Այս ամառ բարձրանում ենք Արարատ
Արարատի գագաթ բարձրանալն ինձ համար երկար ժամանակ եղել է երազանք, անհնար թվացող մի բան, և անգամ մտքովս չէր անցնում, որ մի օր ես էլ կանցնեմ այդ ճանապարհը։
Սովորություն ունեմ շատ շուտ պլանավորել արձակուրդս, և սովորաբար դա անում եմ մոտ կես տարի առաջ։
Այս անգամ ընկերուհուս հետ որոշել էինք իմ հերթական երազանքներից մեկն իրականություն դարձնել՝ ամռանը մեկնել Հավայան կղզիներ՝ սերֆինգով զբաղվելու։ Երկար մտորումներից հետո հասկացանք, որ դրա համար պետք է շատ ժամանակ հատկացնել, և այդպիսով հետաձգեցինք մեր ճանապարհորդությունը։
Այս վերելքը փոխեց իմ ընկալումները
Երկար ժամանակ Արարատի վերելքը պարզապես պատկերացնում էի որպես մի նպատակակետ, որին պետք է «հասնեմ»։ Բայց վերելքի ընթացքում հասկացա, որ իրական արժեքը հենց ընթացքն էր։ Ամեն քայլ, ամեն կանգառ ու դժվարություն մի ճանապարհի մաս էին կազմում, որը փոխեց իմ ընկալումները թե՛ ինքս իմ, թե՛ իմ հնարավորությունների մասին։
Ֆիզիկական դժվարությունները ճիշտ այնպիսին էին, ինչպիսին պատկերացնում էի, բայց չէի սպասում, որ այնքան ոգեշնչված ու ուժեղ կզգայի ինձ՝ հատկապես խմբի աջակցությամբ։ Իրականությունն ամբողջությամբ փոխեց իմ սպասումները՝ լավագույն ձևով։
Ընտանիք դարձած մեր խումբը
Մինչ օրս նույնիսկ միայն մեր խմբին հիշելիս՝ ամեն անգամ հուզվում և կարոտում եմ։ Անգամ երազել չէի կարող, որ Արարատ կբարձրանամ այսքան յուրահատուկ մարդկանց հետ։
Չէի սպասում, որ կհայտնվեմ մի խմբում, որտեղ բոլորն այսքան հոգատար ու ուշադիր կլինեն միմյանց նկատմամբ. երբ խմբի որևէ անդամ իրեն վատ էր զգում, բոլորը պատրաստակամորեն օգնում էին՝ ինչով կարող էին։
Հատկապես տպավորիչ էր մինչև 2-րդ ճամբար վերելքը՝ լի ուրախությամբ ու երգերով. թվում էր՝ անսպառ էներգիա ունենք։ Իսկ ամենահուզիչ պահերից մեկը գագաթնամերձ հատվածն էր, երբ պետք էր կապել կատվիկներն ու անել վերջին վճռորոշ քայլերը։ Կային մարդիկ, ում ուժերը պարզապես սպառվել էին, և նրանք այլևս չէին կարողանում անգամ կատվիկները կապել։ Այդ պահին բոլորն իրար օգնում էին՝ առանց վարանելու։ Հենց այդպիսի իրավիճակներում ես հասկանում, որ նման վերելքների ժամանակ ամենակարևորն իրականում մարդկային հոգատարությունն ու փոխադարձ աջակցությունն է։
Չկանգնելու որոշումը
Հենց սկզբից ինձ համար մի կանոն էի սահմանել՝ ինչ էլ պատահի, որքան էլ դժվար լինի, չեմ կանգնելու։ Կարծում եմ՝ հենց այս միտքն օգնեց ինձ ողջ վերելքի ընթացքում։
Իհարկե, անփոխարինելի էր նաև մեր խմբի դերը, որտեղ բացառապես յուրահատուկ մարդիկ էին հավաքվել:
Անգնահատելի էր մեր ուղեկցորդ Գևորգի հոգատարությունը յուրաքանչյուրիս հանդեպ։ Առանց նրա ներկայության և աջակցության դժվար է պատկերացնել այս վերելքը։
Քո միակ սահմանը դու ես
Երբ վերջապես կանգնում ես Արարատի գագաթին՝ հույզերի տեղատարափ ես զգում՝ հպարտություն, հանգստություն, հաղթանակ ու երախտագիտություն։ Նայում էի շուրջս ու չէի հավատում, որ այստեղ եմ։ Մի քանի վայրկյանով ժամանակն ասես կանգ էր առել։ Մոռացվել էին բոլոր դժվարությունները, հոգնածությունը, ճանապարհի երկարությունը։ Զգում էի, թե ինչպես եմ ձուլվում մի մեծ ու կարևոր բանի՝ իմ ներքին ուժին, բնությանն ու պատմությանը… Այդ պահին հասկացա, որ սա պարզապես վերելք չէր. սա ուղի էր դեպի ինքս ինձ՝ սահմաններս, վախերս ու հնարավորություններս ճանաչելու համար։
Այդ ժամանակ հասկացա, որ սա պարզապես վերելք չէր։ Դա մի ուղի էր դեպի ինձ՝ ճանաչելու իմ սահմանները, իմ վախերը և իմ հնարավորությունները։
Այո, ֆիզիկապես դժվար էր, բայց հոգեպես՝ անգնահատելի։ Ու հիմա երբեմն աչքերս փակում եմ ու կրկին այնտեղ եմ՝ քամու ձայնի, արևի շողերի ու բացարձակ լռության մեջ։
Արարատի վերելքն ինձ մի կարևոր բան սովորեցրեց, որն ընդմիշտ փոխեց կյանքի հանդեպ իմ մոտեցումը. «քո միակ սահմանը դու ես»։ Այժմ կարծես անսպառ ուժով եմ լցվել, ու այլևս ոչինչ չի կարող ինձ հետ պահել նպատակներիս ու երազանքներիս ճանապարհից։
Արարատը պարզապես լեռ չէ
Անկեղծ ասած՝ մինչ այժմ ամբողջությամբ չեմ գիտակցում, որ իսկապես բարձրացել եմ Արարատ։
Դա այնքան ուժեղ ու անհավատալի փորձառություն էր։ Երբեմն նայում եմ լուսանկարներին ու հասկանում, որ այս պատմությունն արդեն իմ կյանքի մի մասն է, բայց դեռ ժամանակ է պետք, որպեսզի լիարժեք ընդունեմ, որ դա իսկապես իմ ձեռքբերումն է։
Արարատը պարզապես լեռ չէ։ Այն մի ճանապարհ է, որի ընթացքում յուրաքանչյուր քայլ քեզ մոտեցնում է ոչ միայն գագաթին, այլև ինքնաճանաչմանը։ Ճանապարհին կլինեն և՛ հոգնածություն, և՛ կասկածներ, միգուցե թվա, թե ուժերդ սպառվել են, բայց հենց այդ պահին ես գիտակցում, թե որքան ուժեղ ես իրականում։
Արարատի վերելքն այն փորձառություններից է, որը քեզ ներսից է փոխում։ Երբ կանգնում ես գագաթին, քեզ թվում է, թե հասել ես ոչ թե ինչ-որ կոնկրետ բարձրության, այլ մի կետի, որտեղ հստակ գիտակցում ես՝ կյանքում ոչինչ անհնար չէ։
Մի՛ սպասիր այն օրվան, երբ լիովին պատրաստ կզգաս քեզ։ Դու արդեն պատրաստ ես։ Պարզապես քայլիր առաջ։ Գագաթը սպասում է քեզ։
Որպես ամփոփում՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Armenian Geographic-ի ողջ անձնակազմին՝ այս ամենն իրականություն դարձնելու համար։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր ուղեկցորդի, ում հետ անցել եմ երկար ճանապարհ՝ սկսած նախապատրաստական արշավներից մինչև Արարատի գագաթ։ Դուք, անկասկած, լավագույնն եք, և ես անսահման ուրախ եմ այս ուղին հենց ձեզ հետ անցնելու համար։


















