով, հասնել արևմտյան և հարավային գագաթների արանքում ընկած լեռնանցքը, իջնել վիթխարի խառնարանը՝ մոտ չորս կիլոմետր տրամագծով, հետո բարձրանալ, հասնել մինչև արևելյան և հյուսիսային գագաթների արանքում գտնվող լեռնանցքը… Այս կետից էլ սկսվում է վերելքը դեպի հյուսիսային գագաթը…
Վեր կացանք առավոտյան ժամը հինգին… լվացվեցինք, հագնվեցինք ու առանց նախաճաշելու դուրս եկանք կայանից… Հրաշալի եղանակ է. կապուտակ երկինքը արդեն սկսում էր երևալ, ալպիական մարգարիտ է, սառնություն, թարմ, ցողը վրան կանաչություն շուրջբոլորը… Գնում ենք հանդարտ տեմպով, թեքությունը շատ մեծ չէ, բայց վերելք է վերջապես, տաքանում ենք… Միակ դեպքը երևի, երբ ամառվա կեսին տաքությունը հաճելի է…

* * *

Ամեն անգամ նույն ցնցումն եմ ապրել հայացքիս փռված այս տեսարանից…

Չնկատեցինք անգամ, թե ինչպես հայտնվեցինք լեռնանցքի վրա՝ հարավային գագաթի ճիշտ ստորոտին… Ու մնացինք քարացած. դիմացս արևն է՝ նոր-նոր բարձրացող, շռայլորեն լուսավորված լանջերը՝ մեր աջ ու ձախից, առջևում՝ հսկա խառնարանը՝ դեռ ստվերի մեջ, ու դիմացը՝ կապույտների մաս-մաքուր երանգների մեջ ծփացող հյուսիսային գագաթը… ի՛նչ վեհություն, ի՛նչ հանդիսավորություն… Հայր ու որդի մնացինք քարացած այդ անդրաշխարհային պատկերի առաջ… նայեցի դեմքին որդուս… նա ինձ չէր տեսնում…
Սա իմ առաջին դեպքը չէր հարավային գագաթի ստորոտում, այս լեռնանցքի վրա հայտնվելուս: Ու ամեն անգամ նույն ցնցումն եմ ապրել հայացքիս փռված այս տեսարանից… Չորս գաքաթները՝ կանոնավոր շրջագծի վրա դասավորված, մոտ երեք կիլոմետր տրամագծով. շրջագծի կենտրոնում խառնարան է եղել: Լեռնանցքները գագաթների արանքում շատ բարձր են, բացառությամբ արևելյանի. ի սկզբանե այս լեռնանցքն էլ է եղել փակ, ու կենտրոնում եղել է լիճ. ճիշտ այնպես, ինչպես Պարզ լիճն է հիմա Աժդահակի խառնարանում, լիճը՝ Փոքր Մասիսի խառնարանում… Արագածի դեպքում, հայտնի չէ, թե երբ, խառնարանի պատը արևելյան կողմից քանդվում է, և լճի ջուրը, մոլեգին ընթացքով քարուքանդ անելով ամեն ինչ, ստեղծում է մի ընդարձակ հովիտ. դա այսօրվա Ղազնաֆարի կողմն է: Հիմա լիճը չկա, գետը չկա, մնացել է չոր հովիտը… Հայտնի չէ, թե երբ, այսպիսի փլուզում՝ ֆանտաստիկ ուժի, տեղի է ունեցել Արարատի հյուսիսային լանջի կողմից. ինձ թվում է՝ այդ փլուզումը տեղի է ունեցել Արարատի հենց հրաբխային բուռն գործունեության շրջանում, երբ խառնարանային պատին եղել է ոչ թե ջրի ճնշում, այլ հրաշեկ հալված լավայի ճնշում: Դատելուվ Արարատի այս հյուսիսային լանջի փլվածքի չափերից՝ խոսքը գնում է տասնյակ, գուցեև հարյուրավոր միլիարդ խորանարդ մետր քար ու ապարի վերից վար հոսելուն՝ արդյունքում ստեղծելուվ այդ ֆանտաստիկ պատկերը՝ Արարատը՝ կտրված վերից վար մի տիեզերական ուժի փլվածքից… Ու այդ ֆանտաստիկ, այդ անկրկնելի տեսարանը… Հենց այդ փլվածքի շնորհիվ է, որ Արարատը դարձավ Արարատ… Այս բիբլիական սարը արևմտյան կողմից հետաքրքիր չէ բնա՛վ…

