Անատոլիա անվանումն ունի հետաքրքրական պատմություն: Երբ հռոմեական կայսրությունը բաժանվեց երկու՝ Արևելյան և Արևմտյան մասերի, նրա արևելյան մասն անվանվեց Բյուզանդիոն կամ Բյուզանդական կայսրություն, որն իշխում էր Ասիա և Եվրոպա մայրցամաքների միացման շրջանի տարածքներում: Ասիական մասը ներգրկում էր Փոքր Ասիա թերակղզին, որը երեք կողմից շրջապատված է ծովերով, հյուսիսում՝ Սև ծովը, արևմուտքում՝ Էգեյան ծովը և նրան հարակից ջրային տարածքները, իսկ հարավում՝ Միջերկրականը, ինչը կարելի է տեսնել 6.1 քարտեզի վրա:
Երկրի մայրաքաղաքը, Կոստանդին կայսեր պատվին 330 թ. անվանվեց Կոստանդնուպոլիս, որը նա հիմնադրել էր Մարմարա ծովի և Բոսֆորի նեղուցի ափերին: Օսմանյան կայսրության անկումից հետո քաղաքը վերակոչվեց Իստանբուլ: Այս անվան մեկ վարկածը, որն ամենատրամաբանականն է, այն է, որ անունը հիմնված է հունարեն «իս թին պոլի» (դեպի քաղաք) տերմինի խեղաթյուրված տարբերակի վրա: Մայրաքաղաքից դեպի արևելք էր գտնվում Կայսրության հսկայական տարածքը, որը նրանք կոչեցին «Արևելք», հունարենով՝ «Անատոլիա»։ Այսպիսով Կոստանդնուպոլսից արևելք գտվող երկրամասը կոչվեց «Անատոլիա», այսինքն՝ արևելյան երկրամաս:

6.1 – Փոքր Ասիայի և Անատոլիայի սահմանի քարտեզը, 19-րդ դար, Բրիտանիա: Դրանից արևելք է տեղադրված Հայաստանը, ARMENIA-ն: Այստեղ նշված են Թոքր Ասիո հնագույն տարբեր երկիր/իշխանությունները:
Ըստ Բյուզադիոնի կայսր Կոստանդին Ծիրանածնի (905-959 թթ.)՝ Բյուզանդիոնից արևելք գտնվում էին մի քանի երկրամասեր որոնցից էին առաջինը՝ Անատոլիկոնի թեմատան, երկրորդը Արեմենիակոնի թեմատան, ապա Խալդիայի և Կապադովկիաի թեմատաները և այլն: Այսպիսով, ըստ կայսեր, Անատոլիան կայսրության կից շրջանն էր, որին՝ արևելքում հետևում էին Արմենիա-Հայաստանը և մյուս շրջանները:
Մինչև 19-րդ դ. վերջերը Օսմանյան կայսրության մեջ հրատարակված բոլոր քարտեզներում «Անատոլիա» անվանումը կարելի էր տեսնել Փոքր Ասիա թերակզղու վրա, որի սահմանները նշված է 6.2 քարտեզում: Սրա սահմաններն՝ են երեք կողմից ջրային տարածքները, իսկ արևելում Ալեքսանդրետայից, ներկայիս Իսկենդերունից, անցնելով Մարաշի, Մալաթիայի, Երզնկայի, Բայբուրթի վրայով դեպի Սև ծովի ափերի՝ Հոպա և Բաթումի քաղաքները: Ներկա Թուրքիայի արևելյան մնացած տարածքը՝ Հայկական բարձրավանդակն է, որտեղ տեղադրված էր պատմական, կամ Մեծ Հայքը: Թերակղզու այս սահմանն անցնում է Եփրատի արևմտյան ափերով:
Այսպիսով, նախքան 1920-ականների անվանափոխումը, «Անատոլիա» կամ «Փոքր Ասիա» թերակղզին նույնն էին, որոնք ահմանափակվում էին թերակղզով, և որոնցից արևելք էր գտնվում «Հայկական բարձրավանդակը»։ Այսպիսով Անատոլիա անվանվող երկրամասը տարածվում է ներկա Թուրքիայի հողի շուրջ 70 տոկոսի վրա և ոչ՝ ամբողջի:

6.2 – Ներկա Թուրքիայի տեղագրական քարտեզն իր բաժանումներով:
Վերի, 6.2 քարտեզը ցույց է տալիս շրջանի տեղագրությունը, ուր Անատոլիան, նույն Փոքր Ասիան է իսկ դրանից արևելք գտնվող տարածքը Հայկական բարձրավանդակը կամ Հայկական լեռնաշխարհն է:
Եթե նայենք մինչև 1923 թ. հրատարակված օսմանյան քարտեզներին, ապա դրանց բոլորի վրա Անատոլիան միայն նշված է որպես Փոքր Ասիա թերակղզու տարածքը մինչև Եփրատ գետը: Այս անվանումը կարող եք նույնպես տեսնել 6.3 և 6.4 և ուրիշ օսմանական քարտեզների, հրատարակված նախքան 20-րդ դ.:

6.3 – Քյաթիբ Չելեբիի Իչի, Քարաման, Անատոլիա և Սիվաս վիլայեթների քարտեզը, նրա Ջահան Նյումա աշխատության առաջին՝ 1732 թ. տպագրությունից, պատրաստողն է Իբրահիմ Մութեֆերրիկան: Քարտեզում հարավը վերն է:
Քյաթիբ Չելեբին (1609-1657 թթ.) օսմանյան առաջին լուրջ քարտեզագետն էր, բայց նրա կարևոր՝ «Ջահան Նյումա (Աշխարհացույց)» աշխատությունը մնաց անավարտ: Նա ճամփորդել էր արևելք և տեսած երկրների մասին շարադրել է իր աշխատության մեջ, նրանց մեջ նաև գծել և տեղադրել քարտեզներ, որոնցից մեկ մասն անվարտ մնացին: Նրա աշխատության գլուխներից երկուսը Հայաստանի մասին են, որտեղ նա տալիս է պատմական և աշխարհագրական տեղեկություններ հայերի ու Հայաստանի մասին՝ սկսած Հայկ նահապետից ու Արմենակից մինչև իր օրերը:
Նրա այս աշխատությունը առաջին գրքերից էր, որը տպագրվեց կայսրության նոր հիմնված տպարանում՝ 1732 թ., հինմադրված կրոնափոխ հունգարացի Իբրահիմ Մութեֆերրիկայի նախաձեռնությամբ՝ Պոլսում:
Քարտեզն անվանված է «Իչիլ, Քարաման, Անատոլիա և Սիվաս վիլայեթները», իսկ պատկերված տարածաշրջանը Փոքր Ասիայի թերակղզին է: Այսպիսով ըստ Չելեբիի տված տեղեկության՝ փաստվում է, որ «Անատոլիան» թերակղզու վիլայեթներից միայն մեկն էր՝ որը գտնվում էր «Սիվասից (Կեսարիաից)» դեպի արևմուտք:

6.4 Մահմուդ Ռաիֆի Օսմանյան կայսրության ասիական մասը, Ուշքուդար, Թուրքիա 1803-4 թ.:
6.4 քարտեզի վրա Օսմանյան կայսրության Փոքր Ասիա թերակզու անունը նշված է որպես Անատոլիա, որն առանձնացված է կապույտ գծով և տարածվում է մոտավորապես մինչև Եփրատի արևմտյան ափերը, ինչը նաև ցուցադրված է 6.2 քարտեզում: Սրանից արևելք գտնվող տարածքում է Հայկական բարձարվանդակը, այսինքն Մեծ Հայքի տարածքը, որի հյուսիսային հարևանն է Վրաստանը, իսկ Ատրպատական, կամ պարսկական Ադրեբջան նահանգը՝ նրանից արևելք է գտնվում: Դրանից հարավ են Քուրդստանը և Միջագետքը: Քարտեզի վրայի գույները ներկայացնում են օսմանյան վիլայեթների սահմանները:
Ռաիֆի նույն ատլասի մեջ առկա է նաև մեկ այլ, ամբողջ Օսմանյան կայսրության, ինչպես նաև Սև ծովի քարտեզը, որոնց վրա նույնպես նշված են Հայաստանը և Անատոլիան և այլ օսմանական երկրամասերի/վիլայեթների սահմանները:

6.5 – Ռուս-թրքական պատերազմական քարտեզ, Օսմանյան Ռազմական նախարարություն, 1877 թ.:
Քարտեզ 6.5-ը ցույց է տալիս ամբողջ Օսմանյան կայսրությունը, ներառյալ եվրոպական ու ասիական շրջանները: Քարտեզում Փոքր Ասիայի թերակղզու տարածքը անվանված է «Անատոլիա»: Դրանից արևելք գտնվող շրջանը, որը մեծ մասամբ հայերով էր բնակված՝ անվանված է «Արմենիյա-Հայաստան», իսկ սրանից հարավ տարածքն անվանված է «Քուրդստան»: Դրանցից արևելք է գտնվում պարսկական «Ադրեբջան», կամ Ատրպատական նահանգը:
Ըստ Թուրքիայի հանարպետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, երկիրը միատարր էր և բնակեցված թուրքերով, հետևաբար հայտարարածն իրականցնելու համար «Հայաստան» կամ «հայ» անուններն իրենց երկրից պետք էր վերացվեին: Օգտվելով Համաշխարհային պատերազմի առկայության առիթից, 1915-23 թթ. օսմանյան տերությունը երկիրը բնիկ հայերից մաքրազարդելուց հետո պետք էր նաև հաներ «Հայաստան» և «հայ» անվանումները: Իսկ դրա համար պետք էր համաշխարհային պատերազմից հետո ստեղծված նոր Հանրապետության ամբողջ տարածքը, սկսած Հունաստանից մինչև Իրան և Կովկասը կոչել հայերին բնավ կապ չունեցող մի աշխարհագրական անունով: Սկզբանական շրջանում Անատոլիայից արևելք գտնվող տարածքը սկսեցին կոչվել «Դողու-Անադոլու»: «Դողու» թուքերեն նշանակում է արևելք, իսկ «Անատոլիան» նույպես նշանակում է արևելք՝ բայց այս անգամ հունարենով: Հետևաբար Թուրքիայի արևելյան մասի անունը դառնում էր «Արևելյան-արևելք»: Այս անհարիր լուծումը կարճ ժամանակ անց բարելավվեց՝ երբ Թուրքիայի Հանրապետության ամբողջ տարածաքին այս անգամ սկսեցին կոչել «Անատլոիա կամ Անադոլու» անունով, անկախ նրանից, որ սկսած վաղ միջնադարից այդ անունը, նույնիսկ օսմանյան քարտեզներում տրված է եղել միայն Փոքր Ասիա թերակղզու տարածքին:
Այս բոլորը կատարվել է ծառայելու միայն մեկ նպատակի: Վերացնել «Հայկական» որևէ անուն՝ Թուրքիայի արևելյան շրջաններից: Այսպիսով նոր ընդունված «Անատլոիա» անունը քողարկում է «Հայկական բարձարվանդակ» կամ «լեռնաշխարհ» անունը, իր մեջ ներառնելով բարձրավանդակի ու լեռնաշխարհի, այսինքն Մեծ Հայքի ամբողջ տարածքը:
Բազմաթիվ հայ և օտար պատմաբաններ Թուրքիայի լարած այս թակարդի մեջ են հայտնվում և երբ գրում կամ խոսում են Հայկական բարձրավանդակում տեղադրված Մեծ Հայքի մասին, նրա տեղը նշելով «արևելյան Անատոլիայում», այսպիով համաձայնվելով թուրք մասնագետների տված այլ կեղծ անվանմանը: Իրանակությունն այն է, որ Մեծ Հայքը ոչ թե արևելյան Անատոլիայում է, այլ գտնվում է Անատոլիայից արևելք եղած տարածքում:

6.6 – Կիպերտի Ասիական Թուրքիայի քարտեզի մասը, 1844 թ., դրա բնագրից: Քարտեզում Փոքր Ասիան անվանված է Անադոլիա՝ ընդգծված կարմիր, իսկ Հայկական լեռնաշխարհի վրա գրված է Արմենիա-Հայաստան՝ ընդգծված կապույտ:
1840-1850-ական թվականներին գերմանացի քարտեզագետ Հայնրիխ Կիպերտը երկար ժամանակ է անց կացրել Փոքր Ասիայում, Միջին արևելքում և Կովկասում, ուր նա պատրաստել է տարածաշրջանի վերաբերյալ բազմաթիվ մանրակրկիտ և ճշգրիտ քարտեզների շարան: Նրա քարտեզների անվանումներն են «Թյուրքական կայսրություն», «Ասիական Թուրքիա», «Թուրքիան Ասիայում» և նման անվանումներ, որանցից ոչ մեկում Թուրքիայի արևելյան մասը «Անատոլիա» չի անվանված: Օրինակի համար տե՛ս 6.6 քարտեզը: Այս քարտեզում վարոնշյալ անվանումները շատ պարզ են: Կարմիրով ընդգծված է «Անատոլիան»՝ Փոքր Ասիան, սա Թուրքիայի արևմտյան մասն է՝ իսկ արևելյան մասը, այստեղ անվանված է «Հայաստան», որը տարածվում է Եփրատից Սևան:
Կիպերտի քարտեզներից շատերը թարգմանվել և հրատարակվել են օսմանական թուրքերենով՝ գրված արաբատառ, իսկ թարգմանված քարտեզներից մի մասում «Թուրքիա» բառը փոխվել է «Անատոլիա» անվանմամբ՝ այսպիսով օրինականցնելով և նունյիսկ Կիպերտին վերագրելով այս անվանափոխումը:
Տեղանունների փոփոխությունները մեզ՝ հայերիս համար նորություն չեն: Ինչքան իշխող քաղաքական ռեժիմներն ավելի շատ թաքցնելիք և ոչ ցանկալի պատմական անցյալ ունեն, այնքան հաճախակի են կատարվում նրանց անվանափոխումները: ԽՍՀՄ-ում կոմունիզմի ամրապնդվելուց հետո դրանք դարձան առօրյայի մասը: Սանկտ Պետերբուրգը դարձավ Լենինգրադ, Ցարիցինը՝ Ստալինգրադ և այլն: Հսկայական երկրի մինչև ամենախուլ անկյուններում, ոչ մեկը զերծ չմնաց կոմունիստ ղեկավարների անունները վայելելու պատվից: Սրանք բոլորը անցյալը մոռանալու և ջնջելու միջոցներ են:
Նման երևույթը հաճախ տեսանելի է Օսմանյան կայսրությունում, ու դրան ժառանգորդ Թուրքիայում: Այստեղ անվանափոխումներն ավելի հաճախակի ու համատարած էին, այնպես, որ Թուրքիայի քաղաքների ու գյուղերի տարբեր անունները նշող աշխատություններում հաճախ կարելի է տեսնել մեկ գյուղի առջև գրված հինգից յոթ անուն, որոնք փոփոխվել են վերջին 150 տարիների ընթացքում: Ամեն մի կոտորած, իր հետքը ջնջելու համար բերում էր անվանափոխումների մի նոր շարան:
Տեղանոււների փոփոխություննրը Թուրքիայում այնքան ընդհարնացած են, որ դրանց ծավալուն ցուցակը, որը կազմել է հայազգի Սևան Նշանյանը, պարունակում է շուրջ 550 էջ: Աշխատության մեջ ներառված են տեղանունների հերթական փոփոխությունները, որոնց մեջ մեծ մաս են կազմում հայկական տեղանունները և նրանց նոր անվանումները:
1920-ական թվականներից Թուրքիայի քարտեզների վրա սկսեց երևան գալ «Անատլոիա» անվանումը, որը տրվում էր Թուրքիայի ամբողջ տարածքին, նպատակ ունենալով աստիճանաբար երկրի արևելյան մասից ընդհանրապես հանել «Հայաստան» ու «Քուրդիստան» անվանումները, ինչպես նաև «Հայկական բարձրավանդակ» կամ «Հայկական լեռնաշխարհ» տեղանունները և դրանք բոլորը ներառել համապարփակ «Անատոլիա» անվան մեջ: Այս նպատակին հասնելուն հույժ և հիմնական դեր ունեցավ թուրքական այբուբենի փոփոխությունը արաբերենից լատիներենի: Երկրի բնակչությունը, եթե նոււնիսկ գրագետ էր, մեկ սերունդ հետո այլևս չէր կարողանալու կարդալ հին գիրը և անդրադառնալ քարտեզներում, ինչպես նաև ամենուր կատարված անվանափոխումների իսկությանը։ Քաղաքական այս կանխածրագրված գրի փոփոխության գործոնը պարտադրեց տառադարձել ամբողջ պատմական, աշխարհագրական և մշակութային ժառանգության գրականությունը, այս գործողության ընթացքում դրանք վերափոխելով ու անվանափոխելով, տեղանունները դարձնելով երկրի ղեկավարի քաղաքականությանը համահունչ և սատարող, որոնց հույժ կարիքն ուներ նորաստեղծ հանրապետությունը. փաստելու իր միատարր թուրք լինելու թիրախային տեսությունը:
Պետք է նշել, որ աշխարհագրական և տեղագրական տեղանունները, ինչպիսիք են գետերի, ծովերի, լեռների և այլ անուններ, ընդհանրապես թարգմանության ընթացքում մնում են անփոփոխ: Այս ասպարեզի որևէ փոփոխություն ընդհանրապես ունի քաղաքական և ռազմավարական դրդապատճառ և նպատակ: Տեղանունների փոփոխությունների ավելի հաճախ ենք նկատում քաղաքների և գյուղերի՝ երբեմն էլ կղզիների անվանումներում, որոնք նույնպես կատարվում են երկրի ղեկավարության ու համակարգի հիմնական փոփոխույթունների արդյունքում:
Որպես օրինակ կարելի է նշել Սիբիրը, որը չնայած անվան բացասական ընկալմանը, մնացել է անփոփոխ՝ ցարական, խորհրդային և անկախ Ռուսաստանում: Կորեաները, որոնք այժմ հակադիր ռեժիմների երկրներ են, պահպանել են իրենց անունը: Սակայն Թուրքիայում այս փոփոխության պատճառն ուներ շատ ավելի հետին նպատակներ, այն է, ջնջել բնիկ ժողովրդի անունը և հետքը, նրանց պատմական և հայրենի հողից, որի հանդեպ անտարբեր մնացին միջազգային կազմակերպությունները: Թուրքիայի առաջին Աշխարհագրական կոնգրեսը 1941 թ. ստեղծեց երկու նոր երկրամաս որոնք էին Արևելյան Անատոլիան և Հարավարևելյան Անատոլիան, որոնք համընկնում էին մինչ այդ նույն, Թուքրայի քարտեզներում նշված Հայաստանի և Քուրդստանի երկրամասերին։
Հայերին վերաբերող անունների վերացման գործն այնքան ծայրահեղության հասավ, որ նույնիսկ բնագիտական կամ կենդանաբանական՝ գիտական լատիներեն տերմինոլոգիան դրանից զերծ չմնաց: 2005 թ. Թուրքիայի գիտնականները և մասնագետները սկսեցին փոխել բույսերի ու կենդանիների այն անունները, որոնք իրենց լատիներեն անվան մեջ պարունակում էին «հայ» կամ «հայկական» բառը: Թուրքիայի բնապահպանման նախարարության մի պաշտոնյա հայտարարեց, թե հնում եղած անվանումների մի մասը հակասում է Թուրքիայի միատարր երկիր լինելուն: Ըստ Ռոյտեր գործակալության՝ պաշտոնյան ասել է.
Դժբախտաբար Թուրքիայում առկա են անվանումներ, որոնք միտումնավոր կերպով դրված են այլ նպատակներով: Մեր տարածքում գոյություն ունեցող այս միտումնավոր թյուրանվանումները կասկածի տակ են դնում մեր միատարր թուրք լինելու փաստը։
Որոշ թուրք պաշտոնյաներ պնդում են, որ ներկա անվանումները գործածվում են հիմնականում փաստելու թե իբր քրդերը կամ հայերն ապրել են Թուրքիայի այս տարածքներում, որը, ըստ նրանց, իրականությանը չի համապատասխանում: Բայց իրականությունն այն է, որ կենդանիների այս տեսակները որոնք մինչը 100 տարի առաջ բնակվում էին այդ տարածքներում, երբ շրջանները դեռևս հայաբնակ կամ քրդաբնակ էին: Դրանց անվանումը տվող բնագետները կենդանիների անվանումները դրել են՝ հիմքում ունենալով նաև տեղաբնակ ցեղերի անունները, որոնք կենդանիների հետ, համատեղ բնակվում էին նույն տարածաշրջաններում: Այս անվանումնրից մի քանիսը հետևյալներն են.
- Օվիս արմենիակա կոչված վայրի ոչխարն այժմ Թուրքիայում անվանվում է Օվիս օրիենտալիս անատոլիկուս։
- Կոպրեոլուս կոպրեոլուս արմենուս այծյամի տեսակը անվանափոխվել է՝ դառնալով Կոպրեոլուս կոպրելուս կոպրեոլուս։
- Վուլպես վուլպես քուրդիտանիկա կարմրավուն աղվեսը դարձել է պարզապես Վուլպես վուլպես:
Այսպես նաև ուրիշ անվանումներ:
Քաղաքական նպատակաները և ծրագրերն իրականացնելու ընթացքին «հայ» և «հայկականությանը» վարաբերող անունները Թուրքիայի տարածքից ամբողջովին վերացնելու և դրան ուղղակի շաղկապվող վախի զգացումը ստեղծել են մի այնպիսի էյֆորիա, որ բացի աշխարհագրական տեղանունների մաքրելուց ու անվանափոխելուց, դրանք հասել են նույնիսկ մինչև անասունների ու բույսերի գիտական՝ լատիներեն անվանումներին:
Հոդվածը Ռուբեն Գալչյանի՝
«ՀԱՅԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» գրքից։
Նյութերի և քարտեզների հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակին։
Շնորհակալություն քարտեզագետ Ռուբեն Գալչյանին, սույն հոդվածը armgeo.am կայքին տրամադրելու համար։
Հայկական լեռնաշխարհ
Հայրավանք
/in Վանքեր և եկեղեցիներ /by armeniangeographicՀայրավանք
Սբ․ Ստեփանոս
Սբ. Ստեփանոս եկեղեցին (IX դ.) հայկական ճարտարապետության եզակի նմուշներից է: Եկեղեցին քառաբսիդ գմբեթավոր կառույց է՝ ներսից և դրսից խաչաձև հատակագծով։ Խորանները ներքուստ և արտաքուստ բոլորաձև են: Հարավ արևելյան կողմում կառուցված է մի ավանդատուն, որն հավանաբար հետագայում է ավելացվել: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, սակայն կամարները և ութանիստ թմբուկով գմբեթը սրբատաշ տուֆից են:
Եկեղեցու վրա կա 5 արձանագրություն, որոնցից ամենահինը 1211 թվականին արված արձանագրությունն է։ Ըստ արձանագրության եկեղեցին առաջին անգամ վերանորոգվել է Հովհասափ և Ներսես վարդապետների կողմից։ Նույն ժամանակ սուրբ հայրերը կառուցել են տվել նաև եկեղեցուն կից երկսյուն երդիկավոր ութանիստ շթաքարեզարդ գմբեթով գավիթը։
Գավիթ
Եկեղեցու արևմտյան մասում XII դարի վերջին կառուցվել է գավիթը: Ձորին մոտ լինելու և ժայռոտ տեղանքի անհարմարության պատճառով գավիթն ստիպված են եղել եկեղեցու առանցքից շեղել և փոքր-ինչ կողք տեղափոխել: Գավիթն ամբողջությամբ կառուցված է սրբատաշ քարերով: Արևելքից ավելացրած են երկհարկանի ավանդատներ: Կենտրոնում` երկու սյուների և երկու կիսասյուների վրա կանգնած է երդիկավոր, ութանիստ, շթաքարեզարդ գմբեթը՝ շարված սև և կարմիր շեղադիր քարերից: Գմբեթի բոլոր հիմնական տարրերը մշակվել են կատարյալ ձևով, և երբ երդիկից թափանցում է արևի ճառագայթը, լույսի և ստվերի խաղը անկրկնելի գեղեցկություն է հաղորդում նրան:
Հայրավանքն ունի պարսպապատ փոքրիկ բակ, որտեղ կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր։
Հայրավանքը գործել է մինչև XIX դ.: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը` վերակառուցվել: Հայրավանքի վերաբերյալ մեզ է հասել մի գեղեցիկ ավանդապատում:
Ակոբ Աղի խաչքար
Վանական համալիրի տարածքում է գտնվում Ակոբ Աղի խաչքարը։ Խաչքարը կերտվել է 16-րդ դարի քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր և տապանաքարեր կազմող Ակոբը։
Ակոբ Աղի խաչքար
Խաչքարը հարուստ է քանդակներով։ Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։ Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչները։
Ավանդազրույց
Երբ Լենկ-Թեմուրը, Հայաստանը գրավելով ու ժողովրդին կոտորելով հասնում է Այրիվանք, վանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, կոտորածը չտեսնելու համար, հրաշագործ մի խաչ ուսին կապած իրեն նետում է ջուրը: Բայց Աստծո կամքով չի սուզվում, այլ վազում է ծովի վրայով: Տեսած հրաշքից ցնցված Լենկ-Թեմուրն իր մոտ է բերում վանահորը և խոստանում կատարել նրա ցանկությունը: Վանահայրը խնդրում է իրեն թողնել այնքան ժողովուրդ, որքան կտեղավորվի վանքի ներսում: Լենկ-Թեմուրը համաձայնվում է: Մարդիկ սկսում են մտնել վանքը: Ամբողջ ժողովուրդը լցվում է, դրսում ոչ ոք չի մնում: Զարմացած Լենկ-Թեմուրը նկատում է, որ վանքի միջի մարդիկ աղավնիներ են դառնում և թռչելով ազատվում են սպանդից: Այդ օրվանից վանքի անունը վանահայր Հովհանի անունով կոչվել է Հայր Հովհանու վանք, նաև` Մարդաղավնյաց վանք, իսկ հետագայում` Հայրավանք:
Այս ավանդությունը գրի է առել կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին, իսկ դեպքերը տեղի են ունեցել 1381-ին: Կաթողիկոսը նշում է, որ վանահայրն այդ հրաշքն իրագործել է Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ (խաչը հետագայում տեղափոխել են Սևանավանք):
Վանքից 1 կմ հեռու գտնվում է Սպիտակ բերդ ամրոցը։ Ավանդության համաձայն` Հայրավանքը վերջինիս հետ կապված Էր ստորգետնյա ուղիով և իբր այդ պատճառով էլ Հայրավանքը կոչվել է նաև Այրիվանք։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Զորաց եկեղեցի
/in Վանքեր և եկեղեցիներ /by armeniangeographicԶորաց եկեղեցի
Գյուղը հարուստ է պահպանված պատմական տարբեր ժամանակաշրջանի հուշակոթողներով և դրանցից մեկը յուրօրինակ Զորաց եկեղեցին է։ Այն գտնվում է գյուղի արևելյան եզրին։ Ունի միայն արևելյան բեմի մաս և կողքին երկու-երկու ավանդատներ։ Բեմի դիմաց այժմ գտնվում է քառակուսի շինության մնացորդներ՝ անտաշ քարերով։ Ենթադրվում է, որ հնում ևս մի այդպիսի շինություն է եղել նույն տեղում, բայց և հինը, և նորը օրգանապես կցված չեն եղել բեմի մասի հետ։
Հուշարձանի յուրօրինակ ձևը ենթադրել է տալիս, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար։ Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում, որտեղից էլ առաջացել է «Զորաց եկեղեցի» կամ «Զորաց տաճար» անվանումը։
