Երազանքից մինչև իրականություն
Արարատի գագաթ բարձրանալը վաղ տարիքից իմ ամենամեծ երազանքներից մեկն է եղել։ Ապրելով Երևանից մի փոքր ավելի բարձրադիր վայրում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատը, սրտումս ծնվեց այդ մեծ երազանքը՝ մի օր անձամբ կանգնել Արարատի գագաթին։
Հաշվի առնելով այն փաստը, որ երեք տարի է արշավում եմ ArmGeo-ի հետ, Արարատի վերելքը ֆիզիկական առումով բարդ չէր ինձ համար, սակայն բոլորովին այլ էր էմոցիոնալ տեսանկյունից։
Այդ պահը երկար կմնա հիշողությանս մեջ
Վերելքի ընթացքում հուզիչ տեսարանները շատ էին։ Առաջին վրանային ճամբարում, երբ լսում էինք բոլորին հայտնի «Արարատ» երգը, առաջին հուզմունքն այդտեղ ապրեցի։ Հուզումնալից էր նաև վերադարձի ճանապարհը՝ երբ արդեն 2200 մ բարձրության վրա կանգ առանք ու հետ հայացք գցեցինք դեպի Արարատը։ Այդ պահը երկար կմնա հիշողությանս մեջ։
Մեզ շատ ոգևորում էր ուղեկցորդ Լիլիթի խոսքերը։ Նրա պարզ, բայց ոգևորող «Good job, guys»-ը հաճախ ավելին էր ասում և ուժ էր տալիս շարունակելու։
Վերջին քայլերը դեպի երազանք․․․
Վերջին 200 մետրն իսկապես առանձնահատուկ էր։ Երբ գիտակցում ես, որ արդեն շատ մոտ ես գագաթին, քեզ պատում են հույզերի բոլոր երանգները՝ տխրությունից մինչև անասելի ուրախություն ու հպարտություն։ Սիրտդ սկսում է բաբախել այլ ռիթմով։
Վերելքից հետո մեծ հպարտություն և հանգստություն եմ զգում, վերջապես իրականացրի նպատակս, որի մասին մտածել եմ տարիներ շարունակ։ Վերելքն իսկապես փոխում է կյանքդ, դու ոչ միայն ֆիզիկապես ես կոփվում, այլև՝ հոգեպես, և սկսում ես կյանքի դժվարություններին ավելի թեթև նայել։
Վերելքի ընթացքում ձևավորված ընկերությունն ինձ համար ևս շատ թանկ է։ Գրեթե ողջ ճամփորդության ընթացքում մեր խումբը լիաթոք ծիծաղել է և ունեցել բարձր տրամադրություն, ինչի «մեղավոր»-ը հաճախ ես էի։ Իսկ Բայազետում և Վանում անցկացրած մեր օրերն ուղղակի հեքիաթային էին։
Բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ մտածում են վերելքի մասին, անպայման խորհուրդ կտամ գնալ իրենց երազանքի ետևից։ Արարատը ոչ միայն լեռ է, այլ նաև մեր ուժի խորհրդանիշը, ու այն արժե տեսնել մոտիկից՝ սեփական աչքերով։
Իսկ վերջում, ուզում եմ շնորհակալություն հայտնել Armenian Geographic-ի ողջ անձնակազմին, ինձ տրված հնարավորության համար։