* * *

Ժամանակն է շարժվելու…

Մեզ հարկավոր է գրեթե ուղիղ գծով կտրել խառնարանը ու բարձրանալ դեմ ու դիմաց՝ մինչև հյուսիսային գագաթի ստորոտը: Սա էլ էր հետաքրքիր. վիթխարի քարաբեկորներ, ոմանց տակ դեռ չհալված ձյուն ու սառույց էր հանդիպում: Բայց վերելքը մինչև ստորոտը գագաթի տևեց բավական երկար. շատ էր դիք, ու տեղ-տեղ հարկ էր, որ անցնեինք հոսող խճաքարերի վրայով… Դժվար թե հեշտ, այնուամենայնիվ, հետաքրքիր էր մեր ընթացքը հենց միայն իր բազմազանությամբ…
…Հյուսիսային գագաթի ստորոտում ենք, այստեղից սկսվում է վերելքը, միայն վերելքը դեպի ամենաբարձր գագաթը: Քայլերս փոխում ենք անշտապ, հանդարտ, ես գոնե մտահոգված եմ նրանով, որ մեր երկուսիս շնչառությունը լինի հանդարտ, ռիթմիկ ու խորը… վերելքի հետ մեկտեղ մեծանում էր հորիզոնը, զգում էինք, որ բարձրության վրա ենք գտնվում, մեր աչքին էր հասնում արդեն Արագածից հյուսիս ընկած մեր լեռնաշխարհը՝ Շիրակը, կանաչների ու կապույտների մեջ կորած այս չքնաղ պատկերը… Մենք մեր չորությունից ենք խոսում, բայց մարդ արարածը թող հասնի ա՛յս կետին ու հայացքը հառի դեպի հյուսիս… Մի բառով դա զմրուխտ է՝ իր անթիվ-անհաշիվ երանգներով…
…Շարունակում ենք վերելքը, շնչառությունը նկատելիորեն դժվարանում է, այսպես թե այնպես չորս հազարի վրա ենք գտնվում: Բայց որդիս հիանալի է իրեն զգում, չի խոսում գրեթե, բայց հայացքը կանգ չի առնում, նա պարզապես լափում է ամեն ինչ՝ օդը, այս անսահման, անպարփակ տարածությունը, շրջապատի, հենց ոտքի տակի այս բյուրեղային մաքրությունը…
* * *

Մենք գագաթում ենք…

Ու հանկարծ թեքությունը չքացավ անսպասելիորեն. երևաց դիմացի գագաթը, մենք հյուսիսային գագաթում ենք: Մեր կանգ առնելը մեզ թվաց ինչ-որ անսպասելի մի բան, գուցե դա նրանից էր, որ երկուսով էլ, որդիս հատկապես, պինդ էինք, առույգ, և ամենակարևորը, արտաքո բան էր մեր տրամադրվածությունը՝ Արարատը չկա, անմատչելի է մեզ համար, բայց գոնե ունենք Արագած…
Գագաթը երկու կողմից խիստ զառիվայր է, բոլորովին ուղղահայաց, իսկ իսկական գագաթը՝ մետաղական եռանկյունաձև ցցուկով նշված, մի քանի քայլ այն կողմն է, հարկ է՝ զգուշորեն անցնեինք այդ երկու քայլ հատվածը… Անցանք, մատներով շոշափեցինք ցցուկն ու նոր միայն շունչ քաշեցինք. մենք գագաթում ենք… Ես երբեք չեմ մոռանա որդուս դեմքն այդ պահին… Անխոս նա կարծես ըմբոշխնում էր պահի արտառոց լինելը… Ես գիտեի, վստահ էի, որ այդ պահը կմնա ընդմիշտ նրա ներսում… Եվ ամենից առաջ ա՛յդ բանով. ինչպե՛ս, ի՛նչ կերպ նա հրաժեշտ տվեց իր դպրոցին, իր նստարանին… որը նա չի մոռանա իր ո՛ղջ կյանքում…
Վեր կացանք, պատրաստվում ենք վայրէջքի… Ես շուռ եկա դեպի հարավ, հայացքիս Արարատն էր, այնտեղ՝ հեռո՜ւ-հեռու մշուշի մեջ, հանդիսավոր, վեհության մեջ պսպղացող գագաթով… Ու ընկա մտքերի ծովը… Արդյոք դա կանխազգում չէ՞ր կամ դրա նման մի բան այդ առասպելական գագաթի հետ կապված…
…Ես որսացի նրա հայացքը. ուղղված էր Արարատի գագաթին… Արդյո՞ք այդ պահին չծնվեց նրա մեջ այդ երազը՝ ոտք դնել այդ առասպելական գագաթին… Հայացքը բարձրացավ վեր, հետո՝ ավելի վեր… Նա հեռացել էր Երկրից, հեռացել էր այս աշխարհից… Նրա հայացքը անհունությանն էր ուղղված…

