Արարատը՝ հավերժական սեր
Արարատը կյանքիս ամեն օրվա սկիզբն ու ուղեկիցն է եղել, իսկ Արարատի հանդեպ սերը հորիցս է փոխանցվել՝ դեռևս մանուկ հասակում: Բարձրանալու որոշումս վաղուց հստակ էր, սակայն անընդհատ հետաձգվում էր, միգուցե ճիշտ պահը հիմա հասունացավ: Արարատ բարձրանալը սրտիս խորքում միակ երազանք էր, ոչ թե նպատակ կամ ցանկություն, որն իրագործելի է։
Կյանքիս խորագույն և անմոռանալի զգացումները
Վերելքը պատկերացնում էի քիչ էմոցիոնալ, քան իրականում կար, բայց վստահ կարող եմ ասել, որ ապրել եմ կյանքիս խորագույն և անմոռանալի զգացումները։ Վերելքի ընթացքում ինձ համար կարևոր դարձան այն լուսավոր մարդիկ ու նոր ընկերներն, ում ձեռք բերեցի այդ կարճ օրերի ընթացքում, ովքեր լինելով նույն նպատակի շուրջ հավաքված, նույն ուղղությամբ նայող՝ դարձան հարազատ։ Ամբողջ ճանապարհը լցված էր իրար հանդեպ լուռ հոգատարությամբ ու անմնացորդ մարդասիրությամբ, որը լրացուցիչ ուժ էր հաղորդում վերելքին:
Առաջին իսկ վայրկյաններից սկսած գիտակցված ու ամբողջովին ներգրավված եմ եղել ընթացքի մեջ, փորձել եմ հնարավորինս վայելել ու մտապահել յուրաքանչյուր ակնթարթ։ Վերելքի սկզբում զգացողություններն ավելի քիչ էին, քան դեպի գագաթ վերելքի ժամանակ, սակայն առավել դժվար ու հուզիչ էր վերջում՝ բաժանման գիտակցումը: Վայրէջքի յուրաքանչյուր նոր քայլն ավելի էր հեռացնում երջանկությունից, որը մինչ օրս վերադարձի ցանկություն է առաջացնում:
Նման երջանկությունը հեշտ չի տրվում
Նույնիսկ ամենահոգնած ու դժվար պահերին ժպտացել եմ և յուրաքանչյուր փորձություն հաղթահարել եմ լռությամբ, քանի որ ճանապարհս ինքնահաղթահարման ճանապարհ էր ու միակ նպատակս գագաթ հասնելն էր, իսկ նման երջանկությունը հեշտ չի տրվում։
Դեպի գագաթ վերջին քայլերս կարծես սավառնում լինեին, չէի զգում ոչ մի դժվարություն, քանզի սիրտս վառվում էր, ականջներումս սրտիս զարկերն էին, աչքերիցս էլ ուրախության արցունքներ էին հոսում։
Արարատից ավելի լավ լեռ չկա
Արարատի վերելքից հետո կյանքս բաժանվեց Արարատից առաջ և Արարատից հետո, որտեղ Արարատից հետոն դարձավ առավել գիտակցված ու խաղաղ, ոգեշնչումով լի և կյանքի հանդեպ առավել մեծ սիրով լցված: Արարատի վերելքի ընթացքում սովորեցի, թե որքան կարևոր են «փոքր քայլերը»՝ կյանքի բոլոր իրավիճակներում, առանց որոնց գագաթ հասնելն անհնար կլիեր։ Վերելքի ժամանակ բնականաբար ամրապնդվեց իմ կամքի ուժն ու ֆիզիկական դիմացկունությունը, ինչն էլ ստիպում է մտածել, որ ինքս ինձ եմ հաղթել… Արարատն ինքնահաղթահարման ճանապարհ էր:
Սիրելի պոետներիցս մեկն ասել է, որ «լեռներից լավ միայն այն լեռներն են, որտեղ դեռ չես եղել», բայց դառնալով Արարատված՝ համոզվել եմ, որ Արարատից ավելի լավ լեռ չկա ինչպես իմ, այդպես էլ ցանկացած հայի համար:
Վերելքիցս փորձեցի փոխանցել զգայական մասը, մտավոր ու հոգևոր ապրումները՝ չանդրադառնալով ֆիզիկականին ու ցանկանում եմ, որ Արարատով տարված ցանկացած հայ ապրի այդ զգացողությունները՝ հաղթահարելով ինքն իրեն, ես էլ կշարունակեմ ապրել, Արարատի հանդեպ սերը՝ որպես հավերժություն սրտումս կրելով…
Աննա Աբրահամյան
















