info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայաստանի մարզերի ամենաբարձր գագաթները

Հայաստանի լեռները

Հայաստանի լեռները

Այս հոդվածում առանձնացրել ենք Հայաստանի Հանրապետության մարզերի ամենաբարձր կետերը: Կան մարզեր, որոնց սահմանագիծն անցնում է լեռներով և երկու մարզի բարձր գագաթները համընկնում են:

Լոռի – Աչքասար լեռ / 3196 մ

Աչքասար լեռը գտնվում է Լոռու և Շիրակի մարզերի սահմանագլխին: Ջավախքի լեռների ամենաբարձր կետն է:

Աչքասարը լավային կոն է՝ կազմված անդեզիտադացիտներից, լանջերը զառիթափ են ու ծածկված մերձալպյան բուսականությամբ, իսկ բարձրադիր մասերը՝ քարակառկառներով և ալպյան գորգերով:

Աչքասար

Տավուշ – Միափոր լեռ / 2993 մ

Տավուշի մարզի ամենաբարձր կետը Միափոր լեռն է: Այն գտմվում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին:

Միափորի լեռնաշղթան ձգվում է Աղստևի հովտից արևելք՝ մինչև Քաշաթաղ լեռ: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Հյուսիսային և արևելյան լանջերից ճյուղավորվում են Պայտասարի, Հախումի, Տավուշի, Կենաց և Խնձորուտի լեռնաշղթաները, սկիզբ առնում Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը: Հյուսիսային լանջերը՝ անտառապատ են: Բարձրադիր գոտում լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հարավ-արևմտյան լանջերը ներառված են Դիլիջան ազգային պարկի տարածքի մեջ:

Միափոր լեռ

Միափոր լեռ

Արագածոտն – Արագած լեռ / 4090 մ

Արագածոտինի մարզի ամենաբարձր կետը Արագած լեռն է:

Արագածն իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Արագածը Հայկական լեռնաշխարհի չորրորդ և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ և Հարավայինը` 3887,8 մ:

Հյուսիսային գագաթ

Շիրակ – Թեժառույք լեռ / 3423 մ

Թեժառույք լեռը գտնվում է Շիրակի և Արագածոտնի սահամագլխին: Որոշ աղբյուրներում գրված է, որ Շիրակի ամենաբարձր կետը Արագածն է, քանի որ Շիրակի և Արագածոտնի սահմանն անցնում է Արագածի գագաթով, սակայն միջմարզային սահմանն անցնում է Արագած լեռնազանգվածով, բայց ոչ Արագած լեռնագագաթով: Թեժառույքը Արագած լեռնազանգվածի գագաթներից է:

Կոտայք և Գեղարքունիք – Աժդահակ լեռ / 3597 մ

Կոտայքի մարզի ամենաբարձր լեռը Աժդահակն է:

Աժդահակը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով:

Բացարձակ բարձրությունը 3597 մ է, հարաբերականը՝ մինչև 400 մ։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Աժդահակ լեռ

Աժդահակ լեռ

Արարատ – Սպիտակասար լեռ / 3555 մ

Արարատի մարզի ամենաբարձր կետը հյուսիս արևելքում գտնվող Սպիտակասար լեռն է: Սպիտակասարը հրաբխային լեռնազանգված է: Բարձրությամբ Գեղամա լեռների երկրորդ գագաթն է, Աժդահակից (3597 մ) հետո: Գմբեթաձև է՝ կազմված լիպարիտներից, վանակատներից ու պեռլիտներից:

Սպիտակասար

Սպիտակասար

Արմավիր – Գինեկ Բլուր / 1316 մ

Արմավիրի մարզի ամենաբարձր կետը հանդիսանում է Գինեկ Բլուրը։

Վայոց ձոր – Վարդենիս լեռ / 3522 մ

Վարդենիս լեռը գտնվում է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագլխին: Վարդենիսի լեռների ամենաբարձր կետն է: Վարդենիս լեռան լանջերը քարքարոտ են, ծածկված ալպյան մարգագետիններով, լեռան բարձրադիր մասերում տարածված են քարակարկառներ և ժայռային բույսեր, արլ. լանջը հարուստ է սառնորակ աղբյուրներով:

Վարդենիս լեռ

Վարդենիս լեռ

Սյունիք – Կապուտջուղ / 3904 մ

Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3904 մ)՝ ՀՀ Սյունիքի մարզում:  Կազմված է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիտներից: Լանջերը զառիթափ ու քարափային են՝ կտրտված Ողջի ու Գիլյան գետերի հովտաձորակային ցանցով: Բնորոշ են սառնամանիքային հողմահարումը, ծանրահակ շարժընթացներն ու անթրոպոգենի սառցապատման հետքերը (կառեր, տաշտակաձև հովիտներ, մորեններ): Կան ֆիռնային դաշտեր ու ձնաբծեր, սառցադաշտային լճակներ:   Կլիման լեռնատունդրային է, դաժան, տարեկան տեղումները՝ 800-850 մմ (հիմնականում՝ ձյան տեսքով), ձնածածակույթի տևողությունը՝ 9-10  ամիս: Գագաթը լերկ է: Գագաթնամերձ մասում  ձնամերձ գոտու աղքատիկ բուսածածակույթ է:

Կապուտջուղ

Միացեք մեր արշավներին