Հեթանոսությանը, անկախ ազգության, բնորոշ է եղել բնապաշտությունը՝ լուսատուների, եղանակի, բնական տարերքների պաշտամունքը: Ցանկացած դարաշրջան մարդկանց պահանջմունքներին համապատասխան ունենում է որևէ կրոնական, պաշտամունքային համակարգ, որը բավարարում է մարդկանց մոտ առաջացած հարցերը, մեկնաբանում իրենց համար անբացատրելի երևույթները: Եվ այդ պատճառով տարբեր դարաշրջաններ ունեն տարբեր հավատալիքներ, որոնք ասես տրամաբանորեն հաջորդում են իրար, ինչպես օրինակ տոտեմիզմը ամբողջացավ հեթանոսական աստվածներով, իսկ վերջիններս էլ դարձան միաստված կրոնների՝ բուդդայականության, մահմեդականության մի մասը:
Ահա այդպես էլ բնապաշտությանը հաջորդել է կենդանիների պաշտամունքը, որը Հայաստանում և ամբողջ աշխարհում հիմնականում ձևավորվել էր առաջին հերթին վախի հիման վրա: Մարդի չկարողանալով բացատրել այս կամ այն երևույթը, նրանց սկսում էին շնորհել գերբնական ունակություններ՝ պաշտելով իրենց իսկ ստեղծած «աստվածներին»: Սակայն մյուս կողմից կարելի է նկատել մեկ ուրիշ օրինաչափություն, երբ պաշտամունքը սկիզբ է առնում մեծագույն սիրուց և իր գագաթնակետին հասնում և արտահայտվում պաշտամունքի տեսքով` առաջին հերթին արտահայտելով մարդու հարգանքն առ այդ պաշտամունքը:
Պատմական ակնարկ
Կենդանիների պաշտամունքի դրսևորման առաջին և հնագույն դեպքը հանդիպել է Եգիպտոսում, որտեղ առավել տարածված էր մեծ և փոքր կենդանիներին պաշտամունքը: Հնագույն ժամանակներում մարդկանց հիացրել է կենդանիների ուժը, գեղեցկությունը, ձայները, ոմանց թռիչքը, երբեմն էլ՝ դրանցից ստացված վնասներն ու վախը: Եվ կամաց-կամաց ձևավորվել է կենդանիների պաշտամունքը՝ մի դեպքում որպես սիրո, մեծարման, մյուս դեպքում՝ վախի, անհանգստության արդյունք: Սակայն կար ևս մեկ առավել հիմնավոր թվացող պատճառ՝ հոգեփոխության կամ անձնափոխության հավատը: Ըստ որի՝ մարդիկ և նույնիսկ որոշ դիցարանի աստվածներ վերափոխվում էին և դառնում չորքոտանի, թռչուն, սողուն կամ այլ կենդանի: Եվ մարդիկ սկսում էին պաշտել տվյալ ցեղակցի կամ աստծո վերափոխված կենդանական տեսակը:
Կենդանիների պաշտամունքը Հայաստանում նույնպես մեծ տարածում է ունեցել: Պաշտվում էին թե՛ ընտանի, թե՛ վայրի, և թե՛ առասպելական կենդանիները: Որոշ դեպքերում այդ էակները լինում էին մարդու և որևէ այլ կենդանու խառնուրդ, իսկ որոշ դեպքերում էլ կենդանուն շնորհում էր առասպելական, երևակայական կերպար: Կենդանիների պաշտամունքը Հայաստանում այնքան խորը հիմքեր է ունեցել, որ պահպանվել են մարդկանց հատուկ անուններ՝ Առյուծ, Ընձակ, Կորյուն, Եզնիկ, Ցլիկ՝ անշուշտ վկայելով կենդանիների պաշտամունքի մասին:
Օձի պաշտամունք
Հայերի մեջ նույնպես տարածված է եղել կենդանիների պաշտամունքը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նախապատմությունն ու պատճառները: Առաջին հայացքից զարմանալի է, որ առաջին քրիստոնյա ազգում նույնպես տարածված է եղել օձի պաշտամունք: Սակայն եթե վերհիշենք մինչքրիստոնեական Հայաստանը, ապա հայեչում օձի պաշտամունքն այդքան էլ անհեթեթ և հակասական չի լինի: Ավելին, շատ ուսումնասիրողներ իրենց աշխատությունների բավական մեծ հատվածներ նվիրել են հենց օձերին:
Օձերն առասպելներում, ավանդապատումներում հիմնականում ներկայացվում են որպես ատելի և սարսափազդու սողուններ՝ անշուշտ իրենց թույնի և դրա թողած հետևանքների պատճառով: Իսկ դա զարմանալի չէ, քանի որ մբողջ աշխարհում տարեկան գրանցվում է մինչև 5,4 միլիոն օձի խայթոցի դեպք, որից 81 հազարից մինչև 137 հազարը՝ մահվան ելքով:
Ի դեպ, Հայաստանի օձերն այդքան էլ վտանգավոր չեն, քանզի հանդիպող 22 տեսակի օձերից միայն 4-ն են թունավոր: Սակայն սխալ կլինի նաև համեմատել ժամանակակից մարդու գիտելիքներն ու բժշկությունը դարեր առաջ գոյություն ունեցող մարդկանց և նրա զարգացվածության հետ: Այդպիսով տրամաբանական կարելի է համարել այդ ժամանակաշրջանի մարդկանց մոտեցումը, երբ չունենալով բավարար գիտելիքներ և պատկերացումներ աշխարհի մասին, սկսել են սարսափել և աստվածացնել օձերին, այն սողուններին, որոնք հեշտությամբ այդքան շատ կյանքեր էին խլում:

Կատվաօձ
Երբ հաշվի ենք առնում վախի առկայությունն ու չիմացությունը, տրամաբանական է դառնում նաև ոչ միայն օձերի, այլև օձասպաններիի պաշտամունքը, ինչպես օրինակ՝ հունական դիցարանի հերոս Հերակլեսը (Հերկուլեսը) և հայկական դիցաբանության աստված Վահագնը: Նրանք երկուսն էլ մանուկ հասակում կռվել են վիշապների և օձերի դեմ՝ փրկելով աշխարհը: Սակայն պետք չէ մոռանալ, որ այս օձասպաններին հորինել են մարդիկ և եթե նույնիսկ կա ինչ-որ ճշմարտություն այդ պատմություններում, ապա անհամեմատ չափազանցված:
Հայաստանում օձերի պաշտամունքի մասին են վկայում մի շարք գյուղատեղիների, գետերի անունները, որոնք կրելով հեթանոսական շրջանի ազդեցությունը, պահպանել են իրենց անունները նույնիսկ քրիստոնեության ի հայտ գալուց հետո, ավելին՝ հասել են մեզ իրենց սկզբնական անվանումներով:
Իրականում հին հավատալիքներին նվիրված աշխատություններում նշվում են բազմաթիվ տեղանուններ կապված օձերի պաշտամունքի հետ, սակայն մենք առանձնացրել ենք միայն այն վայրերը, որոնց մասին մեզ հաջողվեց տեղեկություններ ստանալ: Ինչպես օրինակ Էրզրումում՝ Օձտեղ գյուղը, Վանաձորում՝ Օձուն գյուղը, Զանգեզուրի լեռներից՝ Օձասարը, իսկ առավել հայտնիներից է Տուրուբերան նահանգի Օձ քաղաքը:

Օձասար
Հին սնապաշտության հետք է համարվում նաև մարդկանց մի ստվար զանգվածի մոտ պահպանված սովորույթը, ըստ որի, երբ մարդիկ իրենց տանը օձ էին տեսնում, նրան սպանելու փոխարեն աղաչում էին, որ գնա։ Մարդիկ վախենում էին և հարգում օձերին՝ փորձելով սպանելու փոխարեն, դիմել օձերին և արժանանալ նրանց մեծահոգությանը:
Վիշապի պաշտամունք
Անդրադառնալով այն հանգամանքին, որ «մեծամեծ օձերը» կոչվել են վիշապներ, պետք է նշել, որ հայերն առավել նախընտրել են «վիշապ» բառի կիրառությունը, քանի որ ի տարբերություն օձի, որը դիտարկվել է միմիայն բացասական իմաստով և դարձել պաշտամունք միմիայն վախի պատճառով, վիշապների դեպքում պատկերը մի փոքր այլ է: Վիշապների նկարագրություններում առավել հաճախ նկատում ենք, որ նրանք եղել են առասպելական կենդանիներ, և գրեթե բոլոր ազգություններում ներկայացվում են օձանման, սակայն թռչող կամ ջրացամաքային հրեշների տեսքով:
Բանն այն է, որ ցանկացած հորինված, առասպելական կենդանի, թեկուզև մարդ, ներկայացվում է չորս տարերքներից գոնե երկուսի մարմնավորմամբ: Հայկական առասպելական վիշապները եղել են հողային (ցամաքային) և ջրային կենդանիներ՝ հսկելով միաժամանակ երկու աշխարհները (ցամաքային և ջրային): Վիշապների պաշտամունքի լավագույն օրինակ են միայն Հայկական լեռնաշխարհին բնորոշ վիշապաքարերը:
Խոյի պաշտամունք
Այս պաշտամունքի տարածվածությունը հայերի մեջ կարելի է նկատել դիմելով հայոց լեզվին և բառի ծագումնաբանությանը: Նույնիսկ մեր օրերում շատ գործածելի է «խոյանալ», «վեր խոյանալ» արտահայտությունները, որոնք ունեն «արագ վազել», «հասնել» իմաստները: Այս բառերը կենդանի ապացույց են և ներկայացնում են հայ ժողովրդի մեջ արմատացած խոյերի պաշտամունքը: Բառն այնքան տարածված է մեզանում, որ դժվար է նույնիսկ պատկերացնել, որ «խոյ» բառը փոխառնություն է:
Մյուս կողմից մեզ օգնության է հասնում նաև ճարտարապետությունը, որտեղ հանդիպում ենք «խոյակ», «խոյակապ» տերմիններին: Խոյակը նույն սյուների պսակող ձևավոր հատվածն է, իսկ որմնասյուների այդ վերին հատվածը կոչում են «որմնախոյակ»: Այսինքն նորից նկատում ենք նույն բացատրությունը՝ վեր հասնելու, վերին իմաստներով: Ըստ ուսումնասիրողների, «խոյակապ» բառն այսօր վերափոխվել է, և ունի նույն իմաստը ինչ «հոյակապ» բառը: Բացի այդ, հայերին բնորոշ է եղել սյան, կամարի գլխին խոյի գլուխ քանդակելը, և հնարավոր է «խոյակ», «խոյակապ» բառերը ձևավորվել և համապատասխան իմաստը ստացել են հենց այդ պատճառով: 16-17-րդ դարերում տարածված են եղել խոյակերպ տապանաքարերը՝ ասես նոր թափ տալով կենդանիների պաշտամունքին:
Այծի պաշտամունք
Խոյերի այսպես ասած մերձավոր տեսակներից է այծը, նոխազ, որոնք առավել շատ հունական և հայկական միջավայրերում հանդիպում են որպես աստվածների զոհաբերություն: Այդպես՝ հայերը այծերին նվիրական զոհաբերություններ էին անում Անահիտ աստվածուհու համար: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ խոյերը, այծերը ներկայացվում են այլ կենդանիների հետ՝ այծաառյուծներ, գայլայծեր: Նմանատիպ մի քարե քանդակ կա պահպանված Բայազետի բերդի պաշտամունքի կենտրոններից մեկում, որ չնայած այդքան էլ պարզ չէ պատկերված կենդանին, սակայն ակնհայտ է եղջուրների առկայությունը:
Ի դեպ, այսօր ՀՀ-ում հանդիպող և Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծի հետ կապված նույնպես կա որոշակի սնապաշտություն: Մարդիկ, Բեզոարյան այծի ստամոքսում առկա կարծրացած մազափունջը՝ բեզոարը, համարել են հաջողության խորհրդանիշ, ինչն էլ այս տեսակի քչացման պատճառն է դարձել:

Բեզոարյան այծ
Խոյի, այծի պաշտամունքն ամենայն հավանականությամբ ունի սիրո արտահայտում, քանի որ դեռ վաղ ժամանակներից նրանց խնամելը՝ խաշնադարմանությունը, թե՛ արևելքի, թե՛ արևմուտքի շատ ազգերի մոտ եղել է պատվական արհեստ:
Ձիու պաշտամունք
Ձիերին Հին Հայաստանում կոչում էին երիվար՝ համարելով հարստության և դիրքի խորհդանիշ: Մեծ պատվի էին արժանանում անգամ ձիերին խնամողներն ու հեծյալները: Հայոց աշխարհում ձիերը շատ հաճախ եղել են հայերից գանձվող հարկի տեսակ՝ համարվելով մեծագույն արժեք ունեցող կենդանիներ: Նույնիսկ կրոնական տեսանկյունից, առավել մեծ պատիվ էր համարվում տիրոջ կամ հեծյալի թաղման ժամանակ ձիերի զոհաբերությունը, որն ի դեպ, մատուցում էին նաև աստվածներին: Հատկանշական է նաև այն փաստը, որ Արցախում՝ հատկապես Օխտը եղցի վանքում, գտնվել են բազմաթիվ գերեզմանաքարեր՝ հեծյալների պատկերմամբ՝ անշուշտ վկայելով հայկական ձիու արժևորության մասին:

Օխտը եղցի / հեծյալի պատկերմամբ խաչքար
Վարազի պաշտամունք
Ինչպես օձերի, այնպես էլ վարազի դեպքում, մարդկանց մեջ այս կենդանու պաշտամուքնի մասին են վկայում պահպանված հատուկ տեղանուններն ու մարդկանց անունները՝ Վարզագոմ, Վարազաբլուր, Վարազդատ, Վարազշապուհ: Այս բոլոր դեպքերում մարդիկ նկատի են ունեցել «մեծ, ընդարձակ, զորավոր»:
Հայոց պատմության մեջ հայտնի է Տրդատ թագավորի այլափոխությունը, որն ասես վկայում է վարազի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին՝ հակադարձելով հայերում վարազի պաշտամուքնին: Ինչպես գիտենք, Տրդատը Հռիփսիմեի մահից հետո, 6 օր սուգ է պահում և որոշում 7-րդ օրը դուրս գալ որսի՝ իր վիշտը մի փոքր մեղմացնելու համար: Սակայն կառքում նա ինչ-որ պահի դիվահարվում է և ստանում վարազի կերպարանք: Եվ եթե վարազը հայերի համար խորհրդանշել է ուժ և զորություն, ապա ինչո՞ւ է Տրդատ թագավորի կերպարանափոխությունը դիտվում բացասական իմաստով: Ցավոք, այս հարցին նույնսիկ ուսումնսիրողները պատասխանել չեն կարողացել՝ մեզանում վարազի պաշտամունքի շուրջ թողնելով բաց տեղեր:
Կատվի պաշտամունք
Մուկն ու կատվի կապն ու հավերժական թվացող հակամարտությունը, որն առկա է թե՛ կենցաղում, թե՛ մուլտֆիլմերում և հեքիաթներում, փաստորեն, իր տեղն ունի նաև պաշտամունքային համակարգում: Եթե խոսում ենք կատվի պաշտամունքից, անպայման պետք է կրկին նշել Եգիպստոսի օրինակը: Այն կարելի է համարել կատվի պաշտամունքի գլխավոր կենտրոնը, քանզի կատուն սոսկ պաշտամունք չէր, այլ իրապես շատ կարևոր աստված` կյանքի շարունական լինելու, վերափոխության խորհրդանիշ: Իսկ ահա պարսիկների համար այն եղել է սուրբ կենդանի և նշվում է, որ անհայտ մի ազգության դեմ պատերազմելու ժամանակ պարսիկները ետ են քաշվել, երբ իմացել են, որ այդ ազգը պատերազմի է դուրս եկել կատուների ուղեկցությամբ: Ցավոք այդ ազգությունը մնում է անհայտ:

Վանա կատուն ջրում
Հայաստանում, սակայն, կատուն առաջին հերթին ասոցացրել են մկների հետ, համենայն դեպս Ղևոնդ Ալիշայի աշխատությունում այդպես է նշվում: Ըստ նրա` կատուների պաշտամունքն առավել տարածված է եղել Պավլիկյանների օրոք և ուղղակիորեն կապված է եղել մկների ահռելի քանակների հետ: Որոշ երկրներում մկների նման տարակարծությունը հանգեցրել է այդ կրծողների պաշտամունքին, սակայն Հայաստանում ինչ-ինչ պատճառներով այնքան էլ չեն սիրել, հարգել կամ վախեցել, որպեսզի աստվածածցնեն: Փոխարենը գտել են գործող տարբերակ և մկների դեմ պայքարել կատուների միջոցով:
Սա այն դեպքն է, երբ կենդանուց առավել հարգել են տվյալ կենդանասպանին, ինչպես օրինակ օձերի դեպքում մեծարել են Վահագն աստծուն: Սակայն նույնիսկ այս դեպքում, կատվին գերմարդկային, մոգական ունակություններ չեն շնորհվել, և եթե նույնիսկ Հայաստանում եղել է կատվի պաշտամունք, ապա այն այնքան էլ տարածված և հզոր չի եղել:
Սակայն Հայաստանում, ինչպես գիտենք, մեծ տեղ են հատկացրել և սովորականից առավել սիրել և խոսել Վանա կատուների մասին, որոնք աշխարհում այն միակ կատուներն են, որոնք չեն վախենում ջրից:
Շան պաշտամունք
Խոսելով տնային կենդանիների պաշտամունքի մասին անպայման պետք է նշել բոլոր ժամանակներում մարդու ամենահավատարիմ կենդանու՝ շան մասին: Հայաստանում շան պաշտամունքի օրինակ են համարվում արալեզները: Վերջիններս շնաձև ոգիներ էին, որոնք ապրում էի երկնքում կամ Արարատ լեռան լանջերին: Արալեզներն առաջին հերթին ասոցացվում էին Արա Գեղեցիկի և Շամիրամի հետ, քանի որ ըստ ավանդության արալեզները լիզելով վերակենդանացրել էին Արա Գեղցիկին: Ըստ պատմիչների, երբ զոհվել էր սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, նրա դին դրել էին մի աշտարակի վրա՝ հուսալով, որ ինչպես Արա Գեղեցիկի, այնպես էլ սպարապետի դեպքում, արալեզները կվերակենդանացնեն նրան:

Հայկական գամփռ
Շների պաշտամունքի մասին են վկայում նաև որոշ գերեզմանների պեղումներ, որտեղ շները թաղված են եղել մարդկանց հետ: Գտնված բոլոր գերեզմաններում նկատելի է եղել մի ընդհանուր օրինաչափություն՝ մարդիկ թաղված են եղել կենտրոնում, իսկ շունն իրենց կողքին՝ դեմքով դեպի տերը: Շները համարվել են մարդկանց ուղեկիցը դեպի հանդերձյալ կյանք: Այդ մասին է վկայում նաև մարդու բերանում դրված մետաղադրամը, որը նախատեսված էր շան համար, որպեսզի այն իրենց ուղեկիցը դառնար դեպի անդրշիրիմյան կյանք:
Հայոց աշխարհում, գրեթե բոլոր ժամանակներում, հայտնի են եղել հայկական գամփռները, որոնք պատկերված են եղել անգամ Գեղամա և Սյունիքի լեռների ժայռապատկերներում, և ունենալով հազարամյակների պատմություն, նույնպես վկայում են շների պաշտամունքի մասին:
Հոդվածը պատրաստելիս օգտվել ենք Ղևոնդ Ալիշանի «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց» աշխատությունից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Աղջոց վանք
Աղջոց վանք անունը կրող միջնադարյան վանական համալիրը գտնվում է Արարատի մարզի՝ Խոսրովի պետական արգելոցում: Այն տեղակայված է Գառնիից դեպի արևելք՝ Գեղամա լեռներից դեպի Ազատի գետն իջնող ձորակում:
Ավանդություն
Ավանդության համաձայն, Աղջոց վանքի կառուցումը եղել է Գ. Լուսավորչի մտահղացումն ու կյանքի է կոչվել նրա նախաձեռնությամբ: Աղջոց վանքը բազմիցս հիշատակվում է Հայսմավուրքներում՝ ծիսամատյաններում, ուր հավաքագրվում և ներկայացվում էին սրբերի կյանքն ու նահատակությունը:
Գրիգոր Խլաթեցու հեղինակած Հայսմավուրքում ներկայացվում է, թե երեք քահանաներ, ովքեր դարձել էին փախստական, գալիս են Գառնի: Նրանցից մեկը՝ Ստեփանոս քահանան, անցնում է Գառնիի լեռները և, այնտեղ, մեզ անհայտ պատճառներով, մահանում: Մյուս քահանան՝ Գրիգորը, այդտեղ կառուցում է վանք՝ ի հիշատակ քահանա Ստեփանոսի, և ըստ ավանդության, այդ օրվանից ի վեր վանքը կոչում են Աղջոց: Վանքը հայտնի է եղել նաև «Սբ. Ստեփանոս Աղջոց վանք», «Սբ. Ստեփանոս Սբ. Գրիգոր վանք» անուններով:
Աղջոց վանք
Քանզի հայերի մեջ տարածված է եղել սրբերի անուններով եկեղեցիների կառուցումը, չի բացառվում նաև, որ 4-րդ դարում Ստեփանոս քահանայի մասունքները երկար ժամանակ ամփոփված են եղել Աղջոց վանք համալիրում:
Պատմություն
Ավանդության համաձայն ստացվում է, որ Աղջոց վանքը կառուցվել է 4-րդ դարում, սակայն հասկանալի է, որ այսօր մեզ հասած Աղջոց վանքը 13-րդ դարում վերակառուցված համալիրն է: Վարդան Արևելյցու հիշատակության համաձայն, Աղջոց վանք վանական համալիրում պահվել է Ստեփանոս քահանայի և Գրիգոր Լուսավորչի որդու՝ Արստակեսի, Սուրբ աջերը:
13-րդ դարից մինչ 18-րդ դարը Աղջոց վանք վանական համալիրի մասին հիշատակություններ այլևս չկան, պատմիչները լռում են վանքի մասին: Արդեն 18-րդ դարում Միքայել Չամչյանն անդրադառնում է վանքին՝ հիշատակելով վերոնշյալ ավանդության մասին:
19-րդ դարում Սարգիս Ջալալյանցը գրում է, որ 17-րդ դարում Աղջոց վանքն ու Գեղարդը վնասվում են երկրաշարժից: Երկրաշարժից տուժել է հատկապես Աղջոց վանքի գավիթը և Պողոս-Պետրոս մատուռի ծածկը:
Ուսումնասիրություններ
Վանքն առաջին անգամ ուսումնասիրվել է Ցարական կայսրության ժամանակ: 1907-1908թթ. Մոսկովյան կայսերական ընկերության առաջարկով վանքը չափագրել, լուսանկարել են Վ. Սիսոևը, Տ. Վարդանյանը և Խաչիկ Դադյանցը: Այնուհետև 1918թ., վանքի քանդակագործական արվեստին անդրադարձել է պրոֆեսոր Ստրժիգովսկին իր՝ «Հայոց շինարարական արվեստն ու Եվրոպան» աշխատությունում:
Վանքի մասին մեզ հասած ծավալուն պատմական, ճարտարապետական, հոգևոր նկարագրի մասին տեղեկությունները հիմնված են գիտնական և կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի ուսումնասիրությունների վրա: Նա առաջինն էր, ով նշեց վանքի վերակառուցման հստակ տարեթիվը՝ 1212թ.: Ըստ նրա, վանքի վերկառուցումն ավարտվել է 1217թ: Սակայն կառուցման տարեթվի մասին կան նաև այլ վարկածներ:
ճարտարապետություն
Աղջոց վանք Սբ. Ստեփանոս վանական համալիրը կազմված է գլխավոր Սբ. Ստեփանոս եկեղեցուց, գավթից և Պողոս-Պետրոս մատուռից: Ամբողջ վանական համալիրը կառուցված է բազալտե սալիկներից և խճկարային միջուկից: Ներկայումս վանական համալիրից մնացել են միայն ավերակներ: Սակայն մինչ օրս կարելի է նկատել, որ վանական համալիրը զարդարված է եղել բազմաթիվ պատկերաքանդակներով՝ բուսական, կենդանական պատկերներով: Համալիրի բոլոր կառույցներն ունեցել են ներքին և արտաքին, որոշ հատվածներում զուսպ, սակայն հիմնականում խիտ զարդարանք:
Սբ. Ստեփանոս եկեղեցի
Եկեղեցին արտաքինից ունի ուղղանկյուն տեսք, իսկ հատակագիծը՝ ներգծած խաչի: Եկեղեցու չորս անկյուններոմ եղել են մեկական սենյակներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ծառայել են որպես ավանդատներ: Եկեղեցու բեմը կազմված է եղել տասնվեց նախշազարդ սալիկներից, որոնց վրա՝ ութանկյուն աստղերի մեջ քանդակված են թռչուններ, վարդյակներ:
Պողոս-Պետրոս մատուռ
Մատուռը գտնվում է Սբ. Ստեփանոս եկեղեցու հյուսիսային հատվածում: Վանական համալիրի կառույցներից մատուռն ամենավատն է պահպանվել: Նկատելի են միայն պատերի ավերակները 1-1,5 մ բարձրությամբ:
Անվան հետ կապված՝ մատուռի հյուսիսային մուտքի մոտ գտնվում են Պողոս և Պետրոս առաքյալների հարթաքանդակները: Հյուսիսային մուտքը երկու կողմերից զարդարված է պատերում ագուցված խաչքարերով: Մյուս՝ աբսիդից բացվող մուտքը, ի տարբերություն, հյուսիսային մուտքի, զուրկ է զարդարանքից:
Գավիթ
Գավիթը կառուցվել է Սբ. Ստեփանոս եկեղեցուց մոտավորապես մեկ ու կես տասնամյակ հետո: Ըստ Գ. Հովսեփյանի, գավթի կառուցումը սկսվել է 1222թ.-ից ոչ շուտ և ավարտվել 10-12 տարի հետո՝ 1234թ.:
Գավիթը տեղակայված է եկեղեցու արևմտյան հատվածում: Հատակագիծը ուղղանկյուն է՝ նախկինում ունենալով երկու մուտք՝ հյուսիսային և արևտմյան կողմերից: Արևմտյան մուտքը բացվում էր դեպի ժայռի եզրը, որտեղից երևում էին մոտակա հովիտն ու շրջակա լեռները: Հյուսիսային կողմի մուտքի մասին է վկայում կիսով չափ կանգուն կամարը: Գավթից պահպանվել են միայն հարավային և հյուսիսային պատերը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Մեր արշավները
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Վերելք Գոմբակ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Սրասար
Սրասար լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Ծափաթաղ և Փամբակ գյուղերի միջև։ Սևանի լեռնաշղթային բարձր լեռներից՝ 2788 մետր է: Սրասար լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Սևանա լիճն ու Սևանի լեռնաշղթայի մյուս բարձր գագաթները։
Մեր արշավները
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Վերելք Գոմբակ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Նոր Վարագավանք
Նոր Վարագավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Հասանի-Ջուր գետակի ձորում՝ Վարագավան գյուղի մոտակայքում: Տեղակայված է բարձր ժայռի վրա և շրջապատված է անտառածածկ լեռներով: Մեզ հասած արձանագրությունների համաձայն, վանական համալիրը 12-րդ դարի կառույց է՝ 1193թ. լինելով Կյուրիկյան-Բագրատունիների վանքն ու պանթեոնը:
Անվան ծագում
Նոր Վարագավանք անվանումը վանական համալիրը ստացել է ավելի ուշ՝ 13-րդ դարում: Ի սկզբանե վանական համալիրը կոչել են Անապատ: Եվ այդ անունով է համալիրը հիշատակվում վիմական աղբյուրներում, ինչպես նաև պատմագիրներ Կիրակոս Գանձակեցու և Վարդան Վարդապետի աշխատություններում:
Ի տարբերություն վիմական և պատմական աղբյուրների, նոր գրականության մեջ ի հայտ է գալիս «Վարագա» անունը: Այն ուղղակիորեն կապված է եղել Վասպուրականի Վարագա վանքից Անապատ փոխադրած մասունքների հետ՝ Սբ. Խարափայտի կտորը (Սբ. Նշան): 1213թ. Վարագա վանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը՝ մոնղոլների հարձակումներից և վանքն ավերելուց հետո, ստիպված է լինում լքել վանքը և մասունքները հասցնել Անապատ:
Ըստ նրա հիշատակություննեերի, մասունքներն Անապատ բերելուց հետո, Անապատ վանական համալիրն անվանափոխում են և կոչում «Նոր Վարագ»: Այստեից էլ ձևավորվում է վանական համալիրի մերօրյա անվանումը՝ Նոր Վարագավանք: Վանական համալիրը հայտնի է եղել նաև «Վարագա Սբ. Նշան», «Ուխտն Վարագ», «Վարագա վանք» անուններով:
Ճարտարապետություն
Վարագավանք վանական համալիրի գլխավոր հուշարձանախումբը բաղկացած է անապատից, Աստվածածին կաթողիկե եկեղեցուց և ժամատնից: Գրեթե բոլոր շինությունները կառուցված են դեղնակապտավուն բաց երանգի ֆելզիտ քարից:
Անապատ
Անապատի հատվածն ընդգրկում է վանական համալիրի հարավային մասը և բաղկացած է գավթից, տապանատնից, եկեղեցուց և մատուռից: Գավիթը գրավում է Անապատի քառակուսի տարածության հարավային մասը, եղել է թաղապատ: Կանգուն են միայն արևելյան, արևմտյան և հյուսիսային պատերը, տանիքն ամբողջությամբ ավերված է: Գավթի հյուսիսից գտնվում է տապանատունը:
Եկեղեցին տեղակայված է արևելյան հատվածում, թաղապատ է: Ճարտարապետական հորինվածքի շնորհիվ ունի երկու բեմ, որը եզակի է հայկական եկեղեցաշինության մեջ: Նմանատիպ ճարտարապետական լուծում ունեն նաև Շատիվանքի Սբ. Սիոն և Սանահինի Սբ. Հակոբ եկեղեցիները: Չնայած եկեղեցին ունի մոտավորապես 3 մ լայնություն, սակայն մուտքը ձևավորված է փոքրիկ կիսասյուներով և քանդակներով, իսկ պատերի մեջ նկատելի են ամրեցված խաչքարեր:
Անապատը և տապանատունը կառուցումը սկսվել է Վասակ Ա-ի որդի՝ իշխան Դավիթ Կյուրրիկյան-Բագրատունու օրոք՝ 1193թ., և տևել մինևչ 1198թ.:
Աստվածածին կաթողիկե եկեղեցի
Անապատի հյուսիսային կողմին կից գտնվում է Աստվածածին եկեղեցին, որը 13-րդ դարի բնորոշ, կենտրոնական գմբեթակիր՝ բարձր սլացիկ գմբեթով կառույց է: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան կողմերից: Հարավային դուռը բացվում է Անապատի գավթի մեջ, իսկ արևմտյանը՝ ժամատան: Այն համեմաատած Վարագավանք վանական համալիրի մյուս կառույցների հետ, առավել լավ է պահպանված:
Աստվածածին եկեղեցու արտաքին զարդարանքը զուսպ է՝ կենտրոնացած արևմտյան կողմում: Արևմտյան մուտքը եզերված է լայն մոզաիկ շրջանակով: Այն պարունակում է երկրաչափական ձևեր ունեցող զարդանախշեր, կենդանապատկերներ, որոնք կերտվել են մուգ մանուշակագույն և բաց կապույտ քարերից: Մուտքի նման զարդարանքը ճարտարապետական իր հորինվածքով հիշեցնում է Մշկավանքի մուտքը:
Մուտքի երկու կողմերում կան խաչքարեր, որոնց արձանագրություններից մեկում նշված «ԹԱԱՐԻՆ» անունը ուսումնասիրողներ Կ. Ղաֆադարյանը, Հ. Աճառյանը բացատրում են որպես «Թաար» անձանվամբ, և կարծում, որ խաչքարերի հեղինակն է: Իսկ ահա Ս. Ավագյանը կարծում է, որ այն Թամար անձանվան կրճատ տարբերակն է:
Աստվածածին կաթողիկե եկեղեցին կառուցվել է Վասակ Բ Կյուրիկյան-Բագրատունու օրոք և հովանավորությամբ, նախաձեռնողը Հովհաննես վարդապետն էր: Կառուցումը սկսվել է 1224թ. և ավարտվել 1237թ: Սակայն անհայտ պատճառներով եկեղեցին անվանակոչվել և օծվել է միայն 1240թ.:
Ժամատուն
Ժամատունը կառուցվել է Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում: Ժամատան արևելյան կողմում վերնոնշյալ՝ Աստվածածին եկեղեցու զարդարված դուռն է, իսկ ժամատան հիմնական մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Այժմ ժամատնից մնացել են միայն պատերը, սակայն սյուներից և կամարներից կարելի է ենթադրել, որ այն եղել է ճարտարապետական գեղեցիկ կառույց:
Այլ կառույցներ
Բացի նկարագրված հիմնական հուշարձանախմբից, վանական համալիրի շուրջը տարածված է եղել միաբանության բնակատեղին: Հյուսիսային կողմում գտնվում է գերեզմանատան և մի մատուռի ավերակներ, վանական համալիրից 100 մ դեպի հարավ՝ ձորակում, ևս գտնվում է մի մատուռ՝ կիսավեր վիճակում:
Վանական համալիրն ամբողջութմաբ շրջապատված է եղել պարսպով:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք Գ. Սարգսյանի «Անապատ կամ Նոր-Վարագվանքը և նրա վիմագրությունը» և Հ. Քարտաշյանի «Նոր Վարագավանքի ճարտարապետական համալիրը» գրքերից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ
Տեղերի վանք
Սբ․ Սիոն վանք
Գնդեվանք
Ցաղաց քար
Սևանավանք
Որոտնավանք
Հայրավանք
Զորաց եկեղեցի
Հաղարծին վանական համալիր
Զորաց քարեր
Զորաց քարեր հայտնի մեգալիթյան կառույցը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ: Այն կարելի է համարել Հայաստանում գտնվող այն եզակի պատմամշակութային կառույցներից, որի շուրջ պտտվում են բազմաթիվ վարկածներ: Չնայած հետազոտվող տարածքը նույնն է և տարբեր հետազոտողների մոտ որոշ հետևություններ համընկնում են, սակայն հակասություններն առավել շատ են:
Զորաց քարեր
Անվան ծագումը
Հնարավորինս անաչառ լինելու նպատակով, մենք որոշել ենք մեգալիթյան կառույցը ներկայացնել չեզոք, և տեղացիների համար առավել հայտնի, «Զորաց քարեր» անվամբ, սակայն չենք կարող չնշել, որ Հայաստանի կառավարության 2004թ. հուլիսի 29-ի N 1095 որոշման համաձայն, հուշարձանը կոչել են «Քարահունջ», ավելին՝ հուշարձանը պետական որոշմամբ հաստատված է որպես աստղադիտարան: Պետական որոշումը հաստատվել է 1990-ականների հետազոտող ակադեմիկոս Պարիս Հերունու կատարած պեղումների արդյունքում:
Նա իր՝ «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում նշում է, որ հուշարձանից 29 կմ դեպի արևելք՝ Գորիս քաղաքի մոտակայքում, գտնվում է մի գյուղ՝ Քարահունջ անվամբ: Իսկ մեգալիթյան կառույցից 80-90 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Արցախում, ևս, գտնվում է Քարահունջ անվամբ գյուղ: Ստ. Օրբելյանի «Սյունիքի պատմությունը» գրքում հանդիպում ենք Սիսիան քաղաքի մոտ գտնվող մի բնակավայրի, որն ըստ պատմիչի, կրում էր «Քարունջ» անվանումը, որը նշանակում էր «քարե գանձ» կամ «հիմնաքարեր»:
Զորաց քարեր
Այս գյուղերի անուները հիմք ընդունելով, Պարիս Հերունին առաջարկում է հուշարձանը կոչել «Քարահունջ»՝ մեկնաբանելով, որ հայերենում «հունջ» նշանակում է «հունչ», «ձայն», «արձագանք», և «Քարահունջը» բացատրում որպես «Խոսող քարեր»:
Զորաց քարեր անվանումից բացի, տեղացիների շրջանակներում, հուշարձանը հայտնի է նաև Ցից-ցից կամ Դիք-դիք քարեր անուններով:
Ավանդություն
Ավանդության համաձայն քարակույտերի տակ թաղված են զորավարների, իսկ ուղղահայաց քարերի տակ՝ զինվորների դիակները: Դրա համար էլ այդ գերեզմանները կոչվում են «Զորքի քար», «Զորաց քարեր»:
Մյուս վարկածի համաձայն՝ հուշարձանի անվանումը՝ «Զորաց քարեր»՝ տեսքից բխող լեզվական փոխաբերություն է՝ որպես կանգնած մարդկանց խումբ կամ զորախումբ:
Հնագիտական պեղումներ
Զորաց քարերի տարածքն առաջին անգամ՝ 1984թ., ուսումնասիրել է հնագետ Օ. Խնկիկյանը՝ առաջ քաշելով հուշարձանի՝ աստղադիտարան լինելու վարկածը:
Զորաց քարեր
Այնուհետև՝ 1994-1997թթ., 1999թ. և 2001թ.-ին տարածքում պեղումներ է իրականացրել Պարիս Հերունին՝ իր արշավախմբի հետ միասին՝ առաջ քաշելով հուշարձանի հնարավոր երեք ֆունկցիաները: Ըստ նրա, Զորաց քարեր հուշարձանն, առաջին հերթին եղել է հեթանոսական Հայաստանի Ար(Արև) գլխավոր աստծո, և նրա օգնական՝ գրի, գիտության և արվեստի հովանավոր Տիր աստծո նվիրված տաճարը: Այն եղել է հզոր և զարգացած աստղադիտարան, նաև համալսարան:
1995թ. հուշարձանը ուսումնասիրել է շվեյցարացի գիտնական, գիտությունների դոկտոր Հ. Պ. Կլայները, իսկ 2001թ.-ին՝ Եվրասիական աստղագիտական միության նախագահ, ռուս պրոֆեսոր Ն․Գ․Բոչկարյովը՝ իր երկու ասպիրանտների հետ: Նրանք, ինչպես որ Օ. Խնկիկյանը, Պ. Հերունին, Կլայները եկան այն եզրակացության, որ Զորաց քարեր հուշարձանը 7500 տարեկան է և հանդիսանում է աշխարհում առաջին և հնագույն աստղադիտարանը:
Զորաց քարեր
Արդեն 2014թ.-ից հուշարձանի տարածքում հնագիտական պեղումներ է իրականացրել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը՝ առաջ քաշելով հուշարձանի՝ դամբարանադաշտ լինելու վարկածը, միաժամանակ հերքելով Զորաց քարեր մեգալիթյան կառույցի՝ աստղադիտարան լինելու վարկածը:
Վարկածները
Ձեզ ենք ներկայացնում երկու հետազոտողների՝ Պարիս Հերունու և Աշոտ Փիլիպոսյանի հետազոտությունների արդյունքները: Նշենք, որ Պարիս Հերունին, Զորաց քարերի կատարած հետազոտությունների արդյունքներն, ամփոփել է «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում: Հոդվածում, նրա անձի և վարկածի մասին ողջ տեղեկությունը հիմնված է նրա գրքի վրա:
Զորաց քարեր
Իսկ Աշոտ Փիլիպոսյանի վարկածի մասին ինֆորմացիան մեկտեղել ենք նրա տված հարցազրույցներից:
Զորաց քարեր. աստղադիտարան
«Հայեր և հնագույն Հայաստանը» գրքում Պարիս Հերունին նշում է, որ 1994թ. սկսած իր հնագիտական պեղումները նա սկզբնական շրջանում իրականացրել է հատկապես Արևադարձի և Գիշերահավասարի օրերին: Պեղումների արդյունքում կազմվել է տարածքի քարտեզը և 223 քարերից բաղկացած կատալոգը, որտեղ մանրամասն ներկայացված է քարերի ընդհանուր նկարագրությունը՝ չափսերը, քարերի ներկայիս վիճակը: Ի դեպ, բոլոր քարերը համարակալված են:
Ըստ նրա, Զորաց քարեր հուշարձանը բաղկացած է կենտրոնական շրջանից, հյուսիսային և հարավային թևերից, հյուսիս-արևելյան քարուղուց և առանձին տեղակայված քարերից: Պարիս Հերունին նշում է, որ քարերը բերվել են Դարբ գետի ձորի քարահանքից՝ բազալտից են, յուրաքանչյուրը՝ 0.5-3մ բարձրության, կշռելով մինչև 10 տոննա: Քարերը ժամանակի ընթացքում ենթարկվել են էրոզիայի, ծածկված են մամուռով:
Զորաց քարեր
Քարերի մեծ մասը կանգուն վիճակում է և, չնայած հիմնականում ունեն մեկ անցք, սակայն հանդիպում են նաև այնպիսի քարեր, որոնք ունեն 2 անցք: Ըստ Պ. Հերունու, քարերի անցքերը գլխավոր վկայությունն են այն մասին, որ դրանք աստղադիտական գործիքներ են, որոնք հնարավորություն էին տալիս որոշելու նպատակակետի ճշգրտությունն ու կայունությունը՝ ուղղված լինելով իրական հորիզոնի տարբեր կետերի, երբեմն նաև հորիզոնից վեր՝ դեպի երկինք: Քարերի և առհասարակ հուշարձանի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Պ. Հերունու «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում:
Զորաց քարեր. դամբարանադաշտ
Աշոտ Փիլիպոսյանի և նրա արշավախմբի պեղումները սկսվել են 2014թ.-ին: Ըստ նրա, «հուշարձանի հարավային հատվածը դամբանադաշտ է, հյուսիսային մասը՝ բնակավայր, որն էլ ունի պաշտպանական պարիսպ՝ իր որմնահեցերով, հետքերն էլ պահպանված են»:
2015-2016թթ. կատարվել է տարածքի չափագրում, տեղազննություն: Հնագիտական պեղումների ժամանակ՝ հուշարձանի արևմտյան կողմից դեպի դամբարանախուց տանող ստորգետնյա ճանապարհով բացվել է մի հետաքրքիր կառույց: Դամբարանախցի երկարությունը 7մ է, լայնությունը՝ 3մ:
Զորաց քարեր
Հնագետի խոսքերով տարածքում առնվազն 4 տարբեր շրջափուլերի բնորոշ թաղումներ են իրականացվել՝ մ.թ.ա. 5-14 – մ.թ.ա. 11-9-րդ դարերում: Ամենաստորին հատակից ստացված նյութը՝ բրոնզեդարյան գունազարդ խեցեղենի բեկորները թվագրվել են մ.թ.ա. 18-17-րդ դարեր՝ «Ամենայն հավանականությամբ, երբ կառուցել են դամբարանը, միջին բրոնզեդարյան դամբարանն արդեն եղել է, այն հիմնահողային է, հարթեցնելով դրա վրա կառուցել են քարաշար դամբարանախուցը, որն այսօր ունենք». նշում է հնագետը: Հայտնաբերվել են երեք մարդու գանգի մնացորդներ, խոշոր ու մանր եղջերավոր անասունների մի քանի արկղ ոսկորներ՝ թաղման ծեսի ժամանակ զոհաբերված կենդանիների մնացորդներ:
Զորաց քարեր
Որպես հակասություն այն վարկածի, որ անցքեր ունեցող քարերը եղել են աստղադիտարանի համար կարևոր «գործիքներ», հնագետը նշում է որ անցքավոր քարերը եղել են դամբարանի ծածկասալերը, իսկ անցքերը արվել են քարերի հեշտ տեղափոխման համար:
2019թ.հուլիսի 30-ին «Բնօրրան» պատմամշակութային հ/կ հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ միավորել Զորաց քարեր հուշարձանի շուրջ տարբեր կարծիքներ ունեցող կողմերին՝ Պ. Հերունու զարմուհի Ա. Սարգսյանին (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր) և Աշոտ Փիլիպոսյանին: Հանդես գալ ընդհանուր նպատակով՝ բացահայտել Անդրկովկասում իրապես եզակի հուշարձանը՝ առանց ժխտելու կամ հաստատելու այս կամ այն վարկածը: Երկու կողմերն էլ հույս ունեին, որ ապագա պեղումներին կմասնակցեն միջազգային փորձագետներ՝ գործընթացի օբյեկտիվ և թափանցիկ ընթացքի ապահովման համար:
Հոդվածը պատրաստելիս օգտվել ենք Պ. Հերունու «Հայերը և հնագույն Հայաստանը» և Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքերից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Armenian Geographic լեռնային նախագիծը 2022 թվականից կազմակերպում է արշավային ուղեկցորդների պատրաստման երկամսյա դասընթաց:
Տարեցտարի լեռներ բարձրացողների և հանգիստը քայլարշավների միջոցով անցկացնողների թիվն աճում է։ Հետևաբար զբոսաշրջության ոլորտում գնալով ավելի է մեծանում արշավային ուղեկցորդների պահանջարկը։
Դասընթացին մասնակցելու 3 ամենակարևոր պատճառներն են՝
Դասընթացի տևողությունը 2 ամիս է՝ կազմված տեսական և գործնական դասընթացներից։
Տեսական դասերի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալ Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի լեռների աշխարհագրությանը, սովորում են կազմել և մշակել արշավային երթուղիներ, ընտրել ճիշտ արշավային գույք և հանդերձանք: Ձեռք են բերում GPS-ից օգտվելու և տեղանքում կողմնորոշվելու հմտություններ, սովորում և կատարում են առաջին բուժօգնության տեսական, ինչպես նաև գործնական դասեր:
Արշավների ընթացքում մասնակիցները սովորում են գործնականում կիրառել իրենց ստացած գիտելիքները: Մասնակիցների ցանկությամբ՝ նրանք հնարավորություն են ունենում իրենց ուժերը փորձել որպես ուղեկցորդ և հետնապահ:
Դասընթացի բանախոսներն են Armenian Geographic-ի հիմնադիր, «Հայաստանի լեռները» և «Լեռնային կղզի» գրքերի հեղինակ Տիգրան Վարագը, բժիշկ Ռաֆայել Ժամակոչյանը, արահետային տուրիզմի և արահետաշինության մասնագետ Աշոտ Դավթյանը, Արմջեոյի մենեջեր Հրաչուհի Այվազյանը և այլոք։
