info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Նարինէ Վարդանյան

Նարինէ Վարդանյան

Նարինէ Վարդանյան

Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:

Առաջին կրթությամբ լրագրող եմ, երկրորդով՝ ուսուցիչ-գրականագետ։ Այս պահին աշխատում եմ Արցախում՝ կրթության ոլորտում։

Նարինէ Վարդանյան

Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:

Ես սարերում եմ ծնվել՝ Տավուշում, կամ, ինչպես մենք ենք վերջին տարիներին շեշտում՝ Իրական Տավուշում՝ Շամշադինում: Իմ աչքերը կանաչին, սարերին են սովոր, մենք դաշտերը տեսնելու համար անգամ դեպի վեր ենք նայում։ Երբ Երևան տեղափոխվեցի, իմ առաջին մեծ տագնապը անծայրածիր հորիզոնն էր, ինձ թվում էր՝ բռնվելու տեղ չկա… Էդպես սկսեցի բացահայտել քաղաքի այգիները, հետո սկսեցի փնտրել արշավների հնարավորություններ։ Առաջին սարը, որի անունը հիշում եմ ու արշավն եմ հիշում, Հատիսն էր։ Հեշտ էր, վաղուց էր, բայց գիտեմ, որ հեշտ էր, որովհետև վերադարձի էր նման, տուն գնալու, ինձ թվում էր՝ մոշ հավաքելու ենք գնացել, հիմա ուր որ է՝ հնձվորներն էլ կանցնեն։ Էդ զգացողությունը չի անցել։  Հիմա էլ եմ հաճախ տուն գնալու թրթիռներ ունենում սարերում։

Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:

Մարդիկ են փոխվել։ Ու երևի ես եմ փոխվել։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր գնում են դժվար վերելքների՝ իրենց ներսից դուրս հանելու ագրեսիան, կուտակած բացասականը։ Ես արշավների եմ գնում՝ ներսիցս դուրս հանելու սերը։
Ողջ կյանքում ես կարծել եմ՝ սիրում եմ Հայաստանը։ Վերջին տարիներին եմ հասկացել, որ ես Հայաստանը սիրում էի հեռվից, վերացական, չհասկացած՝ ինչն եմ սիրում։ Հիմա, երբ հաճախ առիթ է լինում շոշափել նրան, զգալ կոպտությունը, զգալ ջերմությունը, հիմա վստահ կարող եմ ասել, որ Հայաստանը ճանաչելով սիրելն իմ կյանքը փոխել է, փոխել է սիրո բոլոր դրսևորումների հանդեպ վերաբերմունքս։ Սովորեցրել է բացահայտել, ճանաչել, հիանալ ու չպահանջել ոչինչ։ Նույն կերպ, ինչպես սիրելի մեկին՝ զգալ, շոշափել, հոգ տանել, անգիր հիշել ձեռքի երակների ուղղությունը… ու չկարողանալ ապրել առանց նրա։

Նարինէ Վարդանյան

Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:

Ես խաղաղություն եմ փնտրում լեռներում։ Մենք լեռների շնորհիվ հազարավոր անգամներ նվաճել ենք խաղաղություն մեր երկրի համար, հիմա երևի ինչ-որ հիշողությամբ ես ներքին խաղաղությունս եմ ամեն անգամ վերականգնում լեռներում։

Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:

Հենց վերջին արշավից շատ ժամանակ է անցնում, Սարոյանաբար եմ տխրում, հիշում  «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը, ու հիմա մտածում եմ, որ եթե մի օր ոտքերս էլ չգան ինձ հետ լեռներ, ես ինչ-որ մի բան նվագել կսովորեմ, երևի սրինգ, կնստեմ իմ ճոճաթոռին ու կնվագեմ էնքան, մինչև մարդիկ ինձ հարցեր տան, ու ես բազմանշանակ ասեմ, որ «Իմ սիրտը, երիտասարդ, լեռներում է, հայկական լեռներում»։

Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:

Ամենահիշարժանը, երևի, Մեծ Քիրսն է։ Ես բարձրությունից վախենում էի ինչ-որ ժամանակ, ու մինչև Մեծ Քիրսի արշավը հաճախ քարերի վրա, նեղ արահետների վրա ոտքերս դողում էին։ Մեծ Քիրս բարձրանալու ամենավերջին հատվածում՝ մի կարճ տեղում ժայռոտ մաս կա, օրվա էդ ժամին նաև ձյուն ու սառույց կար, որն անցնելու համար պետք է ոտքերը հնարավորինս ամուր ու ուժեղ դնել գետնին։ Հենց էդտեղ էլ ոտքերիս դողը կորավ։ Ու առաջին անգամ կյանքում հասկացա «հաղթահարել բարձունք» արտահայտությունը, էնտեղ՝ գագաթին, Քիրսի բռունցքին նայելով զգացի, թե ոնց եմ ինքս ինձնով հպարտանում։ Ու անվերադարձ սիրահարվեցի… Քիրսին։ Երբ ներքևում էինք, որոշեցի, որ անպայման նորից եմ բարձրանալու։ Հիմա, երբ սա գրում եմ, Քիրսը երևում է հեռվում, ու մի քիչ ամաչում եմ, որ դեռ չեմ վերադարձել։

Նարինէ Վարդանյանն ու Տիգրան Վարագը

Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:

Շատ են գագաթները, որտեղից աշխարհին չեմ նայել դեռ․Արագածի Հյուսիսայինը, Արարատը, Կուսանացը, Վարագը… Որևէ գագաթ բարձրանալու հետ կապված երազանք չունեմ, միակ գագաթը, որի մասին մտածում եմ հիմա, երբեք չեմ բարձրանալու, բայց սպասելու եմ վերադարձի էնտեղից։

Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:

Երևի երեք բառի փոխարեն մի կարճ նախադասություն հիշեմ՝ «Հլը նայի՝ ի՜նչ սիրուն հայրենիք ա»․ Կարենն էր ասում ինչ-որ արշավի ամբողջ ընթացքում, հիմա ինչքան նայելու հայրենիք տեսնում եմ, սա եմ հիշում։

Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:

Արշավականները կյանքից կախվածություն ունեցող մարդիկ են։ Իսկ կյանքը սարերն են։

Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)

Իմ լավագույն, սրտամոտ ընկերները հենց ArmGeo-ից են ու ուղիղ կապ ունեն արշավների հետ, բայց ոչ թե ես նրանց գտել եմ ArmGeo-ում ու ընկերացել, այլ, հակառակը, ընկերացել եմ, հետո գտել ArmGeo-ին։
Ամենաառաջին արշավս դեպի Արցախ էր՝ եռօրյա off-road էր, ծննդյանս օրը, առաջին արշավս էր ArmGeo-ի հետ, բայց համարյա բոլորին ճանաչում էի։ Ցեխարշավ-մարդարշավ էր, մարդկանց ճանաչելու, սիրելու, շատ սիրելու արշավ էր։ Կյանքիս չքնաղագույն մայրամուտն եմ ունեցել էդ օրերին, մայրամուտը՝ Դիզափայտից։ Մենք քնապարկերով շարվել էինք գյուղի դպրոցի փայտե հատակին, ձմեռ էր, ու Հրաչը ամբողջ գիշեր փայտ էր ավելացնում վառարանի մեջ։ Մինչև հիմա վառարանից եկող միալար ճըտճըտոցի հետ հոգատարությունը ներսս է լցվում։ Անհնար էր նորից արշավ չգնալը։

Նարինէ Վարդանյան

Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:

Երբ նոր էի գնում արշավների, անհրաժեշտ հագուստ չունեի, անընդհատ թրջվում ու պարտաճանաչ հիվանդանում էի։ Հետո սարերն ինձ ուժ ու իմունիտետ տվեցին, տեսան, որ ես իրենցից հրաժարվողը չեմ, թողեցին՝ ուժեղանամ։ Վստահեք սարերին, թույլ տվեք՝ հոգ տանեն ձեր մասին, թույլ տվեք՝ փոխեն ձեր կյանքը։ Գտեք ձեր խաղաղությունը սարերում, գտեք սիրելու բանաձևերը, գտեք մարդկանց սարերում։

Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.