* * *

Անցան տարիներ: Որդիս ոտք դրեց Արարատի գագաթին…

Այդ պահին ծնվեց իմ կոսմոլոգիստ որդին…
Այդ գիտությունը՝ կոսմոլոգիա, այդ ժամանակ չկար դեռ, դա գիտություն է տիեզերքի մասին, այն բանի մասին, թե ի՛նչ է եղել, երբ դեռ չեն եղել աստղերը, չեն եղել գալակտիկաները…
…Անցան տարիներ… Որդիս դարձավ կոսմոլոգիստ… Որդիս ոտք դրեց Արարատի գագաթին…
Հիմա ես ամենաերջանիկ հայրն եմ ողջ տիեզերքի…

Որդիս Արարատի գագաթին

 

 * * *

Դե՛, հին բարեկամ էինք…

…Անգամներից մեկում, ես բոլորովին մենակ էի, բարձրանում եմ հարավային գագաթ տանող լանջով ու դեռ գագաթ չհասած՝ լսում եմ շան շատ ուժեղ հաչոց: Շանը չեմ տեսնում, բայց հաչոցը վերից է գալիս, լսում եմ շատ լավ: Վերջապես հասա և ի՛նչ տեսնեմ. ճիշտ գագաթին՝ մետաղյա եռանկյան կողքին՝ մի ահռելի գամփռ ու հաչում է մի ահավոր ուժով՝ բոլոր ժանիքները ցուցադրելով… Կանգ առա, դրան մոտենա՞լ կլինի: Մնացի տեղումս նստած, նա ինձ է նայում: Հաչոցը դադարեցրեց, բայց հենց վեր եմ կենում, սկսում է հաչոցը ավելի կատաղած ուժով: Հանկարծ գլխի ընկա. այս խեղճ հայվանը, հայտնի չէ, թե ինչպես, հասել է գագաթը, բայց իջնել չի կարողանում, վախենում է երևի: Եթե իջնել կարողանար, կնետվեր ինձ վրա ու կհոշոտեր տեղնուտեղը:
Որոշեցի վար իջնել, դա եղավ միակ դեպքը, երբ չհասա հյուսիսային գագաթ… Իջա, բավական անցնելուց հետո խառնարանի մոտերքում հանդիպեցի հովիվների. ջահել, պինդ տղաներ էին, պատմեցի շան պատմությունը, շունն էլ երևում էր գագաթին առաջվա պես, նույնիսկ այդ հեռավորությունից: Հովիվները՝ թե դա իրենց շունն է, հասել է գագաթին ու հիմա էլ չի կարողանում իջնել: Նրանք հաստատեցին իմ ենթադրությունը. շունը բարձրանում է ցանկացած գագաթ վազելով, բայց իջնել վախենում է… Ինձ հանգստացրին, որ տղաներից մեկը կբարձրանա գագաթ ու շանը գրկած՝ վար կբերի… Ահարկու էր այդ հաչոցը, լսում էի նույնիսկ իմ չլսող ականջով դեռ վարից՝ խառնարանով անցնելիս, բայց հեռու էր. հաչոցը գալիս էր գագաթից, բայց շանը չէի տեսնում: Երեկոյան կողմ ֆիզիկոսների կայանում տեսա այդ շանը. հպարտ-հպարտ հետ ու առաջ էր անում: Ինձ տեսնելով, թարս-թարս նայեց վրաս, բայց ոչինչ չասաց… Դե՛, հին բարեկամ էինք…
* * *

