ArmGeo ակումբի անդամներ
Ֆելիքս Քոչարյանն ու
Գևորգ Հարությունյանն օրերս անցել են Հայաստանը ծայրից ծայր՝ հեծանիվով։ Այդ ուղևորությունը տևել է 5 օր, որի ընթացքում նրանք Հայաստանի հյուսիսից՝ Գոգավանի (Տաշիր) անցակետից հասել են մինչև հարավ՝ Ագարակի (Մեղրի) անցակետ։ Նրանք վարել են ընդհանուր 520 կմ, բարձրացել՝ 8100 մետր։ Անցել են Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Մարտունի, Եղեգնաձոր, Վայք, Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներով։

Հայաստանը հեծանիվով
Մանկության երազանք
Այս գաղափարի հեղինակը Գևորգ Հարությունյանն է, որն էլ առաջարկել է Ֆելիքս Քոչարյանին միանալ իրեն։ Մեզ հետ զրույցում Գևորգն ասաց, որ նա վաղուց է ունեցել այդ միտքը․ «Կարելի է ասել՝ մանուկ հասակից այդ միտքը եղել է, երբ բակում հեծանիվ ես քշում, մտածում ես՝ ինչքան հեռու կարող ես գնալ, ինչքան երկար կքշես, ու մանկական պատկերացմամբ՝ դա Հայաստանի ծայրն է։ Այդ միտքը միշտ եղել է, խմորվել է, այն չիրականացվող երազանքի բնույթ է կրել մանուկ հասակում, հետո ժամանակի հետ, երբ ֆիզիկական, հեծանվային հնարավորություններդ մեծանում են, գիտակցում ես, որ այն լրիվ իրագործելի է։ Այս տարի էլ կորոնավիրուսը հնարավորություն ընձեռնեց վերադառնալու մանկական երազանքին։ Խոսեցի Ֆելիքսի հետ, քանի որ ինքն էլ բավականին լավ հեծանիվ է քշում ու լավ պատրաստվածություն ունի։ Առաջարկեցի, միտքը դուր եկավ նրան, որոշեցինք փորձել, կստացվի-կստացվի, չի ստացի, դե, ոչինչ չենք կորցնում»։

Հայաստանը հեծանիվով
Ֆելիքսն էլ նշում է, որ գաղափարն իրեն շատ է դուր եկել, ու մի քանի օր պլանավորելուց հետո՝ սկսել են ուղևորությունը։ Նրա տպավորությամբ՝ իրենց 5-օրյա հեծանվային ուղևորությունը շատ լավ է անցել։
Հայաստանի ճանապարհները
«Լրիվ մեր պլանավորած ձևով էր, ճիշտ է, ընթացքում կային դժվարություններ ռելիեֆի հետ կապված, բայց դրանք ավելի շատ ֆիզիկական դժվարություններ էին, հոգեբանական դժվարություններ շատ քիչ էին լինում, որովհետև երբ դու ֆիզիկապես հոգնած ու մեռած ես, ընդհանրապես չես պատկերացնում՝ ոնց ես հաջորդ օրը քշելու։ Հաջորդ օրն արթնանում ես, ու այն միտքը, որ պետք է շտապես ու հասցնես ավարտին, քեզ լրիվ ուժ է տալիս։ Կես ժամ քշում ես ու հետո լրիվ ֆիզիկապես դառնում ես նույնը, որովհետև իրականում մկանները ցավում են, բայց երբ դու նրանց տաքացնում ես մի կես ժամ, իրենք լրիվ դառնում են սովորական»,-նշում է Ֆելիքսը։

Հայաստանը հեծանիվով
Գևորգը նույնպես գտնում է՝ իրենց հեծանվային արշավը շատ լավ է անցել․ «Ես էմոցիոնալ առումով շատ հագեցված եմ, որովհետև միշտ մի բան անելուց առաջ մտավախություն կա, որ գուցե չստացվի, ինչ-որ բան խանգարի։ Սակայն ամեն ինչ շատ լավ անցավ, գրեթե իդեալականին մոտ։ Մի քիչ վստահության պակաս կար Հայաստանի ճանապարհների որակի հետ կապված, ինձ համար հաճելիորեն զարմանալի էր, որ ճանապարհները բավականին լավն էին հեծանիվով արշավելու համար, ու փաստորեն Հայաստանը բավականին գրավիչ կարող է լինել հեծանվային տուրերի համար։ Ինձ համար դա բացահայտում էր, որովհետև մենք սովոր էինք հեծանիվ վարել Երևանի շրջակայքում, մերձակայքում։ Մարզերի մասին այդպես ինֆորմացիա չկար, ու հետո պարզվեց, որ ինքը և՛ բավականին գեղեցիկ է, և՛ հարմար է, վարորդներն էլ, ի զարմանս ինձ, բավականին տոլերանտ էին, ու այդքան էլ վտանագավոր չէր»։

Հայաստանը հեծանիվով
Ֆելիքսն էլ նշեց, որ իրենք եղել են ամենանուրբ, բարակ ակերով հեծանիվներով․ «Դրանք «roadbike» են կոչվում, նախատեսված են հենց ասֆալտի համար, բայց ընդհանուր առմամբ շատ լավ էր, որովհետև հիմա շատ ճանապարհներ (երևի մեր անցած ճանապարհների 30-40 տոկոսը) լրիվ ասֆալտապատած են, մի մասն էլ արդեն ասֆալտում էին։ Երբեմն այնպիսի ճանապարհներով ենք անցել, որ լրիվ քանդած էին այդ պահին, շինարարություն էր գնում։ Այդ առումով իրականում կան խնդիրներ, բայց արդեն շատ ճանապարհներ սարքված են»։