«Զորաց տաճարի» պատերի վրա քիչ արձանագրություններ կան։ Պահպանված երկու արձանագրությունները գտնվում են արևելյան պատի վրա։ Արձանագրություններից մեկը շինարարական է, ըստ որի եկեղեցին՝ կառուցել է Սյունյաց Ստեփանոս Օրբելյան եպիսկոպոսը (ոչ պատմագիր) 14-րդ դարի 20-ական թվականներին։
Զորաց եկեղեցու շուրջը 14-րդ դարի տապանաքարեր են։ 1977 թվականին նորոգվել է եկեղեցու արևմտյան ճակատը։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Տափի բերդ
/in Բերդեր և ամրոցներ /by armeniangeographicՏափի բերդ / Գևորգ Մարզպետունու ամրոց
Միջնադարից հայտնի Ուրծ քաղաքը, բերդը, Ուրծ անվամբ գավառը, գետը, լեռնաշղթան և բնակավայրը հիշատակվել է որպես ավան կամ գյուղաքաղաք: Ուրծյաց էր կոչվում նաև նախարարական այն տունը, որը տիրում էր համանուն գավառին: Առանձնապես ծաղկուն ու բարգավաճ է եղել 4-7-րդ և 12-15-րդ դարերում: Ունեցել է 4 եկեղեցի, 4 թաղամասեր, միջնաբերդ և ամրոց:
Տափի ամրոցը կառուցվել է 10-րդ դարում: Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի 4 անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող աշտարակներով: Պարսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով:
Տափի բերդ / Գևորգ Մարզպետունու ամրոց
Եկեղեցու հյուսիսային պատին 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը: Եկեղեցու շարվածքում կարելի է տեսնել մարդու սխեմատիկ պատկերով տեղադրված XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ է գտնվում՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարը: Ամրոցի տարածքում կան մի քանի գերեզմանաքարերի և խաչքարների բեկորներ: 1496 թվականին Տափի եկեղեցին հիշատակվում է որպես գրչօջախ: Այստեղ Բարսեղ գրչի ձեռքով գրչագրվել է մի «Սաղմոսարան»:
2008 – 2009 թվականներին Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Աշնանային արշավներ / Ինչպես պատրաստվել
/in Գոյատևում /by armeniangeographicՀայաստանում մենք ունենք հնարավորություն ականատես լինել տարվա բոլոր չորս եղանակների փոփոխությանը։ 365 օրերի ընթացքում մենք գարնանը վայելում ենք նորաթուխ խիտ կանաչի և սպիտակ գագաթների համադրությունը, ամռանը՝ 3000 մ և բարձր լեռնային տեսարաններն ու ջրային աշխարհը, ձմռանը՝ ամբողջությամբ ձնածածկ գագաթներն ու դրանց վեհությունը։ Իսկ ի՞նչ է տալիս մեզ աշունը։
Աշնանային արշավների առավելությունները
Որքան էլ աշունն ասոցացվի մշտական անձրևների և դեպրեսիայի հետ, արշավականների համար դա այդպես չէ։ Ավելին, աշունը նույնիսկ կարելի է համարել արշավային կյանքի ամենաակտիվ ընթացքը։ Արշավականներից շատերի համար հատկապես աշունն է ամենտպավորիչ ու իդեալական ընթացքը արշավներ գնալու համար։
Չկան միջատներ
Համաձայնեք, որ անկախ ամառային ջերմացնող եղանակից, երբ կարելի է մտածել, թե քայլում ենք շատ թեթև հագուստով, առավել հաճախ մենք պայքարում ենք չջրազրկվելու , չարևահարվելու, և իհարկե, տարատեսակ միջատներից պաշտապնվելու դեմ։ Արշավականների մի մասը նախընտրում է կրել երկարաթև հագուստ՝ պաշտպանվելով միջատներից և լրացուցիչ արևայրուք ստանալուց, իսկ մի մասն օգտագործում է բազմաթիվ սփրեյներ կամ դեղամիջոցներ միջատների խայթոցներից խուսափելու համար։
Այս իմաստով, աշնանը մենք լրիվ հանգստանում ենք, քանի որ չկան այդքան նյարդայնացնող միջատները, օդն ավելի մաքուր է, իսկ երկարաթև հագուստը ջերմացնում է, պաշտպանելու փոխարեն։
Արշավականներ, արշավականներ և էլի արշավականներ
Քանի որ անձրևային և մի փոքր ցուրտ եղանակը վանում է ոչ արշավականներին, բազմաթիվ տեսարժան վայրերում, ջրվեժների, լճերի մոտ չկան իրենց ընտանեկան ժամանցը և բարձր երաժշտությամբ խնջույք կազմակերպող մարդիկ։ Չկա այնքան շատ աղբ, որ կարելի է հանդիպել ամռանը, հատկապես այն վայրերում, ուր կարելի է հասնել ամենագնաց մեքենաներով։
Իսկ ի՞նչ է փնտրում արշավականը բնության գրկում։ Ճիշտ է, լռություն։ Այս իմաստով, աշնանային երթուղիներում կարելի է հանդիպել մեծամասամբ միայն արշավականների, ովքեր նույնկերպ լուռ և մաքուր պահելով վայելում են բնությունը։
Ձայները
Եթե նույնիսկ դու մտածում ես, որ աշունը դեպրեսիվ է, իսկ քայլել թափվող տերևներով նշանակում է միմիայն ավելի խորացնել դեպրեսիան, միևնույն է, գոնե մեկ անգամ պետք քայլես աշնանային երթուղիներով։ Ջրառատ գետակների շշնջոցը, խշխշացող տերևները կլինեն քո ամենաիրական հակադեպրեսանտները։
Երանգներ
Աշունն այն միակ եղանակն է, որի ընթացքում կարելի է ականատես լինել գույների փոփոխությանը։
Քայլել անտառով ու միաժամանակ նկատել կարմիրի, նարնջագույնի, դեղինի, կանաչի բոլոր երանգները։
Կենդանական աշխարհը
Իսկ ինչպե՞ս կարող է անտառային երթուղին մեզ զարմացնել խորը աշնանը, երբ ծառերը տերևաթափ են լինում։ Պատասխանն ակնհայտ է՝ իր կենդանական աշխարհով։ Արշավականների տեսադաշտն ավելի է ընդլայնվում և նախկին սաղարթախիտ ծառերն այլևս չեն խանգարում նկատել ու հիանալ կենդանական աշխարհով, թռչուններով։
Աշնանային արշավները Հայաստանում
Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին
Ինչպե՞ս հագնվել աշնանային արշավների մասնակցելիս
Առհասարակ արշավային հանդերձանքը, անկախ եղանակային պայմաններից, պետք է լինի շերտերով։ Այստեղ կարող ենք կիրառել նաև ձմեռային արշավնների մյուս գլխավոր կանոնը՝ չթրջվել։ Քանի որ աշնանը եղանակային պայմանները կարող են լինել խիստ անկանխատեսելի, չենք կարող բացառել, որ ջերմացնող արևն ինչ-որ պահի կվերածվի հորդառատ անձրևի։ Ուստի կարևոր է ամբողջ հանդերձանքի ճիշտ ընտրությունը։
Անձրևապաշտպան թիկնոց
Աշնանային արշավների մասնակցելիս անևրապաշտպան թիկնոցը պետք է լինի մեր հանդերձանքի անբաժան մասը։ Ժամանակ խնայելու տեսանկյունից առավել հարմար են պոնչո անձրևպաշտպան թիկնոցները, քանի որ կարելի է շատ արագ անձրևից պաշտպանել ամբողջ մարմինն ու ուսապարկը։ Հակառակ դեպքում, հարկավոր կլինի առանձին մտածել նաև ուսապարկի պաշտպանիչ շերտ ձեռք բերելու մասին։
Սակայն առավել հորդառատ անձրևների ժամանակ երբեմն մեկ անձրևապաշտպան շերտը բավաան չէ։ Ուստի վստահ եղեք, որ ուսապարկում տեղ եք հատկացրել նաև անձրևապաշտպան բաճկոնի համար։
Ջրակայուն կոշիկներ
Խորհուրդ կտանք խուսափել և չգնել այնպիսի արշավային կոշիկներ, որոնք նախատեսված են տարվա բոլոր եղանակների համար։ Աշնանային կոշիկները պետք է պարտադիր լինեն ջրակայուն, քանի որ կատարում են միանգամից երկու գործառույթ՝ պաշտպանում են ոտքերը թրջվելուց և ավելի տաք են պահում ոտքերը։
Ինչպես ընտրել արշավային կոշիկ
Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր
Զանգապաններ
Հատկապես խոր աշնանը տեղումներն ավելի հաճախակի են լինում, երբեմն անձրևից վերածվելով ձյան։ Նման իրավիճակում ջրակայուն կոշիկ ունենալն արդեն բավական չէ, քանի որ հորդառատ անձևրի պատճառով ոտքերը միևնույն է կթրջվեն վերևից՝ ջուրը ամբողջ հագուստի վրայով կիջնի և կներթափանցի կոշիկների մեջ։
Իսկ զանգապանները կլինեն հավելյալ պաշտապնություն, քանի որ վերևից ամուր գրկում են ոտքերը։ Իսկ թե ինչպես ընտրել ճիշտ արշավային զանգապաններ, կարող եք կարդալ այստեղ։
Աշունը բնավ միայն անձրևների և մռայլ գույների մասին չէ, հակառակը։ Պարզապես պետք է ճիշտ պատրաստվել աշնանային արշավներին, ունենալ համապատասխան հանդերձանք, և ամենակարևորը, սիրել քաղաքից դուրս կյանքն ու հնարավորինս փորձել ստեղծել մեր հարամարավետության գոտին։
Առաջիկա արշավները
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicԼեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական հասկացություն է։ Այն լեռնաշղթաների, լեռնազանգվածների, սարահարթերի և միջլեռնային գոգավորությունների համադրություն է, որոնք միասնորեն ունեն ծովի մակարդակից ընդհանուր բարձր տեղադրություն:
Հայկական Լեռնաշխարհի տարածքը վաղ երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակում։ Թետիս օվկիանոսը զբաղեցնում էր Գոնդվանա և Լավրասիա մայրցամաքների միջև ընկած տարածքը։ Այս մայրցամաքներից հողմահարված, տեղատարված նյութերը միլիոնավոր տարիների ընթացքում նստել են Թետիս օվկիանոսի հատակին, առաջացնելով նստվածքների հզոր համալիր։ Երկրաբանական պրոցեսների արդյունքում Թետիս օվկիանոսի տարածքում ձևավորվել է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային գոտին: Գոնդվանայից պոկված Արաբա-Սիրիական խոշոր բեկորը շարժվելով հյուսիս ճզմել է Թետիսի գեոսինկլինալին՝ առաջացնելով «լեռնային կղզի»։
Ալպ-հիմալայան գեոսինկլինալ
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև: Ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտում՝ Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում: Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից և եզրավորված է ծալքաբեկորավոր լեռներով։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։
Լեռնաշխարհը Միջերկրածովյան լեռնակազմական գոտու բարդ հանգույցներից է։ Այստեղ իրար են միակցվում ծալքաբեկորային լեռնաշղթաները, երիտասարդ հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները։
Հայկական լեռնաշխարհն ու Կովկասյան լեռները
Հրաբուխներն ու երկրաշարժերը
Լեռնաշխարհը հրաբխային առաջացումների մի ընդարձակ տարածք է եզրավորված ծալքաբեկորավոր լեռներով։ Այն աշխարհում հրաբխականության վառ արտահայտություններ ունեցող տարածաշրջաններից է։ Ռելիեֆի ձևերը հատկապես ցայտուն են արտահայտված Միջնաշխարհի տարածքում։ Ծայրամասային լեռնաշղթաները հանդիսանում են բնական պատնեշ օդային զանգվածների ներթափանցման ճանապարհին։ Այդ իսկ պատճառով էլ տեղումների մեծ մասը թափվում է լեռնաշղթաների հողմահայաց լանջերին։ Դա է պատճառը, որ եզրային լեռները խոնավ են, իսկ ներքին շրջաններն աչքի են ընկնում կլիմայի ցամաքայնությամբ և չորությամբ։
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ալպ-Հիմալայան երկրաշարժաակտիվ գոտում։ Երկրաշարժի ուժգնությունը կարող է հասնել 11 բալի։ Ամենասեյսմոակտիվ շրջաններն են՝ Երզնկայի, Արարատյան ու Շիրակի դաշտերը։ Սեյսմոակտիվ են նաև Վայոց Ձորի, Ջավախքի, Զանգեզուրի տարածաշրջանները։
Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Սարակն ու Թոնդրակ գործող հրաբուխները:
Սարակնի կալդերան
Լեռնաշխարհը ջրաբաշխ է։ Ջրային ցանցը պատկանում է Սև և Միջերկրական ծովերի, Կասպից լճի և Պարսից ծոցի ավազաններին։ Որպես լեռնային երկիր հարուստ է ստորերկրյա ջրերով, որոնք հիմնականում առաջանում են մթնոլորտային տեղումների ներծծման միջոցով։
