Արարատի աչքի առաջ եմ մեծացել
Արարատը միշտ եղել է իմ կյանքի մի մասը. մանկուց ուղեկիցս է եղել՝ տեսանելի լինելով մեր տան պատշգամբից (կարելի է ասել՝ իր աչքի առաջ եմ մեծացել:) Հատկանշական է, որ մեր հանդիպումները հիմնականում լուսաբացի ժամերին են եղել, ու նա ինձ համար մնացել է հենց լուսաբացի խորհրդանիշը։ Չնայած գրեթե ամենօրյա ներկայությանը՝ նա չի դարձել սովորական. ամեն անգամ տարբեր է, չկրկնվող ու երբեք չձանձրացնող։ Թեև մշտապես տեսանելի լինելուն՝ ինքը միշտ բարձրի, անհասի ու անհնարի մասին է եղել ինձ համար։ Ասես հարազատ մեկը, ով հեռվում է, ում մոտենալու հնար չկա, բայց և բավարար է ուղղակի իմացումը, որ նա կա։
Մտերիմ ընկերոջ հետ բարձրանալը յուրահատուկ զգացում էր
Բախտը, սակայն, ժպտաց ինձ՝ իմ կյանք բերելով արդեն իսկ շատ թանկ դարձած մարդու՝ Մարիանէին, ով և դրեց իմ ու Արարատի հանդիպման նախահիմքը՝ նախորդ տարի բարձրանալով Արարատի գագաթ և կիսվելով իր փորձառությամբ ու վարակիչ ոգևորությամբ։ Իր շնորհիվ էր, որ անհնարի զգացումը վերափոխվեց Արարատի հետ երբևէ հանդիպելու մասին երազելու համարձակություն։
Երազանքը նպատակ դարձավ մտերիմ ընկերոջս՝ Աննայի շնորհիվ, ում հետ քննարկում էինք Արարատ բարձրանալու հնարավորությունը, և այդ ընթացքում ձևավորվեց միասին դա իրագործելու ցանկությունը։ Եթե չլիներ նա, վստահ եմ, որ վերելքի՝ երազանքից նպատակ դառնալը այդչափ բնական ու արագ չէր լինի։ Մի քանի արշավների գնացինք միասին՝ ի սկզբանե նպատակ ունենալով բացահայտել հնարավոր իրավիճակներն ու բարդությունները, որոնց կարող ենք բախվել, ուսումնասիրել և գտնել հաղթահարելու եղանակներ, որպեսզի Արարատի վերելքն ավելի իրատեսական դարձնենք մեզ համար։ Ու չնայած ի սկզբանե արշավելու նպատակը հենց Արարատն էր, ընթացքը ցույց տվեց, որ արշավելն ինքնին դարձավ կարևոր փորձառություն՝ նոր գիտակցումներ, հուզումներ և, ամենակարևորը, նոր մարդկանց բերող։ Մտերիմ ընկերոջ հետ բարձրանալը յուրահատուկ զգացում էր. մի կողմից առավել հանգիստ ու վստահ էի զգում, որ նա կողքիս է, քանի որ ունեի իմացում լրացուցիչ ուժի ու հենարանի լինելիության, մյուս կողմից՝ պատասխանատվություն և հոգատարություն՝ ինքս լինելու իր համար այդ ուժն ու հենարանը։
Ոչ ոք չէր էլ ասել, որ հեշտ է լինելու
Իմ պատկերացումներում Արարատի վերելքը դժվար էր լինելու․ այդ պատկերացման հիմքում ենթադրաբար ընկած էին այլ մարդկանց պատմություններն ու փորձառությունները։ Թեև կային նաև հակառակ պատմություններ, բայց ես կենտրոնացել էի հենց բարդի վրա։ (գուցե այդ կերպ թվացյալ վերահսկողության զգացում էի ունենում իրավիճակի հանդեպ ու ապահովություն էի զգում)։ Ունեի վախեր, որ գուցե լեռնային հիվանդության նշաններ ունենամ, որոնք կխանգարեն վերելքիս։ Պատկերացրածս ու վախերս, սակայն, չարդարացան, և իրականությունը, բարեբախտաբար, տարբեր էր. վերելքը այնքան էլ բարդ չեղավ, որքան ակնկալում էի։ Հեշտ չէր, այո, բայց, ինչպես կասեր Armgeo-ի զբոսավարներից ՝ Քրիսը, «ոչ ոք չէր էլ ասել, թե հեշտ է լինելու» :)
