Ճանապարհ, որ միավորում է
Եթե անկեղծ լինեմ, Արարատ բարձրանալու երազանքը սկզբում իմը չէր։ Ես երբեք առանձնապես չեմ երազել այդ մասին, թեև միշտ գիտեի, որ նման հնարավորություն կա, և այն տալիս է ArmGeo-ն։ Սոցցանցերում հետևում էի տարբեր վերելքների, կարդում «Արարատվածների» պատմությունները և հետաքրքրությամբ հետևում մարդկանց ապրումներին։
Իսկական երազողը իմ ընկերուհի Լիլիթն էր։ Նա երկար տարիներ ցանկանում էր բարձրանալ Արարատ, և մի օր որոշեցինք միասին իրականացնել այդ երազանքը։ Մեր առաջին փորձը պետք է լիներ 2024 թվականի օգոստոսին, սակայն կյանքը երբեմն սեփական ծրագրերն ունի։ Լիլիթի առողջական խնդիրների պատճառով ստիպված եղանք հետաձգել վերելքը։ Երազանքը մնաց սպասման մեջ, բայց ոչ մի պահ չկորավ։
Իմ Արարատը փնտրելու ճանապարհին
Արդեն բարձր լեռների վերելքի փորձ ունեի և վստահ էի, որ ֆիզիկական առումով մեծ դժվարությունների չեմ հանդիպի։ Այդ պատճառով այս անգամ ավելի շատ մտածում էի ոչ թե ճանապարհի բարդությունների, այլ այն զգացողությունների մասին, որոնք կարող էր տալ Արարատը։
Արարատվածների պատմություններն ընթերցելով՝ գիտեի, որ յուրաքանչյուր հայ իր յուրովի ձևով է ընկալում Սարը․ մեկի համար այն ազգային ինքնության խորհրդանիշ է, մյուսի համար՝ մանկության երազանք կամ Երևանին հեռվից «հետևող» ծերունի։ Ես ուզում էի իմ խորհրդանիշը բացահայտել։
Մի բան հստակ էր՝ Արարատը համախմբում է տարբեր տեսակի մարդկանց մի նպատակի շուրջ՝ անձնական կամ խորհրդանշական վերելքի։ Մարդիկ, որոնք մինչ այդ անծանոթ էին, վերելքի ընթացքում դառնում են մեկ ամբողջություն։ Մեկը դառնում է մեր ոտքերը, մյուսը՝ ձեռքերը, մեկ ուրիշը՝ սիրտը։ Ամեն ոք դառնում էր անփոխարինելի, ու առանց մյուսի ներկայության գագաթը հասնելը կիսատ ու դատարկ կթվար։
Արցունքներ գագաթին
Վերելքի ընթացքում բազմաթիվ հիշարժան պահեր եղան, բայց ամենահուզիչ հիշողությունն ինձ համար գագաթին էր։
Մեր խմբում կային նաև օտարազգի մասնակիցներ, և նրանց հուզմունքը տեսնելը շատ տպավորիչ էր։
Այդ պահին հատկապես զգացվեց, որ Արարատը սահմաններ չի ճանաչում։ Այն կարողանում է դիպչել մարդկանց՝ անկախ ազգությունից, լեզվից կամ անցած ճանապարհից։ Երբեմն այդ զգացողությունն այնքան ուժեղ է լինում, որ բառերի փոխարեն խոսում են արցունքները։
Երբ ուժ է տալիս հենց Արարատը
Դժվար պահերին ամենամեծ ոգեշնչումը հենց Արարատն էր։ Բավական էր նայել նրա հզոր լանջերին ու հասկանալ, որ յուրաքանչյուր քայլ քեզ մոտեցնում է նպատակին։ Այդ գիտակցությունն ուժ էր տալիս շարունակելու։
Այդ պահին Արարատն այլևս պարզապես լեռ չէր թվում։ Այն վերածվում էր մի զգացողության՝ ավելի մեծ, քան դու ինքդ ես, որը քեզ ուժ էր տալիս առաջ շարժվել։
Երբ վերջապես հասա գագաթ, առաջին զգացողությունս խաղաղությունն էր։
Ես խմբի վերջին մարդն էի, ով հասավ վերև, ու գուցե հենց դրա համար հատկապես ուրախ էի։ Նայում էի շուրջս և հասկանում, որ բոլորս միասին հասել ենք մեր նպատակին։ Այդ գիտակցությունն ավելի կարևոր էր, քան անձնական հաղթանակը։
Այդ պահին ամեն ինչ իր տեղն էր ընկել։
Իմ «5165»-ը
Հետո փորձեցի հասկանալ, թե ինչ մնաց ինձ հետ այս ճանապարհից։
Եթե պետք է նկարագրեմ այն մեկ թվով, ապա դա կլինի 5165-ը։
5՝ ուժի հինգ սյուն՝ մարմին, միտք, սիրտ, հոգի և հավատ։
16՝ տասնվեց սիրտ, որոնք ճանապարհին դարձան մեկ ընտանիք։
5՝ գագաթի հինգ նվեր՝ երախտագիտություն, խաղաղություն, վստահություն, համարձակություն և ոգեշնչում։
Եթե այսօր հանդիպեմ մեկին, ով դեռ կասկածում է՝ բարձրանալ Արարատ, թե ոչ, կասեմ միայն մեկ բան. Արարատը պարզապես լեռ չէ։ Դա ճանապարհ է դեպի քո ավելի ուժեղ, ավելի համառ և ավելի համարձակ տարբերակը։ Գագաթին չեն հասնում ամենաուժեղ մարդիկ։ Գագաթին հասնում են նրանք, ովքեր պատրաստ են անել ևս մեկ քայլ, երբ թվում է, թե այլևս ուժ չկա։ Իսկ այդ մեկ քայլը երբեմն կարող է փոխել ամբողջ կյանքը։
Արարատից հետո տուն ես վերադառնում, բայց նույն մարդը այլևս չես լինում։
Գոհար Արզումանյան




