Հեծանվային արշավների մշակույթը Հայաստանում
Ֆելիքսը գտնում է, որ հայ վարորդները, ամեն դեպքում, սովոր չեն, որ հեծանիվը պետք է ճանապարհին մեքենաների հետ զուգահեռ գնա․ «Իրենք սպասում են, որ եթե դու հեծանիվով ճանապահ ես գնում, պետք է դուրս գաս ճանապարհից, երբ մեքենա ես տեսնում, իսկ մեր հեծանիվներով դա հնարավոր չէ, որովհետև եթե մենք ասֆալտից դուրս գանք, կարող ենք հենց այդ պահին ծակել անիվը։ Իրականում դա նաև մշակույթի հարց է։ Ես, օրինակ, Եվրոպայում էլ եմ քշել երեք տարի առաջ․ Բուդապեշտից մեկ ամսում քշել եմ դեպի Բարսելոնա։ Այնտեղ լրիվ ուրիշ ձև է ընկալումը, վարորդներն ապահովության համար 3-4 մետր քեզնից հեռավորություն են պահում։ Հայաստանում այդպես չէ։ Հայաստանում շատ են ազդանշան տալիս, իրենց թվում է, թե մենք տուրիստ ենք։ Հիմնականում գյուղերում շատ էր լինում, որ երեխաները կամ տարեցները գոռում էին՝ «Hello, Hi» և այլն, հետո, որ ասում էինք՝ «բարև, ախպեր, ո՞նց ես», ուրախանում էին, որ հայ ենք։ Վարորդները ազդանշան են տալիս, իրենց թվում է՝ ողջունում են, բայց իրականում շատ տհաճ է, երբ դու քո մտքերով գնում ես, ու մեկն ականջիդ տակ բարձր ազդանշան է տալիս»։

Հայաստանը հեծանիվով
Գևորգն էլ է գտնում, որ հեծանիվներով ճանապարհորդելու մշակույթը Հայաստանում դեռ բավականին հետ է․ «Վերջին տարիներին մեծ առաջընթաց կա հեծանիվ վարելու հետ կապված, ավելի շատ մարդիկ սկսում են հեծանիվ վարել, բայց դա կրում է լոկալ բնույթ, բայց կարծում եմ՝ դա առաջին քայլն է։ Սա մի տեսակ արշավական կյանքի նման է, ինչքան շատ մարդ սկսի զբաղվել, այնքան շատ մարդիկ կտեսնեն, կհետաքրքրվեն։ Հայաստանում այդ առումով դեռ ամեն ինչ առջևում է, քանի որ նկատում եմ, որ բավականին շատ մարդ է արդեն հեծանիվ քշում, հաջորդ քայլն էլ լինելու է դա։ Այսինքն՝ մարդ չի սահմանափակվելու սրանով, ուզելու է անել ավելին, գնա ավելի հեռու, քշի ավելի երկար, ինձ թվում է առաջիկա տարիներին մենք կտեսնենք դա»։
Հետաքրքիր դրվագներ
Խոսելով հետաքրքիր դրվագների մասին՝ Ֆելիքսը հիշեց, որ երբ առաջին օրը գնացել են սահման՝ Տաշիրի անցակետ, սկսել են նկարվել անցակետի նշանի մոտ, ու մի կին է մոտեցել նրանց․ «Ասում է՝ «տղերք ջան, էս ո՞ւր եք գնում», ասում ենք՝ «գնում ենք Մեղրի», ասում է՝ «սխալ եք եկել»։ Այդպես ծիծաղեցինք, ինքն էլ չհասկացավ՝ ինչի ենք ծիծաղում։ Ասեցինք՝ «մենք ստեղից ենք քշում Մեղրի», ասում է՝ «բա ի՞նչ եք անում ստեղ», ասեցինք՝ «նկարվում ենք», ասում է՝ «դե, զինվորները ստեղ նայում են, չի կարելի նկարվել»։ Ասեցինք՝ «լավ գնում ենք»»։
Գևորգի համար հետաքրքիր դրվագներից մեկն այն էր, որ ամբողջ ընթացքում իրար հետ առանց միջադեպի քշելուց հետո՝ ընդամենը րոպեների տարբերությամբ ինքն ու Ֆելիքսը միաժամանակ ծակում են իրենց հեծանիվների անիվները․ «Շատ հետաքրքիր է, որ անցնում է 5 օր, ու երկուսի մոտ էլ նույն բանը միաժամանակ է տեղի ունենում։ Էն, որ ասում են՝ «ընկերովի մահը հարսանիք է», այդ վիճակն էր։ Դե, մեզ հետ ունեինք վերանորոգման պարագաներ, ընթացքում լուծեցինք խնդիրը»։

Հայաստանը հեծանիվով
Խոսելով ընթացիկ դժվարությունների մասին՝ Գևորգը նշեց, որ հիմնական դժվարությունը պայմանավորված էր Հայաստանի ռելիեֆով, քանի որ լեռնային է, անկումներն ու վերելքները շատ են․ «Բայց դա էլ ավելի գրավիչ ու հետաքրքիր է դարձնում ճանապարհորդությունը։ Մեր ընկերները մեզ օգնեցին տարբեր հարցերով՝ իրերի տեղափոխում, հյուրանոցներ գտնել։ Պարզվեց՝ Քաջարան քաղաքի միակ հյուրանոցը պղնձամոլիբդենային կոմբինատինն է, որը չի թողնում այնտեղ ուրիշ մարդ մնա։ Այդպես, հեծանիվներով երեկոյան հասել ենք այնտեղ, պարզվում է՝ Քաջարանում մնալու տեղ չկա, դա միակ բացասական էպիզոդն էր»։
