Արարատը՝ անհաս գագաթից մինչև իրականություն
Երբ փոքր էի, Արարատն իմ գիտակցության մեջ դրոշմված էր որպես «անհաս գագաթ», և այդ տարիքում նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ մի օր այն բարձրանալը կդառնա իմ երազանքը։ Տարիների ընթացքում, երբ մեծացա և սկսեցի գիտակցված արշավել, այդ երազանքը աստիճանաբար ձևավորվեց։ Այն առավել հստակ ուրվագծեր ստացավ Արցախյան վերջին պատերազմից հետո։ Որոշեցի, որ կորուսյալ հայրենիքիս մի հատվածի կարոտը գուցե կարողանամ մեղմել՝ հաղթահարելով նրա հավաքական ամբողջության գլխավոր խորհրդանիշի՝ Արարատի գագաթը։ Եվ այդպես էլ եղավ։
Իմ տեսակով հետազոտող եմ, ուստի վերելքից առաջ փորձել էի հնարավոր բոլոր աղբյուրներից և Արարատը բարձրացած մարդկանցից հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել՝ ընթացքի բոլոր մանրամասները ճշտելու համար։ Արդյունքում իրականությունը գրեթե ամբողջությամբ համընկավ իմ պատկերացումների հետ։ Նույնիսկ եղանակն էր այնպիսին, ինչպիսին պատկերացրել էի։
Երբ երազանքն առաջին անգամ իրականություն դարձավ
Մինչև վերջին պահն էլ ամեն ինչ կարծես երազ լիներ։ Իսկ այն գիտակցումը, որ ես իսկապես եկել եմ Արարատ և պետք է հասնեմ մինչև վերջ, ինձ մոտ ձևավորվեց առաջին ճամբարում։ Երբ վրանում տեղավորվելուց հետո դուրս եկա, հայացքս ուղղեցի շուրջս, և գագաթն ամբողջությամբ ուրվագծվեց տեսադաշտումս։ Հենց այդ պահին, կարծես, իրականություն դարձավ այն, ինչի մասին երկար ժամանակ միայն երազել էի։
Խմբում տարբեր մարդիկ էին՝ տարբեր պատմություններով ու էլ ավելի տարբեր բնավորություններով։ Բայց վերելքի ընդհանուր գաղափարը յուրաքանչյուրիս դարձրել էր մի ամբողջության մասնիկ։ Խմբի այդ յուրօրինակ, ինչ-որ առումով նույնիսկ «միստիկ» միասնությունը, թե՛ լավ, թե՛ դժվար պահերին, իսկապես հուզիչ էր։ Իսկ ամենահուզիչ պահը, բնականաբար, գագաթին հասնելն էր։
4800 մետր․ երբ ուժերդ սպառվում են
Դժվար պահեր ունեցել եմ միայն բուն գագաթի վերելքի օրը։ 4800 մետր բարձրության վրա, ամենայն հավանականությամբ՝ թթվածնի պակասի պատճառով, ինձ շատ թույլ էի զգում։ Այդ պահին մտքումս անընդհատ կրկնում էի աղջկաս, ամուսնուս, ծնողներիս և բոլոր սիրելիներիս անունները՝ փորձելով պահպանել սթափությունս և ուժ գտնել ճանապարհը շարունակելու համար։
Մի պահ նույնիսկ թվում էր՝ չեմ հասնի մինչև վերջ, բայց հասա, ու դրանում նույնիսկ հեռվից հեռու իրենց ներդրումն ունեցան իմ սիրելի մարդիկ։
Արարատի գագաթին
Վերջին տարիների ընթացքում կուտակված էմոցիաների մի ամբողջ փունջ միանգամից դուրս պոռթկաց։ Գագաթի հավերժական ձներին խառնված բազմաթիվ արցունքներից հետո հոգումս մի առանձնահատուկ թեթևություն զգացի՝ այն հաճելի զգացումը, որը շատ վաղուց չէի ունեցել։ Միաժամանակ ինձ համակեց նաև մեծ ուժի զգացումը․ գիտակցումը, որ անկախ բոլոր հանգամանքներից ու դժվարություններից՝ ես արեցի դա։ Ես հասա իմ երազանքի գագաթին։
Այսպիսի փորձառությունները կամքի և ֆիզիկական ուժի դրսևորման, սեփական սահմաններից մեկ քայլ այն կողմ անցնելու, կարգապահության ու ինքնուրույնության մասին են։ Դրանք նաև օգնում են վերագտնել սեփական ինքնությունն ու հավատը սեփական ուժերի հանդեպ։ Վերելքից հետո կյանքիս ընթացքը չփոխվեց, բայց այո՛, ես փոխվեցի։ Եվ հիմա, երբ որևէ բան անհնարին է թվում, հիշում եմ այդ վերելքը։ Հիշում եմ նաև, որ ոչ այնքան հեռավոր անցյալում Արարատի գագաթն իմ գիտակցության մեջ կրում էր «անհաս» պիտակը։ Իսկ այսօր ես գիտեմ, որ մի ժամանակ անհասանելի թվացող երազանքն իրականություն դարձավ։
Կասկածը՝ երազանքից բաժանող պատ
Եթե ինձ հարցնեին, թե ինչ խորհուրդ կտայի մեկին, ով երազում է բարձրանալ Արարատ, կասեի՝ մի կողմ դիր բոլոր կասկածներն ու պարզապես արա դա։ Որովհետև, ինչպես շատ այլ դեպքերում, այստեղ ևս կասկածը պատ է, որը բաժանում է մեզ մեր երազանքներից։ Վերելքի ընթացքում գլխումս անընդհատ մի միտք էր պտտվում. «Եթե ուզում ես, որ ճյուղերդ փարթամ լինեն, արմատներդ լավ ջրիր»։
Սա խորքային այլաբանություն է, որը կարելի է տարածել կյանքի ամենատարբեր ոլորտների վրա՝ ազգային ինքնության պահպանությունից մինչև Արարատի գագաթ հասնելը։ Եթե ուզում ենք հասնել հաջողության, պետք է նախ պատրաստ լինենք դրան։ Չէ՞ որ, ինչպես դասականն էր ասում, «Բախտ բերելս ո՞րն է, բախտս՝ ձեռք են բերում»։
Ուստի պետք է մի կողմ դնել կասկածներն ու հենց այսօրվանից սկսել պատրաստվել։ Ով գիտի, գուցե հաջորդ «արարատվածներից» մեկը հենց դու լինես։
Անի Վարդանյան
















