Արարատը սկսվում է երազանքից
Երբ նոր էի սկսում արշավել ու լեռներ գնալ, մտքովս անգամ չէր անցում, որ մի օր կկանգնեմ Արարատի գագաթին։ Արշավների ընթացքում հաճախ էի լսում մասնակիցների պատմությունները՝ ինչպես են բարձրացել Արարատ, ինչ զգացողություններ են ունեցել։ Ամեն անգամ, երբ հեռվից տեսնում էի Արարատը, մտածում էի՝ ինչ հաջողակ են նրանք, ովքեր քայլել են Արարատի լանջերին, կանգնել գագաթին։ Արարատ բարձրանալու միտքը ծնվեց Աժդահակի լանջին, երբ արշավականներից մեկը կիսվում էր վերելքի իր պատմությամբ։ Այդ պահին ինքս ինձ հարցրի․ «Իսկ ի՞նչ կլինի, եթե հաջորդ տարի ես էլ փորձեմ բարձրանալ Արարատ»։
Երբ լեռը դառնում է ուղեկից
Արարատ բարձրանալու գիտակցումը եկավ բազային ճամբարում առաջին անգամ գիշերելուց հետո, երբ լուսադեմին դուրս եկա վրանից՝ տեսնելով հեռվում հազիվ երևացող Բայազետն ու նոր ծագող արևից լուսավորվող Արարատը։
Լույսը նոր էր բացվում, ճամբարը դեռ քնած էր, ուստի հնարավորություն ունեցա որոշ ժամանակ մենակ մնալ Արարատի հետ։ Երկար զրուցեցինք։ Աննկարագրելի զգացողություններ էին։
Ամենադժվարը, թերևս, երրորդ օրն էր՝ գագաթ բարձրանալիս։ Վերելքը սկսեցինք գիշերը ժամը 1-ին։ Բավականին ուժեղ քամի էր, որին գումարվում էր նաև բարձրության ազդեցությունն օրգանիզմիս վրա։
Այդ պահին վճռորոշ եղան ուղեկցորդներ Տաթևի խորհուրդները և Լիլիթի ոգևորող խոսքը։ Շուտով, երբ սկսեց լուսանալ, օգնեց նաև Արարատը՝ ցույց տալով մեզ գագաթը։
Հույզեր, որոնք ոչ մի սարի վրա չեմ ապրի
Երբ առաջին անգամ ոտք դրեցի գագաթին ու սաստիկ քամու պատճառով նստեցի, մի քանի րոպե շոկի մեջ էի․ «Մի՞թե ես գագաթին եմ, կարողացա՞»։ Հետո, երբ տեսա ընկերներիս ուրախությունն ու Սիսը վերևից, ինքս ինձ ասացի․ «Այո, կարողացա»։ Մնացածն արդեն հույզեր էին, որոնք վստահաբար այլևս երբեք ոչ մի սարի վրա չեմ ապրի։
Ամենահուզիչը հրաժեշտի պահն էր, երբ արդեն իջել էինք սարից ու մոտեցել մեզ սպասող մեքենաներին։ Մինչ խմբի մնացած անդամները ևս կհասնեին մեքենաներին, մենք կանգնած նայում էինք Արարատին, վերհիշում սարի վրա ապրած բոլոր պահերն ու շնորհակալություն հայտնում մեզ հյուրընկալելու համար։ Արարատն էլ իր հերթին կարծես թախիծով նայում էր մեզ ու սպասում, որ կասենք․ «Նորից կգանք»։
Կյանքս մինչ գագաթ ու դրանից հետո
Արարատի գագաթին լինելը միանշանակ այն սահմանն է, որը բաժանում է կյանքս մինչև վերելքը և վերելքից հետո։ Արարատը վերելքի երրորդ օրը սովորեցրեց լինել համառ, բայց միևնույն ժամանակ համբերատար, քանի որ, ի վերջո, միշտ գալիս է լուսաբացը։
Արարատն ուղղակի հերթական սար չէ։ Այն ինքնաճանաչման, աննկարագրելի զգացողությունների ու փառքի ճանապարհ է։ Ի վերջո, Արարատն այն է, ինչ տեսնում և որով հիանում ենք ամեն օր։
Ինչպես ասում էր մեր խմբի ուղեկցորդ Լիլիթը․ «Գագաթին կանգնելուց հետո ամեն անգամ Արարատը տեսնելիս անպայման ջերմորեն ժպտալու եք»։ Հաստատում եմ, դա իրոք այդպես է ))
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Armenian Geographic-ին արշավական մշակույթին ծանոթացնելու և այն զգացողությունների համար, որոնք ամեն անգամ ապրում ենք արշավների ընթացքում։ Իսկ իմ ու Արարատի պատմությունը կարծում եմ դեռ ավարտված չէ․․․















