Լեռները միշտ եղել են հայկական տոկունության խորհրդանիշը, սակայն կան անուններ, ովքեր մեր դրոշը հասցրել են մոլորակի ամանեբարձր գագաթներ: 1999 թվականի Լև Սարկիսովի պատմական ռեկորդից մինչև 2026 թվականի հայաստանյան «երկյակի» վերելքը՝ Էվերեստի պատմությունը հարստացել է բացառիկ հայկական էջերով։ Այս շարքում բացահայտում ենք այն հայ լեռնագնացներին, ովքեր հաղթահարեցին սառցե քամիներն ու ծայրահեղ փորձությունները հասնելով Էվերեստի գագաթ։
Լև Սարկիսով. Էվերեստը նվաճած առաջին հայը
Լև Սարկիսովը (Լևոն Սարգսյան) լեգենդար լեռնագնաց է։
1999 թ. մայիսի 12-ին դարձավ պատմության մեջ առաջին հայը, ով կանգնեց աշխարհի տանիքին: Վերելքի պահին նա 60 տարեկան և 161 օրական էր: Այդ ձեռքբերմամբ նա պաշտոնապես գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես այդ պահին Էվերեստ բարձրացած ամենատարեց մարդը: Վերելքն իրականացրել է հյուսիսային՝ տիբեթյան կողմից։
Լև Սարկիսովի համար Էվերեստը «Ձնահովազ» տիտղոսից հետո իր մարզական ուղու տրամաբանական գագաթնակետն էր։ Նա սիրով ընդունեց «Կովկաս-99» միջազգային արշավախմբին միանալու հրավերը, որի նպատակն էր ազգամիջյան համերաշխության գաղափարը:
Լև Սարկիսովի մասին ավելի մանրամասն կարդացեք «լեռներն ազգություն չեն ճանաչում» հոդվածում։
Իգոր Խալաթյան. Էվերեստը նվաճած երկրորդ հայը
Իգոր Խալաթյանը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում. մասնագիտությամբ ծրագրավորող է, ՏՏ ոլորտի գործարար և հաջողակ սթարթափների հիմնադիր, ով իր կյանքը սերտորեն կապել է բարձրլեռնային սպորտի հետ:
2002 թ. մայիսի 16-ին նվաճեց Էվերեստը՝ դառնալով երկրորդ հայ լեռնագնացը աշխարհում և առաջին ՀՀ քաղաքացին Էվերեստի գագաթին։
Չնայած նրան, որ Իգորը ապրում էր ԱՄՆ-ում նա առաջին մարդն է, ով իր վերելքը գրանցել է ՀՀ անձնագրով։
Վերելքն իրականացրել է տիբեթյան կողմից՝ հայտնի «7 Summits Club»-ի կազմում՝ Ալեքսանդր Աբրամովի ղեկավարությամբ:
Կարո Հովասափյան․ «7 գագաթ»
Կարո Հովասափյանը Էվերեստի գագաթին է հասել 2011 թ. մայիսի 21-ին։ Սա նշանակալի իրադարձություն էր, քանի որ Իգոր Խալաթյանի վերելքից (2002 թ.) հետո շուրջ 9 տարի ոչ մի հայ չէր կանգնել աշխարհի ամենաբարձր գագաթին։ Վերելքն իրականացրել է հարավային երթուղով՝ Նեպալի կողմից, միջազգային հեղինակավոր «International Mountain Guides» (IMG) խմբի կազմում։ Հասնելով գագաթ՝ նա ծածանեց Հայաստանի եռագույնը և ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն) դրոշը՝ իր հաղթանակը նվիրելով համահայկական սկաուտական և մարզական շարժմանը։
Իրենա Խարազովա. Էվերեստը նվաճած առաջին հայ կինը
Իրենա Խարազովան ռուսաստանաբնակ լեռնագնաց է, ով պատմության մեջ է մտել որպես աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճած առաջին հայուհին։ Կրթությամբ երկրաբան է, երկար տարիներ աշխատել է նավթագազային ոլորտում։ 2016 թ. մայիսի 20-ին կանգնեց աշխարհի տանիքին: (Հետաքրքիր է, որ ընդամենը երկու օր անց գագաթ բարձրացավ նաև Արա Խաչատուրյանը):
Վերելքն իրականացրել է տիբեթյան կողմից՝ «7 Summits Club»-ի կազմում՝ Ալեքսանդր Աբրամովի ղեկավարությամբ։
Իրենա Խարազովայի ուղին սկսվեց ընկերական կատակից, երբ օդաչուն ցույց տվեց Կիլիմանջարոյի գագաթը ինքնաթիռի պատուհանից և ասաց, որ ով ուզում է ինքն իրեն բան ապացուցել պետք է բարձրանա Կիլիմանջարո։
Կիլիմանջարոյի վերելքը շրջադարձային էր նրա կյանքում։ Լեռները դարձան նրա կյանքի անբաժան մասը և արթնացավ աշխարհի տանիքին հասնելու գաղափարը։
Արա Խաչատուրյան
Արա Խաչատուրյանը ֆրանսահայ լեռնագնաց, մարզիկ և խաղաղության ակտիվիստ է, ով հայտնի է իր տպավորիչ մարզական ձեռքբերումներով և մարդասիրական մեծ նախաձեռնություններով։
2016 թ. մայիսի 22-ին նա հաջողությամբ հասավ աշխարհի տանիքին: Իր այս հաղթանակը նա նվիրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությանն ու համաշխարհային խաղաղությանը։
Վրելքն իրականացրել է հյուսիսային՝ տիբեթյան բարդ երթուղով, հանրահայտ «7 Summits Club»-ի կազմում՝ Ալեքսանդր Աբրամովի ղեկավարությամբ։ (Նշենք, որ ընդամենը երկու օր առաջ նույն խմբի հետ գագաթ էր բարձրացել առաջին հայուհին՝ Իրենա Խարազովան):
Հասնելով նպատակակետին՝ նա Էվերեստի գագաթին ծածանեց Հայաստանի, Արցախի և Ֆրանսիայի դրոշները
Ավետիս Կալպակլյան
Ավետիս Կալպակլյանը Լիբանանում հայտնի “PMax” էքստրեմալ տուրիզմի և լեռնագնացության ակումբի հիմնադիրն է, փորձառու հրահանգիչ ու մարզիկ։
2019 թ. մայիսի 23-ին նա դարձավ աշխարհում 7-րդ հայ լեռնագնացը, ով կանգնեց աշխարհի տանիքին։ Մայիսի 23-ը Էվերեստի պատմության մեջ մտավ որպես ամենածանրաբեռնված օրերից մեկը. ռեկորդային թվով լեռնագնացների պատճառով հայտնի «Հիլարիի քայլի» մոտ մարդկային խցանումներ էին առաջացել։
Վերելքն իրականացրել է «The Lebanese Everest Expedition 2019»-ի կազմում (ուղեկցությամբ՝ «Peak Promotion»-ի)։
Որոշումը վերջնական դարձավ, երբ ձևավորվեց պատմական լիբանանյան արշավախումբը. Ավետիսը ցանկանում էր ոչ միայն իրագործել բազմաթիվ լեռնագնացի կյանքի գլխավոր նպատակը, այլև աշխարհի ամենաբարձր կետից ապացուցել, որ լիբանանահայ համայնքն ունի անկոտրում ոգի և ուժ՝ պատվով հաղթահարելու ցանկացած «խցանում» ու ճգնաժամ՝ ինչպես կյանքում, այնպես էլ լեռներում։
Առնո Տեր-Սահակով
Առնո Տեր-Սահակովը Էվերեստի գագաթ է հասել 2019 թ. մայիսի 23-ին։ Դա բացառիկ օր էր. մինչ Առնոն գագաթ էր բարձրանում հյուսիսից (Տիբեթ), Ավետիս Կալպակլյանը նույն ժամերին գրոհում էր լեռը հարավից (Նեպալ)։
Վերելքն իրականացրել է տիբեթյան կողմից՝ «7 Summits Club»-ի կազմում՝ Ալեքսանդր Աբրամովի ղեկավարությամբ։ Ի տարբերություն հարավային կողմի մարդկային խցանումների, հյուսիսային երթուղում գլխավոր մարտահրավերը եղանակն էր. 8700 մետրից բարձր գոտում մոլեգնում էին սառցե ուժեղ քամիներ, ինչը թիմից պահանջեց գերմարդկային կամք։
Առնոյի համար Էվերեստը ոչ թե ակնթարթային ցանկություն էր, այլ լեռների հանդեպ տարիների հասունացած սիրո և ինքնակատարելագործման արդյունք։ Լինելով բարձրալեռնային վերելքների սիրահար՝ նա իր առջև նպատակ դրեց հաղթահարել մոլորակի բարձրագույն կետը հենց տիբեթյան՝ առավել խիստ ու քամոտ երթուղով։
Գևորգ Գասպարյան.
Գևորգ Գասպարյանը իրագործեց Հայաստանի լեռնագնացության պատմության ամենասպասված վերելքներից մեկը։
2024 թ. մայիսի 20-ին Գևորգը Էվերեստի գագաթին ծածանեց Հայոց եռագույնը և շարական երգեց։
Վերելքն իրականացրել է հարավից (Նեպալ)՝ «8K Expeditions»-ի կազմում, որը ղեկավարում էր Լակպա Շերպան։ Նույն խմբում էր լեգենդար ուղեկցորդ Պեմա Չհիրինգ Շերպան, ով այդ օրը 25-րդ անգամ հասավ գագաթ։
Հայկ Մարգարյան
Գևորգի հաջողությունից ընդամենը մեկ օր անց՝ 2026 թ․-ի մայիսի 21-ին, նույն ընկերության մեկ այլ խմբով գագաթ բարձրացավ Հայկ Մարգարյանը։
Թեև երկու լեռնագնացներն էլ ներկայացնում էին «8K Expeditions» ընկերությունը, բայց բարձրանում էին տարբեր ենթախմբերով։
Հայկ Մարգարյանը Հայաստանում բնակվող գործարար է։ Նա հանրությանը հայտնի է նաև որպես նախկին Հայ տղեք խմբի անդամ (ՀՏ Հայկո)։
Հայկը մինչև 7000 մ բարձրությունը քայլել է առանց հավելյան թթվածնի։ Նրա համար Էվերեստը սեփական ֆիզիկական հնարավորությունների սահմանն ու մասնագիտական առավելագույն նշաձողը ստուգելու մարտահրավեր էր։ Նա որոշեց գնալ այս քայլին՝ ոչ միայն անձնական երազանքն իրագործելու, այլև ցույց տալու, որ հայկական լեռնային դպրոցի ներկայացուցիչներն էլ կարող են հասնել աշխարհի ամենաբարձր կետին։










