Արարատն ապացուցեց, որ այն պարզապես սիմվոլիկա չէ
Արարատն ինձ համար միշտ եղել է «անհաս փառքի ճամփա»: Ես երբեք չէի պատկերացրել, որ մի օր կանգնելու եմ Արարատի գագաթին։ Սա անգամ երազանք չէր՝ պարզապես անհասանելի մի բան։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ սկսեցի աշխատել Armenian Geographic-ում։
Աշխատանքային հենց առաջին օրը կարդացի Նարե Մանուկյանի «Արարատվածներ» շարքի պատմությունը, և հենց այդ պահին իմ ներսում ծնվեց ցանկություն ունենալու սեփական պատմությունը։ Այդ պահից սկսվեց իմ պատրաստությունը՝ դեպի կյանքիս կարևորագույն վերելքներից մեկը։
Սիմվոլից՝ անձնական կապի
Արարատը միշտ եղել է հայրենասիրության սիմվոլ։ Մի բան, որ հիացնում էր, բայց միևնույն ժամանակ պահում հեռու։ Ես սպասում էի, որ վերելքից հետո այն պարզապես կմեծացնի իր վեհությունը իմ աչքում։ Բայց իրականությունը փոխեց պատկերացումս։ Արարատը դարձավ ավելի անձնական, դարձավ մի լեռ, որի հետ ունեմ ապրումներով լի կապ։
Վերելքը ֆիզիկապես հաղթահարելի էր՝ փորձառու արշավական լինելու շնորհիվ։ Ես հստակ գիտեի, թե որտեղ ենք կանգ առնելու, ինչ է մեզ սպասվում։ Բայց հոգեբանորեն այն շատ ավելի խորը փորձություն էր։ Ճանապարհին ուղեկցում էր տատանումներ՝ հուզմունքից մինչև ներքին լռություն։ Հատկապես գագաթին՝ երբ հասնում ես, քեզ սպասած էյֆորիան փոխարինվում է մի տեսակ խաղաղ, բայց խորը զգացողությամբ։
Ամբողջ վերելքի ընթացքում նաև պարում էինք, երգում, կիսվում ապրումներով։ Այժմ հայկական պարերի մեղեդիներ լսելիս միանգամից հիշում եմ այդ վերելքը։
Արարատի միավորող ուժը
Վերելքի օրերին Արարատն ինձ ցույց տվեց իր միավորող ուժը։ Մենք ծանոթացանք տարբեր ազգությունների մարդկանց հետ՝ քրդեր, զբոսաշրջիկներ։ Սկսեցինք կիսվել մշակույթներով, երգերով ու պարերով։ Մենք պարում էինք օտարների հետ, կիսվում մեր մշակույթով, և այդ պահին նրանք այլևս օտարներ չէին՝ թվում էր, թե հին ընկերներ են։ Մի լեռան վրա, որը ինձ համար անհաս սիմվոլ էր, ես արդեն ընկերներ ունեի և նույնիսկ դարձել էի նրանց մշակույթի մի մաս։
Արարատն իր գագաթին ինձ տվեց այնպիսի զգացողություններ, որոնք բառերով դժվար է փոխանցել։ Խառնված էին հուզմունք, երախտագիտություն, վախ ու երջանկություն։ Այդ պահին ես կանգնած էի գագաթին՝ շփոթված, ուժասպառ, բայց լի ներքին լույսով։
Արարատն ապացուցեց, որ այն պարզապես սիմոլիկա չէ, նրան պետք է ընդունել հենց այնպես, ինչպես կա և հասկանալ որ միայն դու կարող ես ստեղծել քո և Արարատի կապը։
Արարատը իսկապես փոխեց կյանքս՝ դարձնելով ինձ ավելի ամուր, խաղաղ ու լի հիշողություններով, որոնք միշտ ինձ հետ կլինեն։ Այժմ Արարատն իմ հին ընկերն է՝ ոչ թե հեռու երազանք, այլ մի տեղ, որտեղ արդեն եղել եմ։

















