Առաջին քայլից մինչև աշխարհի երթուղիներ
Armenian Geographic-ի գործունեության շրջանակը վաղուց դուրս է եկել միայն Հայաստանի սահմաններից։ Մենք ստեղծել ենք մի համակարգ, որտեղ մարդը, սկսելով տեղական քայլարշավներից, աստիճանաբար անցնում է աշխարհի ամենահետաքրքիր երթուղիներին։ Այս հոդվածաշարով ներկայացնում ենք մեր այն արշավականներին, ովքեր մեզ հետ սկսելով Հայաստանի սարերից՝ այսօր արդեն մեր կողքին են աշխարհի ցանկացած կետում։
Նարե Մկրտչյան
Առաջին արշավ գնալուց վախ չունեի, քանի որ չէի պատկերացնում՝ ուր եմ գնում։ Ո՛չ նկար էի տեսել, ո՛չ երթուղու բարդությունն էի պատկերացնում։ Այդ տարիներին արշավները շատ մեծ տարածում չունեին, կարծում էի՝ ուղղակի հանգիստ քայլելու ենք դեպի ջրվեժներ ու վերադառնանք։ Չարաչար սխալվում էի :)
Գնացել էի նեղ ջինսով, դպրոցական ուսապարկս էի վերցրել։ Հետ էի ընկել խմբից, մի թեք հատվածում կանգնել լացում էի։ Այդպես, ավելի քան տասը տարի առաջ, սկսվեց արշավական կյանքս։
Բնականաբար էլ ջինսով չեմ, ուսապարկս էլ աշվավական է, բայց դեռ մեկ-մեկ լացում եմ` արդեն 5000 մետրի վրա։
Քաղաքի ու լեռների միջև ընտրության հարց չկա։ Քաղաքային կոմֆորտը չի փոխարինվում լեռնային ազատությամբ, երկուսն էլ կան իմ կյանքում։ Սա կամ/կամ ընտրելու հարց չէ, մարդը կարող է հարստացնել կյանքը լեռներով, կարող է սահմանափակվել քաղաքով։
Բայց մի պահ կա, երբ լեռներում լինելն առանձնապես որպես դիսկոմֆորտ չի ընկալվում, եթե խոսքը մեծ բարձրությունների մասին չէ։
Տարիների ընթացքում հասկացել եմ իմ սահմանափակումները ու չեմ փորձում գլխիցս բարձր թռչել։ Սիրում եմ բնությունը մինչև 4000 մետրը։ Դրանից բարձր սարերը սիրում եմ, բայց հեռվից։ Սկզբում մտածում էի, որ ես էլ պետք է մեծ սարեր բարձրանամ, հիմա հասկանում եմ, որ պարտադիր չի։ Ես արշավական եմ, ալպինիստ չեմ։
Վստահ եմ՝ երբ հասկանում ես սահմանափակումներդ, ավելի ազատ ես դառնում, ինքդ քեզ հանգիստ ես թողնում։
Առաջին մեծ արշավը Հայաստանից դուրս տարիներ առաջ՝ Սվանեթն էր։ Մեկ շաբաթ միայն վրաններով, անձրևի տակ քնելով, գետում լողանալով և վրանային կյանքի մնացած “հաճույքներով”։ Անմոռանալի փորձ էր։
Աչքերիս չէի հավատում, երբ Հիմալայներում առաջին անգամ տեսա յոթհազարանոցների փայլուն սպիտակ գագաթները։ Նեպալի թե՛ քաղաքները, թե՛ լեռները լրիվ ուրիշ աշխարհից են։ Մեր իրականության հետ կապ չունեն, ու դրանով շատ գրավիչ են։
Վերջին արտասահմանյան ուղղությունը Մարոկկոն էր։ Մի ճամփորդության ընթացքում է՛լ բարձրացանք Հյուսիսային Աֆրիկայի ամենաբարձր լեռը, է՛լ գիշերակաց ունեցանք անապատի ավազներում, է՛լ օվկիանոսի ափին ծովամթերք համտեսեցինք։ Դրանի՞ց էլ լավ արշավ։
Սկսել եմ Տիգրանի հետ արշավել դեռ մինչև ArmGeo-ն։
Հայաստանում ամեն ինչ տեսել եմ, էապես նոր վայրեր դժվար թե լինեն։ Իսկ աշխարհում դեռ լիքը արահետներ կան քայլելու ու ինձ են սպասում։
ArmGeo-ն դեռ չի հրապարակել այնպիսի միջոցառում, որի հանդեպ անտարբեր լինեմ։ Դաղստան, Պերու, Իսլանդիա․․․Դե արի ու ընտրի։ Ամեն տեղ էլ վաղ, թե ուշ գնալու եմ։




















