Արարատ լեռ
Մասիսն ու Սիսը կամ Մեծ ու Փոքր Արարատները հանգած հրաբխային մեկուսացած լեռնազանգված են Հայկական լեռնաշխարհի արևելյան մասում, ավելի ստույգ Արարատյան դաշտի հարավում, Արաքս գետի միջին հոսանքի աջ կողմում: Մեծ Արարատը համարվում է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը՝ 5165 մ, հարաբերական բարձրությունը 4365 մ է` հաշված Արարատյան դաշտից (800 մ): Մեծ ու Փոքր Արարատները մինչև 2400 մետրն ունեն միասնական հիմք-պատվանդան (իրարից հեռու են 10 կմ), ավելի բարձրում առանձին կոներ են դառնում, որոնք իրար են միանում Նահապետի թամբարդով (2689 մ):
Արարատ անվան ծագումը
Մասիս լեռը հայերի և տարբեր ժողովուրդների կողմից տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուներով՝ Ազատ, Ազատն Մասիս, Արմենիո լեռ, Հարարդ, Մաչիս, Սարարադ և այլն։ Շատ դեպքերում անունները ունեն կրկնակի ծագում, որը կարելի է համարել մարդկանց տեղաշարժների հետևանք, այսինքն՝ տեղի է ունենում «բնիկ» անվան տեղաշարժ։ Հայ պատմիչներ Խորենացին և Սեբեոսը լեռը կոչում են Ազատն Մասիս կամ Ազատ։ Ազատ բառը, որպես Մասիս լեռան մակդիր, ունի մի քանի ստուգաբանություն՝ «սրբազան, պաշտելի, ազնվական, վեհ», և բնորոշում է իր շրջապատի նկատմամբ նրա ունեցած վսեմ, բարձր դիրքը։
Արարատը որպես Մասիս լեռան անուն, հայ մատենագրության մեջ բավականին ուշ է ի հայտ եկել, մոտ 9-10-րդ դարերում։ Գրիգոր Նարեկացին «Մատյան ողբերգության» պոեմում և «Տաղեր» շարքում սրբազան լեռը մեկ կոչում է Արարատ, մեկ՝ Մասիս։ Նարեկացին բանաստեղծական հակադրություն է ստեղծում իր մեղքերի ահավոր ծանրության և Արարատ լեռան վիթխարի զանգվածի միջև։
Առաջին վերելքը Մասիսի գագաթ
Վաղուց ի վեր աստվածաշնչյան Արարատ լեռը մեծ հետաքրքրություն էր առաջացրել բազմաթիվ եվրոպացի ճանապարհորդների մեջ: Արարատն ու Արարատյան դաշտը հատկապես գրավում էին նրանց որպես հետջրհեղեղյան շրջանի մարդկության տարաբնակեցման կենտրոն: Հայերի համար Արարատը դարեր ի վեր համարվել է սրբազան և վերելքն արգելված է եղել՝ կրոնական հավատալիքներից ելնելով, իսկ եվրոպացիներն այն համարում էին մարդուն անհասանելի վերելքի բարդության պատճառով:
Լեգենդի համաձայն՝ 4-րդ դարի եկեղեցական գործիչ Հակոբ Մծբնացին առաջինն էր, որ փորձեց բարձրանալ Արարատի գագաթը՝ գտնելու առասպելական Նոյյան տապանի մնացորդները, բայց նրա ջանքերը հաջողությամբ չպսակվեցին:
Ֆրիդրիխ Պարրոտ
Խաչատուր Աբովյան
Նմանօրինակ ձախողված վերելքներն ավելի էին ապրապնդում Արարատի անհասանելիության առասպելը, որն էլ ավելի էր տարածվում կրոնի ուժով: Այս առասպելին վերջ դրվեց 1829 թ.-ին, երբ երկու անհաջող փորձից հետո՝ սեպտեմբերի 27-ին (նոր տոմարով՝ հոկտեմբերի 9-ին) ականավոր գիտնական Ֆրիդրիխ Պարրոտը, Էջմիածնի վանքի երիտասարդ դպիր Խաչատուր Աբովյանը՝ խմբի ուղեկիցն ու թարգմանիչը, շինականներ Հովհաննես Այվազյանն ու Մուրադ Պողոսյանը և 41-րդ եգերական ջոկատի զինվորներ Ալեքսեյ Զդորովենկոն և Մատվեյ Չալպանովը դարձան պատմության մեջ առաջին մարդիկ, որոնց հաջողվեց ոտք դնել Մասիս լեռան գագաթին: 2012 թվականից սկսված հոկտեմբերի 9-ը նշվում է որպես Հայաստանի լեռների օր:
