Արարատի գագաթին՝ երազանքից իրականություն
Արարատ բարձրանալու երազանքը միշտ իմ մտքում էր, բայց երկար ժամանակ անիրական էր թվում։ Որոշումը կայացրի 2024 թվականի վերջին, երբ գրում էի հաջորդ տարվա նպատակներիս ցանկը։ Դրանից հետո, ամեն օր աշխատավայրիս պատուհանից նայում էի Արարատին ու ինքս ինձ ասում․ «Մի օր ես այդ գագաթին լինելու եմ»։ Որոշումը կայացնելու պահից սկսեցի պատրաստվել․ պատվիրեցի անհրաժեշտ իրերը, ավելի հաճախ սկսեցի մասնակցել արշավների: Աշխատավայրս 7-րդ հարկում է, ամեն առավոտ ոտքով էի բարձրանում ու երբ հարցնում էին՝ ինչո՞ւ, կես կատակ, կես լուրջ ասում էի․ «Արարատին եմ պատրաստվում», դե հասկանում էի, որ դա շատ փոքր բան է, բայց անում էի լուրջ ու պարտաճանաչ կերպով։
Դժվարությունները և հավատը՝ վերելքի ճանապարհին
Գիտակցում էի, որ հեշտ չի լինելու` և՛ ֆիզիկական, և՛ էմոցիոնալ առումով։ Իրականությունն էլ հենց այդպիսին էր՝ դժվար, բայց ոչ անակնկալ։ Քանի որ, ի սկզբանե, պատրաստ էի այդ փորձությանը, դժվարություններին համակերպվելն ինձ համար շոկային չէր։ Սկզբում, երբ հանդիպում էի մարդկանց, ովքեր արդեն բարձրացել էին Արարատ, հարցերի միջոցով փորձում էի հասկանալ դժվարության աստիճանը։
Բայց մի պահ հասկացա, որ «դժվարը» շատ սուբյեկտիվ է, ու այդ պահից սկսած որոշեցի պարզապես ընդունել, այո, ինձ համար դժվար է լինելու, և հավատալ, որ ես կհաղթահարեմ այն։
Անհնարից հնարավոր
Երբ հասանք առաջին ճամբար, արդեն բավական հոգնած ու ուժասպառ էի։ Այդ պահին հայացքս բարձրացրի դեպի երկրորդ ճամբար, ապա՝ գագաթ, և մի պահ ամեն ինչ անհնար թվաց։ Չէի կարողանում պատկերացնել, որ կկարողանամ հասնել այդ բարձունքին։ Այդ պահն ինձ համար հուզական հաղթահարման պահ էր․ ստիպեցի ինձ չմտածել այդ մասին ու ինքս ինձ ասացի․ «Կարողանալու ես»։
Երկրորդ ճամբարից դեպի գագաթ բարձրանալու ճանապարհին հույզերս ինձ ստիպեցին լաց լինել, իսկ երբ հասա Արարատի ձյունոտ հատվածին, սկսեցի ավելի բարձր ձայնով լացել և քայլել դեպի երազանք։ Մեր ուղեկցորդ Քրիսը կատակում էր, ասելով․ «Մի քիչ էլ արցունք պահիր, որ գագաթին լացես»։ Գիտակցում էի, որ ճանապարհի մեծ մասն անցել եմ, ու այլևս գագաթ չհասնելու տարբերակ չկա, բայց ուժերս արդեն սպառվել էին։ Պարզվեց, որ միշտ էլ ուժ կա, եթե միայն հավատաս ինքդ քեզ։
Մի քայլով էլ մոտեցա իմ երազանքի գագաթին
Ինձ հատկապես ուժ էին տալիս մտքերս։ Ինձ նվիրել էի Արարատի ճանապարհին և յուրաքանչյուր քայլից հետո ինքս ինձ ասում էի․ «Դիանա՛, դու մի քայլով էլ մոտեցար քո երազանքի գագաթին»։ Բայց ամենամեծ ուժն ու ոգեշնչումն, իհարկե, հարազատներիս ու սիրելի մարդկանց հավատն էր։ Երբ թվում էր՝ այլևս չեմ կարող, հիշում էի, թե քանի հոգի է սպասում իմ «Հասել եմ գագաթ»-ին, և շարունակում էի ճանապարհս։
Գագաթին կանգնելը բառերով դժվար է նկարագրել։ Հիմա հիշելիս կրկին հուզվում եմ: Վերջին քայլերն անելիս ինքս ինձ հարցնում էի․ «Ես արեցի՞ դա»։ Երջանկություն, հպարտություն, բավարարվածություն, ազատություն… ամեն ինչ միախառնվել էր։ Արարատի գագաթին ես իսկապես զգացի, որ արեցի այն, ինչին այսքան սպասել ու հավատացել էի։ Իսկ իջնելու մասին նույնիսկ չէի մտածում․ վստահ էի՝ գագաթ հասնելն ինձ ուժ կտա նաև վերադարձի համար։
Կյանքի 5165-ով փոխվելն ինձ համար ուղղակի արտահայտություն չէ, այլ՝ իրականություն: Ճամփորդել շատ եմ սիրում, բայց դեպի Արարատ «ճամփորդությունը» ոչ մի բանի հետ չեմ համեմատի: Այն բացահայտեց իմ մեջ այնպիսի ուժ ու տոկունություն, որոնց մասին անգամ պատկերացում չունեի։ Արարատից հետո ինձ ավելի լավ եմ ճանաչում, ինձ զարմացրել եմ ու ապացուցել՝ ամեն ինչ հնարավոր է։ Հիմա էմոցիաներս դեռ շատ տաք ու թարմ են, բայց կարծում եմ՝ այն ինչ տվեց ինձ Արարատը, կյանքիս վրա շրջադարձային ազդեցություն է ունենալու:
Արարատից հետո՝ նոր երազանքների հետևից
Եթե մարդիկ կան, ովքեր դեռ մտածում են Արարատի վերելքի մասին, ապա նրանց կասեմ, որ կասկած չունենան, միտքը դարձնեն քայլեր և առաջ շարժվեն։ Մի օր ինքներդ ձեզ շնորհակալություն եք ասելու այդ որոշման համար, որովհետև հենց Արարատի վերելքի ընթացքում եք տեսնելու ամենասիրուն մարդկանց ու մայրամուտները:
Իմ առաջին բարձրացած սարը Խուստուփն է եղել: Չնայած, որ բավականին դժվար է ստացվել վերելքն ինձ մոտ, միևնույն է անսահման հիացած էի Խուստուփի գեղեցկությամբ: Հիշում եմ դրանից հետո, երբ ինչ-որ մեկն ինձ ասում էր Արարատ է բարձրանալու, զարմանում էի, ու անգամ մտքիս ծայրով չէր անցնում, որ այդ «մեկ»-երից մեկը մի օր ես եմ լինելու: Արարատից հետո, հոգնածության պատճառով ասում էի. «Վերջ, էլ ոչ մի 5000+ սար», բայց վերադառնալուց մի քանի օր անց արդեն համացանցում Էլբրուսի մասին տեղեկություն էի փնտրում, տեսնենք-տեսնենք)):
Ամփոփելով, ուզում եմ ասել, որ Արարատն իմ երազանքն էր, որն իրականացավ: Սարն իջնելուց հետո քննարկում էինք, թե ով է հիշել գագաթին երազանք պահելու մասին։ Ու ես այդ պահին հասկացա, որ իմ երազանքը հենց Արարատն էր ու ես գագաթին ուղղակի գիտակցում էի, ապրում էի դրա իրականացումը:
Դիանա Թավադյան