Հայկական լեռնաշխարհի տարածքն ու սահմանները
Լեռնաշխարհի սահմանները տարբեր երկրաբաններ ու աշխարհագրագետներ տարբեր կերպ են նշել։
Ըստ Գ.Թ. Շիրինյանի ֆիզիկաաշխարհագրական համալիր մեթոդի և մաթեմատիկական մոդելավորման մեթոդների համադրմամբ ստացված դիտարկման Հայկական լեռնաշխարհի ծայրակետի աշխարհագրական սահմաններն են
Հյուսիսում՝ նրա սահմանը Եշըլիրմակի գետաբերանից Սև ծովի ափագծով ձգվում է մինչև Ճորոխի գետաբերան, ապա լեռնաշխարհը եզրավորող ծալքաբեկորավոր լեռների հյուսիսային և հյուսիս-արևելյան ստորոտներով շարունակվելով դեպի արևելք, հպվում է Կասպից ծովին:
Արևելքում՝ Կասպիական ծովափով ձգվում է մինչև Սեֆիդռուդի գետաբերանը, հետո այդ գետահովտով (90-60 մ լայնության շերտով) ձգվելով հասնում է Կզըլուզեն գետի ակունքը ու բարձրանում է Արմածին լեռնագագաթը (3173 մ):
Հարավում՝ սահմանագիծը անցնում է Միջագետքի հարթավայրի հյուսիսային եզրով, որտեղով անցնում է Արաբական և Եվրասիական քարոլորտային սալերի առճակատման գիծը, ու կտրելով Եփրատը միանում է Լևանտինյան բեկվածքագծին (Պազարճիկի գոգավորությունում)
Արևմուտքում՝ Մարաշի գոգահովտով, ապա Զահան գետով շարունակվում է հոսանքով վեր, հյուսիսիսց շրջանցում Բինբողա և Կիլիկյան Տավրոս լեռնաշղթաները, հետո Կըզըլըրմակի հովտով ձգվում Սվազի գոգհովիտ: Այնուհետև անցնելով լեռնանցքային անջրպետը, մտնում է Եշիլիրմակի հովիտ ու այդ գետով ընթանում մինչև Սև ծով:
Ըստ Գ.Թ. Շիրինյանի ֆիզիկաաշխարհագրական համալիր մեթոդի և մաթեմատիկական մոդելավորման մեթոդների համադրմամբ ստացված դիտարկման Հայկական լեռնաշխարհի տարածքը կազմում է 512 000 ք․կմ։
Պատրաստեց Տիգրան Վարագը
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicՀայաստանն ըստ Ստրաբոնի
Ըստ Ստրաբոնի՝ «Հայաստանի հարավը պաշտպանված է Տավրոսից, որը բաժանում է այն Եփրատի և Տիգրիսի միջև գտնվող ամբողջ երկրից, որ կոչվում է Միջագետք, արևելքից կցվում է Մեծ Մարաստանին և Ատրոպատենին, հյուսիսից՝ գտնվում են Կասպից ծովի վերևի՝ Պարաքոաթրասի լեռները և Աղվանք ու Վրացիք և Կովկասը, որ շրջապատում է այդ ժողովուրդները հասնելով Հայաստան, միանում է Մոքսիկյան և Կողքսի լեռներին։ Մինչև Տիբարների կոչված երկիրը, արևմուտքից գտնվում է Տիբարանի ժողովուրդը և Պարիադրես լեռը և Սկյուդիսես լեռը՝ մինչև Փոքր Հայք և Եփրատի հովիտը, որ բաժանում է Հայաստանը Կապադովկիայից և Կոմմագենից»
Ստրաբոն, Քաղեց և թարգմանեց Հ. Աճառյանը, Երևան, 1940, էջ 53:
Բրիտանական հանրագիտարան
Ըստ բազմաթիվ հեղինակների, ինչպես նաև Բրիտանական հանրագիտարանի՝ «Հայաստանը լեռնային տարածություն է, որը զբաղեցնում է շուրջ 400 000 ք․կմ տարածություն»։ Իհարկե այստեղ հաշվի չի առնված Կիլիկիայի հայկական պետության զբաղեցրած տարածքը։
Հայաստան և Հայկական լեռնաշխարհ տերմինների տարբերությունը
Նախքան Հայկական լեռնաշխարհի ուսումնասիրությանն անցնելը, պետք է հստակ կարողանանք իրարից տարբերել Հայկական լեռնաշխարհ ու Հայաստան տերմինները։ Պետք չէ շփոթել Հայաստան, Հայկական լեռնաշխարհ, Պատմական Հայաստան, Հայոց աշխարհ հասկացությունները: Հայկական լեռնաշխարհի տարածքը մեծամասամբ համընկնում է Մեծ ու Փոքր Հայքի տարածքի հետ և դա է շփոթության պատճառը, որ երբեմն նույնացնում են այս երկու հասկացությունները։ Սակայն պետք է հստակ տարբերել Հայաստան ու Հայկական լեռնաշխարհ տերմինները։ Լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական հասկացություն է, որը մեծ մասամբ համընկնում է Պատմական Հայաստանի տարածքի հետ։ Հայաստան հասկացությունն ունի քաղաքական բնույթ և ցույց է տալիս որոշակի տարածք, որտեղ այժմ գոյություն ունի հայկական պետություն։ Հայաստանն օգտագործվում է լայն և նեղ իմաստներով: Մի դեպքում Հայաստան ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը։ Մյուս դեպքում Հայաստան ասելով հասկանում ենք պատմա-աշխարհագրական այն տարածքը, որտեղ ծագել, ձևավորվել և զարգացել է հայ ժողովուրդը: Վերջինս ավելի շատ օգտագործվում է պատմական Հայաստան իմաստով:
Հայաստանի աշխարհագրական ուսումնասիրությունները
Հայաստանի աշխարհագրական ուսումնասիրությունները նոր թափ են առնում 18-րդ դարից սկսած։ Դարի սկզբին Իտալիայի Սուրբ Ղազար կղզում, Մխիթար Սեբաստացու կողմից հիմնադրված Մխիթարյան Միաբանությունում, սկսվում է ականավոր աշխարհագրագետների աշխատությունների հրատարակումը։
1751 թ. Վենետիկում լույս է տեսել պատմական Հայաստանի քարտեզն, ըստ հին և նոր քարտեզագետների և աշխարհագրագետների, որը կարելի է համարել Շիրակացու “Աշխարհացույցի” բացակայող քարտեզին փոխարինողը:
Աշխարհացոյց Հայաստանեայց ըստ հին և նոր աշխահագրաց, 1751 թ․
Ռուբեն Գալչյանի անձնական հավաքածու
Ս․ Ագոնցի և Ղ․ Ինճիճյանի ջանքերով լույս է տեսնում «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի» (1802-1806) տասը հատորանոց աշխատությունը, որով փաստորեն հիմք է դրվում Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությանը։
1822 թվականին Վենետիկում լույս է տեսնում Ղ․Ինճիճյանի «Ստորագրութիւն հին Հայաստանեայց» աշխատությունը։ Հեղինակը հունա-հռոմեական և ասորական աղբյուրներից հավաքած փաստական հարուստ նյութերի հիման վրա տալիս է Մեծ Հայքի պատմա-աշխարհագրական պատկերը՝ նահանգների ու գավառների աշխարհագրական բնութագիրը, տեղանունների ստուգաբանությունը, տեղեկություններ ազգագրության վերաբերյալ, կատարում աշխարհագրական անունների տեղագրական ճշտումներ։ «Հնախոսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (1835) եռահատորը Մ. Չամչյանի «Հայոց պատմութիւն»-ից հետո առաջին ծավալուն երկն է, որտեղ հեղինակը հանգամանորեն խոսում է հին Հայաստանի աշխարհագրության, վարչական բաժանման, օրենքների, գիտության և արվեստի, ազգագրության և մի շարք այլ հարցերի մասին։
Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Ղ․ Ինճիճյան, 1822 թ․
Ղ․ Ինճիճյանի աշխատությունների հիման վրա 1857 թ․-ին Վենետիկում լույս է տեսնում Մանուել Քաջունու «Աշխարհագրություն հին և նոր Հայաստանեայց» ուսումնական ձեռնարկները, որտեղ Քաջունին առանձին բաժնով անդրադառնում է Հայաստանի լեռներին։
Աշխարհագրություն հին և նոր Հայաստանեայց, մանուել Քաջունի, 1857 թ․
1864-թ․-ին լույս է տեսնում Ներսես Սարգիսեանի «Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս» աշխատությունը։
Հայաստանի աշխարհագրության դասականը Ղևոնդ Ալիշանն է։ «Տեղագիր Հայոց Մեծաց» (1855) աշխատության մեջ տեղագրել է պատմական Հայաստանի գավառները, տվել նրանց համապատասխան գիտա–աշխարհագրական բնութագիրը։ Ալիշանը նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր 15 նահանգների մասին պատմա–աշխարհագրական բնույթի աշխատություններ, որոնք պետք է զետեղվեին 20-22 մեծադիր հատորներում։ Շարքի առաջին գործը «Շիրակ»-ն է (1881 թ․)։ Նա երբեք Հայաստանում եղած չլինելով հանդերձ կարողանում է մանրամասնորեն ներկայացնել գավառի պատմությունն ու աշխարհագրությունը։ Այնուհետև իրար են հաջորդել «Սիսուան» (1885 թ․), «Այրարատ» (1890 թ․) և «Սիսական» (1893 թ․) աշխատությունները, որոնք չհնացող կոթողներ են հայագիտության գանձարանում։ Այդ գործերում Ալիշանը մասնագիտական մանրակրկիտությամբ տեղագրել է Հայաստանի պատմական նահանգների լեռները, գետերը, լճերը, ձորերը և բնակավայրերը։
Ղևոնդ Ալիշանի «Տեղագիր Հայոց Մեծաց» գրքից, Դարոյնք ամրոցն ու Մեծ Մասիսը
Սկսած 19-րդ դարից Ռուսական և Եվրոպական հետազոտողների կողմից մեծանում է հետաքրքրությունը դեպի Հայաստանը։ Հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսի հետազոտողներից լեռնաշխարհի գիտական ուսումնասիրության գործում մեծ դեր են խաղացել Հ․Լինչը, Ֆ․ Օսֆալդը, Ա․Ղուկասովը և, իհարկե, գերմանացի երկրաբան Հ․Աբիխը։ Աբիխը տասնյակ տարիներ անցկացրեց Հայկական լեռնաշխարհում և գրեց բազմաթիվ գիտական աշխատություններ։
Հերման Վիլհելմ Աբիխ
Գերմանացի երկրաբան
Հերման Աբիխ, Դեկտեմբերի 11․ 1806 թ․ – հուլիսի 1․1886 թ․
Բիբլիական լեգենդներով պարուրված Մասիս լեռը մշտապես դեպի իրեն էր գերում քրիստոնյա ուխտավորներին, ճանապարհորդներին և բնագետներին ողջ աշխարհից։ Այն գրավիչ էր իր մեծությամբ և խորհրդավոր անհասանելիությամբ։ Ակոռիի 1840 թվականի ավերիչ երկրաշարժն էլ ավելի գրավեց Եվրոպական երկրների գիտական աշխարհի ուշադրությունը։ Եվրոպական երկրներից բազմաթիվ երկրաբաններ հետաքրքրվեցին այստեղ տեղի ունեցող երկրաբանական պրոցեսներով, բայց առաջին հերթին հետազոտական քայլեր ձեռնարկեց Ռուսական կայսրությունը։ Ա․ Հումբոլդտի խորհրդով Ռուսական կայսրության ճարտարագետները դիմում են Հ․ Աբիխին, ով արդեն լայն ճանաչում ուներ եվրոպական գիտական շրջանակում։
Ակոռի, Մասիսի լանջին գտնվող պատմական գյուղի գերեզմանոցը
1844 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ 1-ի թույլտվությամբ, Աբիխը մեկնում է Արևելյան Հայաստան, որն այդ ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության կազմում։ Հայաստանում Աբիխը հանդիպում է հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն, ում միջոցով էլ ծանոթանում է Խաչատուր Աբովյանի հետ։ Աբովյանը պետք է հանդես գար որպես թարգմանիչ և ուղեկցեր Աբիխին դեպի Արարատ լեռ։ Առաջին մի քանի փորձերն ապարդյուն են անցնում։ Արշավախմբին չի հաջողվում բարձրանալ Մեծ Մասիսի գագաթ, բայց, ի վերջո, նրանք հասնում են իրենց նպատակին և կատարում ուսումնասիրությունները։
Աբիխի գիտական գործունեությունը
Աբիխի գիտական գործունեությունը Հայկական լեռնաշխարհում բավականին բեղմնավոր և բազմակողմանի էր, այն վերաբերում էր երկրաբանության և ֆիզիկական աշխարհագրության բոլոր ոլորտներին։ Անհնար է համառոտ նշել մեծ գիտնականի գիտական ձեռքբերումները, որոնք ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլև ամբողջ աշխարհի երկրաբանական գիտության մեծ ձեռքբերումներից են։
Նա առաջին գիտնականներից էր, ով կանգնած էր սեյսմոտեկտոնիկայի ակունքներում։ Նրա պատկերացումները լեռնակազմական պրոցեսների, երկրաշարժերի, հրաբխականության մասին հետագայում ուսումնասիրվել և կատարելագործվել են ժամանակակիցների և հետնորդների կողմից։