Ալպինիստի գործած սխրանքի միակ վկան ինքն է՝ ալպինիստը

Ալպինիզմը սպորտ է, սպորտի ամենադժվարին ձևերից մեկը, ֆիզիկական, տեխնիկական և հոգևոր տվյալների հանդեպ բացառիկ պահանջներ ներկայացնող: Ֆիզիկապես ուժեղ ու ճարպիկ ամեն մի երիտասարդ չէ, որ կնետվի ալպինիզմին: Ալպինիզմի դեպքում որոշիչը հոգևոր պահանջներն են: Առիթ եմ ունեցել արդեն ասելու. Ալպինիզմը չունի հանդիսատես, չունի ծափահարող, ալպինիստի գործած սխրանքի միակ վկան ինքն է՝ ալպինիստը: Նրա ամենամեծ չափանիշը ինքն է, իր արարքներն ու իր ապրումները: Մեսները՝ մենակ Էվերեստ բարձրանալիս… 7200 մետրից վեր բարձրության վրա՝ մի ինչ-որ տեղ, ոտքերի տակի ձյունը անսպասելիորեն փլվում ու նա ընկնում է մի շատ խոր անդունդ՝ ջրհորի տիպի: Բարեբախտաբար, չի ստանում ջարդվածքներ, բայց սառցե անդունդ է, ողորկ պատեր, կառչելու, բռնվելու ոչ մի կետ: Երեկո էր, լրիվ մութ, վերևում՝ շատ վերևում, կլոր անցքն է անդունդի՝ մթնող երկնքի լույսով… Փորձված, շատ փորձված ալպինիստ էր Մեսները, նա արագ է հասկանում, որ ողորկ պատերով այդ սառցե անդունդից դուրս գալը անհույս գործ է: Ունի ռադիո, բայց ռադիոալիքները անդունդից դուրս գալ չեն կարող, և նույնիսկ այդ դեպքում նրա տեղը գտնելը անհնար է… Եվ նա՝ այդ առասպելական ալպինիստը, այնտեղ՝ անդունդի հատակին փռված, կորցնելով ամեն մի հույս փրկության, երդվում է, որ եթե հրաշքով հաջողվի դուրս գալ , իսկույն ևեթ վար կիջնի ու մեկընդմիշտ կհրաժարվի միայնակ Էվերեստ բարձրանալու մտքից…
Աշխարհի բոլոր ալպինիստները, վետերանները մինչև հիմա էլ չեն կարողացել հասկանալ, թե այդ ինչպես է նա կարողացել մի ամբողջ գիշեր, այդ անդունդի սառցե պատերին կառչելով, մագլցել ու ամեն վայրկյան նորից անդունդի հատակին հայտնվելու սարսափով, լուսադեմին կարողանում գլուխը դուրս հանել անդունդի եզրից ու փռվել եզրին գրեթե ուշակորույս վիճակում… Ինչքան է նա մնում այդ վիճակում՝ հայտնի չէ, բայց ուշքի գալուց, սթափվելուց հետո ամենայն անամոթությամբ մոռանում է իր երդումը ու վրայի ձյունը թափ տալով՝ շարունակում է վերելքը… Շարունակում է ու մեն մենակ հասնում է Էվերեստի գագաթ… Առանց թթվածնային ապարատի… Լուսանկարչական ապարատը ամրացնում է ձյան մեջ խրված իր ալպինիստական մուրճի ծայրին ու ստանում է, իր հոգեբանական ներգործությամբ, այդ ցնցող նկարը՝ իր վերջին քայլերը Էվերեստի գագաթին ոտք դնելուց առաջ… Ինքը՝ Մեսներն է՝ մեջքից , գլխահակ, ձեռքերը վար կախած, մեն-մենակ՝ Էվերեստի գագաթին… Խելագարվել կարելի է…