Ի՞նչ են ստանում մասնակիցները դասընթացից
Դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն են ունենում շփվել նույն հետաքրքրություններն ու գաղափարները կիսող մարդկանց հետ, ձեռք են բերում նոր ծանոթություններ ու ընկերներ։
Եվ որ ամենակարևորն է՝ կարճ ժամանակահատվածում կարողանում են ձեռք բերել նոր մասնագիտություն, որից հետո հնարավորություն ամրապնդել իրենց գիտելիքները պրակտիկ փորձով:
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին տրվում է հավաստագրեր Armenian Geographic-ի կողմից:
Մեր գործունեությունը
Հայկական առաջին խումբն Արարատի գագաթին
Հանդիպում Հայկ Մարգարյանի հետ
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
«Լեռնային կղզի» / Մենք 10 տարեկան ենք
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես
Իռենա Խառազովայի կյանքի Էվերեստը
Արարատվածներ / Մենք 7 տարեկան ենք
«Հայաստանի լեռները» գրքի շնորհանդես
Աղձքի դամբարան
Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատունը 4-րդ դարի կառույց է և գտնվում է Արագածոտնի մարզում՝ Աշտարակի շրջանի Աղձք գյուղում: Չնայած այն ընդունված է անվանել դամբարան, ինչը հեթանոսությանը բնորոշ տերմին է, սակայն այնտեղ են ամփոփված նաև քրիստոնյա Արշակունիները: Այս հանգամանքը կարևոր է, քանի որ այն ուղղակիորեն անդրադարձել և իր ազդեցությունն է ունեցել դամբարան-գերեզմանատան ճարտարապետական և հորինվածքային լուծումների վրա:
Պատմական ակնարկ
Պատմիչ Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ շատ հանգամանալիորեն ներկայացրել է Արշակունիների գահակալման ընթացքը՝ հատկապես 4-րդ դարի ներքին և արտաքին աշխարհաքաղաքական իրավիճակը` Արշակ Երկրորդի (350-368թթ.), Պապ թագավորի (370-374թթ.) գահակալման տարիները, հայ-պարսկական հարաբերությունները:
Աղձքի դամբարան
Փ. Բուզանդն անդրադառնալով հայ-պարսկական պատերազմին (364-368թթ.) նշում է, որ Սասանյան շահնշահ Շապուհ Բ-ն 364թ. գրավում է հեթանոսական սրբատեղի Անի-Կամախը, իսկ ավելի ուշ՝ նենգորեն սպանում Արշակ Բ-ին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին:
Անի-Կամախ. արքայական դամբարան
Անի-Կամախը եղել է հայտնի ամրոց և սրբատեղի՝ տարբեր ժամանակահատվածներում ունենալով իր ուրույն տեղն ու նշանակությունը: Մ.թ.ա․ 4-1-ին դարերում եղել է Փոքր Հայքի կենտրոնը, ապա հեթանոս հայերի՝ Արամազդ աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը: Լինելով նման հզոր, լայն ճանաչում ունեցող կենտրոն, այն նշանավոր էր նաև արքայական դամբարանով, ուր 4-1-ին դարերում կատարվում էին արքայական նախնիների պաշտամունքային ծեսեր:
Անշուշտ ոչ այնքան հետաքրքրական է, որ Շապուհ Բ-ն գրավել է Անի-Կամախը, որքան այն հանգամանքը, որ ամրոցն ավերելուց, ոչնչացնելուց հետո նա հրաման է տվել դամբարանից հանել թաղված Արշակունի թագավորների աճյունները և նպատակ ունեցել դրանք ամփոփել Պարսկաստանում: Բանն այն էր, որ հեթանոս պարսիկները հավատում էին, որ արքաների ոսկորներն օժտված են անբացատրելի հզորությամբ, և Պարսկաստանում լինելու դեպքում, այդ արքաների փառքն ու ուժը կփոխանցվեր իրենց և կնպաստեր Պարսկաստանի բարգավաճմանը:
Աղձքի դամբարան
Չնայած Սասանյան Պարսկաստանն այդ ժամանակաշրջանում ապրում էր իր պատմության վերածնունդը, սակայն նրանց չի հաջողվում իրագործել իրենց մտահղացումը, քանի որ Վասակ Մամիկոնյանն Այրարատ նահանգում մղած պայքարի ժամանակ հաղթում է պարսիկներին և հաջողում խլել թագավորների մասունքները՝ ամփոփելով դրանք Աղձք գյուղում:
Կա մի վարկած, ըստ որի, քրիստոնյա հոգևորականությունը դեմ է եղել Սուրբ Վաղարշապատում ամփոփել հեթանոս արքաների աճյունները: Ինչի արդյունքում Աղձքում կառուցում են հատուկ դամբարան և Արշակունիների մասունքներն ամփոփում այնտեղ: Հնագետ Հակոբ Սիմոնյանը նշում է, որ Աղձքում պեղումների ընթացքում հայտնաբերված եկեղեցին կառուցված է եղել մինչ Արշակունիների դամբարան դառնալը:
Արշակունիների դամբարան
Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատունը վաղմիջնադարյան համալիր է՝ բաղկացած դամբարանից, նրան հյուսիսից հարող եռանավ բազիլիկ եկեղեցուց և հարավային կողմում բացված երեք հուշասյուներից: Դամբարանն արժանացել է մի քանի խմբերի ուսումնասիրություններին: Առաջին անգամ պեղումներ կատարվել են 1973-1974թթ., պեղումների երկրորդ փուլը տեղի է ունեցել 2001թ-ին, իսկ երրորդ փուլը՝ 2015-2018թթ.:
Աղձքի դամբարան
Աղձքի արքայական դամբարանը, որպես միջնադարի հնագույն կառույց, ժամանակին իր վրա է բևեռել մի շարք նշանավոր հայագետների` Թ. Թորամանյանի, Ն. Տոկարսկու, Բ. Առաքելյանի, Ա. Սահինյանի, Մ. Հասրաթյանի և այլոց ուշադրությունը: Սակայն բազմաթիվ հարցեր դեռևս չեն ստացել իրենց մեկնաբանությունը, իսկ նույն խնդրի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ:
Պեղումների արդյունքները
1973-1974թթ. պեղումների ժամանակ բացվել են դամբարանի վերգետնյա մասի 5 աստիճաններից բաղկացած հատվածը, արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդները։ Ենթարվում է, որ դամբարանը եղել է երկհարկանի՝ կազմված տապանատնից և վերնահարկից:
Աղձքի դամբարան
Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատան 2015-2018թթ. պեղումների ժամանակ հայտնաբերվել են 3 աճյունատուփեր՝ լի մարդկային ոսկորներով: Սնդուկներից մեկի վրա խաչ է պատկերված, որը վկայում է քրիստոնեական ժամանակաշրջանում կատարված թաղման մասին: Ոսկորների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պատկանում են տարբեր սեռերի և տարիքի մարդկանց: Բացի այդ, հայտնաբերված որոշ ոսկորներ այրված էին, որը բնորոշ է եղել մինչքրիստոնեական ժամանակաշրջանին, երբ թագավորների մարմինները դիակիզում էին։ Հնագետի պնդմամբ, ուսումնասիրությունների բոլոր արդյունքները փաստում են մասունքների արքայական ծագման մասին:
Մասնագետները վստահեցնում են, որ դրանք պատկանում են արքայական տոհմերից Արշակունիներին, Արտաշեսյաններին և Երվանդունիներին: Այդ մասունքները գտնվել են վաղ միջնադարյան կիսավեր եկեղեցու պեղումների ժամանակ: Արքայական տոհմերի մասունքներն ամփոփված են եղել եկեղեցու սալահատակի տակ՝ տուֆակերտ աճյունատուփերի մեջ:
Հնագետ Հ. Սիմոնյանը վստահեցնում է, որ եկեղեցին կառուցվել է մինչ 4-րդ դարը՝ հիմնավորելով, որ արքայական մասունքները չէին կարող ամփոփել հասարակ մի վայրում: Եթե հնագետը չի սխալվում, ապա ստացվում է, որ քրիստոնեության ընդունումից ՝ 301թ-ից մինչև 364թ. ընկած ժամանակահատվածում, հայկական քրիստոնեական եկեղեցաշինությունն արդեն սկսել էր ձևավորվել և զարգանալ: Սակայն կա նաև մեկ այլ կարծիք, ըստ որի, վերոնշյալ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, ապա վերանորոգվել 19-րդ դարում:
Տապանաքարեր
Արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը նշում է, որ Արշակունիների Աղձքի դամբարանի պեղումների ընթացքում հայտնաբերվել են հայերեն արձանագրություններով վաղ միջնադարյան տապանաքարեր: «Տապանաքարերի դեպքում ամենակարևորն այն է, որ դրանք արձանագիր են: Մեր վաղագույն վկայությունը վերաբերում է 8-րդ դարին, իսկ այստեղ արդեն 5-րդ դարի արձանագրություններ են»:
Աղձքի դամբարան
Հնագետը նշում է, որ թե՛ գիտական, թե՛ պատմական տեսանկյունից բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում 200-ի հասնող հարթաքանդակներով աղյուսները, որոնք եզակի են ամբողջ Առաջավոր Ասիայում։ Դրանք պատկերում են արքայական իշխանության խորհրդանիշներ՝ թագակիր արծիվներ, առյուծներ, ցլեր, եղնիկներ, խոյեր, որոնք վաղ միջնադարյան հայ արվեստի բացառիկ նմուշներ են:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Դովեղի Սբ. Սարգիս
Դովեղի Սբ. Սարգիս եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Դովեղ սահմանամերձ գյուղից 6կմ դեպի հարավ-արևելք՝ սարալանջի վրա: Գրանցված է Հայաստանի մշակութային ժառանգության ցանկում:
Անվան ծագում
Տեղացիների համար եկեղեցու անվանումն ունի շատ պարզ բացատրություն՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում Սուրբ Սարգիսը սրբերից ամենասիրելին է, ինչի պատճառով եկեղեցին անվանել են նրա անունով: Տեղացիների փաստմամբ տարածաշրջանում ժամանակին եղել է չորս եկեղեցի՝ բոլորն էլ Սուրբ Սարգիս անունով, սակայն Դովեղի Սբ. Սարգիս եկեղեցու զորությունն այլ է:
Ասում են, որ Սուրբ Սարգիս զորավարը եղել է այս տարածքում, քարոզ է արել և լուսավորել մարդկանց: Ինչից հետո էլ այդքան սիրվել է տեղացիների կողմից:
Պատմություն
Ցավոք, Սուրբ Սարգիս եկեղեցու մասին մեզ հասած շատ քիչ տեղեկություններ կան: Նույնիսկ թվագրման հարցում կարծիքները հակասական են: Որոշ ուսումնասիրողներ այն թվագրում են 16-րդ դար, իսկ որոշները՝ 18-19-րդ դարեր: Սակայն կասկած չկա, որ այն եղել է վանական համալիր՝ կազմված եկեղեցուց, զանգակատնից, միաբանության շենքերից և պարսպից:
Մեզ անհայտ ժամանակներից եկեղեցին մնացել է առանց խաչի: Եվ տեղացիներն իրենց ձեռքերով պատրաստել են եկեղեցու ներկայիս խաչը: Այն պատրաստված է արկից, որը ձևափոխել դարձրել են խաչ և ագուցել եկեղեցու գմբեթին: Տեղացիների մեկնությամբ, նրանք չարին ու թշնամանքին պատասխանում են սիրով և հավատով, ինչի վառ ապացույցն են համարում իրենց՝ Սբ. Սարգիս եկեղեցու խաչը:
Ուխտատեղի
Սբ. Սարգիս եկեղեցի տանող ճանապարհին կա ջրի աղբյուր, որից բխող ջուրը տեղացիները համարում են սուրբ, բուժիչ ջուր: Չնայած ամբողջ տարվա ընթացքում եկեղեցին չի ունենում այցելուների պակաս, սակայն հոկտեմբերի առաջին և երկրորդ կիրակին Սբ. Սարգիս եկեղեցում մարդաշատ է լինում: Այդ օրերին Սբ. Սարգիս եկեղեցին դառնում է ուխտատեղի բոլորի համար, ուր գալիս են թե՛ մոտակա, թե՛ հեռավոր վայրերից: Մարդիկ հավատում են, որ այս Սբ. Սարգիս եկեղեցին բուժում է բոլորին՝ անկախ ազգությունից:
Հարկ է նշել նաև, որ տեղացիները Սբ. Սարգիս եկեղեցին կոչում են Դովեղի Խաչ, իսկ եկեղեցու բուժիչ լինելը մեկնաբանում, թե Դովեղ նշանակում է «դև եղ», այսինքն այն վայրը, որտեղ մարդիկ կարող էին բուժվել դևերից: Եվ այսպես մեկնաբանում Սբ.Սարգիս եկեղեցու բուժիչ լինելը: Սակայն ուսումնասիրողները կարծում են, որ առաջ գյուղը կոչվել է Դավեղ և մեկնաբանել են որպես՝ «դեպի վեր»:
Դովեղի Սբ. Սարգիս եկեղեցին վերակառուցվել է 1845-1849թթ.: Իսկ տեղացիների կողմից պատրաստված խաչը օծվել է 2021թ.:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ
Տեղերի վանք
Սբ․ Սիոն վանք
Գնդեվանք
Ցաղաց քար
Սևանավանք
Որոտնավանք
Հայրավանք
Զորաց եկեղեցի
Հաղարծին վանական համալիր
Մշկավանք
Մշկավանք վանական համալիրը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Կողբ գյուղի հարավային մասում՝ անտառածածկ բլրի վրա: 2014թ.-ից այն ներառված է Հայաստանի պետական պահպանության հուշարձանների ցանկում:
Պատմություն
Մշկավանք վանական համալիրի մասին մեզ հասած տեղեկությունները հիմնված են սուղ հիշատակությունների և արձանագրությունների վրա: Մշկավանքի մասին ուսումնասիրողներին հայտնի միակ վկայությունը պատկանում է հայ պատմագիր Վարդան Արևելցուն, ով առավել հայտնի է Վարդան Գանձակեցի անունով: Ըստ նրա Մշկավանքը կանգուն է մնացել մինչև 1220թ.՝ քանդվելով 1220-1221թթ.-ի երկրաշարժից:
Մշկավանք
Արձանագրություններ
Մշկավանք վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու և գավթի արձանագրությունների ընդհանուր թիվը հասնում է 50-ի: Եվ չնայած արձանագրությունները բավականին շատ են, սակայն դրանցից միայն չորսն են պարունակում հստակ տարեթվեր: Ցավոք, նշված արձանագրություններից և ոչ մեկում նշված չէ կառուցման հստակ տարեթիվը: Սբ. Աստվածածին եկեղեցու մուտքի մոտ կա մի պահպանված նվիրատվական արձանագրություն, որի փաստմամբ՝ եկեղեցու վերանորոգումն ավարտել են 1246-1247թթ.:
Մշկավանք
Սբ. Աստվածածին եկեղեցու գավիթը կառուցել են եկեղեցուց ավելի ուշ՝ երկրաշարժից հետո՝ եկեղեցու վերակառուցման ժամանակ: Այս մասին է փաստում գավթի հարավային պատի վրա պահպանված արձանագրությունը, ըստ որի գավթի կառուցումն ավարտել են 1253թ.:
Իրականում վերոնշյալ 50 արձանագրություններից շատերը հենց նվիրատվական բնույթ ունեն՝ ընդգրկելով 1247-1652թթ. ընկած ժամանակահատվածը:
Ճարտարապետություն
Մշկավանքի հիմանդրման մասին լռում են թե՛ պատմագիրները, թե՛ արձանագրությունները: Սակայն ամբողջացնելով արձանագրությունների հիմնական ժամանակահատվածը՝ 13-17դարեր, և պատմագիր Վարդան Արևելցու հիշատակությունը՝ 1219թ., ուսումնասիրողները կարծում են, որ Մշկավանքը 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին պատկանող հոգևոր կենտրոն է:
Սբ. Աստվածածին եկեղեցի
Մշկավանք վանական համալիրը բաղկացած է Սբ. Աստվածածին եկեղեցուց, գավթից և մատուռից: Բացի այդ, վանքի հիմնական հուշարձանախմբից մի փոքր հեռավորության վրա են գտնվում գերեզմանաքարերը: Սբ. Աստվածածին եկեղեցին արտաքինից զուսպ է և հասարակ: Ունի քառակուսի սրահ՝ կիսաշրջանաձև թաղածածկ հատվածով և նեղ, երկհարկանի խորաններով:
Մշկավանք
Թաղածածկ հատվածից՝ աբսիդից, դեպի վերին խորաններ տանող մուտքը ձգվում է եռաշերտ աստիճաններով: Ներսից եկեղեցու բոլոր անկյունները զարդարված են կիսասյուներով, ինչպես որ աբսիդի կիսաշրջանի հատվածն է զարդարված եռանիստ կիսասյուներով:
Պատկերաքանդակներ
Բեմի պատուհանն ամփոփված է ոչ այնքան լայն շրջանակով՝ եռաշարք շղթաներով: Պատուհանի վերին հատվածում վեր է բարձրանում քառաթև որմնաքանդակ խաչ, որի թևերի հատվածում պատկերված են օղակներ: Իսկ խաչի և պատուհանի միջև գտնվող շղթան կազմված է հինգ հնգաթև աստղերից: Սակայն այս փոքրիկ քանդակային լուծման մեջ առավել հետաքրքիր է խաչի վերևում տեղադրված ցլի գլխի պատկերաքանդակը:
Մշկավանք
Կենդանիների պատկերումը բնորոշ է եղել հայկական եկեղեցաշինությանը՝ որոշ դեպքերում կապված լինելով հեթանոսական ժամանակներից մարդկանց մեջ պահպանված կենդանիների պաշտամունքով, իսկ մյուս դեպքում՝ խորհրդանշելով այս կամ այն նախարարական տունը: Ցլի պատկերաքանդակներ հատկապես հանդիպում են Հայաստանի հյուսիսում՝ մեծամասամբ մեկնաբանվելով որպես ամրության, հզորության խորհրդանիշ:
Գավիթ
Սբ. Աստվածածին եկեղեցու գավիթն իր ճարտարապետական հորինվածքով շատ նման է Հաղպատի վանքի մեծ գավթին՝ պարզապես ունենենալով անհամեմատ փոքր չափսեր: Գավթի արևմտյան մուտքը զարդարված է երկակի կամարներով միմյանց միացող երկու զույգ կիսասյուներով:
Մշկավանք
Գավթի արտաքին զարդարանքում շատ են հանդիպում վերդիր զարդանախշեր, որը բնորոշ է եղել միջնադարյան հայկական ճարտարապետությանը: Արևմտյան ճակատը զարդարված է վերդիր դեղին քարից կերտված խաչերով և ութանկյուն վերջավորություն ունեցող աստղերով:
Մահարձաններ
Գավթի շուրջ կան գերեզմանաքարեր, որոնց տապանաքարերը հիմնականում ընկղմված են հողի մեջ: Բացի այդ, գավթում հանդիպում են նաև երեք մահարձաններ: Արևելյան պատի մեջ կա մի խորշ, որտեղ տեղադրվել է մի մահարձան՝ թվագրված 1291թ.: Այն զարդարված է սրբապատկերներով և երկրաչափական զարդանախշերով: Մյուս մահարձանը թվագրված է 1652թ., և կրում է նաև Ավետիք անունը: Իսկ ահա երրորդ մահարձանը չի պարունակում որևէ արձանագրություն:
Մշկավանք վանական համալիրը վերանորոգվել է 1955-1960-ականներին՝ ճարտարապետներ Հովհաննես Հակոբյանի և Ալ. Թամանյանի որդի՝ Յուրի Թամանյանի նախագծով:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ
Տեղերի վանք
Սբ․ Սիոն վանք
Գնդեվանք
Ցաղաց քար
Սևանավանք
Որոտնավանք
Հայրավանք
Զորաց եկեղեցի
Հաղարծին վանական համալիր
Կտուց կղզի
Վանա լիճը նախկինում ունեցել է յոթ կղզի, որոնցից մնացել են միայն չորսը՝ Կտուց, Լիմ, Առտեր և Աղթամար կղզիները: Կտուց կղզին համարվում է մեծությամբ երկրորդը՝ Լիմ կղզուց հետո՝ գտնվելով Վանա լճի արևելքում:
Կտուց կղզի
Վանա լճի տեղատվության ժամանակ Կտուցը դառնում է թերակղզի։ Կտուց կղզում չնայած հարթավայրային հատվածները բավականին շատ են, սակայն կղզին հիմնականում քարքարոտ է: Հարթավայրերն օգտագործվել են որպես վարելահողեր՝ մշակելով այդ հողերն ու ցանելով հացահատիկ: Իսկ հարթավայրերի մյուս հատվածներն օգտագործում էին բանջարանոցների և այգիների ստեղծման համար: Նախկինում կղզում առավել խիտ են տարածված եղել նշենիները:
Անվան ծագում
Կտուց կղզի անվան ծագման հետ կապված կա երկու տարբերակ: Առաջին վարկածն ունի զուտ աշխարհագրական բացատրություն՝ կապված լինելով կղզու ձևի հետ, որը կտուց է հիշեցնում: Մյուս տարբերակում Կտուց կղզու և համանուն անապատի անունը բացատրվում է Կտուց անապատի հետ կապված ավանդությունով:
Ավանդություն
Ավանդության համաձայն Կտուց անապատը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, ով Հռոմից իր հետ բերել էր Կենաց փայտի մաս և յոթ սրբերի նշխարներ: Հասնելով Կտուց կղզի, նրան ինչ-որ ձայն ասել է՝ «Մեզ այստեղ ամփոփիր»: Եվ Գրիգոր Լուսավորիչը նշխարներն ամփոփել է Կտուց կղզում՝ յուրաքանչյուրի ամփոփված հատվածում հիմնադրելով յոթ եկեղեցի՝ յոթ սրբերի անուններով:
Կտուց կղզի
Արդյունքում տարիների ընթացքում այնտեղ միաբանների թիվը հասնում է մինչև 500-ի: Մի օր միաբաններից երեքը մահանում են, սպասավորները նրանց շուրջ հայտնաբերում են «կուտուց» հրեշտակների՝ մի խումբ հրեշտակների: Եվ սկսում են գոռալ «Կուտուց հրեշտակներ են իջել, կուտուց հրեշտակներ…»: Եվ այդ դեպքից հետո կղզին ու մենաստանը սկսում են կոչել «Կուտուց», «Կտուց»:
Կտուց անապատ
Կտուց կղզում է գտնվում համանուն անապատը: Չնայած, ըստ ավանդության կղզում եղել է յոթ եկեղեցի, սակայն պատմական վկայությունները նշում են միայն չորս եկեղեցու անուն՝ Սբ. Կարապետ, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գրիգոր, Սբ. Հովհան:
Ս. Կարապետ եկեղեցի
Սբ. Կարապետ եկեղեցին հայտնի է եղել նաև Սբ. Խաչ անունով՝ այդպես հիշատակվելով ձեռագիր մի շարք աշխատություններում: Չնայած 15-րդ դարում անապատը վերանորոգվել է, սակայն 16-րդ դարում այն ավերվել է և ամայացել: Իսկ ահա 17-րդ դարում ավերված անապատից վերականգնվել է վերոնշյալ չորս եկեղեցիներից միայն մեկը՝ Ս. Կարապետը:
Կտուց կղզի / Կտուց անապատ
1910-ական թվականներին Կտուց անապատին էին պատկանում ընդարձակ վարելահողեր, անտառներ, այգիներ, մեկ ջրաղաց, ձիթհանք: Բացի այդ, Կտուց անապատին էին պատկանում Վանում, Ադրիանապոլսում, Թիֆլիսում և Պոլսում գտնվող մի շարք խանութներ: Իսկ մինչ Մեծն Եղեռնը Կտուց անապատի միաբանությանն էին ենթարկվում Թիմարի ութ գյուղերը՝ Ալիվր, Խավենց, Դռլաշեն, Աննավանք , Ամենաշատ, Մարմետ, Եկմալ, Ջիրաշեն:
Ճարտարապետություն
Արդեն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Կտուց անապատը բաղկացած է եղել Սբ. Կարապետ եկեղեցուց, գավթից, զանգակատնից և «Դրսի տունք» կոչվող հատվածից: Կտուց անապատի Սբ. Կարապետ եկեղեցին վերակառուցվել է 1713թ., իսկ գավիթն ու զանգակատունը՝ 1802թ.: Հիմնական հոգևոր շինությունները կառուցված են սրբատաշ ֆելզիտ քարերից:
Եկեղեցին քառանկյուն է՝ բաղկացած երկու ուղղանկյուն ավանդատներից: Եկեղեցու սեղանը նվիրված է եղել Սբ. Աստվածամորը, աջակողմյան խորանը՝ Սբ. Կարապետին, իսկ ձախակողմյանը՝ Սբ. Ստեփանոս Նախավկային: Սբ. Կարապետի արևմտյան կողմում՝ եկեղեցուն կից գտնվում է գավիթը՝ ներքուստ բաժանված լինելով 9 հատվածների: Իսկ գավթի արևմտյան դռան առջև՝ զույգ սյուների վրա, բարձրանում է զանգակատունը։ Արտաքին հարդարանքը զուսպ է, սակայն ոչ աղքատիկ, իսկ ներսից պատերը զարդարված են եղել որմնանկարներով:
Ս. Կարապետ եկեղեցի
«Դրսի տունք» հատվածը բաղկացած էր միաբանների համար նախատեսված սենյակներից, մի փոքր եկեղեցուց, փոքր դպրոցական շենքից և տնտեսական կառույցներից՝ գոմեր, հացահատիկի շտեմարաններ: Բացի այդ, «Դրսի տունք» հատվածում գտնվում էր նաև գիշերօթիկ որբանոցը, որն ըստ 1909թ. տվյալներով ուներ 15 սան: Որբանոցը հովանավորվում էր անապատին պատկանող խանութներից ստացված եկամտի միջոցով:
Կտուց անապատ
Եկեղեցու արևելյան կողմում կար մի մեծ սենյակ, որը նախատեսված էր նշանավոր հյուրեր ընդունելու համար, իսկ հարավային կողմում գտնվում էր վանահոր համար նախատեսված կացարանը: Կտուց անապատում կար նաև փոքրիկ մատենադարան, որտեղ պահպանվում էին հին ձեռագիր Ավետարաններ և այլ կրոնական գրքեր:
Միաբանություն
Կտուց անապատի միաբանությունն այդքան էլ մեծ չի եղել և ենթարկվել է Էջմիածնի կաթողիկոսությանը՝ լինելով Լիմ միաբանության քույր միաբանությունը: 1873թ. տվյալներով Կտուց անապատի միաբանությունը կազմված էր 33 հոգուց, որոնցից 12-ը եղել են վարդապետներ: Իսկ 1909թ. Կտուց անապատ այցելած Հովհաննես Տեր-Մարտիրոսյանի վկայմամբ, միաբանությունը կազմված է եղել ընդամենը երեք վարդապետներից՝ Ստեփանոս Աղազեյան, Եղյա, Գրիգոր:
Վարդապետ Ստեփանոսն ապրում էր «Դրսի տունք» հատվածում և պատասխանատու էր անապատի ընդհանուր հսկողության համար: Եղյա վարդապետը անապատի ավանդապահն էր և մշտապես գտնվում էր Կտուց կղզում: Իսկ Գրիգոր վարդապետն ապրում էր անապատին պատկանող կալվածքներում և պատասխանատու էր տնտեսության, վար ու ցանի համար:
Կտուց կղզին ամայացել է 1915թ. Մեծ Եղեռնի օրերին՝ վանահայր Եղիազար Ծայրագույն վարդապետ Պետրոսյանի օրոք: Սպանվածների մեջ նշվում են ևս 7 միաբանների անուններ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Կենդանիների պաշտամունքը Հայաստանում