1882 թ-ին Վիեննայում լույս է տեսնում, արդեն աշխարհահռչակ գիտնական, Հ․Աբիխի «Geologie des Armenishen Hochlandes» ֆունդամենտալ աշխատանքը՝ նվիրված Հայկական լեռնաշխարհի ընդհանուր երկրաբանությանը։ Շնորհիվ նրա աշխատությունների համաշխարհային գիտական համայնքը առաջին անգամ իմացավ այդ հսկա ֆիզիկա-աշխարհագրական միավորի մասին։
Թեև Աբիխի ուսումնասիրությունների ժամանակաշրջանում Հայաստանն անկախ պետություն չէր, սակայն այս տարածաշրջանում գերակշռող էթնիկ տարրը հայերն էին, մշակույթը հայկական էր, տարածքը չուներ հստակ սահմաններ, բայց կոչվում էր Հայաստան։ Հ․ Աբիխն առաջինն էր, ով առանձնացրեց լեռնաշխարհը, որպես առանձին ֆիզիկաաշխարհագրական միավոր, որը ծալքաբեկորային լեռներով շրջապատված «լեռնային կղզի» է։ Եվ տրամաբանական էր, որ լեռնաշխարհն Աբիխի կողմից պետք է կոչվեր Հայկական լեռնաշխարհ։ Ուշադրություն դարձրեք, որ Հայկական լեռնաշխարհ ու Հայաստան տերմինները տարբերվում են իրարից, և այժմ Հայկական լեռնաշխարհի մոտ 10 տոկոսի վրա է գտնվում Հայաստանը։ Մնացած մեծ մասը գտնվում է Թուրքիայի, Վրաստանի, Իրանի և Ադրբեջանի տարածքում։
Հայկական լեռնաշխարհ տերմինն իբրև ինքնուրույն միավոր
Աբիխի շնորհիվ Հայկական լեռնաշխարհ տերմինն իբրև ինքնուրույն միավոր մտավ լայն գիտական շրջանառության մեջ և ընդունվեց 19-20-րդ դարերի այնպիսի աշխարհահռչակ գիտնականների, աշխարհագրագետների և ճանապարհորդների կողմից, ինչպիսիք են Է․ Զյուսը, Հ․ Լինչը, Ֆ․ Օսվալդը, Ա․ Վոեյկովը, Ֆ․ Լևինսոն-Լեսինգը, Ա․ Լյայստերը, Ա․ Ռեյնհարդտենը և այլոք։ Ներկայումս տերմինն օգտագործվում է աշխարհի բոլոր հանրագիտարաններում և աշխարհագրական տեղեկատուներում։
Մանազկերտն ու Սիփանը – Հ․Լինչ
– Ասիան հասկանալու համար պետք է մոտիկից ճանաչել Հայաստանը
Հենրի Ֆինիս Բլոս Լինչ
(ապրիլի 18, 1862 թ․ – նոյեմբերի 24, 1913 թ․)
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հենրի Լինչ
Հայտնի աշխարհագրագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ, թագավորական աշխարհագրական ընկերության անդամ, 1906-1910 թթ Անգլիայի խորհրդարանի անդամ։
Հ. Լինչը երկու անգամ այցելել է Հայաստան՝ 1893 թ.-ի օգոստոսից մինչև 1894 թ.-ի մարտ և 1898 թ.-ի մայիսից սեպտեմբեր: Ճանապարհորդությունների ժամանակ հավաքած նյութերի հիման վրա գրել է լայն ճանաչում գտած «Հայաստան. ուղևորություններ ու ուսումնասիրություններ» աշխատությունը (1901 թ., հայերեն համառոտ թարգմանություն՝ 1913-1914 թթ), որը կազմված է երկու հատորից՝ «Ռուսական Հայաստան» և «Տաճկահայաստան»։ Աշխատությունը պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ:
Հատուկ արժեք է ներկայացնում Հայաստանի մեծ քարտեզը , որը նա ստեղծել է երկրաբան և քարտեզագիր Ֆ. Օսվալդի հետ համատեղ:
Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ քարտեզներից ուշագրավ է Լինչի քարտեզը։
Լինչի քարտեզը, 1910 թ․ Թիֆլիս / Հայկական լեռնաշխարհ
Ֆելիքս Օսվալդ
1898 թվականի Հ. Լինչի հայկական գիտարշավին մասնակցում էր նաև անգլիացի երկրաբան, դիվանագետ, Նոթինգհեմի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ֆելիքս Օսվալդը: Նա ուսումնասիրել է Հայկական Լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը Տրապիզոն-Էրզրում-Վան կտրվածքով, հրատարակել լեռնաշխարհի երկրաբանական սխեմատիկ քարտեզը (1907)։ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ հետազոտությունների արդյունքներն առաջին անգամ շարադրվել էին Օսվալդի՝ «Քննախոսություն Հայաստանի երկրաբանության» մոնումենտալ երկի մեջ (1906)։ Արժեքավոր էին Օսվալդի՝ Սիփան և Նեմրութ հրաբխային լեռնազանգվածների վերաբերյալ մանրակրկիտ դիտողությունները։
Այնուհետև Օսվալդը հրատարակում էր «Հայկական լեռնաշխարհի տեկտոնական զարգացման պատմության շուրջը» աշխատությունը գերմաներեն լեզվով (1910)։ «Ռեգիոնալ երկրաբանության ձեռնարկ» մատենաշարով 1912 թվականին, անգլերեն լեզվով, լույս է տեսնում նրա «Հայաստան» մենագրությունը։
Ֆելիքս Օսվալդ
20-րդ դարում ավելի շատ պատմաբաններ ու աշխարհագրագետներ են զբաղվել Հայկական լեռնաշխարհի նկարագրությամբ։ Նրանցից են՝ Լեոն, Դոլենսը, Ա․ Խաչը, Ա․ Ղանալանյանը, Ս․ Երեմյանը, Թ․ Հակոբյանը, Ս․ Մելիք-Բախշյանը, Ս․ Բալյանը, Լ․ Զոհրաբյանը, Ա․Բաղդասարյանը, Ա․ Ոսկանյանը, Հ․ Գաբրիելյանը, Խ․ Նազարյանը, Գ․ Շիրինյանը և այլոք։
Պատրաստեց Տիգրան Վարագը
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Հայաստանը հնագույն քարտեզներում
/in Բլոգ, Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicԱվելի մանրամասն հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Ռուբեն Գալչյանի «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» աշխատությանը, 2005 թ., կամ էլ դրա համառոտ տարբերակի, որը կոչվում է «Հայաստանը Օտարների քարտեզներում», 2018 թ.:
1․ Բաբելոնյան կավե սալիկ, մ․թ․ա․ 6-րդ դար
Մեզ հասած աշխարհի ամենահին աշխարհացույց քարտեզը բաբելոնյան քարտեզն է, որը պատկերված է կավե սալիկի վրա։ Քարտեզը գտնվել է Իրաքի տարածքից 19-րդ դարում։ Այժմ այն պահվում է Բրիտանական թանգարանում։
Բաբելոնյան կավե սալիկը թվագրվում է մ․թ․ա․ 6-րդ դարով։ Ասորական և Բաբելոնյան հին աղբյուրներում Արարատյան թագավորությունը հիշատակվում է որպես Ուրարտու։ Հենց այս անվամբ էլ այն նշված է աշխարհի հնագույն քարտեզի վրա։ Նշված պետություններից միայն Հայաստանը մինչ օրս գոյություն ունի։ Մնացած բոլորը վերացել են աշխարհի քարտեզից։
Ըստ քարտեզագետ Ռուբեն Գալչյանի Բաբելոնյան քարտեզը ցույց է տալիս աշխարհը սկավառակի ձևով, շրջապատված «դառը» ջրերով, որոնց մեջ կան 7 կղզիներ։ Աշխարհի կենտրոնում Բաբելոնն է, որի մոտ պատկերված են Ասորեստանը և Հայաստանը։ Փոքր շրջաններով պատկերված են նաև 7 այլ քաղաքներ, որոնցից են Հարրանը և Դերին։ Եփրատ գետը, ակունք առնելով Հայաստանի լեռներից, անցնում է Բաբելոնի և ճահիճների միջով և հասնում Պարսից ծոց։
Սալիկի հետևում եղած տեքստի մեջ գրված է աշխարհը շրջապատող ծովերում եղած 7 կղզիների և այնտեղ ապրող արտասովոր արարածների մասին։ Կղզիները պատկերված են եռանկյունիներով, որոնց մեծ մասը վնասված են և անընթեռնելի։
Բաբելոնյան կավե սալիկ, մ․թ․ա․ 6-րդ դար
Բրիտանական թանգարան, Լոնդոն
2․ Հերոդոտոս, մ․թ․ա․ 5-րդ դար
Աշխարհի քարտեզն ըստ Հերոդոտոսի։ Վերակազմությունը՝ Չարլզ Մյուլլերի՝ հրատարակված Սմիթի ատլասում։ Ժամանակին գոյություն ունեցող երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է կենտրոնական դիրք։
Հերոդոտոս, մ․թ․ա․ 5-րդ դար
Սմիթի ատլաս, Բրիտանական թանգարան, Լոնդոն, 1874 թ․
3․ Էրատոսթենես (մ․թ․ա 3-2 դար)
Էրատոսթենեսի աշխատությունների հիման վրա գերմանացի քարտեզագետ Ֆոն Սպրուների վերակառուցած քարտեզը (1855 թ․)
Էրատոսթենես (մ․թ․ա 3-2 դար)
Ռուբեն Գալչյանի անձնական հավաքածու, այժմ՝ Մատենադարանում
4․ Ստրաբոն, մ․թ․ա 1-ին դար
Բրիտանացի քարտեզագետ Ջոն Մըրրին հիմնվելով Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատության վրա վերակառուցել է աշխարհի քարտեզը, որի մի գլուխը հատկացված է Հայաստանի աշխարհագրությանը։
Ստրաբոն, մ․թ․ա 1-ին դար
Վերագծել է Կառլ Մյուլլերը։
5. Կլավդիոս Պտղոմեոս (2 դար)
Հույն նշանավոր աշխարհագրագետ և տիեզերագետ Կլավդիոս Պտղոմեոսը հին աշխարհի ամենանշանավոր քարտեզագետն էր։ Նրա կարևոր աշխատությունը ութհատորանոց «Աշխարհագրությունն» է։ Այս աշխատության մեջ Հայաստանին վերաբերող տեքստը 5-րդ հատորում է։
Սա աշխարհի քարտեզն է, որը շրջապատված է հողմերով և բաժանված է եղանակային գոտիների։ Բացառությամբ Կարմիր ծովի, բոլոր ծովերը ներկված են կապույտով, իսկ լեռները կանաչ են։ Մեծ ու Փոքր Հայքերը գտնվում են Սև և Կասպից ծովերի միջև։
Կլավդիոս Պտղոմեոս (2 դար) Քարտեզը պատրաստել է Մարտին Վալդզեեմյուլլերը և տպագրել է Շոտտը 1513 թվականին։
Բրիտանական թանգարան, Լոնդոն
6․ Կլավդիոս Պտղոմեոս (2 դար)
Քարտեզի կենտրոնում սպիտակ գույնով ներկայացված է Մեծ Հայքը (Արմենիա Մայոր), որն արևելքում սահմանակից է Մարաստանին, հարավում՝ Ասորեստանին, արևմուտքում՝ Փոքր Հայքին (Արմենիա Մինոր), իսկ հյուսիսում՝ Կոլխիսին (Աբխազիա), Իբերիային (Վիրք) և Ալբանիային (Աղվանք)։
Կլավդիոս Պտղոմեոս (2 դար)
Վերակազմությունը՝ Նիկոլաոս Գերմանիոսի 1482 թ․
Բրիտանական թանգարան, Լոնդոն
7․ Ալեքսանդր Մակեդոնացու գրաված երկրները
Այս քարտեզն Ամստերդամում լատիներենով հրատարակված Ատլասի էջերից մեկն է։ Այն ներկայացնում է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը մինչև Հնդկաստան։ Քարտեզի վրա նշված է Մեծ Հայքը։
Ալեքսանդր Մակեդոնացու գրաված երկրները
Աբրահամ Օրթելիուս, 1595 թ․
Բրիտանական գրադարան, Լոնդոն
8․ «Սուրբ Երկիր» այլ կերպ՝ «Դրախտ» կամ «Եդեմի պարտեզ»
Քարտեզն ընգրկում է Միջերկրական ծովի և Պարսից ծոցի միջև ընկած շրջանը և ականավոր Եդեմը, որը գտնվում է Բաբել (Բաբելոն) քաղաքի մոտակայքում: Գեղեցիկ զարդարված վերնագիրը երկու կողմից շրջապատված է Եդեմի տեսարանների պատկերներով: Քարտեզն ինքնին, համատեղելով իրական և բիբլիական աշխարհագրությունը, հիանալի է ստեղծված: Այստեղ կգտնեք Նոդի Երկիրը, Եդեմը, Բաբելոնի աշտարակը և այլ կիսաառասպելական վայրեր: Այս քարտեզը կազմվել է Վիսշերի կողմից, որպես հինգ մասից բաղկացած քարտեզների շարքի մի մաս, նախատեսված Աբրահամ Վան Դեն Բրոքի 1657 թ. Աստվածաշնչում ընգրկելու համար: Սա քարտեզների այս կարևոր շարքի առաջին հրատարակությունն է, որը հիմք է հանդիսացել 18-րդ դարում հայտնված բազմաթիվ այլ աստվածաշնչյան քարտեզների։
«Սուրբ Երկիր» այլ կերպ՝ «Դրախտ» կամ «Եդեմի պարտեզ»
Նիկոլաուս Վիշերս, 1657 թ․
9․ Երկրային դրախտը
Այս քարտեզը պատրաստել է անգլիացի քարտեզագետ Էմանուել Բոուենը։ Այն ևս հիմնված է կրոնական հավատալիքների վրա։ Երկրային դրախտը՝ Եդեմը, ներկայացված է Հայաստանի տարածքում՝ Վան և Կապուտան լճերի միջև։ Այստեղ նշված են աստվածաշնչան դրախտից դուրս եկող չորս գետերը՝ Արաքսը (Գիհոն), Փիսոնը, Եփրատը և Տիգրիսը։ Քարտեզի կենտրոնական մասում Արարատ լեռն է։
Երկրային դրախտի քարտեզ
Էմանուել Բոուեն, 1780 թ․
Ռուբեն Գալչյանի անձնական հավաքածու, այժմ՝ Մատենադարանում
10․ Աշխարհացոյց Հայաստանեայց ըստ հին և նոր աշխահագրաց
18-րդ դարում Վենետիկում լույս է տեսել Հայաստանի քարտեզը, որն ըստ քարտեզագետների և աշխարհագրագետների կարելի է համարել Շիրակացու “Աշխարհացույցի” բացակայող քարտեզին փոխարինողը:
Աշխարհացոյց Հայաստանեայց ըստ հին և նոր աշխահագրաց
Վենետիկ 1751 թ.