* * *

Արդյոք ալպինիզմը ամենից առաջ հոգեբանական ուժի գերագույն մակարդա՞կը չէ…

Ռեկորդներ սահմանելը նրա՝ ալպինիստի գերագույն նպատակը չէ: Նա միշտ, օրնիբուն թաղված է ա՛յդ մտքի մեջ՝ կա սահման ալպինիստական սխրանքի… Նրա գործելու ձևը սոսկ ֆիզիկական է թվում միայն առաջին հայացքից: Նրա ողջ էությունը հոգեկան է՝ տիեզերական ըմբռնմանը հասնող… Սպորտի մյուս ձևերը, ֆուտբոլն ու բասկետբոլը այդ թվում, նման գերխնդիրներ չունեն… Նրանց ներաշխարհը որոշվում է իրենցից ավելի թույլ հակառակորդի մակարդակով… Նրանք ունեն մի խնդիր միայն՝ հաղթել հակառակորդին, որը տիեզերքը չէ, իր նման մարդ է…
Ալպինիստի հոգեկան խնդիրները տիեզերական մասշտաբի են: Ալպինիստի հայացքը միշտ վեր է ուղղված… բառիս ուղղակի իմաստով նաև…
* * *
Ես չունեմ միտում, քավ լիցի, իմ որդու արշավը Արագածի գագաթ դարձնել չափանիշ, առավել ևս միակ ձևը, սիմվոլիկան դպրոցը թողնելու ու կյանքի հաջորդ շրջանին անցնելու… Ես կարող եմ պնդել միայն. դա կերուխում չէր… դա առասպելական օր էր, և դա՝ այդ օրը, որդիս տարավ իր հետ… Ա՛յդ օրն է կախված եղել իր հայացքին ո՛ւր էլ որ եղել է, ի՛նչ էլ որ արել է… Դա եղավ կշռույթն ու չափը իր բոլոր-բոլոր արարքների՝ երբեք չխոսելով դրա մասին… Դա դարձավ կողմնացույցի պես մի բան՝ միշտ ու բոլոր պարագաներում ճիշտ ուղղությունը ցույց տվող…
 * * *

2004 թվականի օգոստոսի 10-ին էր. իմ որդին հասավ Արարատի գագաթը…

Եկավ այդ օրը. իմ որդին հասավ Արարատի գագաթը… մեն-մենակ… Ոտք դրեց այդ սուրբ լեռան ամենաբարձր կետին… հասավ ու ծնկաչոք փռվեց թևատարած՝ գագաթի սառցակալած, ողորկ ձյանը, դեմքով հպվեց, համբուրեց այդ առասպելական հողը, մեր ժողովրդի հազարամյա տառապանքների այդ կենդանի վկային… Դա օգոստոսի 10-ին էր՝ 2004 թվականի:
Իմ որդին՝ Արարատի գագաթին… Սա արդեն ալպինիզմ չէ, ուժի և վարպետության խնդիր չէ… Սա այն է ինչ սովորաբար չի լինում ալպինիստ սպորտսմենի մոտ… Սա սպորտ չէր, սա ալպինիզմ չէր, սա ուխտավորություն էր… Այն, ինչ սովորաբար չի լինում ալպինիստի մոտ, բարձունք նետվող սպորտսմենի մոտ… Նրա մոտ լինում է միայն մի խնդիր՝ նվաճել գագաթը…
Այդ նկարը՝ որդիս՝ ծնկաչոք Արարատի գագաթին… Մեջքն է երևում միայն… Ես ցնցվեցի այդ նկարից, ես եմ ինձ պատկերացրել միշտ այդ կերպարանքով Արարատի գագաթին… Ես երբեք չեմ ունեցել խոսակցություն նրա հետ, բայց նա վարվել է այդ պահին՝ տարերայնորեն, ճիշտ այնպես, ինչպես ես կվարվեի… Նույն աշխարհն է, նույն զգացողությունը, նույն հույզերը… Այնտեղ՝ վերևում, արևն էր վկան իմ ու որդուս կյանքի այդ ցնցող պահի… Ես բախտավոր հայր եմ, իմ որդին՝ Արարատի գագաթին՝ ծնկաչոք, սուրբ գագաթը համբուրելիս…
* * *

Արարատի գագաթին հայտնվելը ծիսակատարության պես մի բան էր, որին ձգտում, որի մասին երազում է ամեն մի հայ…