Ֆելիքսն էլ նշեց, որ դժավրություններից մեկն այն էր, որ տեղում էին որոշում, թե որտեղ են մնալու․ «Այդպես, ամեն օր քշում էինք, ու որտեղ հասնում էինք՝ որոշում էինք՝ որտեղ պետք է մնանք։ Մի երկու-երեք անգամ եղել է, որ մնալու հետ կապված խնդիրներ են եղել։ Օրինակ, Քաջարանի դեպքը, որ հյուրանոց չգտանք։ Մեզ հետ ուղեկցող մեքենա ունեինք, հեծանիվները քանդեցինք, դրեցինք այդ մեքենայի մեջ ու գնացինք Կապան քաղաք, որ գիշերենք։ Նորից հաջորդ օրը եկանք Քաջարան ու այնտեղից շարունակեցինք»։

Հայաստանը հեծանիվով
Հայաստանը՝ հյուիսից հարավ
Հարցին, թե ի՞նչ տվեց ձեզ այս ճանապարհորդությունը, Ֆելիքսն այսպես պատասխանեց․ «Ես Հայաստանի հյուսիսային մասերում չէի եղել։ Որպես արշավական, ճանապարհորդ, մարդ, որը սիրում է ճանապարհորդել՝ ինձ համար կարծես նոր տեղերի բացահայտում էր։ Շատ սիրուն էր Ստեփանավանից Տաշիր ճանապարհը։ Բացի այդ, ինչքան էլ մյուս ճանապարհներով գնացած լինեի մեքենայով, հեծանիվով շատ ավելի սիրուն է ամեն ինչ, շատ ավելին ես կարողանում տեսնել, զգալ։ Մենք առավոտվա ժամերին էինք քշում, որ մեքենաներ քիչ լինեն, ու այդ ընթացքում բնության ամբողջ ներդաշնակությունը զգում ես։ Հայաստանի հարավը շատ սիրուն է, որովհետև մեքենայով, որ գնում ես, 4-5 ժամ է տևում, որ հասնես Գորիս-Կապան, կեսից քնում ես, հոգնածություն ես զգում, բայց այս անգամ ոնց որ Հայաստանի լրիվ այլ հարավ տեսա, որովհետև հեծանիվով քշում ես, նայում ես կողքերդ ու հավատդ չի գալիս, որ դու այն ճանապարհով ես անցնում, որով մի քանի անգամ մեքենայով անցել ես, լրիվ ուրիշ տեսարաններ են, ուղղություններ են։ Սա նաև մեծ փորձ տվեց։ Մենք երևի առաջին հայաստանցիներն ենք, որ այս երթուղին հեծանիվով անցել է ծայրից ծայր»։

Հայաստանը հեծանիվով
Գևորգն էլ նշեց, որ այս ուղևորությունն իրեն նախ վստահություն տվեց․ «Երկրորդը՝ մեծ բավարարվածության զգացողություն տվեց։ Ինքն ամբողջությամբ ֆիզիկական աշխատանք է, ու, բնականաբար, առաջացնում է բավարարվածության զգացողություն։ Ես չեմ կարող ասել՝ ինչ տվեց, ես շատ մեծ հագեցածություն եմ զգում։ Նաև այն, որ մի միտք կա ուղեղումդ, որ անընդհատ պտտվում է, հետո երբ այդ միտքն իրագործում ես, երջանկությանը մոտ զգացում ես ունենում, մի քիչ էլ դատարկվում ես»։
Գևորգը նշում է, որ ինքը նաև նպատակ ունի Հայաստանը ոտքով ծայրից ծայր անցնել, արշավել սարերով, ձորերով, ոչ թե՝ մայրուղիներով։

Հայաստանը հեծանիվով
Հեծանվային 5-օրյա ուղևորության երկու մասնակիցներն էլ երջանիկ են, որ հաղթահարել են այս մարտահրավերն ու Հայաստանը հեծանիվով անցել են հյուսիսից՝ հարավ։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Անցում Սատանի կամրջի տակով
/in Առանց խորագրի /by armeniangeographicԱնցում Սատանի կամրջի տակով
Արշավի սկզբում ուղևորվում ենք Տաթևի վանք: Վանքն ուսումնասիրելուց հետո սկսում ենք արշավ դեպի Որոտանի կիրճում գտնվող Տաթևի Մեծ անապատ վանական համալիր: Արշավն ավարտում ենք Սատանի կամրջի մոտ:
Տաթևի Մեծ Անապատ
Արշավի երկարությունը՝ 6 կմ
Այնուհետև իջնում ենք տրավերտինից բաղկացած բնական Սատանի կամուրջի տակ, որտեղ ժայռերի ճեղքերից թափվում են տաք հանքային ջրեր՝ տարբեր երանգներ հաղորդելով ժայռերին: Այդ կաթոցներից առաջանում են փոքր ջրավազաններ, որտեղ կարելի է նաև բուժական նպատակով լոգանք ընդունել: Այնուհետև լողալով կանցնենք Սատանի կամրջի տակով և կվերադառնանք հակառակ կողմից:
Խումբն ուղեկցելու է լողի պրոֆեսիոնալ մարզիչ Կարեն Սարգսյանը։
Ովքեր դեռ չեն մտել Սատանի կամրջի տակ չեն էլ պատկերացնում թե ինչ գեղեցկություն են տեսնելու և ինչ զգացողություններ են ունենալու:
Սատանի կամուրջ
Անցման ընթացքում պետք է լողալ անդադար մոտ 30 մետր։ Բռնվելու տեղ չկա։ Մասնակցել կարող են միայն նրանք, ովքեր լավ են լողում և վստահ են իրենց ուժերի վրա։ Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է լինեն ոտնամաններով (թեթև բոթասներ կամ ջրային կոշիկներ), քանի որ լողալուց հետո մոտ մեկ կիլոմետր պետք է քայլել մացառների միջով, որպեսզի հասնենք ելման դիրք։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ջրային ոտնամաններ (թեթև բոթաս կամ ջրային կոշիկներ)
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը`6։45
Մասնակցության արժեքը` 10 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001
ArCa: 4578 9100 0000 7199 (TIGRAN SHAHBAZYAN)
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք չուշանալ հանդիպման համար նախատեսված ժամից։ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Վերելք Խույր լեռ
Վերելք Խուստուփ լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Սանդուխտասարում տոն է
/in Արշավային պատմություններ /by armeniangeographicՍանդուխտասար
Սանդուխտասար լեռը Վարդենիսի լեռների բարձրությամբ երրորդ գագաթն է, որն ունի 3454 մ բարձրություն: Մեր 40 մասնակցից բաղկացած խումբը երկօրյա արշավ իրականացրեց դեպի Սանդուխտասար լեռ և գիշերեց Մեծ Ալ լճի ափին: Նման կազմով այս արշավն իրականություն դարձավ երկար տարիների մեր աշխատանքների արդյունքում ձևավորված կայուն թիմի ու խմբի շնորհիվ: Այս ուղևորությունը նշանավորվեց նաև մի քանի առիթով, որ մենք նշեցինք Սանդուխտասար լեռ կազմակերպված արշավին: Մենք նախ տոնեցինք մեր արշավականներ Գևորգ Հարոյանի, Ֆելիքս Քոչարյանի և Հասմիկ Զաքարյանի ծննդյան տարեդարձները: Բացի այդ՝ լրանում էր նաև նախորդ տարի Արարատի գագաթ բարձրացած մեր խմբերից մեկի 1 տարին, որը նույնպես Սանդուխտասարում նշեցինք:
Ծնունդը Սանդուխտասարում
Հոբելյարներից Հասմիկ Զաքարյանի համար սա նաև առաջին վրանային արշավն էր: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ այս տարի դեռ ոչինչ չէր պլանավորել ծննդյան համար, երբ իր ընկերուհին՝ Աստղիկը, զանգահարեց ու ասաց, որ այլ բան չպլանավորի, քանի որ իրեն գիշերակացով արշավի է տանում՝ որպես ծնունդի նվեր ու անջատեց հեռախոսը. «Անգամ չասաց, թե ուր ենք գնում, բայց ֆեյսբուքից հասկացա, քանի որ նա հավատարիմ արմջեոական է, իսկ այդ օրերին հենց Ալ լճերի ու Սանդուխտասարի երկօրյա արշավն էր լինելու: Այդ մասում չէի եղել ու քանի որ սիրում եմ Հայաստանը բացահայտել, սիրով ենթարկվեցի»:
Սանդուխտասար/ Լուսանկարը՝ Անի Բաղդասարյանի
Հասմիկը նշում է, որ ինքը նախկինում ծնունդը սարերում նշելու փորձ ևս ունեցել է. «Երկու տարի առաջ ծնունդս նշել էի Հատիսի գագաթին: Այդ վերելքը խորհրդանշական էր: 14 տարի առաջ ընտանեկան բացօթյա հավաքույթի ժամանակ մի քանի հոգով մասամբ բարձրացել էիք Հատիսը ու ստիպված հետ իջել, քանի որ մեզ սպասում էին ներքևում: Երեսուն ամյակիս որոշեցի, որ բոլոր կիսատ թողած գործերս պետք է ավարտին հասցնեմ ու սկսեցի Հատիսի վերելքից: Բացի այդ, տարիներ առաջվա այդ կիսատ վերելքը նպաստել էր, որ սարերի ու վերևից բացվող տեսարանների հանդեպ թուլություն ունենամ: Այդ պատճառով սարերում ծնունդ նշելն իսկապես նվեր է»:
Սանդուխտասար/ Լուսանկարը՝ Անի Բաղդասարյանի