Ռուբեն Գալչյանի անձնական հավաքածու
Պատրաստեց` Տիգրան Վարագը
Հատուկ շնորհակալություն քարտեզագետ Ռուբեն Գալչյանին քարտեզների տրամադրման համար
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicԵրկրի մայրաքաղաքը, Կոստանդին կայսեր պատվին 330 թ. անվանվեց Կոստանդնուպոլիս, որը նա հիմնադրել էր Մարմարա ծովի և Բոսֆորի նեղուցի ափերին: Օսմանյան կայսրության անկումից հետո քաղաքը վերակոչվեց Իստանբուլ: Այս անվան մեկ վարկածը, որն ամենատրամաբանականն է, այն է, որ անունը հիմնված է հունարեն «իս թին պոլի» (դեպի քաղաք) տերմինի խեղաթյուրված տարբերակի վրա: Մայրաքաղաքից դեպի արևելք էր գտնվում Կայսրության հսկայական տարածքը, որը նրանք կոչեցին «Արևելք», հունարենով՝ «Անատոլիա»։ Այսպիսով Կոստանդնուպոլսից արևելք գտվող երկրամասը կոչվեց «Անատոլիա», այսինքն՝ արևելյան երկրամաս:
6.1 – Փոքր Ասիայի և Անատոլիայի սահմանի քարտեզը, 19-րդ դար, Բրիտանիա: Դրանից արևելք է տեղադրված Հայաստանը, ARMENIA-ն: Այստեղ նշված են Թոքր Ասիո հնագույն տարբեր երկիր/իշխանությունները:
Ըստ Բյուզադիոնի կայսր Կոստանդին Ծիրանածնի (905-959 թթ.)՝ Բյուզանդիոնից արևելք գտնվում էին մի քանի երկրամասեր որոնցից էին առաջինը՝ Անատոլիկոնի թեմատան, երկրորդը Արեմենիակոնի թեմատան, ապա Խալդիայի և Կապադովկիաի թեմատաները և այլն: Այսպիսով, ըստ կայսեր, Անատոլիան կայսրության կից շրջանն էր, որին՝ արևելքում հետևում էին Արմենիա-Հայաստանը և մյուս շրջանները:
Մինչև 19-րդ դ. վերջերը Օսմանյան կայսրության մեջ հրատարակված բոլոր քարտեզներում «Անատոլիա» անվանումը կարելի էր տեսնել Փոքր Ասիա թերակզղու վրա, որի սահմանները նշված է 6.2 քարտեզում: Սրա սահմաններն՝ են երեք կողմից ջրային տարածքները, իսկ արևելում Ալեքսանդրետայից, ներկայիս Իսկենդերունից, անցնելով Մարաշի, Մալաթիայի, Երզնկայի, Բայբուրթի վրայով դեպի Սև ծովի ափերի՝ Հոպա և Բաթումի քաղաքները: Ներկա Թուրքիայի արևելյան մնացած տարածքը՝ Հայկական բարձրավանդակն է, որտեղ տեղադրված էր պատմական, կամ Մեծ Հայքը: Թերակղզու այս սահմանն անցնում է Եփրատի արևմտյան ափերով:
Այսպիսով, նախքան 1920-ականների անվանափոխումը, «Անատոլիա» կամ «Փոքր Ասիա» թերակղզին նույնն էին, որոնք ահմանափակվում էին թերակղզով, և որոնցից արևելք էր գտնվում «Հայկական բարձրավանդակը»։ Այսպիսով Անատոլիա անվանվող երկրամասը տարածվում է ներկա Թուրքիայի հողի շուրջ 70 տոկոսի վրա և ոչ՝ ամբողջի:
6.2 – Ներկա Թուրքիայի տեղագրական քարտեզն իր բաժանումներով:
Վերի, 6.2 քարտեզը ցույց է տալիս շրջանի տեղագրությունը, ուր Անատոլիան, նույն Փոքր Ասիան է իսկ դրանից արևելք գտնվող տարածքը Հայկական բարձրավանդակը կամ Հայկական լեռնաշխարհն է:
Եթե նայենք մինչև 1923 թ. հրատարակված օսմանյան քարտեզներին, ապա դրանց բոլորի վրա Անատոլիան միայն նշված է որպես Փոքր Ասիա թերակղզու տարածքը մինչև Եփրատ գետը: Այս անվանումը կարող եք նույնպես տեսնել 6.3 և 6.4 և ուրիշ օսմանական քարտեզների, հրատարակված նախքան 20-րդ դ.:
6.3 – Քյաթիբ Չելեբիի Իչի, Քարաման, Անատոլիա և Սիվաս վիլայեթների քարտեզը, նրա Ջահան Նյումա աշխատության առաջին՝ 1732 թ. տպագրությունից, պատրաստողն է Իբրահիմ Մութեֆերրիկան: Քարտեզում հարավը վերն է:
Քյաթիբ Չելեբին (1609-1657 թթ.) օսմանյան առաջին լուրջ քարտեզագետն էր, բայց նրա կարևոր՝ «Ջահան Նյումա (Աշխարհացույց)» աշխատությունը մնաց անավարտ: Նա ճամփորդել էր արևելք և տեսած երկրների մասին շարադրել է իր աշխատության մեջ, նրանց մեջ նաև գծել և տեղադրել քարտեզներ, որոնցից մեկ մասն անվարտ մնացին: Նրա աշխատության գլուխներից երկուսը Հայաստանի մասին են, որտեղ նա տալիս է պատմական և աշխարհագրական տեղեկություններ հայերի ու Հայաստանի մասին՝ սկսած Հայկ նահապետից ու Արմենակից մինչև իր օրերը:
Նրա այս աշխատությունը առաջին գրքերից էր, որը տպագրվեց կայսրության նոր հիմնված տպարանում՝ 1732 թ., հինմադրված կրոնափոխ հունգարացի Իբրահիմ Մութեֆերրիկայի նախաձեռնությամբ՝ Պոլսում:
Քարտեզն անվանված է «Իչիլ, Քարաման, Անատոլիա և Սիվաս վիլայեթները», իսկ պատկերված տարածաշրջանը Փոքր Ասիայի թերակղզին է: Այսպիսով ըստ Չելեբիի տված տեղեկության՝ փաստվում է, որ «Անատոլիան» թերակղզու վիլայեթներից միայն մեկն էր՝ որը գտնվում էր «Սիվասից (Կեսարիաից)» դեպի արևմուտք:
6.4 Մահմուդ Ռաիֆի Օսմանյան կայսրության ասիական մասը, Ուշքուդար, Թուրքիա 1803-4 թ.:
6.4 քարտեզի վրա Օսմանյան կայսրության Փոքր Ասիա թերակզու անունը նշված է որպես Անատոլիա, որն առանձնացված է կապույտ գծով և տարածվում է մոտավորապես մինչև Եփրատի արևմտյան ափերը, ինչը նաև ցուցադրված է 6.2 քարտեզում: Սրանից արևելք գտնվող տարածքում է Հայկական բարձարվանդակը, այսինքն Մեծ Հայքի տարածքը, որի հյուսիսային հարևանն է Վրաստանը, իսկ Ատրպատական, կամ պարսկական Ադրեբջան նահանգը՝ նրանից արևելք է գտնվում: Դրանից հարավ են Քուրդստանը և Միջագետքը: Քարտեզի վրայի գույները ներկայացնում են օսմանյան վիլայեթների սահմանները:
Ռաիֆի նույն ատլասի մեջ առկա է նաև մեկ այլ, ամբողջ Օսմանյան կայսրության, ինչպես նաև Սև ծովի քարտեզը, որոնց վրա նույնպես նշված են Հայաստանը և Անատոլիան և այլ օսմանական երկրամասերի/վիլայեթների սահմանները:
6.5 – Ռուս-թրքական պատերազմական քարտեզ, Օսմանյան Ռազմական նախարարություն, 1877 թ.:
Քարտեզ 6.5-ը ցույց է տալիս ամբողջ Օսմանյան կայսրությունը, ներառյալ եվրոպական ու ասիական շրջանները: Քարտեզում Փոքր Ասիայի թերակղզու տարածքը անվանված է «Անատոլիա»: Դրանից արևելք գտնվող շրջանը, որը մեծ մասամբ հայերով էր բնակված՝ անվանված է «Արմենիյա-Հայաստան», իսկ սրանից հարավ տարածքն անվանված է «Քուրդստան»: Դրանցից արևելք է գտնվում պարսկական «Ադրեբջան», կամ Ատրպատական նահանգը:
Ըստ Թուրքիայի հանարպետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, երկիրը միատարր էր և բնակեցված թուրքերով, հետևաբար հայտարարածն իրականցնելու համար «Հայաստան» կամ «հայ» անուններն իրենց երկրից պետք էր վերացվեին: Օգտվելով Համաշխարհային պատերազմի առկայության առիթից, 1915-23 թթ. օսմանյան տերությունը երկիրը բնիկ հայերից մաքրազարդելուց հետո պետք էր նաև հաներ «Հայաստան» և «հայ» անվանումները: Իսկ դրա համար պետք էր համաշխարհային պատերազմից հետո ստեղծված նոր Հանրապետության ամբողջ տարածքը, սկսած Հունաստանից մինչև Իրան և Կովկասը կոչել հայերին բնավ կապ չունեցող մի աշխարհագրական անունով: Սկզբանական շրջանում Անատոլիայից արևելք գտնվող տարածքը սկսեցին կոչվել «Դողու-Անադոլու»: «Դողու» թուքերեն նշանակում է արևելք, իսկ «Անատոլիան» նույպես նշանակում է արևելք՝ բայց այս անգամ հունարենով: Հետևաբար Թուրքիայի արևելյան մասի անունը դառնում էր «Արևելյան-արևելք»: Այս անհարիր լուծումը կարճ ժամանակ անց բարելավվեց՝ երբ Թուրքիայի Հանրապետության ամբողջ տարածաքին այս անգամ սկսեցին կոչել «Անատլոիա կամ Անադոլու» անունով, անկախ նրանից, որ սկսած վաղ միջնադարից այդ անունը, նույնիսկ օսմանյան քարտեզներում տրված է եղել միայն Փոքր Ասիա թերակղզու տարածքին:
Այս բոլորը կատարվել է ծառայելու միայն մեկ նպատակի: Վերացնել «Հայկական» որևէ անուն՝ Թուրքիայի արևելյան շրջաններից: Այսպիսով նոր ընդունված «Անատլոիա» անունը քողարկում է «Հայկական բարձարվանդակ» կամ «լեռնաշխարհ» անունը, իր մեջ ներառնելով բարձրավանդակի ու լեռնաշխարհի, այսինքն Մեծ Հայքի ամբողջ տարածքը:
Բազմաթիվ հայ և օտար պատմաբաններ Թուրքիայի լարած այս թակարդի մեջ են հայտնվում և երբ գրում կամ խոսում են Հայկական բարձրավանդակում տեղադրված Մեծ Հայքի մասին, նրա տեղը նշելով «արևելյան Անատոլիայում», այսպիով համաձայնվելով թուրք մասնագետների տված այլ կեղծ անվանմանը: Իրանակությունն այն է, որ Մեծ Հայքը ոչ թե արևելյան Անատոլիայում է, այլ գտնվում է Անատոլիայից արևելք եղած տարածքում:
6.6 – Կիպերտի Ասիական Թուրքիայի քարտեզի մասը, 1844 թ., դրա բնագրից: Քարտեզում Փոքր Ասիան անվանված է Անադոլիա՝ ընդգծված կարմիր, իսկ Հայկական լեռնաշխարհի վրա գրված է Արմենիա-Հայաստան՝ ընդգծված կապույտ:
1840-1850-ական թվականներին գերմանացի քարտեզագետ Հայնրիխ Կիպերտը երկար ժամանակ է անց կացրել Փոքր Ասիայում, Միջին արևելքում և Կովկասում, ուր նա պատրաստել է տարածաշրջանի վերաբերյալ բազմաթիվ մանրակրկիտ և ճշգրիտ քարտեզների շարան: Նրա քարտեզների անվանումներն են «Թյուրքական կայսրություն», «Ասիական Թուրքիա», «Թուրքիան Ասիայում» և նման անվանումներ, որանցից ոչ մեկում Թուրքիայի արևելյան մասը «Անատոլիա» չի անվանված: Օրինակի համար տե՛ս 6.6 քարտեզը: Այս քարտեզում վարոնշյալ անվանումները շատ պարզ են: Կարմիրով ընդգծված է «Անատոլիան»՝ Փոքր Ասիան, սա Թուրքիայի արևմտյան մասն է՝ իսկ արևելյան մասը, այստեղ անվանված է «Հայաստան», որը տարածվում է Եփրատից Սևան:
Կիպերտի քարտեզներից շատերը թարգմանվել և հրատարակվել են օսմանական թուրքերենով՝ գրված արաբատառ, իսկ թարգմանված քարտեզներից մի մասում «Թուրքիա» բառը փոխվել է «Անատոլիա» անվանմամբ՝ այսպիսով օրինականցնելով և նունյիսկ Կիպերտին վերագրելով այս անվանափոխումը:
Տեղանունների փոփոխությունները մեզ՝ հայերիս համար նորություն չեն: Ինչքան իշխող քաղաքական ռեժիմներն ավելի շատ թաքցնելիք և ոչ ցանկալի պատմական անցյալ ունեն, այնքան հաճախակի են կատարվում նրանց անվանափոխումները: ԽՍՀՄ-ում կոմունիզմի ամրապնդվելուց հետո դրանք դարձան առօրյայի մասը: Սանկտ Պետերբուրգը դարձավ Լենինգրադ, Ցարիցինը՝ Ստալինգրադ և այլն: Հսկայական երկրի մինչև ամենախուլ անկյուններում, ոչ մեկը զերծ չմնաց կոմունիստ ղեկավարների անունները վայելելու պատվից: Սրանք բոլորը անցյալը մոռանալու և ջնջելու միջոցներ են:
Նման երևույթը հաճախ տեսանելի է Օսմանյան կայսրությունում, ու դրան ժառանգորդ Թուրքիայում: Այստեղ անվանափոխումներն ավելի հաճախակի ու համատարած էին, այնպես, որ Թուրքիայի քաղաքների ու գյուղերի տարբեր անունները նշող աշխատություններում հաճախ կարելի է տեսնել մեկ գյուղի առջև գրված հինգից յոթ անուն, որոնք փոփոխվել են վերջին 150 տարիների ընթացքում: Ամեն մի կոտորած, իր հետքը ջնջելու համար բերում էր անվանափոխումների մի նոր շարան:
Տեղանոււների փոփոխություննրը Թուրքիայում այնքան ընդհարնացած են, որ դրանց ծավալուն ցուցակը, որը կազմել է հայազգի Սևան Նշանյանը, պարունակում է շուրջ 550 էջ: Աշխատության մեջ ներառված են տեղանունների հերթական փոփոխությունները, որոնց մեջ մեծ մաս են կազմում հայկական տեղանունները և նրանց նոր անվանումները:
1920-ական թվականներից Թուրքիայի քարտեզների վրա սկսեց երևան գալ «Անատլոիա» անվանումը, որը տրվում էր Թուրքիայի ամբողջ տարածքին, նպատակ ունենալով աստիճանաբար երկրի արևելյան մասից ընդհանրապես հանել «Հայաստան» ու «Քուրդիստան» անվանումները, ինչպես նաև «Հայկական բարձրավանդակ» կամ «Հայկական լեռնաշխարհ» տեղանունները և դրանք բոլորը ներառել համապարփակ «Անատոլիա» անվան մեջ: Այս նպատակին հասնելուն հույժ և հիմնական դեր ունեցավ թուրքական այբուբենի փոփոխությունը արաբերենից լատիներենի: Երկրի բնակչությունը, եթե նոււնիսկ գրագետ էր, մեկ սերունդ հետո այլևս չէր կարողանալու կարդալ հին գիրը և անդրադառնալ քարտեզներում, ինչպես նաև ամենուր կատարված անվանափոխումների իսկությանը։ Քաղաքական այս կանխածրագրված գրի փոփոխության գործոնը պարտադրեց տառադարձել ամբողջ պատմական, աշխարհագրական և մշակութային ժառանգության գրականությունը, այս գործողության ընթացքում դրանք վերափոխելով ու անվանափոխելով, տեղանունները դարձնելով երկրի ղեկավարի քաղաքականությանը համահունչ և սատարող, որոնց հույժ կարիքն ուներ նորաստեղծ հանրապետությունը. փաստելու իր միատարր թուրք լինելու թիրախային տեսությունը:
Պետք է նշել, որ աշխարհագրական և տեղագրական տեղանունները, ինչպիսիք են գետերի, ծովերի, լեռների և այլ անուններ, ընդհանրապես թարգմանության ընթացքում մնում են անփոփոխ: Այս ասպարեզի որևէ փոփոխություն ընդհանրապես ունի քաղաքական և ռազմավարական դրդապատճառ և նպատակ: Տեղանունների փոփոխությունների ավելի հաճախ ենք նկատում քաղաքների և գյուղերի՝ երբեմն էլ կղզիների անվանումներում, որոնք նույնպես կատարվում են երկրի ղեկավարության ու համակարգի հիմնական փոփոխույթունների արդյունքում:
Որպես օրինակ կարելի է նշել Սիբիրը, որը չնայած անվան բացասական ընկալմանը, մնացել է անփոփոխ՝ ցարական, խորհրդային և անկախ Ռուսաստանում: Կորեաները, որոնք այժմ հակադիր ռեժիմների երկրներ են, պահպանել են իրենց անունը: Սակայն Թուրքիայում այս փոփոխության պատճառն ուներ շատ ավելի հետին նպատակներ, այն է, ջնջել բնիկ ժողովրդի անունը և հետքը, նրանց պատմական և հայրենի հողից, որի հանդեպ անտարբեր մնացին միջազգային կազմակերպությունները: Թուրքիայի առաջին Աշխարհագրական կոնգրեսը 1941 թ. ստեղծեց երկու նոր երկրամաս որոնք էին Արևելյան Անատոլիան և Հարավարևելյան Անատոլիան, որոնք համընկնում էին մինչ այդ նույն, Թուքրայի քարտեզներում նշված Հայաստանի և Քուրդստանի երկրամասերին։
Հայերին վերաբերող անունների վերացման գործն այնքան ծայրահեղության հասավ, որ նույնիսկ բնագիտական կամ կենդանաբանական՝ գիտական լատիներեն տերմինոլոգիան դրանից զերծ չմնաց: 2005 թ. Թուրքիայի գիտնականները և մասնագետները սկսեցին փոխել բույսերի ու կենդանիների այն անունները, որոնք իրենց լատիներեն անվան մեջ պարունակում էին «հայ» կամ «հայկական» բառը: Թուրքիայի բնապահպանման նախարարության մի պաշտոնյա հայտարարեց, թե հնում եղած անվանումների մի մասը հակասում է Թուրքիայի միատարր երկիր լինելուն: Ըստ Ռոյտեր գործակալության՝ պաշտոնյան ասել է.
Դժբախտաբար Թուրքիայում առկա են անվանումներ, որոնք միտումնավոր կերպով դրված են այլ նպատակներով: Մեր տարածքում գոյություն ունեցող այս միտումնավոր թյուրանվանումները կասկածի տակ են դնում մեր միատարր թուրք լինելու փաստը։
Որոշ թուրք պաշտոնյաներ պնդում են, որ ներկա անվանումները գործածվում են հիմնականում փաստելու թե իբր քրդերը կամ հայերն ապրել են Թուրքիայի այս տարածքներում, որը, ըստ նրանց, իրականությանը չի համապատասխանում: Բայց իրականությունն այն է, որ կենդանիների այս տեսակները որոնք մինչը 100 տարի առաջ բնակվում էին այդ տարածքներում, երբ շրջանները դեռևս հայաբնակ կամ քրդաբնակ էին: Դրանց անվանումը տվող բնագետները կենդանիների անվանումները դրել են՝ հիմքում ունենալով նաև տեղաբնակ ցեղերի անունները, որոնք կենդանիների հետ, համատեղ բնակվում էին նույն տարածաշրջաններում: Այս անվանումնրից մի քանիսը հետևյալներն են.
