Հայաստանի լեռները որպես մարդիկ
Արհեստական բանականությունը այսօր լայնորեն կիրառվում է տարբեր ոլորտներում՝ բժշկությունից մինչև արվեստ, կրթությունից մինչև զբոսաշրջություն։ Մենք էլ մտածեցինք՝ ինչու չօգտագործել այս հնարավորությունը, որպեսզի պատկերավոր տեսնենք, թե ինչպիսի տեսք կունենային այն լեռները, որտեղ բոլորս սիրում ենք արշավել, եթե մարդ լինեին։ Այս յուրօրինակ փորձի միջոցով փորձել ենք լեռներին նոր շունչ հաղորդել և ցույց տալ նրանց կերպարները՝ մարդկային աչքերով։
Արայի լեռ
Արայի լեռը մեր երկրի ամենաառասպելական գագաթներից է։ Այս հանգած հրաբուխը գտնվում է Արագածի հարավ-արևելքում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձրությունը 2605 մ է: Ունի հատած գագաթով անկանոն կոնի ձև: Հվ-արմ.-ում կա բնական պատռվածք: Արայի լեռը բազմածին հրաբուխ է: Սարի անվանումը կապված է Արա Գեղեցիկի հետ՝ թագավորի, որի գեղեցկությամբ հմայված էր նույնիսկ ասորեստանի թագուհի Շամիրամը։ Երբ նայում ես լեռին, թվում է՝ նա իսկապես կենդանի է․ լեռան ձգված գիծը հիշեցնում է քնած հերոսի հանգիստ կերպարը։ Լեգենդը պատմում է, որ Արան այստեղ ընկավ խիզախ պայքարում և անմահացավ, իսկ լեռը դարձավ նրա հավերժական անկողինը։
Հատիս լեռ
Հատիսը մեր լեռնաշխարհի ամենահպարտ ու կանացի գագաթներից է։ Լեռան անվանումը հաճախ օգտագործվում է Հատիս, Հադիս, Շամիրամի լեռտարբերակներով: Բարձրությունը 2528 մ է: Կոնաձև է, լանջերը՝ կտրտված ձորակներով: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հարավային ստորոտի լավային ծածկույթի տակից բխում է Քառասունակն աղբյուրների խումբը,որտեղից սկիզբ է առնում Երևան քաղաքի առաջին ջրմուղը(1912 թ.): Ժողովրդական ավանդապատումները այն կապում են հենց Շամիրամի հետ՝ այն թագուհու, ով իր սերն էր փնտրում Արա Գեղեցիկի մեջ։ Ասում են, որ Շամիրամի նուրբ ու կանացի կերպարը դրսևորվել է Հատիսի զուսպ ու միևնույն ժամանակ հզոր ուրվագծերում։ Երբ նայում ես Հատիսին հեռվից, նա կարծես կանգնած թագուհի լինի՝ իր խիստ, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ կերպարով։
Աժդահակ լեռ
Աժդահակ լեռը ոչ միայն Գեղամա լեռների ամենաբարձր գագաթն է(3597 մ), այլ նաև վայր, որտեղ հին քարերը պատմում են սեփական պատմությունները։ Լեռան հարակից տարածքում կարելի է հանդիպել վիշապաքարերի՝ հնագույն քարե հուշարձանների, որոնք, ըստ պատմաբանների, կապված են ջրի պաշտամունքի հետ։
Աժդահակը հիշեցնում է հանգիստ ու ծանրակշիռ բնավորություն ունեցող մարդու․ առաջին հայացքից խիստ է ու հեռավոր, բայց երբ բարձրանում ես գագաթը, բացվող լանդշաֆտները ցույց են տալիս նրա ներքին գեղեցկություն, հատկապես Աժդահակի խառնարանում գոյացած լիճը, լրացնում է այդ պատկերն ու դարձնում այն յուրահատուկ վայր յուրաքանչյուր արշավականի համար։
Խուստուփ լեռ
Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:։ Նրա կտրուկ ճակատը հիշեցնում է համառ ու սկզբունքային մարդու, ով ամուր կանգնած է իր տեղում։ Ժամանակի ընթացքում Խուստուփը դարձել է ազգային սիմվոլիկայի մաս․ այն խորհրդանշում է տոկունություն, ուժ և անկախություն։
Միաժամանակ Խուստուփը գրավում է իր գեղեցկությամբ․ գագաթից բացվող տեսարանը ընդգրկում է Սյունիքի լեռներն ու հովիտները, իսկ ճանապարհին հանդիպող գյուղերն ու անտառները լեռը դարձնում են ավելի մոտ ու հասկանալի։ Խուստուփը կարծես դրսից խիստ, բայց ներսում՝ խաղաղ բնավորություն ունեցող մարդու կերպար լինի։
Արագած լեռ
Արագածը, Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:
Արագածի լանջերին հանդիպում են թե՛ քարքարոտ տարածքներ, թե՛ ծաղկած մարգագետիններ, իսկ գագաթներից բացվող տեսարանը ընդգրկում է Հայաստանի գրեթե բոլոր անկյունները։
Արագածը դարձել է սիրված ուղղություն թե՛ հարուստ փորձ ունեցող արշավականների թե՛ սկսնակների համար։ Այն միաժամանակ դժվար ու հասանելի լեռ է, որտեղ յուրաքանչյուրը գտնում է իր պատմությունը։
Արարատ լեռ
Արարատը մեր ամենաբնութագրական լեռն է․ միշտ տեսանելի, բայց միևնույն ժամանակ հեռու: Աստվածաշնչի համաձայն՝ հենց այստեղ է հանգրվանել Նոյյան տապանը: Լեռան բարձրությունը 5165 մ է, և այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետն է: Այն կարծես հին ու իմաստուն մարդ լինի՝ ձեռքին գիրք, որը տարիների ընթացքում հավաքել է հիշողություններ ու պատմություններ։ Արարատի լռության մեջ կա հանգստություն ու խորություն։
Շատերի համար Արարատը դարձել է խորհրդանիշ ոչ միայն լեռան բարձրության կամ գեղեցկության պատճառով, այլ որովհետև այն միշտ հիշեցնում է անցյալի ու ներկայի կապը։
Լեռները հաճախ թվում են պարզապես քար ու հող, բայց երբ մի պահ նայում ես նրանց որպես մարդկանց, հասկանում ես՝ յուրաքանչյուրն իր բնավորությունն ունի։ Աժդահակը՝ իր վիշապաքարերով, խորհրդավոր ու խորին է, Խուստուփը՝ ուժեղ ու սկզբունքային, Արագածը՝ բազմազան ու կենդանի, իսկ Արարատը՝ իմաստուն։ Միգուցե հենց սա է պատճառը, որ լեռները մեզ գրավում են․ նրանց մեջ մենք գտնում ենք մեր սեփական բնավորության ու պատմության կտորները։















