Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռը ոչ միայն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է, այլև մի խորհրդանիշ, որի բարձրությունը յուրաքանչյուր հայ անգիր գիտի դեռ դպրոցական տարիներից։ Սակայն վերջին շրջանում հաճախ կարելի է հանդիպել մեկ այլ թվի՝ 5137 մետր։ Ո՞րն է իրականությունը և ինչո՞ւ են տվյալները տարբերվում։
Դասական և անփոփոխ ցուցանիշ
Տասնամյակներ շարունակ համաշխարհային քարտեզագրական աղբյուրներում Մասիսի բարձրությունը նշվել է 5165 մետր։ Հենց այս թիվն է օգտագործվում հայկական բոլոր քարտեզներում, գիտական գրականության և դասագրքերի մեջ։ Այս չորս թվերը տեսնելիս մենք միանգամից հասկանում ենք՝ խոսքը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի մասին է։ Այս ցուցանիշն ամրագրված է նաև խորհրդային տոպոգրաֆիկ քարտեզներում, որոնք մինչ օրս մասնագետների կողմից համարվում են աշխարհի ամենաճշգրիտներից մեկը։
Նույնիսկ ժամանակակից հայտնի հարթակները, ինչպիսին է opentopomap.org-ը, շարունակում են հավատարիմ մնալ 5165 մետր ցուցանիշին։ Այսօր Թուրքիան իր պաշտոնական աղբյուրներում օգտագործում է 5137 թիվը։ Քանի որ լեռն այժմ գտնվում է իրենց վարչական տարածքում, բազմաթիվ միջազգային նոր աղբյուրներ սկսել են կիրառել հենց այս տվյալը։ Սակայն սա չի նշանակում, որ նախկին թիվը սխալ էր։
Ինչո՞ւ են թվերը տարբերվում
Լեռների բարձրությունը չափելու մի քանի մեթոդ կա.
- Արբանյակային նավիգացիոն համակարգեր
- Տրիանգուլյացիոն (եռանկյունաչափական) մեթոդ
- Բարոմետրիկ և լազերային չափումներ
Քանի որ երկրակեղևը մշտապես շարժման մեջ է, տեկտոնական պրոցեսների հետևանքով լեռները կարող են իրականում փոխել իրենց բարձրությունը (բարձրանալ կամ իջնել)։ Բացի այդ, տարբեր մեթոդներ կարող են տալ մի քանի մետրի շեղում։
Ճի՞շտ, թե՞ սխալ
Իրականում այս հարցում չկա միանշանակ «սխալ»։ 28 մետրի տարբերությունը էական չէ և չի փոխում Արարատի կարգավիճակը։ Եթե Մասիսի դեպքում տարբերությունը չնչին է, ապա Սիփան լեռան պարագայում պատկերն այլ է։
Հին աղբյուրներով այն 4434 մետր էր, սակայն նոր չափումները ցույց տվեցին 4058 մետր։ Այստեղ 376 մետրի տարբերությունը փոխեց ամեն ինչ. Սիփանն այլևս չի համարվում Հայկական լեռնաշխարհի երկրորդ գագաթն ըստ բարձրության։
Ավելին, քան պարզապես թիվ
Արարատը հայերի համար պարզապես հերթական գագաթ չէ։ Մեր վերելքների ընթացքում ծնվել է մի կարգախոս՝ «Երբ կյանքդ փոխվում է 5165-ով»։ Արարատի վերելքը սովորական լեռնագնացություն չէ։ Այն ինքնաճանաչման ճամփորդություն է պատմության միջով, որից հետո կյանքդ իսկապես փոխվում է՝ անկախ նրանից, թե քարտեզի վրա ինչ բարձրություն է նշված։
