Սպորտային տեսակետից Արարատի գագաթին հայտնվելը այնպիսի մի մարզված ու կոփված օրգանիզմի համար, ինչպիսին իմ որդունն էր, մեծ խնդիր չէր, իհարկե: Անցյալներում նա Կովկասյան լեռներում առիթ է ունեցել ավելի դժվարին խնդիրներ լուծելու: Արարատի գագաթին հայտնվելը ծիսակատարության պես մի բան էր, երազ, իղձ, որին ձգտում, որի մասին երազում է ամեն մի հայ… Արարատը մեր երկրից դուրս է, օտար հողի վրա է… Տեղաշարժվեր պետական սահմանը մի երեսուն կիլոմետր արևմուտք, Արարատը կդառնար մերը. կդառնար ուխտավայր… Տասներորդ դասարանն ավարտողները, նրանցից առավել խանդավառները, առավել տոկունները դպրոցի վերջին զանգի հաջորդ օրը, ի՛նչ կերուխում, ի՛նչ բան, կնետվեին Արարատ, ու թող բոլորը չհասնեին մինչև գագաթ, բայց ո՛ւր էլ որ լինեին, ի՛նչ բարձրության վրա էլ որ հայտնվեին, դա կդառնար անմոռաց իրենց ողջ կյանքում, կդառնար խրախճանք, հրավառություն, դա չէր մոռացվի նրանց ո՛ղջ կյանքի ընթացքում… Նա Արարատից է իջել, հասել է մինչև ինչ-որ բարձրության, նստել է քարին՝ հայացքը ուղղած հյուսիս՝ իր երկրին, ու հիմա վար է իջնում, ինչպես ուխտատեղից վերադարձող՝ հոգեպես լեցուն, ազնվացած, առնականացած, ու այդպես էլ կգնա նրա կյանքը. Արարատից իջնողը կդառնա, չի կարող չդառնալ ազնվագույն մարդ, որին ոչինչ այլևս չի ընկճի, չի վախեցնի…
Այդպես է Հիմալայներում, այնտեղ կան գագաթներ, Արարատից բարձր, շատ բարձր գագաթներ, որոնք դարձել են ուխտավայր, տաճարներ ու վանքեր են դրված այնտեղ, մշտական ապրող վանականներ, ապաշխարողներ… Ու գալիս են ուխտավորները զատ-զատ, երբեմն ու շատ հաճախ՝ խմբեր. ով շատ հեռուներից՝ օրեր, շաբաթներ տևող դժվարին ճամփաներով, ձորերով, անդունդներով անցնող. լեռը սրբություն է, դարերի արհավիրքների միջով է ստեղծվում պաշտամունքի հասնող այդ հավատը…
* * *

