info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արարատն ապացուցեց, որ այն պարզապես սիմվոլիկա չէ

Արարատվածներ / Սոնա Վարդանյան

Արարատվածներ / Սոնա Վարդանյան

Արարատն ինձ համար միշտ եղել է «անհաս փառքի ճամփա»: Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կկանգնեմ նրա գագաթին և  կիրականացնեմ երազանքս, բայց ամեն ինչ փոխվեց, երբ սկսեցի աշխատել «Armenian Geographic»-ում։

Այնտեղ առաջին անգամ ծանոթացա «Արարատվածներ» շարքին, կարդացի մարդկանց պատմություններն ու այդ պահին հասկացա՝ Արարատը հեռու չէ, պետք է ուղղակի քայլ առ քայլ գնալ դեպի երազանք։

Արարատվածներ / Սոնա Վարդանյան

Հենց այդ օրը որոշում կայացրի որ ես էլ պետք է ունենամ իմ  պատմությունը, իմ հիշողությունն Արարատի գագաթից։ Այդ օրը եկավ՝ 2024-ի օգոստոսին, իմ քսաներորդ արշավը եղավ Արարատի վերելքը։

Արարատը որպես հոգեբանական փորձություն

Արարատ բարձրանալուց առաջ շփվել էի շատ մարդկանց հետ, ովքեր արդեն արել էին այդ քայլը, թվում էր, թե լիարժեք պատկերացում ունեմ՝ ինչ է սպասվում վերելքի ընթացքում։ Բայց իրականությունը բոլորովին այլ էր։ Արարատը ոչ միայն ֆիզիկական, այլև հսկայական հոգեբանական փորձություն էր։

Քայլ առ քայլ դեպի երազանք

Հեռվից նայելիս, Արարատն ինչ-որ չափով անհասանելի է թվում, նույնիսկ մի փոքր լարվածություն առաջացնող։ Բայց երբ կանգնում ես գագաթին՝ հիշում հաղթահարած ճանապարհի բոլոր դժվարությունները, միանգամից փոխվում է այդ կապը։ Արարատը դառնում է մի հեռավոր ընկեր, ում տեսնելու մեծ ցանկություն ունեիր, բայց հենց հանդիպում եք՝ մի փոքր տխրություն է գալիս… որովհետև ակնթարթորեն ավարտվում է մի մեծ երազանքի ճանապարհ։

Հիշողություններ ողջ կյանքի համար

Մինչ վերելքն Արարատն ինձ համար եղել է հայրենասիրության խորհրդանիշ՝ մի վեհ սիմվոլ, որը կապում էր ազգին իր արմատների ու պատմության հետ։ Վերելքից հետո այն դարձավ շատ ավելի անձնական։ Այժմ Արարատն ասոցացնում եմ ընկերության հետ։ Լեռները ունակ են միավորելու մարդկանց՝ տարբեր վայրերից, տարբեր պատմություններով, բայց նույն նպատակով։

Արարատը պարզապես լեռ չէ, այլ մի մեծ հարթակ, որտեղ ծնվում են կապեր, ընկերություններ ու հիշողություններ, որոնք մնում են ողջ կյանքի ընթացքում:

Ամենամեծ դժվարությունն Արարատի գագաթին մտքերս հավաքելն էր։ Շփոթված էի, այդ պահին ամեն ինչ միախառնվում է՝ հույզերը, տեսարանը, անցած ճանապարհը։ Այնքան էմոցիա ու միտք է միաժամանակ սկվսում պտտվել գլխումդ, որ նույնիսկ դժվար է ուղղակի կանգնել ու հիանալ։

Թիմային ոգին օգնում էր հաղթահարել դժվարությունները։ Գագաթին գրկախառնվելիս և միմյանց շնորհավորելիս, կիսվում էինք հույզերով և ապրումակցում միմյանց։


Ամբողջ վերելքի ընթացքում ոչ միայն երգում էինք, այլ նաև պարում։ Հիմա՝ հայկական պարերի ձայները միանգամից հիշեցնում են Արարատի վերելքի ճանապարհը։

Արարատն ապացուցեց, որ այն պարզապես սիմոլիկա չէ

Արարատն ապացուցեց, որ այն պարզապես սիմոլիկա չէ, նրան պետք է ընդունել հենց այնպես, ինչպես կա և հասկանալ որ միայն դու կարող ես ստեղծել քո և Արարատի կապը։

Ես քայլում էի սկզբից, ու երբ հասա գագաթ, դեռ քիչ մարդ կար։ Արարատի դիմաց ինձ այնքան փոքր էի զգում, որ շփոթվեցի ու չգիտեի՝ ինչ զգալ։ Այդ պահին պտտվեցի ու տեսա խմբիս անդամներին՝ նրանք մոտեցան ու գրկեցին ինձ։ Այդ զգացողությունն այնքան հանգստություն բերեց, որ հիշել եմ ամեն պահը։

5165-ը միանշական փոխեց կյանքս։ Արարատն ինձ հնարավորություն տվեց միաժամանակ զգալ ուրախություն, ոգևորվածություն, հանգստություն, հուզմունք, վախ ու երջանկություն։

 

Սոնա Վարդանյան

Վերելք Արարատ լեռ 2025

Արարատվածներ

 

Exit mobile version