Վերելքը Հասմիկի համար միջին բարդության էր, քանի որ, ասում է, երկու տարի սար չէր բարձրացել, միայն քայլարշավների էր մասնակցել. «Իսկ այս ամիսներին որքան էլ փորձել էի տանը մարզվել, միևնույն է, պասիվությունը գերակշռել էր: Գագաթին հարթ տեղ չկար նստելու և սնվելու համար, ամբողջը մեծ քարեր էին, բայց դա չխանգարեց, նույնիսկ ամեն մեկը մի քարի վրա պարում էր: Եթե մարդն ուզում է ուրախանալ ու վայելել, ոչինչ չի կարող խանգարել: Ներքև իջնելիս նաև ժայռապատկերներ գտանք: Դրանից էլ էինք շատ ուրախացել»:
Առաջին վրանային արշավը
Հասմիկը պատմում է, որ մինչ այդ երկօրյա արշավների ժամանակ միշտ գիշերել էր գյուղացիների տներում՝ հարմարավետ անկողիններում. «Վրանային գիշերակացը միշտ գրավում էր, բայց չէի համարձակվում, որովհետև վախենում էի մրսել: Այս անգամ փախուստի տեղ չկար, վրանից բացի այլ տեղ չկար քնելու, բայց նաև աշխատեցի մաքսիմալ հարմարավետ դարձնել առաջին փորձառությունը: Ինձ հետ վերցրեցի երկու քնապարկ, կարիմատ, տաք հագուստներ, ձմեռային գլխարկ, ծածկոցներ: Նույնիսկ փչվող ներքնակ էի ուզում գնել, բայց որոշեցի նախ առանց դրա փորձել: Կարելի է ասել՝ 90% ով չեզոքացվել էին հնարավոր անհարմարությունները: Վրանում գիշերելու առաջին փորձս համարում եմ հաջողված: Եթե էլի մարդիկ կան, ովքեր ինձ նման մրսկան են, պարզապես պետք է մի փոքր ավելի պատրաստված գան, բայց անհնար ոչինչ չկա»:
Սևանը՝ Սանդուխտասարից / Լուսանկարը՝ Անի Բաղդասարյանի
Հասմիկը նշում է, որ այդ արաշավի ընթացքում շատ հետաքրքիր դրվագներ եղան. «Առաջին օրը Ալ լճի մոտ խարույկ վառեցինք, երգեցինք, ազգային պարեր պարեցինք, իսկ երբ օրը փոխվեց, տորթ բերեցին, հոբելյարներով հերթով փչեցինք: Հաջորդ օրը՝ վերելքի ընթացքում, տղա-աղջիկ տարանջատում արվեց բնական կարիքները հոգալու համար: Տղաներն աղջիկներից հետ էին ու երբ սկսեցին մեզ մոտ բարձրանալ, հեռվից երկար հորիզոնական գիծ երևաց: Դա պատերազմների ժամանակ հակառակորդ բանակի ճակատային գրոհի էր նման: Աղջիկներն էլ հետ չմնացին, շարվեցին մի գծով ու բեմականացրեցին երկու բանակների կռիվ: Շատ զվարճալի ստացվեց»:
Խոսելով ստացած փորձառության մասին՝ Հասմիկը նշեց, որ արդեն գիտի, թե ինչ է նշանակում քնել վրանում. «Իսկ Սանդուխտասար լեռ տանող ճանապարհի շնորհիվ ես գրեթե ամբողջությամբ հաղթահարեցի վախը, որն առաջացել էր երկու տարի առաջ Արագածում ինձ վրա գլորված քարից»:
Սանդուխտասար
Հասմիկը նշում է, որ շարունակելու է արշավել. «Մարդը միշտ գեղեցիկի և ինքն իրեն հաղթահարելու կարիք ունի: Բացի այդ, արշավներն ինքնաճանաչության ու հայրենաճանաչության լավ միջոց են: Մեր սարերը «Դելֆյան տաճարներ» են, որոնց վրա ասես գրված լինի «Ճանաչիր ինքդ քեզ»»:
Արարատի ճանապարհը մտերմացրեց
Անցյալ տարի Արարատ բարձրացած խմբի անդամներից Լիաննա Առաքելյանն էլ նշում է, որ իրենց խմբից յուրաքանչյուրի համար կարևոր էր, որ մեկ տարի անց նորից միասին էին:
Խոսելով Սանուխտասարում տեղի ունեցած արշավի մասին՝ Լիաննան նշեց, որ այն անցավ հիանալի. «Երևի որովհետև երբ նման տեսարաններ ունես առջևումդ, այլ կերպ չի կարող լինել: Ամեն արշավ իր առանձնահատկությունն ունի, ու բոլորը միավորվում են ընդհանուր գծերով՝ անվերջ գեղեցիկ տեսարաններ, ընկերներ, ճանապարհներ ու ճանապարհների խենթություններ»:
Սանդուխտասար
Խոսելով մեկ տարի առաջ Արարատ բարձրացած իրենց խմբի մտերմության մասին՝ Լիաննան դժվարացավ պատասխանել, թե ինչպես մտերմացան. «Երևի շատերս նույնիսկ չհասկացանք, թե ինչպես ու կոնկրետ ինչ քայլերով մտերմացանք՝ ոչ մեկս ժամ ու պահ չի ֆիքսել: Կամ էլ միգուցե Արարատի գագաթին, միմյանց գրկելու, շնորհավորելու ու նույնիսկ աչքերով միմյանց ուրախությունը տեսնելու ու կիսելու ընթացքում գտանք միմյանց՝ չգիտեմ: Մեզ ուղղակի կապեցին ճանապարհները, խոսակցությունները, ընդհանուր երազանքն ու նպատակները: Հիշում եմ՝ երբ Արարատի ճանապարհին էինք, գրեթե ոչ մեկին չէի ճանաչում, իսկ հետդարձի ճանապարհին Հայրենիքի մասին իմ պատկերացումները հենց այդ նույն մարդկանց հետ էի կապում: Հետո, իհարկե, այդ ճանապարհներն իրենց կիլոմետրերն ավելացրին՝ ամեն անգամ գումարվելով Արարատի կիլոմետրերին ու երկարացնելով մեզ կապող այդ ուղին»:
Սանդուխտասարն ու Արարատը
Անդրադառնալով Արարատի վերելքի նշանակությանը՝ Լիաննան ասաց. «Արարատի վերելքի ու դրա կարևորության մասին շատ ենք խոսել, բայց հիմա՝ երբ արդեն մեկ տարի անցել է, ու զգացմունքները քիչ թե շատ խաղաղվել են (երևի պետք է նորից գնալ) հստակ մեկ բան կա, որ պետք է նշել՝ մարդիկ: Արարատում գտած մարդիկ Արարատի վերելքի նշանակությունն ուղղակի եռապատկում-քառապատկում են: Ու իհարկե, մեր խմբից ամեն մեկիս համար յուրովի կարևոր էր, որ մեկ տարի անց նորից միասին էինք, ընդ որում՝ նաև օնլայն»:
Սանդուխտասար
Սանդուխտասարը Լիաննայի համար այն սարերից էր, որ սկզբում ոչ մի առանձնահատուկ էմոցիա չի առաջացնում. «Բայց, այ, վերջո՜ւմ՝ գագաթ հասնելու ճանապարհին, ինքն իրեն ցույց է տալիս, մի տեսակ քիչ հասանելի է դառնում ու միևնույն ժամանակ հետաքրքիր, կանչող, գերող»:
Լիաննայի համար հիշարժան են իրենց մեկամյակի տորթն ու դրա մոմերի ընտրությունը, «առաջին անգամ դելիկայում քնելն ու արթնանալը Ալ լճի հիանալի պատկերն առջևումդ, Սանդուխտասար լեռ հասնելու ճանապարհն ու գագաթի թվացյալ խորթությունը, որ մի փոքր հարմարվելուց հետո այնքա՜ն հարազատ էր թվում»:
Սանդուխտասար
Սանդուխտասարի ու Արարատի վերելքների միջև զուգահեռներ անցկացնելով՝ Լիաննան ասաց. «Նմանությունը՝ մարդիկ էին, մթնոլորտը, նույն երգերը, կամ՝ նմանատիպ նախատրամադրությունը, որ ունեինք Արարատ բարձրանալուց առաջ»:
Սանդուխտասարի արշավը վառ տպավորություններով խորհրդանշական ուղևորություն էր, որի ընթացքում ևս մեկ անգամ վերաարժեվորվեց այն ճանապարհը, որով քայլում ենք առաջ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային պատմություններ
Սասունը Կարինե Բաբայանի աչքերով
Կազբեկի թիմային վերելքը
Վարդուհի Մարտիրոսյան
Սերգեյ Պետրոսյան
Լենա Զաքարյան
Դեմավենդ. տարվա վերելքը
Սաբալան. մի վերելքի պատմություն
Չաուխ. ճամփորդություն Կովկասյան լեռներում
Hey You. Մի վերելքի պատմություն
Սանդուխտասար լեռ
/in Մեր արշավները /by armeniangeographicՎարդենիսի լեռներ
Բարձրությունը՝ 3454 մ
Կոորդինատները՝ 40.010488, 45.601816
Սանդուխտասարը գտնվում է Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արցախի սահմանագլխին, Վարդենիսի լեռների արևելյան կողմում, Մաքենիս գյուղից 12 կմ հարավ։ Հանդիսանում է Վարդենիսի լեռների երրորդ գագաթն ըստ բարձրության։ Հյուսիսարևելյան լանջից է սկիզբ առնում Կարճաղբյուր գետի աջ Գժոյիգետ վտակը, իսկ հարավարևմտյան լանջից Կարճաղբյուր գետի ձախ վտակ Երփնաձորը։ Լեռը կոնաձև է՝ աստիճանաձև զառիթափ լանջերով։ Լանջերը ծածկված են մերձալպյան, ալպյան մարգագետնային բուսականությամբ և քարացրոններով։
Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Սևանա լիճն և Մեծ ու Փոքր Ալ լճերը։
Ենթադրում ենք, որ լեռն իր անունը ստացել է սանդուղք բառից, քանի որ գագաթնամերձ հատվածի ռելիեֆը նման է սանդուղքի։
Լուսանկարները՝ Անի Բաղդասարյանի և Հրաչուհի Այվազյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Միջլեռնային գոգավորություններ
Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները
Հրանուշ Վանեսյան
/in Արշավային պատմություններ /by armeniangeographicԻ՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, աշխատում եմ կրթության ոլորտում:
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Մանկությունս սարերում է անցել, ու մոտակա բլրի գագաթ հասնելը առօրյա խաղերի մի մասն էր։ Երևանում բնակություն հաստատելուց հետո, բնության ու քամու սուր պահանջը ստիպեց էլի սարեր գնալ։ Ինքս էլ երևի չէի զգում, բայց առաջին արշավներս վերադարձ էին դեպի մանկություն, գաղափարական ֆոնն ավելի հետո սկսեցի գիտակցել, կարելի է ասել երրորդ արշավից հետո, երբ բնության ու ինքդ քեզ հետ պայքարի մեջ ես մտնում, երբ ամեն վերև բարձրացնող քայլիդ հետ սիրտդ ավելի ուժեղ է խփում։
Հրանուշ Վանեսյան
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Գիտեք, երևի կյանքի փորձություններին ավելի պատրաստված եմ դարձել, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ու հմտություններով. օրինակ՝ մի տեղ գնալիս կարող եմ փոքր պայուսակով ամենաանհրաժեշտ բաները միայն վերցնել, կյանքի վրա էլ է ազդում, սկսում ես ավելորդ ծանրություններ հետդ քարշ չտալ, կարևորը երկրորդականից ավելի հեշտ զատել։
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Լեռներում բան չեմ փնտրում, չնայած վերջին արշավին ժայռապատկերներ էինք փնտրում: Լեռներն առանց քո փնտրելու են տալիս, ամեն լեռ ինչ-որ բան ունի քեզ համար նախատեսած, միգուցե 20 հոգանոց խմբում ամեն մեկի մոտ լրիվ տարբեր ընկալում ու զգացողություն առաջացնի միևնույն լեռը, ինչ իմանաս։ Ու ինչ իմանաս, թե հաջորդ արշավին կամ լեռան վրա ում կամ ինչ ես գտնելու։
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Pink Floyd-ի Learning to Fly-ը. ամեն անգամ, երբ հայտնվում եմ գագաթին, ինձ թվում է, թե կարող եմ թևերս բացել ու մի քիչ էլ վերև բարձրանալ։
Հրանուշ Վանեսյան
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Երկու տարի առաջ մի գյուղում էի դասավանդում, որ սարի վրա էր ու տրանսպորտը երբեմն չէր աշխատում։ Մարտի սկզբին ձյուն էր եկել, ես էլ ոչ արշավական տրամադրությամբ հայտնվել էի դեպի գյուղ բարձրացող ճանապարհին ու վստահ լինելով, որ, մեկ է, մեքենա չի հանդիպի, որոշեցի անտառով բարձրանալ գյուղ։ Մոտ երկու ժամ քայլեցի, մենակ, բնության հետ։ Էդ զգացողությունները կյանքում չեմ մոռանա՝ բնությանը հաղթելու, ինքս ինձ հաղթելու ու վաստակածս տեսարանները ծաղկած ծառերի ու ձյան խառնուրդ։
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Մի քիչ «հետո» պատմել եմ, թե արշավի ուղղություն ընտրելիս ինչով եմ առաջնորդվում ՝ ինչքան քիչ հայտնի ուղղություն, էնքան գրավիչ է ինձ համար։ Բայց հայտնի նպատակների մեջ անչափ գայթակղիչ են Հայկական լեռնաշխարի՝ ոչ ՀՀ տարածքում գտնվող լեռները, երևի ամենաշատը Կողբասարը, որ նկարներից սիրահարվել եմ ու անհամբեր սպասում եմ՝ երբ հնարավոր կլինի գնալ։ Հա, Արևմտյան Հայաստանի լեռներ գնալն ArmGeo-ի իմ ամենասիրած նախագիծն է։
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Ներդաշնակություն, ազատություն, կապ (connection):
Հրանուշ Վանեսյան
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Արշավականները մարդիկ են, ում հետ միշտ կարող ես ճանապարհ գնալ, կարևոր չէ՝ որտեղ։
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ):
ArmGeo-ի մշտական կազմից մտերիմ ընկերներ ունեմ, բայց երբեք իրենց հետ չէի արշավել, միշտ մտածում էի, որ պրոֆեսիոնալներ են, ու ես երևի այդքան չեմ «ձգի»։ Մի օր ընկերներիցս մեկն առաջարկեց, որ իր ծննդյան օրը ArmGeo-ի՝ դեպի Արցախ եռօրյա դելիկարշավին գնանք, ասաց՝ շատ չենք քայլելու, դե ես էլ միացա իրենց։ Բայց ի զարմանս ինձ երկու օր շարունակ մեքենայից գրեթե չիջանք, իսկ ես անհամբեր սպասում էի, թե երբ ենք վերջապես քայլելու: Այստեղ հասկացա, որ ArmGeo-ն միայն քայլելու մասին չէ ու, առհասարակ, քայլելու մասին չէ, այլ Հայաստանն ու նրա ամեն մի անկյունը բացահայտելու մասին է։ Հենց էս առաջին արշավին տան վերածված քարանձավներ բացահայտեցինք, որտեղ խմբից ոչ մեկը չէր եղել, այլ միայն գիտեին, որ էդպիսի տեղ կա, ու էս փորձառությունն է առաջին հերթին կապում ինձ ակումբին, որ կարող ես ամեն անգամ նոր Հայաստան բացահայտել, որտեղ մարդու ոտքը, «քաղաքակրթությունը» դեռ շատ չի հայտնվել, ու բնությունը, կարելի է ասել, իրական վիճակում է։
