Երազանքի կանչով դեպի Արարատ
Սարեր սիրող շատ մարդկանց պես, ես էլ տարիներ շարունակ մտքումս Արարատ բարձրանալու անհասանելի թվացող երազանք ունեի։ Վերջին 1-2 տարիներին առավել հաճախ էի արշավների մասնակցում ընկերներիս հետ, ու միասին էլ հաճախ քննարկում, ուսումնասիրում էինք Արարատի վերելքը։ Ի վերջո, վերելքից մոտ կես տարի առաջ մի օր վճռականությամբ լցվեցինք ու որոշեցինք, որ հենց այս տարի ենք բարձրանալու, նույնիսկ որոշել էինք՝ ArmGeo-ի ուղեկցորդներից ում հետ։ Ու գրանցման իսկ պահից առօրյաս, մտքերս ու էմոցիաներս լիովին փոխվեցին։
Միթե ես այնտեղ եղել եմ
Վերելքը, ընթացքն, ամեն ինչ շատ ավելի բարդ էի պատկերացնում։ Այնպես չէ, որ հեշտ էր և անհարմարություններ ու դժվարություններ չկային։ Կային ու շատ։ Բայց, երբ այնտեղ ես, այդ անհարմար ու բարդ իրավիճակում, կարծես շատ ավելի տոկուն լինես, քան երբևէ եղել ես։ Իհարկե, նաև անչափ կարևոր է, թե ում հետ ես կիսում այս յուրատեսակ ճամփորդությունը։ Նման իրավիճակներում երկու բան է կարևոր՝ քո ներքին կապն ու մարդիկ։
Իմ բախտը շատ էր բերել՝ ինձ համար շատ թանկ 2 մարդկանց հետ էի, իմ սիրելի ուղեկցորդների հոգատար ու ապահով ձեռքերում, ու մեր խմբի ուրախ, հետաքրքիր ու յուրահատուկ անդամների հետ։
Վերելքի ընթացքում միայն գագաթին կանգնած ժամանակ եմ իսկապես գիտակցել, որ Մասիս եմ բարձրացել։ Արարատը միշտ այնքան հզոր, անհասանելի ու անմատչելի է թվացել, որ դժվար էր պատկերացնել, որ թույլ կտա իրեն մոտենալ, ողջագուրվել ու մտերմանալ իր հետ։
Հայաստան վերադարձից հետո էլ, մոտ մեկ շաբաթ ոչ պարզ եղանակի պատճառով Արարատը չեմ տեսել։ Իսկ հետո, ամեն անգամ տեսնելիս մտքումս նույն հարցն էր՝ միթե ես այնտեղ եղել եմ։ Երևի միայն գագաթին գտնվելու ժամանակ եմ գիտակցել ու ընդունել այդ փաստը։
Ուս ուսի կանգնելն այստեղ այլ ուժ ունի
Վերելքի հետ կապված ամենահուզիչ հիշողությունը՝ պարելն է։ Այլ բան է, երբ հայկական ավանադական պարեր ես պարում քաղաքում, այգում, այլ բան է՝ լեռներում։ Այն էլ՝ Հայկական լեռնաշարհի ամենաբարձր կետում։ Ինձ մոտ զգացողություն էր, որ հայկական երաժշտությունն ու պարը Մասիսի լանջից, գագաթից սփռում ու վերադարձնում էինք մեր պատմական հայրենիք։ Ուս ուսի կանգնելն այստեղ այլ ուժ ու էներգիա ունի։
Վերելքի ժամանակ, դժվարությունների պահին, իսկապես շատ էր օգնում այն միտքը, որ Արարատի գագաթի ճանապարհին ես, ու այստեղ քեզ ամեն ինչ շատ հարազատ է։
Ինձ անսահման օգնել են ընկերներս՝ Հրաչն ու Արամը, ում հետ միասին անցանք առաջին քայլից մինչև վերջինը։ Իհարկե, նաև ուղեկցորդները, խմբի մյուս անդամները, քանի որ ինչ-որ առումով դժվարություններն էլ կիսում ես իրենց հետ։
Վայրկյան անգամ մի երկմտեք Արարատ բարձրանալ
Չի եղել մի պահ, որ փոշմանեմ կամ ճանապարհս շարունակելու միտքը կասկածի տակ դնեմ։
Արարատի գագաթ հասնելուց հետո կյանքումս առաջին անգամ լիովին հասկացա «բառերով չես կարող նկարագրել» արտահայտությունը։ Երբ ոտքս դրեցի գագաթին՝ հոգնած, ուժասպառ, բայց ինձ համար նոր տեսակի երջանկության զգացումով համակված, հանեցի ուսապարկս, ընկա գետնին ու սկսեցի լաց լինել։ Չգիտեմ, թե ինչ էմոցիաներ էին՝ ուրախությո՞ւն, հպարտությո՞ւն, գուցե մի քիչ էլ նախորդ օրերի դժվարությունների արտահայտո՞ւմն էր։ Երևի բոլորը միասին։
Այդ պահին կողքիս կանգնած գրեթե բոլորի աչքերը թաց էին։
Վերելքից հետո կյանքդ փոխվում է, այո՛։ Եվ սա չափազանցված միտք չէ։ Ե՛վ ֆիզիկապես, և առավե՛լ ևս հոգեպես ապրում ես պահեր ու զգացումներ, որ քեզ երբեք ծանոթ չեն եղել։ Ավելի շատ ես վստահում ու հավատում ինքդ քեզ։ Երբ հետ եմ նայում, այնքան ուրախ եմ, որ հանդգնել եմ նման քայլի գնալ։
Եթե սիրում եք լեռներ, վայրկյան անգամ մի երկմտեք Արարատ բարձրանալ։ Սա դառնալու է Ձեր կյանքի լավագույն հիշողություններից մեկը, եթե ոչ՝ լավագույնը։
Անի Թովմասյան
