Ընդամենը երկու լուսաբաց էր մեզ բաժանում
Ճանապարհի հենց առաջին քայլերից կար գիտակցումը, որ Արարատն եմ բարձրանում։ Մտորում էի, որ երբեմնի հեռու թվացողը հիմա այդչափ մոտ է, ու ընդամենը երկու լուսաբաց էր մեզ բաժանում։ Սկզբում դա առավելապես մտքի մակարդակում էր։ Հուզական մակարդակում Արարատը բարձրանալու իրական «գիտակցումը» եկավ վերելքի վերջին օրը, երբ այն քիչ պահերին, երբ գլուխս վեր էի բարձրացնում ու հայացքս հառում երկնքին, որտեղ նկատելի էին աստղերը, հերթական անգամ բարձացնելիս նկատեցի գագաթը ու զգացի նրա շունչը՝ սառցակտորներով քամու տեսքով։ Ներսումս խառնվել էին ուրախությունը, ոգևորությունն ու սպասման անհանգստությունը։ Վերջինս ամբողջովին տարրալուծվեց, երբ մեր ուղեկցորդը՝ Հրաչը, մոտ 4800 մետր բարձրության վրա ասաց․ «ռուբիկոնն արդեն անցել ենք, հետդարձի ճանապարհ չկա»։ Այդ պահից ներսումս հաստատվեց խաղաղություն․ համոզված էի, որ հանդիպումն անպայման տեղի կունենա, ու դա պարզապես ժամանակի հարց էր։
Լույսն անպայման բացվելու է
Եղան շատ հուզիչ դեպքեր, բայց կնշեմ դրանցից ընդամենը մի քանի դրվագ.Մայրիկիցս ստացած ձայնային հաղորդագրությունն եմ առաջինը մտաբերում, որտեղ ասում էր, որ շատ է սիրում ինձ ու ուզում է, որ երազանքիս հասած վերադառնամ՝ երջանիկ ու գոհ։ Ինձ համար ամենահուզիչը ոչ թե բառերն էին, այլ այն, թե որքան հուզմունք ու անհանգստություն կար նրա ձայնում։ Ներսս լցվեց կարոտի, սիրո ու ջերմության հույզերով։ Մեկ այլ դրվագ եկավ մտքիս. երբ պառկած էի 4200 մետր բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբարի վրանում՝ զգալով հոգնություն, անհանգստություն, և թեթև գլխացավ, բայց և մոտենում էր կեսգիշերը, և պետք էր հավաքվել վերջին որոշիչ վերելքի համար, հանկարծ նկատեցի Մարիանէից ստացածս նամակը (կապը այդ բարձրության վրա հասկանալի պատճառներով այնքան էլ լավ չէր, բայց այդ պահին փոքր ընթացք եղավ, երբ այն կայունացավ, և հնարավոր եղավ ստանալ հաղորդագրությունը)։ Նամակում նա բարի վերելք էր մաղթում, ու հիշեցնում, որ ինչ էլ լինի, լույսն անպայման բացվելու է։ Այդ պահին ներսումս խառնվեց ամեն ինչ. այնքան ճիշտ ժամանակին ստացված թվաց այդ նամակը։ Աչքերս լցվեցին արցունքներով, իսկ հոգնածությունն ու անհանգստությունը ընդամենը մի քանի վայրկյանում փոխարինվեցին հույսով, որ ամեն բան լավ է ընթանալու։ Ներսս լցվեց ոգևորությամբ ու վճռականությամբ, ինչն օգնեց արագ պատրաստվել և գնալ հավաքատեղի։
Ուղեկցորդ Հրաչը
