Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր
Հրավիրում ենք միանալ տարվա ամենասպասված ու տպավորիչ ուղևորություններից մեկին՝ Սվանեթին։
Կան վայրեր, որոնք պետք է տեսնել կյանքում գոնե մեկ անգամ, և կա Սվանեթը, որտեղ ուզում ես վերադառնալ անդադար։ Սա Վրաստանի ամենաբարձրադիր շրջանն է, որտեղ հնամենի պաշտպանական աշտարակները հազարամյակներ շարունակ հսկում են Կովկասյան լեռների անդորրը։
Սվանեթի արշավը սկսել ենք կազմակերպել 2013-ից:
Ճանապարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Այն կհետաքրքրի ինչպես փարձառու արշավականներին, այնպես էլ սկսնակներին: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն պետք չէ: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատանը:
Սվանեթը Վրաստանի հյուսիս-արևմտյան պատմական շրջանն է: Տարածվում է Ինգուրի գետի բարձրալեռնային հովտի վերին հոսանքում: Վերին Սվանեթը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտնի է իր ճարտարապետական գանձերով (մասնավորապես 9-12-րդ դարում կառուցված աշտարակ-ամրոցներով, որոնք մինչ օրս բնակելի են) և աննկարագրելի բնության հրաշքներով (սարեր, ձորեր, ջրվեժներ, սառցադաշտեր, լեռնանցքներ և այլն):
Եթե հետաքրքրեց, ուրեմն ծանոթացիր մանրամասներին:
Ուղևորության տևողությունը` 5 օր, 4 գիշեր (ներառում է 3 ոչ աշխատանքային օր)
Օր 1: Աշտարակների քաղաք
Վաղ առավոտյան, երբ Երևանը դեռ նոր է արթնանում, մենք սկսում ենք մեր ուղևորությունը դեպի վեհաշուք Վերին Սվանեթի սիրտը՝ Մեստիա։ Ճանապարհը մեզ կտանի դեպի Կովկասի ամենախորհրդավոր անկյուններից մեկը, որտեղ բնությունն ու պատմությունը միահյուսված են իրար։
Մեստիա կհասնենք երեկոյան, հենց այն ժամին, երբ քաղաքի երեկոյան կյանքը սկսում է արթնանալ։ Եթե ժամանակը ների, մենք կսուզվենք Մեստիայի նեղլիկ փողոցների մեջ, որտեղ ամեն քայլափոխի մեզ կուղեկցեն լեգենդար սվանական աշտարակները։ Այդ հնամենի ամրոց-աշտարակները երեկոյան լուսավորության ներքո ստանում են առանձնահատուկ, գրեթե հեքիաթային տեսք՝ հիշեցնելով հզոր անցյալի մասին։
Օր 2: Ճալաադի սառցադաշտ
Սվանեթի հետ ծանոթությունը սկսելու ենք Մեստիայի ազգագրության թանգարանից, որտեղ կծանոթանանք Վրաստանի այս գողտրիկ անկյան պատմությանն ու ավանդույթներին։ Այնուհետև կայցելենք աշխարհահռչակ լեռնագնաց Միխաիլ Խերգիանիի տուն-թանգարան, որտեղ մենք ոչ միայն կծանոթանանք լեգենդար մարզիկի կենսագրությանն ու խորհրդային լեռնագնացության փառահեղ էջերին, այլև իրական պատկերացում կկազմենք սվանների կենցաղի մասին։ Կտեսնենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրել և ինչու են կառուցել իրենց հայտնի աշտարակ-ամրոցները, որոնք դարեր շարունակ եղել են նրանց տունն ու պաշտպանը։
Այնուհետև կիրականացնենք արշավ դեպի Ճալաադի սառցադաշտ։ Սա թեթև, բայց շատ տպավորիչ քայլարշավ է։ Անցնելու ենք անտառի միջով, անմիջապես սառցադաշտից սկիզբ առնող վարար գետի հոսանք ի վեր ու կախովի կամրջներով մինչև սառցադաշտ։
Երթուղու երկարությունը՝ 7 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Օր 3։ Շդուգրա ջրվեժ
Առավոտյան մեկնում ենք Բեչոյի շրջան, որը սահմանակցում է Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության հետ: Այստեղ մի փոքրիկ գյուղից սկսենք մեր քայլարշավը դեպի լեգենդար Շդուգրա ջրվեժ, որը գտնվում է Ուշբա լեռան հյուսիս-արևմտյան լանջերին և գահավիժում է մոտ 150 մ բարձրությունից: Մենք կկանգնենք մի կետում, որտեղից բացվում է ջրվեժի ամբողջ համայնապատկերը։ Ջրվեժին մոտենալը վտանգավոր է, սակայն հեռվից նայելիս մենք կտեսնեք նրա իրական մասշտաբն ու ուժը՝ Ուշբայի ժայռոտ լանջերի ֆոնին։ Սա այն տեսարանն է, որը ստիպում է շունչդ պահած վայելել բացվող տեսարանը։
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մետր
Օր 4։ Ուշգուլի – Շխարայի սառցադաշտ
Առավոտյան ամենագնաց մեքենաներով ուղևորվում ենք դեպի Սվանեթի ամենաբարձր բնակավայրը՝ Ուշգուլի: Բնակավայրը գտնվում է 2200 մետր բարձրության վրա։ Դժվարամատչելի ճանապարհների շնորհիվ Ուշգուլին կտրված լինելով արտաքին աշխարհից պահպանել է իր բնական միջավայրը։ Գյուղի աշտարակներն ուսումնասիրելուց հետո կիրականացնենք արշավ դեպի Վրաստանի ամենաբարձր լեռան՝ Շխարայի սառցադաշտ: Սառցադաշտից է սկիզբ առնում Սվանեթի ամենաջրառատ գետը՝ Ինգուրին։
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 350 մ
Օր 5։ Վերադարձ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Երևան:
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 6:00
Արժեքը՝ 490$ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
4 գիշերակաց հյուրատանը (Մեստիա)
Թանգարանների մուտքի տոմսը
Ճանապարհորդության արժեքի մեջ միայն սնունդը ներառված չէ: Քանի որ Մեստիան տուրիստական քաղաք է, այստեղ շատ են կոլորիտային, համեղ և ավանդական ճաշացանկով ռեստորանները, այնպես որ սնունդի հարցը հեշտ լուծելի է։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 18-ը։ Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Ուշադրություն
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։



