Ավանդապատումներ Արարատի մասին
Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։
Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:
Ըստ մեկ այլ ավանդապատման Հայկ նահապետը ցանկանում է իմանալ իր ժողովրդի թիվը: Այդ ժամանակներում Մասիս լեռան տեղը եղել է սովորական հարթավայր: Այդ վայրում փորում են մի մեծ փոս, որտեղ յուրաքանչյուր հայ գցում է մեկ քար, որից էլ առաջանում է մի բարձրունք, սակայն մարդիկ շարունակում են գալ: Յոթ օր հետո արդեն վեր էր խոյացել երկգլխանի հսկայական լեռ: Հավաքվածները սկսել են միմյանց ասել՝ դու այս սարի մի մասն ես: Այս «մաս» բառից էլ առաջացել է Մասիս անունը:
Սրբազան լեռան գագաթի մասին հյուսված են բազում ժողովրդական պատումներ: Դրանցից մեկում պահպանվել է Մայր լեռան և Նոյ Նահապետի պաշտամունքի նկարագրությունը: Մինչ օրս ծերունիները, նայելով հավերժական ձյունով պատված Մասիսի գագաթին, ակնածանքով և մեծարանքով ասում են, որ այդ ձյան մեջ ապրում է անմահ կյանք ձեռք բերած Նոյը: Մասիսի գագաթը պարուրվում է ամպերով, այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը կառքով զբոսնում է, և փոշին բարձրանում է ձիերի սմբակների տակից: Երբ Մասիսի գագաթը փայլում է արևից՝ ապա փայլատակում է պալատը, որտեղ բազմում է Նոյը:
ArmGeo – ն Արարատի գագաթին
Մեր ընկերությունը 2014 թվականից իրականացնում է վերելքներ Արարատ լեռ: Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։ Այս տարիների ընթացքում մենք արդեն տասնյակ խմբեր ենք ուղեկցել դեպի Արարատի գագաթ, իսկ մասնակիցները եղել են տարբեր երկրներից։
Արարատի վերելքը մեր ամենասպասված ծրագրերից է: Վերելքները կազմակերպվում են տեղացի և մեր փորձառու ուղեկցողների հետ միասին։
Այս տարիների ընթացքում մենք մշակել ենք հստակ և փորձով ծրագիր, որը թույլ է տալիս բարձրանալ անվտանգ և հարմարավետ։ Մեր թիմի շնորհիվ նույնիսկ նրանք, ովքեր առաջին անգամ են մասնակցում բարձրալեռնային վերելքի, կարողանում են հաջողությամբ հասնել Արարատի գագաթին։
Երբ կյանքդ փոխվում է 5165-ով
Արարատի գագաթ հասնելը դառնում է կյանքի կարևոր հիշողություն բոլորի համար: Գագաթից բացվում է ոչ միայն անզուգական տեսարան՝ Հայկական լեռնաշխարհի և հարևան երկրների վրա, այլև յուրահատուկ զգացողություն, որ հաղթահարել ես 5165 մետր բարձրություն ունեցող լեգենդար լեռը։ Մեր մասնակիցները կիսվել են նաև իրենց զգաղոցություններով և փորձառությամբ կայքի Արարատվածներ բաժնում:




