Արարատն իր տրամադրությունը ակամա վարակում է ամեն մի հայ մարդու…

Մտածե՞լ ենք մենք երբևիցէ դրա մասին՝ երբեմն-երբեմն ի՛նչ խորհրդավոր է դառնում Արարատը… Հատկապես առավոտ շուտ՝ արևի առաջին ճառագայթների դուրս գալուն պես… Ու երկրորդ կեսիվերջում նաև… կարծես մտածկոտ, խորհրդավոր, երբեմն թախծոտ… Այդպիսի պահերին հայացքը պոկել նրանից դառնում է գրեթե անհնարին… Հատկապես, երբ նայում ես նրան բարձունքից, Բյուրականից՝ օրինակ… Գագաթը՝ հատկապես կեսօրից հետո՝ իրիկնադեմին. Արարատն իր տրամադրությունը ակամա վարակում է ամեն մի հայ մարդու, հասնում նրա հոգուն…
Արագածը ցածր է Արարատից հազար մետրով, բայց իր հզորությամբ Արագածի ժայթքումը չի եղել պակաս զորեղ Արարատից. Վերջին դեպքում լավան եղել է շատ թանձր, շատ պինդ, արդյունքում ստացվել է ահա այս մոնոլիտը՝ շեշտակիորեն վեր նետված ու իշխող շրջապատի հարթավայրային տարածքի վրա. Արարատյան դաշտ է կոչվում դա: Արագածի դեպքում տեղի է ունեցել ճիշտ հակառակը. լավան եղել է շատ ջրալի, դյուրահոս, որ և հոսել է, տարածվել բոլոր կողմերից գրեթե հավասարաչափ՝ քսան-երեսուն կիլոմետր: Ստորոտում Արագածի տրամագիծը հիսուն-վաթսուն կիլոմետր է, Արարատինը՝ հազիվ տասը կիլոմետր: Արդյունքում Արագածը ներկայանում է նայողին անհամեմատ ավելի պակաս ցցուն, պակաս մոնումենտալ…
Բայց դե երկուսն էլ շատ են գեղեցիկ, շատ ինքնատիպ… Մեկը՝ մոնումենտալ, վեր խոյացող, մյուսը՝ նազելի, հեզաճկուն պարուհու տեսքով… Արարատյան դաշտավայրում հայտնված մարդը չգիտի՝ որ կողմն ուղղի հայացքը. հյուսիսում Արագածն է, հարավում՝ Արարատը… Զվարթնոցը ֆանտաստիկ կետ է՝ այդ երկու առասպելական գագաթների ողջ հմայքը ըմբոշխնելու. անվերջ կարելի է հայացքը մեկից մյուսը նետել ու այդպես էլ չհագենալ…
* * *
Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր գագաթը՝ 8860 մետր, տեսք չունի, նա հազիվ է նկատվում շրջապատի թիվ ու համար չունեցող գագաթների մեջ՝ գրեթե իրարից չտարբերվող, բոլորն էլ իրար նման: Որ Էվերեստը ամենաբարձր գագաթն է Հիմալայների, հաստատվեց բավական հետո, այն էլ տևական ու դժվարին գեոդեզիական չափումներից հետո միայն: Գեոդեզիստը ֆրանսիացի էր, անունը՝ Էվերեստ, տարիներ է կորցրել նա այդ ֆանտաստիկ դժվարին չափումներն իրականացնելու վրա, դա սխրանք էր, տարերայնորեն, ու արդարացիորեն նաև այդ գագաթը ստացավ այդ անունը՝ Էվերեստ, տեղական անունը Ջոմոլունգմա է: Էվերեստը բարձր է իր շրջապատից ընդամենը երկուսուկես հազար մետրով… Որպես գիգանտ՝ Էվերեստը երևում է միայն մոտիկից:
Իսկ Արարատը… Նա վեր է նետվել շրջապատի ընդարձակ դաշտավայրից չորս հազար երեք հարյուր մետրով՝ գրեթե չորսուկես կիլոմետր: Կողքին Փոքր Մասիսն է, կատարյալ երկրաչափական պատկեր, խիստ կանոնավոր կոնուս, պրոյեկտ լինի ասես…
Վստահ եմ ավելի քան, արարչության տիեզերական կոնկուրսում այս զույգը՝ Արարատ-Մասիս, որպես բացարձակ կատարելություն կոմպոզիցիայի՝ ստացել է ադամանդյա մեդալ…
* * *

