info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սաբալան. մի վերելքի պատմություն

Սաբալան

Սաբալան

Մեր գործունեության 10 ամյակի կապակցությամբ 2022 թ. հագեցած էր մի շարք նշանավոր վերելքներով, որոնց թվում էր նաև Իրանի ամենաբարձր և գեղեցիկ գագաթներից մեկի՝ Սաբալանի (4811 մ) վերելքը: Արարատից (5165 մ) հետո Սաբալան լեռը Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր գագաթն է: Եվ եթե դեպի Արարատ վերելքներ կազմակերպում ենք դեռևս 2014 թ.-ից, ապա Սաբալանի այս տարվա վերելքն առաջինն էր:

Սաբալան

Խումբն առաջին անգամ էր լինում Իրանում, ինչը բնականաբար նույնպես նպաստեց, որպեսզի մասնակիցների ստացած տպավորություններն առավել ազդեցիկ լինեն: Ինչպես յուրաքանչյուր վերելք և ճամփորդություն, Սաբալանի դեպքում ևս, մասնակիցների մի մասի համար այն նոր արկածների որոնում էր, մյուսների համար՝ նպատակ, իսկ Հրաչ Արա-Իվանյանի համար շատ երկար սպասված վերելք, որը ցանկանում էր օր առաջ իրագործել. «Սաբալան բարձրանալու ցանկությունն արդեն քանի տարի հանգիստ չէր տալիս՝ պայմանավորված հենց այն փաստով, որ Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ 2-րդ լեռն է: Իսկ 2020 թ -ի Covid-ի պատճառով հետաձգվելուց հետո ես էլ ավելի անհամբեր էի դարձել»:

Իրան. այլ աշխարհ, այլ իրականություն

Հատկապես դեպի Չաուխ իրականացրած ճամփորդությունից հետո, անհամեմատելի և չափազանց նոր ու այլ էր Իրանը, որը մեր խմբին դիմավորեց իր հզոր լեռներով և բազմաթիվ գույներով: Եվ որպես իրական արշավականներ, որոնք հնարավորություն էին ստացել բացահայատել մի նոր աշխարհ՝ խմբի 16 մասնակցիները կհիշեն Իրանում անցկացրած օրերը դեռ երկար տարիներ:

Սաբալան

Իսկ Իրանն իրապես այլ աշխարհ էր՝ սեփական կանոններով և գրված ու չգրված օրենքներով: Բայց ինչպես նշեց Հրաչը. «Եթե ավելի հաճախ լինենք հարևան բարեկամ երկրում, մեր պատկերացումներն ավելի ամբողջական կլինեն ու կարծում եմ նույնիսկ հարմարվելու հարց չի առաջանա, պարզապես պետք է ճանաչել, ընդունել և հարգել այդ մշակույթը: Իսկ օրենքներին և հասարակարգին դեռ գնալուց առաջ էինք ծանոթացել»:

Սաբալանը՝ «սիրուն ու հզոր»

Անդրադառնալով հենց Սաբալան լեռան վերելքին, պետք է ասել, որ մասնակիցների մեծ մասի համար այն պետք է լիներ ոչ միայն նոր հաղթական վերելք, այլ նաև առավել որոշակի դարձներ Դեմավենդի հետ կապված նպատակները: Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ: Սաբալանի վերելքին մասնակիցները պատրաստված էին տարիների արշավային փորձով: Սակայն անխուսափելի է նաև սպասելիքների և իրականության մշտական բախումը, իսկ արշավական կյանքում իրականությունը միշտ գերազանցում է սպասելիքները. «Լուսաբացին, երբ ճանապարհից տեսանք Լեռը, անմիջապես զգացվեց, թե ինչ սիրունի հետ գործ ունենք: Իսկ ընթացքն էլ ցույց տվեց, որ ոչ միայն սիրունն է, այլ նաև հզոր է»:

Սաբալան

Մեր խումբը՝ բաղկացած 16 մասնակցիներից, առաջին իսկ օրն ուղևորվել էր դեպի ճամբար (3700 մ), և կլիմայավարժեցումից հետո՝ գիշերը ժ. 4:00-ին շարունակել վերելքը դեպի գագաթ՝ դեպի 4811 մ:

Նոր վերելք, նոր համագործակցություն

Միանշանակ պետք է ասել, որ վերելքը բարեհաջող և առավել հեշտ անցավ նաև ի շնորհիվ «Սիփան» միության անդամների, որոնց տարիների լեռնային փորձը մեծապես օգնեց խմբին, անշուշտ, առաջին հերթին տալով մեծ վստահություն. «Սիփան միության ընկերները ոչ միայն հմուտ լեռնագնացներ են, այլև կենսուրախ մարդիկ, հատկապես ավագները՝ երիտասարդ ոգով, պատրաստ նոր բարձունքների: Առհասարակ շատ հաճելի էր այն փաստը, որ օտար երկրում համատեղ վերելքի ես մասնակցում տեղի հայ լեռնագնացների հետ»:

Սաբալան

Չնայած բոլոր մասնակիցներին, այդ թվում նաև Հրաչին, հրապուրել էին Ուրմիա լճի մայրամուտը, Թավրիզի շուկայի վարդաբույրը, սակայն նրա համար անհամեմատելի և անփոխարինելի էր խառնարանային լճին հասնելու պահը. «Սաբալանի արևածագն ինչ խոսք, արբեցնող էր ու շլացուցիչ, բայց ոչինչ չի համեմատվի այն պահի հետ, երբ գագաթնամերձ արահետով շարքով քայլելով հասանք խառնարանային լճին: Գագաթից դեպի Հայկական լեռնաշխարհի ամենաբարձրադիր լիճը բացվող տեսարանն առինքնող էր, ու րոպեներ անց ամբողջ մարմնավ զգացի ջրի սառնությունը»:

Սաբալան / Ուրմիա լիճ

Ինչպես նշեցինք, 2022թ. լրանում էր մեր գործունեության 10 ամյակը, ինչի շնորհիվ տարին հագեցած էր նորանոր վերելքներով ու նպատակներով: Եվ Սաբալան լեռան գագաթին կանգնել՝ առաջին հերթին նշանակում էր, որ հաջորդ անգամ Իրան այցելելիս կանգնելու ենք Դեմավենդի գագաթին. «Սաբալանը լավ նախապատրաստություն եղավ Դեմավենդի վերելքից առաջ ոչ միայն լեռնագնացության առումով, այլ սկսած սահմանային անցակետից մինչև Սիփան միության լեռնագնաց ընկերներ, որոնց նորից հանդիպելու ցանկություն ու սպասում կար»:

Սաբալան

Բայց Սաբալանի վերեքը միայն լեռնագնացության, նպատակների իրագործման կամ նորանոր այլ վերելքների պատմություն չէր, այլ կենսակերպ. «… այս ամենը գաղափարակից մարդկանց, արշավական հոգիների, լեռնագնաց ընկերների հետ ու բնականաբար ArmGeo-ի ուղեկցությամբ՝ արդեն 10 տարի…», նշեց արշավական Հրաչ Արա-Իվանյանը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին