Համշեն․ Թեյի մշակույթի հետքերով
Մայիսի 6-9, 2027
Իրականացնելու ենք ուղևորություն դեպի Համշեն՝ մեր մշակած բացառիկ ծրագրով և մեզ հատուկ ձևաչափով։
Համշենն անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով առանձնացող երկրամաս է, որը գտնվում է Արևելապոնտական լեռնաշղթայի երկնասլաց գագաթների ստորոտում։
Այլ ազգերի հետ մեկտեղ՝ այսօր էլ Համշենում ապրում են փոքրաթիվ էթնիկ հայեր, որոնք պահպանել են իրենց յուրահատուկ բարբառը, երաժշտությունն ու մշակութային ավանդույթները։
Մեր ճանապարհորդության ընթացքում կայցելենք պատմական Զիլ ամրոցը, կտեսնենք Համշենի նշանավոր միաթռիչք կամուրջները, կլինենք սարվորների յայլաներում ու թեյի պլանտացիաներում, ինչպես նաև կիրականացնենք քայլարշավ դեպի գահավիժող Մենջունա ջրվեժը։
Սա պարզապես ուղևորություն չէ դեպի գեղեցիկ բնություն․ այն հնարավորություն է բացահայտելու Համշենի յուրահատուկ աշխարհը՝ նրա բնությունը, պատմությունն ու մարդկանց։
Օր 1։ Դեպի Համշեն
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Համշեն։ Անցնելով Արսյան լեռները կուղևորվենք դեպի Շավշատի գավառ։
Շավշատում կունենանք կանգառ Բագրատունիների կողմից կառուցված Շավշատի բերդի մոտ։ Բերդի բարձունքից կվայելենք բացվող տեսարանները։
Այնուհետև Ճորոխի կիրճով կուղևորվենք դեպի Համշեն։ Ճանապարհին կունենանք կանգառ լեռան լանջին փռված Արտվին քաղաքում և Ճորոխի ափին։
Երեկոյան կհասնենք Սև ծովի ափ։
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 2։ Կամուրջներ, ջրվեժներ ու Զիլ ամրոց
Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Զույգ կամուրջներ, որտեղից կսկսենք թեթև քայլարշավ դեպի գահավիժող Մենջունայի ջրվեժ։
Դեպի ջրվեժ տանող արահետն անցնում է խիտ անտառների միջով, իսկ ճանապարհի վերջում մեր առջև կբացվի տպավորիչ ջրվեժի տեսարանը։
Այնուհետև կուղևորվենք դեպի Ֆուրտունայի կիրճ։ Ճանապարհին կանգառ կունենանք տարածաշրջանի գեղեցիկ միաթռիչք կամուրջներից մեկի մոտ։ Կտեսնենք նաև պատմական Զիլ ամրոցն ու Բալահովիտի ջրվեժը։
Օրվա երկրորդ կեսին մեր ամենագնաց մեքենաներով կբարձրանանք բարձրալեռնային սարատեղի՝ յայլա, որտեղ հնարավորություն կունենանք ծանոթանալու սարվորների կենցաղին և վայելելու դեպի Արևելապոնտական լեռնաշղթայի ձյունածածկ գագաթները բացվող հիասքանչ տեսարանները։
Օր 3։ Թեյի պլանտացիաներ և Տրապիզոն
Այսօր մեր ճանապարհը տանում է դեպի Սևծովյան ափի ամենագեղեցիկ անկյունները։
Օրվա սկզբում քշում ենք սարն ի վեր՝ դեպի կանաչ թեյի պլանտացիաներ։ Այստեղ հնարավորություն կունենանք մոտիկից տեսնելու, թե ինչպես են հավաքում թեյը, ծանոթանալու թեյագործության ավանդույթներին և վայելելու սևծովյան տարածաշրջանին բնորոշ անծայրածիր կանաչապատ լանջերի գեղեցկությունը։
Այնուհետև կուղևորվենք Տրապիզոն՝ քաղաք, որտեղ միահյուսված են պատմությունը, մշակույթն ու Սև ծովի յուրահատուկ մթնոլորտը։
Տրապիզոնում կայցելենք քաղաքի նշանավոր պատմական կառույցներից մեկը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, որից հետո կունենանք ազատ ժամանակ՝ քաղաքը բացահայտելու, փողոցներով զբոսնելու, տեղական խոհանոցը վայելելու և սեփական տպավորությունները հավաքելու համար։
Օրվա վերջում վերադառնում ենք Հոպա։
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 4։ Դժոխքի ձորից դեպի Երևան
Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Արտանուջի Դժոխքի ձոր։ Այստեղ կիրականացնենք թեթև քայլարշավ՝ անցնելով նեղ ու տպավորիչ կիրճերով և հասնելով կիրճի վերևում գտնվող դիտակետին։ Այստեղից կբացվի գեղեցիկ տեսարան դեպի շրջակա լեռնաշխարհն ու կիրճի խորքերը։
Այնուհետև կշարունակենք մեր վերադարձի ճանապարհը դեպի Երևան՝ Համշենի բնության, պատմության և անմոռանալի տեսարանների վառ տպավորություններով։
Մասնակցության արժեքը` 400 $ (համարժեք դրամ)
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև ապրիլի -ը։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը`
Արժեքն իր մեջ ներառում է՝
- Տրանսպորտը
- Ուղեկցորդների ծառայությունը
- 3 գիշերակաց հյուրանոցում
- նախաճաշ
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Սնունդ (ճաշ և ընթրիք)
- Վիզայի արժեք (ՀՀ քաղաքացիների համար մոտ 17 000 դրամ)
- Պարտադիր բժշկական ապահովագրություն Վրաստան մուտքի համար
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
- Զանգապաններ
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանակով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Արտագնա տուրեր






