Գագաթը Արարատի, ե՛րբ լինի, ինչպե՛ս լինի, մտածել է տալիս…

Այս երկու գագաթները՝ Արարատն ու Արագածը դարձան անսպառ աղբյուր մեր նկարիչների երևակայության: Եղե՞լ է նկարիչ, որ մեկ անգամ գոնե փորձած չլինի նկարել Արարատը, հազիվ թե… Մի երկու տարի առաջ նկարիչների տանը ցուցահանդես էր, միայն Արարատ, մի-մի նկար՝ ամեն մի նկարչից: Խիստ ուրախացա, իսկույն գնացի՝ կանխավ համոզված ու խանդավառված, որ չքնաղ բաներ կտեսնեմ… Գնացի, տեսա. հիսուն-վաթսուն Արարատ մի տեղ հավաքված չէի տեսել երբեք… Եվ ի՛նչ, հիասթափությանս չափ չկար, մնացի քարացած, ա՛յդ աստիճանի անլուրջ, այդքա՛ն ճապաղ, անկիրք, այդքա՛ն անգույն ու անտեսք Արարատներ՝ մի տեղ հավաքված, չէի տեսել երբեք… Ես ինձ վարկաբեկված էի զգում Արարատի տեղը… Այդ հավերժ թեման… ինչպես չասել. Չէի՞ն տեսել նրանք Սարյանի Արարատների այդ հսկա շարքը՝ մեկը մյուսից գունեղ, հոյակապ, ամեն մեկը՝ մի գլուխգործոց… Նրա վերջին Արարատը՝ հսկա չափերի կտավի վրա, բարձրից, Բյուրականից նկարած. վիթխարի տարածություն՝ կիսամշուշի մեջ, ու այնտեղ՝ հեռվում, հանդիսավոր, իր վեհության մեջ բազմած Արարատը, վարում՝ ծառերի արանքում, մի կնոջ գլուխ՝ գեղջկական տարազով… էլ ինչ ասեմ դասականի՝ Բաշինջաղյանի վիթխարի կտավի մասին՝ «Արարատը արևածագին», մի գլուխգործոց՝ հեռու ժամանակներից եկող, պատմության հավերժացում, որ ես բավական ուշ հասկացա. ջահել ժամանակ ուրիշ հովերով էի տարված…
Արարատն անսպառ է… Հենց միայն գագաթը… խելացի, զգացմունքից երևակայությունից ոչ զուրկ նկարիչը երբեմն միայն գագաթն է նկարում… Գագաթը Արարատի, ե՛րբ լինի, ինչպե՛ս լինի, մտածել է տալիս…
* * *
Իսկ դա այնքան է կարևոր, թե ինչպես է նա՝ դեռ աշխարհ դուրս չեկած պատանին, հրաժեշտ տալիս իր դպրոցին: Այո՛, կարևոր է ու շատ: Տարեց մարդը կարող է չմտաբերել, ասենք, այն, թե ինչ է արել կամ ասել, խոսել մեկ օր առաջ. Այդ օրը նա արդեն մոռացել է, բայց այդ նույն տարեցը իր կյանքի մինչև վերջին պահը չի մոռանում, մտքից չի հանում իր մանկությունը, իր պատանեկությունը. դա մեկընդմիշտ է դրոշմվել նրա ներաշխարհում, հատկապես այն, թե ինչպես է նա հրաժեշտ տվել դպրոցին… Վստահ եմ, նա երբեք չէր ների իրեն, եթե անգամ ինքը մեղք չի ունեցել այդ բանում, որ դա՝ հրաժեշտը, եղել է այսօրվա խիստ տարածված այդ ամենաքստմնելի ձևով՝ կերուխումով… Օ՛հ… եթե դպրոցին հրաժեշտ տալու հաջորդ օրը նետվեր թանգարան, պատկերասրահ, փորձեր տոմս ձեռք բերել համերգասրահ ընկնելու. այդ օրը սիմֆոնիկ համերգ է, դասական երաժշտություն՝ Հայդն, Վիվալդի, Մոցարտ ու չգիտեմ էլ ինչ… ու այդ օրը կգնար իր հետ մինչև իր կյանքի վերջին օրը…

* * *

Ես հիմա տարեց մարդ եմ՝ ութսունս անց, բայց ամբողջ կյանքում եմ հիշել այդ օրը…

Ես եղա մեր կերպարվեստի թանգարանում, առաջին անգամ. այդ ժամանակ ութերորդ դասարանում էի… Ոչ ոք չէր հուշել ինձ այդ միտքը՝ գնալ թանգարան… Տեղն էլ չգիտեի, մեր տունը շատ էր հեռու, թե ինչպես գտա. հարցրել եմ հարյուր մարդու, չգիտեին… Գտա, որովհետև շատ էի ուզում գտնել… Մտա թանգարան, ինձ թվաց որ ընկել եմ մի ուրիշ աշխարհ… Չեմ ասում՝ մոլորակ, որովհետև չգիտեի, թե մոլորակն ինչ է… Մտա… Շատ հետո իմացա. Այդպես տաճար են մտնում կամ եկեղեցի… Առաջին անգամ եմ տեսնում նկարներ, գույներ, տեսարաններ, մարդկանց դեմքեր, դիմանկարներ գույներով, երկինք, ծառ… Առաջին անգամ էի լսում այդ անունը՝ Այվազովսկի, ծով, ալիքներ… ծովը մեկ հանդարտ, մեկ փոթորկոտ ու այդքան իրական… Առաջին անգամ իմացա ա՛յդ անունը՝ Մարտիրոս Սարյան, բան չէի հասկանում, բայց ապշած էի… ի՛նչ կիմանայի, որ կանցնեն տարիներ, ու նա կդառնա իմ աստվածը… ակնապիշ աչքերով գամված այդ հեքիաթային աշխարհին…
Դա այդ ցնցումը, հավասար էր տարիներ, տարիներ հետո իմ որդու՝ Արարատի գագաթին ոտք դնելուն…
Թանգարանի այդ մեկ օրը հեղաշրջեց իմ ողջ էությունը… Այդ օրը ես դարձա նկարիչ…
ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ
Օգոստոս, 2004, Գառնի
Շնորհակալություն Հրաչյա Իվանյանին նյութի համար

Կարդացեք նաև՝