info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վարդուհի Մարտիրոսյան

Վարդուհի Մարտիրոսյան

Վարդուհի Մարտիրոսյան

Վարդուհի Մարտիրոսյան ՝ մասնագիտությամբ ճարտարագետ է, ում ArmGeo բերեց իր երազանքի վերելքը դեպի Արարատ։ Եվ դրանից հետո էլ շարունակեց բացահայտել Հայաստանը մեր հետ միասին։

Արշավներին մասնակցելուց հետո հասկացել եմ, թե ինչ կարևոր է միշտ ունենալ արևապաշտպան :) Առաջին արշավներին միշտ արևայրուք էի ստանում, հետո նվեր ստացա մի մեծ արևապաշտպան, որ էլ չայրվեմ։ Արկածներ շատ եմ սիրում, արշավելիս շատ փորձառություններ եմ ապրել առաջին անգամ։ Կարող եմ անգամ ասել, որ ես չգիտեի, որ կարիք ունեմ սարերում քայլելու։ Չէի մտածել, որ արշավներ գնալն ինձ այդքան եռանդ ու մտքի հանգստություն կտան։

Լեռները բնավորություն են կերտում

Արշավելը Ա-ից Բ կետ մի կերպ հասնելը չէ։ Արշավելը նման է ցանկացած այլ նախագծի, որը հաջողելու համար պետք է պլանավորել և ունենալ քայլերի հաջորդականություն։ Բայց այստեղ ամենահետաքրքիրն է։ Ամեն անգամ լեռները մեզ ստիպում են ընդունել, որ ամեն ինչ չէ, որ կարող է մեր վերահսկողության տակ լինել, եթե անգամ մենք այդքան լավ ենք պլանավորել ամեն քայլ։

Վարդուհի Մարտիրոսյան

Ամեն պահի ամեն ինչ կարող է փոխվել, նույնիսկ այն ճանապարհը, որով մենք քայլում ենք: Անսպասելին կյանքի մի մասն է, և մենք սկսում ենք ապրել այն պահին, երբ այդ անսպասելի իրավիճակում որոշում ենք կայացնում։ Լեռները սովորեցնում են վստահել սեփական ոտքերին, այլ ոչ թե ճանապարհին։ Լեռներում սովորում ես մարտահրավերները հնարավորությունների վերածելու արվեստը։ Որքան պատրաստ ես լինում ադապտացվել ցանկացած փոփոխության, այդքան ավելի անկոտրուն ես դառնում։ ։

Թեժլեռից Արարատ

Առաջին արշավը, որին մասնակցել եմ Թեժլեռն էր։ Արշավը շատ դրական անցավ, այն այդքան էլ բարդ չէր, բայց քանի որ առաջին անգամն էի լեռներում, դժվարություններ ունեցա։ Եղանակը շատ պարզ էր և ամբողջ ճանապարհին երևում էր Արարատի տեսարանը։

Ես այդ արշավին էի մասնակցում Արարատի վերելքին նախապատրաստվելու նպատակով։ Շատ տպավորված էի գագաթից բացվող տեսարանով։ Այդ օրը մտածում էի, որ Արարատ բարձրանալն ինձ համար շատ մեծ ֆիզիկական և հոգեբանական մարտահրավեր է լինելու։

ArmGeo-ի էջին վաղուց էի հետևում ու որոշել էի, որ Արարատ պետք է հենց նրանց հետ բարձրանամ։ Այդպես էլ արեցի, և մինչ օրս որևէ այլ արշավական ակումբի հետ չեմ արշավել։

Խուստուփից Արարատ

Չնայած դեռ շատ լեռներ կան, որ պետք է բացահայտեմ, անյուամենայնիվ տպավորիչ արշավներ հասցրել են մի քանիսը լինել ու առանձնացնել կոնկրետ մեկը չեմ կարողանա։

Խուստուփ

Ամենատպավորիչ վերելքներից էին Խուստուփն (Վերին Վաչագանից) ու Արամազդը։ Չնայած նրան, որ երկու դեպքում էլ գագաթից այդպես էլ տեսարաններ չերևացին վատ եղանակի պատճառով, բայց այն տեսարանները, որոնք մենք տեսանք գագաթ տանող ճանապարհին աննկարագելի տպավորիչ էր ինձ համար։  

Երբ կյանքդ փոխվում է 5165-ով

Ամենա-ամենան Արարատի շատ երկար սպասված վերելքն էր։ Արարատի վերելքի ամեն պահը տպավորիչ էր, և այդ ամենը այն մարդկանց շնորհիվ, ովքեր դարձան «Արարատ 15»-ի անդամները։ Կարող եմ ասել, որ ես տուն վերադարձա նոր առաջնահերթություններով, Արարատված ընկերներով, և փորձառությունով, որը ընդմիշտ կմնա ինձ հետ։

Ու չեմ կարող չառանձնացնել նաև Դիմաց լեռան արշավը, քանի որ ես դեռ կրում եմ այդ օրվա «դաժան» արևայրուքը ։))

Արշավականները․․․

Արշավական բառի հոմանիշն ինձ համար ազատությունն է։ Կարծում եմ, որ արշավականներն այն մարդիկ են, ովքեր լիովին զգացել են ազատության շունչը։

Խոստանում եմ․․․

Անպայման վերցրու արևապաշտպան կրեմդ :)) մի զույգ արշավական կոշիկներ, քո ամենասիրած ընդմիջման ուտեստը, որը վայելելու ես գագաթին, և խոստանում եմ՝ դու էլի կվերադառնաս լեռներ։

Մեր ակումբի անդամները