Հուզմունք հաղորդող շատ հիշողություններ են կապված մեր ուղեկցորդ Հրաչի հետ, ում մեջ մեկտեղվել են անսահման հոգատարությունը, պատասխանատվությունն ու նաև վստահությունն իմ ու խմբի մյուս անդամների ուժերի հանդեպ։ Իր ունեցած այդ բոլոր դրսևորումները դեռ երկար կմնան հիշողություններումս։ Նախորդիվ երբեք չէի արշավել իր ուղեկցությամբ, բայց և շատ դրական կարծքիներ էի լսել իր հետ արշավողներից։ Երբ Armgeo-ին գրել էի և հարցրել՝ ով է լինելու ուղեկցորդը, և պատասխան էր հնչել, որ Հրաչն է, մեծ ոգևորություն ու վստահություն զգացի, որ անպայման կհաջողեմ բարձրանալ։ Նույնիսկ որոշ ժամանակ անց՝ ավելի մոտ վերելքի օրերին, նորից էի գրել Armgeo-ին համոզվելու համար, որ ուղեկցորդը չի փոխվել ։) Վստահ եմ, որ դեռ հնարավորություն կունենամ էլի արշավելու իր ուղեկցությամբ։
Արարատն իմ վեցերորդ արշավն էր․ առաջին և երկրորդ օրերի քայլքերը տեխնիկապես գրեթե չէին տարբերվում նախորդ արշավներիցս, ու այդ առումով իրականությունը լիովին համապատասխանում էր սպասումիս։ Սկզբում կարծում էի, թե առաջին օրվա քայլքն ավելի թեթև է լինելու, քան երկրորդը, բայց հակառակը ստացվեց։ Առաջին օրվա շոգն այնքան ուժասպառ անող ու քամող էր, որ նույնիսկ ամենապարզ գործողությունը՝ քայլքը չդադարեցնելով պայուսակիցս ջրով լի շիշը հանելն ու խմելը, դարձել էր դժվար ու էներգատար։ Այդ պահին Հրաչի օգնությունն անգնահատելի էր. ինքն էր շիշը հանում պայուսակիցս և ինձ մեկնում։ Օգնությունն առաջին հայացքից գուցե փոքր թվա, բայց արշավների ընթացքում օգնությունը երբեք չափելի չի դառնում. խմբի յուրաքանչյուր անդամի կողմից մյուսին հնչեցրած «լա՞վ ես»-ն անգամ, երբ տրվում է, ստանալիս այլ կերպ ու չափով զգացվում ու լրիվ այլ ուժ ու նշանակություն է տալիս։ Քայլքը տևեց երեքուկես ժամ․ ցուցանիշը լավն էր, բայց ես կասկածներ ունեցա ուժերիս հանդեպ, քանի որ քայլելիս սպասածս թեթևությունը չէի զգացել։ Հրաչը, սակայն, հիշեցրեց մեզ, որ շոգն իսկապես շատ խանգարող էր, և չարժե կենտրոնանալ այդ օրվա զգացողությունների վրա․ իսկական չափորոշիչը կլինի վաղվա քայլքը, երբ օդն արդեն ավելի սառն էր լինելու։ Այդպես էլ եղավ․ երկրորդ օրվա արշավն անհամեմատ ավելի թեթև անցավ։Երբ 4200 մետրի վրա էինք՝ երկրորդ ճամբարում, և երեկոյան պառկել էինք վրաններում, հստակ գիտակցում էի, որ նույնիսկ եթե չքնեմ, շատ կարևոր է գիշերային վերելքից առաջ փորձել հանգստանալ՝ թեկուզ պարզապես աչքերս փակելով։ Այդ պահին թեթև գլխացավ էի զգում, որն անհանգստություն էր առաջացնում ներսումս այն մտքից, որ եթե հիմա է սկսվել, գուցե վերևում ուժգնանա կամ այլ ախտանիշեր առաջանան։ Փորձում էի կանոնավոր շնչել, հաղթահարել հոգնությունն ու սպասվող գիշերային քայլքի մասին ունեցածս անհանգստությունը։ Այդ պահերին մտովի զրուցում էի պապիկիս հետ։ Ընդհանրապես վերելքի ընթացքում հաճախ էի խոսում նրա հետ․ աչքերիս առաջ գալիս էին մանկությանս տեսարաններ, երբ բարձր ջերմություն ունենալիս նա ձեռքը դնում էր ճակատիս ու կարծես հանում էր այդ ջերմությունը՝ թեթևացնելով վիճակս։ Պապիկիս հետ առհասարակ ամեն դժվարություն միշտ հաղթահարելի է թվացել, ու վերելքի ընթացքում շատ եմ զգացել իր ներկայությունը։ 4700 մետրի վրա էինք, երբ նորից մոտս թեթև գլխացավ զգացվեց։ Որոշեցի մի փոքր սպասել, հետևել զգացողությանս և միայն անհրաժեշտության դեպքում դեղ ընդունել։ Երբ մոտ 10–15 րոպե անց պարզեցի, որ ցավը չի անցնում, տեղեկացրի Հրաչին, գլխացավի դեմ դեղը խմելուց հետո ամեն բան արագ կարգավորվեց։ Վերջին օրվա վերելքը, ընդհանուր առմամբ, սպասածիցս հեշտ անցավ․ այլ ախտանիշեր չունեցա։ Շատ ոգևորիչ էր նաև Հրաչի խոսքը, որ բարձրությունը լավ եմ տանում։Գագաթին մոտենալիս և հենց գագաթին մեզ դիմավորեց սպասածիցս շատ ավելի ուժգին քամին, իսկ իմ ունեցած բաֆը բարակ էր և բավարար պաշտպանություն չէր ապահովում այդ ցրտի դեմ։
Արարատը, լինելով 5000+ մետր բարձրությամբ լեռ, դանդաղ տեմպ էր պահանջում, ինչը կարևոր էր կլիմայավարժման համար։ Մտքումս անընդհատ կրկնում էի, որ չպետք է շտապեմ. անկախ նրանից, թե ով ինչ արագությամբ է քայլում, ես ունեմ իմ տեմպը, ու պետք է այն պահեմ։
Ամեն քայլն ավելի է մոտեցնում երազանքին
Գագաթն արդեն մոտ էր, քայլում էի անշտապ, մեխանիկորեն, հաշվում էի քայլերս ու պահում մտքումս այն գիտակցումը, որ ամեն քայլ ավելի է մոտեցնում երազանքին։ Աննայի հետ հավասար էինք ընթանում և միաժամանակ էլ հասանք։ Երբ ոտք դրեցի գագաթին, մի պահ ուղղակի կանգնել էի՝ դեռ ամբողջությամբ չէր եղել գիտակցումը, որ արդեն այդտեղ եմ՝ կանգնած այն կետում, որը մեր պատշգամբից նայելիս այդքան բարձր ու անհասանելի էր թվում։ Հուզմունքն ու երջանկությունը երբևէ այդչափ խտացված գույներով չէի զգացել, անդադար արտասվում էի։ Հայացքս ուղղեցի Աննային. նրա զգացողությունները նույնկերպ էին արտահայտում ստանում։ Գրկեցինք իրար, զգում էի, որ մեր հույզերի ուժգնությունը բազմապատկվում է։ Խմբի բոլոր անդամներն էին հուզված, միմյանց գրկում ու շնորհավորում էինք. պահը եզակի էր նրանով, որ անհատի հույզերը դառնում էին ամբողջինը։
Մեծ երախտագիտությամբ ու ջերմությամբ եմ լցված մեր ուղեկցորդների՝ Հրաչի ու Արթուրի, և մեր խմբի յուրաքանչյուր անդամի նկատմամբ. նրանցից յուրաքանչյուրի շնորհիվ է, որ Արարատի վերելքի փորձառությունս հենց այսկերպ է զգացվել։ Չեմ կարող չնշել նաև հարազատներիս, ընկերներիս ու բոլոր նրանց, ովքեր, չարժեզրկելով վերելքի հնարավոր բարդությունը, միշտ հավատով ու ոգևորությամբ վստահեցնում էին, որ ամեն բան անպայման հաջողվելու է։ Այդ ամենը շատ կարևոր, օգնող ու ոգևորիչ է զգացվել։Ցանկանում եմ, որ հնարավորինս շատ մարդ կյանքում գոնե մեկ անգամ իրեն թույլ տա ունենալ էդ վերելքի փորձառությունը։ Armgeo-ի կարգախոսն է՝ «Կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ». Արարատը, սակայն, այն եզակի լեռներից էր, որի վերելքի ժամանակ «ուրն» ինձ համար պակաս կարևոր չէր :)
Անի Սարգսյան