Այսպես նաև ուրիշ անվանումներ:
Քաղաքական նպատակաները և ծրագրերն իրականացնելու ընթացքին «հայ» և «հայկականությանը» վարաբերող անունները Թուրքիայի տարածքից ամբողջովին վերացնելու և դրան ուղղակի շաղկապվող վախի զգացումը ստեղծել են մի այնպիսի էյֆորիա, որ բացի աշխարհագրական տեղանունների մաքրելուց ու անվանափոխելուց, դրանք հասել են նույնիսկ մինչև անասունների ու բույսերի գիտական՝ լատիներեն անվանումներին:
Հոդվածը Ռուբեն Գալչյանի՝
«ՀԱՅԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» գրքից։
Նյութերի և քարտեզների հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակին։
Շնորհակալություն քարտեզագետ Ռուբեն Գալչյանին, սույն հոդվածը armgeo.am կայքին տրամադրելու համար։
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Քարտեզագրական պատերազմ
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicԱշխարհագրական անուններ
Աշխարհագրական անունները տվյալ տարածքում ապրող բնիկների քաղաքակրթական կարևոր ժառանգություններից են։ Այդ իսկ պատճառով տարբեր ժամանակներում Հայաստանը զավթած կայսրությունները փորձել են փոխել, դուրս մղել հայկական տեղանունները, որոնք գալիս են հազարամյակների խորքից և որոնց հետ այդքան կապված է հայ ժողովուրդը։ Հայ պատմինչները նկարագրելով պատմական իրադարձությունները նշել են երկրների, վարչական միավորների, բնակավայրերի անունները, սակայն ֆիզիկաաշխարհագրական անունները երբեմն դուրս են մնացել պատմության էջերից և ժամանակի ընթացքում մոռացվել ու դարձել անանուն, իսկ հետագայում էլ անվանվել օտար անուններով։ Քարտեզագրական «պատերազմ» է հայտարարված նաև այսօր «Հայկական լեռնաշխարհ» աշխարհագրական տերմինին, որը ոչ թե քաղաքական, այլ աշխարհագրական տերմին է և ցույց է տալիս ֆիզիկաաշխարհագրական տարածք։
Պատմության ընթացքը, քաղաքական քարտեզի վրա, Հայաստանի հանրապետությանը բաժին հանեց ընդարձակ լեռնաշխարհի հյուսիսարևելյան մի փոքր հատվածը, սակայն Հայաստանի հարևանները մինչ օրս խուսափում են «Հայկական լեռնաշխարհ» եզրից։
Տարածված սխալներ
Հարկ եմ համարում անդրադառնալ մի քանի տարածված սխալների, որոնք քաղաքական ծագում ունեն և սխալմամբ օգտագործվում են որպես աշխարհագրական տերմին։ Դա տարածաշրջանին տրված Արևելյան Անատոլիա, և դրա հյուսիսարևելյան հատվածին տրված Հարավային Կովկաս, Անդրկովկաս կամ Փոքր Կովկաս անվանումներն են։ Վերջինս տարածվում է լեռնաշխարհի հյուսիսարևելյան լեռնաշղթաների վրա, որպես լեռնահամակարգի աշխարհագրական անուն։
Հայկական լեռնաշխարհը չի կազմում Անատոլիայի մաս։ «Արևելյան Անատոլիա» տերմինն ի հայտ եկավ փոխարինելու «Արևմտյան Հայաստան» եզրը, ինչը գիտական չէ։ Սա քաղաքական տերմին է, որով փորձ է արվել դուրս մղել «Հայկական լեռնաշխարհ» աշխարհագրական տերմինը ներկայիս Թուրքիայից։
Հայկական լեռնաշխարհ ոչ թե Արևելյան Անատոլիա
Մասնագիտական գրականության մեջ Անատոլիա անվանումն ավելի լայն իմաստով կիրառվում է միայն Փոքր Ասիայի կապակցությամբ։ Անատոլիա հունարեն նշանակում է Արևելք։ Քանի որ Փոքր Ասիան գտնվում է Հայկական լեռնաշխարհից արևմուտք, ուստի Անատոլիան (իր որևէ հատվածով՝ արևմտյան, կենտրոնական կամ արևելյան) անվան թե՛ գիտական և թե՛ ավելի լայն կիրառումը չի կարող լինել Փոքր Ասիայի սահմաններից դուրս, ուստի չի կարելի տարածել Հայկական լեռնաշխարհի արևմտյան կամ որևէ այլ մասի վրա։
Անատոլիան և Հայկական լեռնաշխարհը
Հայաստանը Կովկաս չէ
Հաջորդ սխալը, որը հաճախ կիրառվում է, դա Անդրկովկաս կամ Հարավային Կովկաս տերմինն է, որը հիմնականում տարածվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածի վրա և կրում է քաղաքական բնույթ։ Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից Կովկասը միայն Կովկասյան լեռներն են իրենց լանջերով։ Հայաստանը Կովկաս չէ։ Սխալմամբ Հայաստանը ներառելով Կովկասի մեջ, նաև հայերին են դասում կովկասի ժողովուրդների շարքին, սակայն Հայկական լեռնաշխարհն ունի Կովկասից առանձին աշխարհագրական դիրք ու մշակույթ։ Հետևաբար հայերը չեն կարող դասվել կովկասյան ժողովուրդների շարքին։ Հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներն են և մաս են կազմում հնդեվրոպական մշակութային աշխարհի։
Կովկասն ու Հայկական լեռնաշխարհը
Փոքր Կովկասը հնարած տերմին է
Եվս մի հնարված տերմին սկսվեց կիրառվել Ռուսական կայսրության քարտեզներում և այդ սխալը պահպանվում է մինչ օրս։ Դա Հայկական լեռնաշարհի հյուսիս-արևելյան լեռնաշղթաները Փոքր Կովկաս լեռնահամակարգում դասելն է։ Փոքր Կովկասը հնարած տերմին է, որը սկսվեց կիրառվել Ռուսական կայսրության քարտեզներում՝ Կովկասից հարավ ընկած լեռնաշղթաների վրա։
Պատրաստեց Տիգրան Վարագը
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Հաղարծին վանական համալիր
/in Վանքեր և եկեղեցիներ /by armeniangeographicՀաղարծինի վանք
Անվան ծագումաբանություն
Հաղարծին անվան ծագումնաբանության հետ կապված կա մի գեղեցիկ ավանդազրույց։ Ըստ ավանդազրույցի, երբ կատարել են վանքի օծման արարողությունը, այդ ժամանակ գլխավոր եկեղեցու գմբեթի վրա մի արծիվ է ճախրել, և դրանով վանքը հայտնի է դարձել որպես խաղացող արծվի վանք։ «Հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին»՝ արծիվ։ Այստեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։
Պատմություն
Վանքի հիմնադրման մասին մատենագրական տեղեկություններ չկան և ստույգ հայտնի չէ, թե ով և երբ է կառուցել այն։ Գոշավանք վանքի վարդապետ, պատմիչ Կիրակոս Գանձակեցին, նկարագրելով Մխիթար Գոշի կառուցած Աստվածածին եկեղեցու օծման հանդիսությունները, նշում է, որ դրանց մասնակցել է նաև Հաղարծնի վանքի առաջնորդ Խաչատուր Տարոնացի վարդապետը, որը, ըստ պամիչի, շենացրել էր մինչ այդ լքված և կիսավեր վանքը։ Այստեղից էլ պարզ է դառնում, որ Գոշավանքի հիմնադրումից շատ առաջ Հաղարծինի վանքը գոյություն է ունեցել։ Սակայն Հաղարծնի վանական համալիրի շինությունները մեծ մասամբ XIII-րդ դարի են և քիչ բան են ասում հուշարձանախմբի հնագույն կառույցների մասին։ Վանքի ամենահին կառույցը Սբ․ Գրիգոր եկեղեցին վիմագիր հիշատակություններ չունի, ուստի և անորոշ է նրա կառուցման ժամանակը։
XI-րդ դարում Հաղարծնի վանքը ավերվել է սելջուկ թուրքերի արշավանքներից։ XII-րդ դարում վրաց թագավոր Գեորգի III-րդ թագավորի և հայոց իշխանների հրամանով համալիրը նորոգվել է և վերականգնվել են վանքի հողատիրական իրավունքները։
Վերջին անգամ Հաղարծինը վերականգնվել էր 1960-ականների վերջերին’ այն էլ մասնակի։ 2005 թվականին Շարժայի շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ Քասիմիիի տրամադրած միջոցներով՝ 5 մլն դոլար, կատարվել է վանական համալիրի ամբողջական վերականգման աշխաանքներ, որն ավարտվել է 2012 թվականին։
Ճարտարապետություն
Հաղարծինի վանքը ունի չորս եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։
Սբ․ Գրիգոր եկեղեցի
Սբ․ Գրիգոր եկեղեցին տեղավորված է վանական համալիրի կենտրոնական հատվածում։ Այն համարվում է վանական համալիրի ամենահին կառույցը, չնայած կառուցման տարին անհայտ է։ Միջին մեծության գմբեթավոր սրահ է, արտաքուստ ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով։ Շարված է դեղնագույն սրբատաշ ծակոտկեն քարերով, ներսի պատերը կիսատաշ են։
Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը։ Այն ունի քառակուսի հատակաձև և կանգնած է չորս սյուների և ութ որմնասյուների վրա, որոնք միանում են կամարներով ու կազմում շենքի թաղակապ ծածկը՝ կենտրոնի երդիկով։ Գավթի միակ մուտքը արևմտյան կողմից է։ Մուտքի շրջանակի բոլոր ձևավոր ու հարթ մակերեսները, կիսաշրջանաձև ճակատակալը ծածկված են արձանագրություններով։
Գավթի շինարարությունը տեղի է ունեցել 12-րդ դարի վերջում իշխան Իվանե Զաքարյանի հովանավորությամբ։ Բարավորի կիսաշրջան քարի վերնամասում փորագրված արձանագրությամբ վկայված է, որ Զաքարե և Իվանե եղբայրները հաղթական պատերազմներ են տարել օտարների դեմ, թվարկված են ազատագրված բնակավայրերը և ամրոցները՝ Ամբերդ դղյակը, թագավորանիստ Անին, Բջնին, Պարտավը և այլն։ Այնուհետև Իվանե Զաքարյանը իր անունից գրում է, որ «ի դուռն» Հաղարծնի Սբ․ Գրիգոր եկեղեցու կառուցել է գավիթ՝ «վիմարդեն կամարակապ» և եղբոր հիշատակին, իբրև կալվածք Երևանից նվիրաբերել է մեկ այգի․ «․․․այգի յերևանա էտու վասն յիշատակի եղբաւր իմո․․․»։
Գավթի առաստաղի անկյունային հատվածներին կան հարթաքանդակներ, որոնցից աչքի են ընկնում Հայր Դանիելը և շերեփը ձեռքին՝ վանքի տնտես Սիմեոնի ողջ հասակով պատկերաքանդակները՝ համապատասխան մակագրություններով։
Կաթողիկե եկեղեցի
Գտնվում է Սբ․ Գրիգոր եկեղեցու հյուսիսային կողմում։ Արևմտյան մուտքի ճակատկալի արձանագրության համաձայն այն կառուցել է Հարբի որդի Խալթը՝ 1194 թվականին։ Եկեղեցին միանավ, թաղակապ ծածկով, անգմբեթ փոքրիկ շենք է, շարված կապտագույն բազալտի սրբատաշ քարերով, կրաշաղախով։
Սբ․ Ստեփանոս եկեղեցի
Սբ․ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1244 թվականին։ Կենտրոնագմբեթ, փոքր չափերի, գողտրիկ շինություն է արտաքուստ ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով։ Կառուցվել է կապտագույն բազալտի սրբատաշ քարերով։ Հարավային պատի վրա, լուսամուտից վերև փորված է արևի գողտրիկ ժամացույց՝ Ա-ԺԲ ելնդավոր գրերով, իսկ սրանից ներքև՝ XVII-րդ դարում եկեղեցու կատարված վերանորոգման ընդարձակ արձանագրությունը: Հուշարձանի շարվածքի առանձին քարերի վրա, տարբեր դիրքերով փորագրված են Ա, Ս, Մ, Թ, Բ, Կ և այլ գլխագրեր, որոնք հավանաբար կառուցող վարպետների նշաներն են։
Աստվածածին եկեղեցի
Գտնվում է հուշարձանների գլխավոր խմբից հյուսիս-արևելք։ Եկեղեցին գմբեթավոր ընդարձակ դահլիճ է, արտաքուստ երկարաձգված ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով։ Եկեղեցու արտաքին երասապատ քարերը կապտագույն բազալտից և դեղնագույն կրաքարից են։ Կառուցման ժամանակը և կառուցողներն անհայտ են․ հարավային մուտքի ճակատկալ քարի վրա փորագրված են՝ ձախ անկյունում՝ ԻՉԼ (1281), իսկ աջում՝ ԹՎՇԻ (1071)։ Հետազոտողներից ոմանք այս բնագիրը մի ամբողջություն են համարում և այն վերծանում ԻՉԼ թվ[ին] շի[նեցաւ], այսինքն հուշարձանի կառուցումը համարում 1281 թ․։ Մյուսները պահպանված գրերը երկու տարբեր արձանագրություն են համարում և առաջարկում ձախակողմյանն ընդունել եկեղեցու նորագման տարեթիվը (1281), իսկ աջակողմյանը նրա հիմնադրման կամ շինության (1071)։
Եկեղեցու արևելյան ճակատի վերնամասում, Ավագ խորանի զույգ լուսամուտներից բարձր, տեղադրված է մի բարձրաքանդակ, որը պատկերում է եկեղեցին կառուցողներին՝ մանրակերտը ձեռքերին, վեղարի գագաթին թառած թևատարած արծվով։ Որոշ մասնագետներ կարծում են, որ այս բարձրաքանդակը նախկին եկեղեցուն է։
Կտիտորական բարձրաքանդակ
Հարավային մուտքի արտահայտչականությունը էապես նպաստում է աջ կողմի պատվանդանը պսակող խաչքարը։ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել ընդարձակ գավիթը, որից միայն արևմտյան և հյուսիսային պատերի որոշ հատվածներ են պահպանվել, մնացածը ավերված է։
Սեղանատուն
Սեղանատան հոյակերտ շենքը տեղավորված է հուշարձանախմբի հյուսիս-արևմտյան անկյունում։ Այս կառույցը բազմադարյան հայ ճարտարվեստի աչքի ընկնող կոթողներից է, աշխարհիկ ճարտարապետության ակնառու նվաճումը։ Սեղանատան կամ ինչպես նշված է արձանագրության մեջ, տրապեզի շենքը ուղղանկյուն երկարաձիգ հատակաձևով ընդարձակ սրահ է, թաղակապ, երկու երդիկ ունեցող ծածկով։ Կենտրոնի երկու կարճ սյուները և որմնասյուները միանում են խաչաձև կամարներով, որոնք իրենց վրա են պահում ընդարձակ շինության թաղակապ ծածկը, երկու խոշոր, երկթեք բացվածքով և ստալակտիտներով ձևավորված երդիկներով։
Սեղանատուն
Ներսից պատերին կից ամբողջ երկարությամբ շարված են քարե սրբատաշ նստարաններ, որոնց վրա ճաշկերույթի ժամանակ նստել են վանքի միաբանները։ Սեղանատունը շարված է սրբատաշ ծակոտկեն կրաքարով, տանիքը պատած է եղել սալաքարերով։ Հարավային գլխավոր մուտքի շրջանակի արձանագրությունից իմանում ենք, որ ոմն Կուտաս 1248 թվականին նպաստավորել է սեղանատան շինությանը։
Արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում արձանագրված է «Մինաս», իսկ որմնաքարին` բազմիցս հանդիպող «Մ» տառը հավանաբար կառուցող ճարտարապետի անունն է: Հաղարծինի սեղանատունը իր ճարտարագիտական լուծումով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:
Արքայական դամբարան
Գտնվում է Սբ․ Գրիգոր եկեղեցու գավթի հարավային պատի տակ, նրան կից։ Ուղղանկյուն հատակաձևով, մատուռանման փոքրիկ շենք է։ Ներսում երեք տապանաքարեր են՝ հարթ, կիսամշակ։ Հյուսիսային կողմի կապտագույն բազալտի տապանաքարի վրա փորագրված է ՍԲՏ ԹԳ, որ վերծանվում է Սմբատ թագավոր։ Մեջտեղի, նույնպես բազալտե տապանաքարի վրա պահպանվել են առանձին գրեր, որոնք հավաստիորեն չեն վերծանվում։ Հարավային տապանաքարը կրաքարից է, մանր բեկորների է վերածվել, տապանագիրը եղծվել, ուստի չի իմացվում, թե ում գերեզմանն է։ Հավանական է մտածել, որ այստեղ թաղված են Կյուրիկյան թագավորները։
Հոդվածը գրելիս օգտվել ենք «Դիվան հայ վիմագրության» աշխատությունից: