Օր 1։ Մեկնում Երևանից դեպի Կատմանդու
Ժամանում Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի միջազգային օդանավակայան և տեղափոխում հյուրանոց։
Մեր ճամփորդությունը կսկսվի մի քաղաքից, որն առաջին իսկ պահից կարող է մշակութային շոկ առաջացնել։ Աշխույժ ու մարդաշատ փողոցներ, իրար խառնվող ամենատարբեր բույրեր, գույնզգույն ցուցանակներ ու դրոշներ, փողոցային առևտուր և քաղաքի վրա մշտապես տարածվող ձայնային ֆոնը։ Ու այս ամենի մեջ՝ տաճարներ ու բուդդայական ստուպաներ, որոնց շուրջ մարդիկ աղոթում են, խունկ վառում ու շարունակում իրենց դարավոր ծեսերը։
Հյուրանոցում տեղավորվելուց հետո կհանգստանանք ճանապարհից․ Կատմանդուի հետ ավելի մանրամասն ծանոթությունը մեզ սպասում է հաջորդ օրը։
Գիշերակացը՝ Կատմանդուի 5* հյուրանոցում։
Օր 2։ Կատմանդու
Առավոտը կսկսենք Բուդդանաթից՝ հսկայական սպիտակ ստուպայից, որի վերևից քաղաքի չորս կողմն են նայում Բուդդայի աչքերը։ Կշրջենք ստուպայի շուրջ՝ աղոթանիվները պտտող ուխտավորների կողքով, կզգանք խնկի բույրն ու կհետևենք այս բուդդայական սրբավայրի առօրյային։
Այնուհետև կուղևորվենք Պաշուպատինաթ՝ Շիվային նվիրված հինդուիստական կարևորագույն սրբավայրերից մեկը։ Համալիրը գտնվում է սրբազան Բագմատի գետի ափին, որտեղ կատարվում են նաև դիակիզման ծեսեր։ Այստեղ հնարավորություն կունենանք ծանոթանալու կյանքի, մահվան ու վերածննդի մասին հինդուիստական պատկերացումներին և տեսնելու, թե ինչպես են այդ հավատալիքներն արտահայտվում դարավոր ավանդույթներում։
Օրվա հաջորդ կանգառը Դուռբառ հրապարակն է՝ հին Կատմանդուի սիրտը՝ արքայական պալատներով, տաճարներով ու փայտե նրբաքանդակներով շինություններով։ Այստեղ է նաև Կումարիի՝ «կենդանի աստվածուհու» տունը։ Կումարին փոքրիկ աղջիկ է, որին ընտրում են բուդդայական ընտանիքից և պաշտում որպես աստվածուհու մարմնավորում։ Եթե մեր բախտը բերի, կտեսնենք նրան իր պատուհանի մոտ։
Ժամանակ կունենանք նաև խանութներով շրջելու՝ նեպալական թեյերի, համեմունքների, ձեռագործ իրերի ու հուշանվերների բազմազանության մեջ ընտրելով մեզ դուր եկածը։
Երեկոյան կհավաքվենք ընթրիքի՝ ազգային երգ ու պարի ուղեկցությամբ փորձելու նեպալական խոհանոցի ուտեստները։
Գիշերակացը՝ Կատմանդուի 5* հյուրանոցում։
Օր 3․ Կատմանդու – Դհապ
Վաղ առավոտյան կուղևորվենք դեպի Դհապ՝ մեր քայլարշավի մեկնարկի կետ։ Կատմանդուի աղմկոտ փողոցները կմնան ետևում, ճանապարհի երկայնքով կբացվեն Նեպալի գյուղական տեսարանները, իսկ Դհապի մոտ արդեն կսկսեն երևալ Հիմալայների ձյունապատ գագաթները։
Հասնելով Դհապ՝ կտեղավորվենք հյուրատանը, կհանգստանանք և կպատրաստվենք հաջորդ օրվա քայլարշավին։
Գիշերակացը՝ Դհապում։
Օր 4․ Դհապ – Ջհապրե
Նախաճաշից հետո կսկսենք մեր առաջին քայլարշավը՝ դեպի Ջհապրե։ Ճանապարհը կանցնի անտառապատ լանջերով ու փոքրիկ լեռնային գյուղերով, որտեղ կծանոթանանք Նեպալի գյուղական առօրյային։ Ճանապարհին կվայելենք բացվող լեռնային տեսարանները․ պարզ եղանակին այստեղից երևում են Էվերեստի ու Նումբուր Հիմալի ձյունապատ գագաթները։
Օրվա վերջում կհասնենք Ջհապրե փոքրիկ գյուղ՝ իր բուդդիստական վանքով ու փոքրիկ լեռնային հյուրատներով։ Սենյակներում տեղավորվելուց հետո ժամանակ կունենանք հանգստանալու և գյուղում շրջելու համար։
Օր 5․ Պիկեյ Պիկի բազային ճամբար
Նախաճաշից հետո կշարունակենք վերելքը դեպի Պիկեյ Պիկի բազային ճամբար՝ մինչև 3640 մ։ Սա մեր քայլարշավի առավել բարդ օրերից է, քանի որ ճանապարհը հիմնականում վեր է բարձրանում՝ անցնելով խիտ ռոդոդենդռոնների անտառներով։
Բարձրանալուն զուգընթաց անտառները տեղը կզիջեն բաց լեռնային արոտավայրերին, իսկ մեր առջև կբացվեն Հիմալայների ավելի ընդարձակ տեսարանները։
Ճանապարհին կհանդիպենք նաև յակերի քարավանների, որոնք Հիմալայների լեռնային կյանքի անբաժան մասն են կազմում։
Հասնելով բազային ճամբար՝ կտեղավորվենք լեռնային հյուրատանը և կհանգստանանք։ Հաջորդ առավոտ մեզ սպասում է ծրագրի ամենատպավորիչ պահերից մեկը՝ արևածագը Պիկեյ Պիկի գագաթից։
Քայլարշավի տևողությունը՝ 5–6 ժամ։
Գիշերակացը՝ բազային ճամբարի լեռնային հյուրատանը։
Օր 6․ Պիկեյ Պիկի գագաթ – Ջունբեսի
Վերելքը կսկսենք վաղ առավոտյան՝ դեռ մթության մեջ, որպեսզի արևածագը դիմավորենք Պիկեյ Պիկի գագաթին՝ 4065 մ բարձրության վրա։ Արևի առաջին շողերի հետ Հիմալայների ձյունապատ գագաթներն աստիճանաբար կլուսավորվեն՝ ստանալով ոսկեգույն ու վարդագույն երանգներ։ Պարզ եղանակին այստեղից կտեսնենք Էվերեստը, Լհոցեն, Մակալուն, Կանչենջանգան և հորիզոնի երկայնքով ձգվող բազմաթիվ այլ գագաթներ։
Էվերեստը տեսնելու համար պարտադիր չէ հասնել նրա ստորոտը։ Պիկեյ Պիկի գագաթից պարզ եղանակին բացվում է մի տեսարան, որը հենց բազային ճամբարից չեք տեսնի՝ Էվերեստը Հիմալայների ձյունապատ գագաթների շարքում, արևածագի առաջին լույսի ներքո։
Տեսարանները վայելելուց ու լուսանկարվելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Ջունբեսի։ Մեզ սպասում է երկար վայրէջք, որի ընթացքում կհանդիպենք բուդդայական աղոթքներով փորագրված քարե պատեր, ստուպաներ և փոքրիկ բնակավայրեր։
Օրվա վերջում կհասնենք Ջունբեսի շերպայական գյուղը, որտեղ կտեղավորվենք հյուրատանը և կհանգստանանք հագեցած օրվանից հետո։
Օր 7․ Ջունբեսի – Թուպտեն Չոլինգ վանք
Այս օրը կանցկացնենք ավելի հանգիստ տեմպով՝ ծանոթանալով Ջունբեսիի շրջակայքին ու տեղի բուդդայական մշակույթին։ Նախաճաշից հետո գետի երկայնքով կքայլենք դեպի Թուպտեն Չոլինգ վանք։ Արահետը աստիճանաբար կբարձրանա՝ անցնելով փոքրիկ բնակավայրերի ու մշակված դաշտերի կողքով։
Լեռան լանջին տարածվող վանական համալիրը գործող հոգևոր կենտրոն է, որտեղ ապրում և ուսանում են բուդդայական վանականներ։ Կշրջենք համալիրում, կտեսնենք աղոթասրահները, կծանոթանանք վանական առօրյային։ Եթե մեր այցելությունը համընկնի աղոթքի ժամի հետ, հնարավորություն կունենանք լսելու նաև վանականների ծիսական երգեցողությունը։
Այցելությունից հետո կվերադառնանք Ջունբեսի։ Օրվա մնացած ժամանակը կտրամադրենք հանգստին ու գյուղում զբոսանելուն։
Քայլարշավի տևողությունը՝ 3–4 ժամ։
Գիշերակացը՝ Ջունբեսիում։
Օր 8։ Ջունբեսիից Փափլու և վերադարձ Կատմանդու
Նախաճաշից հետո հրաժեշտ կտանք Ջունբեսիին ու կսկսենք մեր վերջին քայլարշավը՝ դեպի Փափլու։ Ճանապարհը կանցնի գետի հովտով, փոքրիկ գյուղերի ու մշակված դաշտերի կողքով՝ ևս մի քանի ժամ հնարավորություն տալով վայելելու Նեպալի լեռնային առօրյան։
Փափլուում մեզ կսպասեն մեքենաները, որոնք կհասցնեն մեզ Կատմանդու։ Լեռնային գյուղերի խաղաղությանը աստիճանաբար կփոխարինեն մայրաքաղաքի աշխույժ փողոցներն ու ծանոթ աղմուկը։ Կտեղավորվենք հյուրանոցում և կհանգստանանք երկար ճանապարհից հետո։
Իսկ երեկոյան մեզ սպասվում է հրաժեշտի ընթրիք։
Օր 9։ Վերադարձ տուն
Տեղափոխում Կատմանդուի միջազգային օդանավակայան և թռիչք դեպի Երևան։ Տուն ենք վերադառնում՝ մեզ հետ բերելով Հիմալայների տեսարանները, Նեպալի գույներն ու միասին անցած ճանապարհի հիշողությունները։





