Հրանուշ Վանեսյան
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Եթե արդեն մտքովդ անցել է, էլ երկար մի մտածի, բայց, հա, անպայման գիշերակացով արշավներից սկսիր:
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Սաբալան լեռ
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicՍաբալան լեռ
Բարձրությունը՝ 4811մ
Կոորդինատները՝ 38.267833, 47.837611
Սաբալան լեռ ՝ բարձրությամբ Հարավ-արևելյան հրաբխային բարձրավանդակի առաջին և Հայկական լեռնաշխարհի երկրորդ լեռն է: Հին հայկական աղբյուրներում այն հիշատակվում է «Սավալան», «Սահվարզան» կամ «Շահվարզան» անուններով։ Գագաթից 25 մ ներքև գտնվում է խառնարանային լիճը, որը հիմնականում սնուցվում է սառցադաշտերի հալոցքային ջրերից։ Լեռան խոնավությունը հիմնականում պահպանվում է Կասպից ծովից եկող ծովային հոսանքների շնորհիվ։
Սաբալան լեռ
Երկարատև ձյան հետևանքով լեռան վրա կան բազմաթիվ առուներ։ Սոհունդի և Մասիսի հետ միասին Սաբալանը ներկայացնում է ակտիվ հրաբխային տեկտոնական շրջան, որտեղ հաճախ են երկրաշարժեր լինում։ Սաբալան լեռան վրա դարեր առաջ ապրել են ճգնավորներ ու աստվածավախ մարդիկ։ Լեռնաշխարհի բնիկների համար լեռը սուրբ է եղել անհիշելի ժամանակներից. մարդիկ անգամ երդվում էին նրա անունով։ Իսլամական շրջանում լեռը կապված է Սաբալան մարգարեի հետ, ում արձանը ենթադրաբար գտնվում է լեռան խառնարանում։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Միջլեռնային գոգավորություններ
Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները
Հովհաննես Նազարյան
/in Ակումբի անդամներ /by armeniangeographicԻ՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Բիզնես խորհրդատու, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ։
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
2005 կամ 2006 թվականին, չեմ հիշում կոնկրետ, շատ դաժան, չպատրաստված, բնության բոլոր եղանակային տարերքներին ես՝ Արագածի հարավային գագաթ բարձրանալուց, հանդիպեցի․ սկզբից արևոտ էր, հետո դարձավ քամոտ ու ամպամած, թեթև անձրև սկսվեց, դա էլ վերածվեց մանր կարկուտի, հետո ուժգին ձնախառն մրրիկ սկսվեց, իսկ երբ հասա գագաթ քարերի վրա շատ սիրուն սառցեձյուն էր պատել, ես գրեթե չէի զգում ձեռքերս և ստիպված էի խնդրել, որ իմ փոխարեն իմ սնունդը հանեն ուսապարկիցս։
Հովհաննես Նազարյան
Վերևում ոչինչ չէր երևում, ինչպես կռահեցիք արդեն։ Բայց չգիտեմ՝ ինչի ցանկացա մինչև վերջ գնալ, համոզված եմ՝ բոլոր խելամիտ մարդիկ կհրաժարվեին այդ մտքից այդքանից հետո, ինչպես արեցին իմ հետի տղաները։ Եվ այսպես սկսվեց իմ սերը, բնության հետ բարեկամություն անելու ճանապարհը։
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Երկար տարիներ աշխատելով բնության հետ, փորձելով լինել մեկ ամբողջություն կամ, միգուցե, նրա շատ փոքրիկ մասը՝ հասել եմ նրան, որ այլևս չեմ բարկանում, կարողանում եմ կառավարել իմ հույզերը, նույնիսկ մեկ-մեկ ինձ երկար ժամանակ չտեսնելուց հետո մտերիմներս հացնում են․ -«հո, բան չի՞ պատահահել», ասում եմ․ -«չէ, ուղղակի հանգիստ եմ»:
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Լեռներն արդեն վաղուց տվել են այն ամենն, ինչ բավական էր ինձ լիովին կայացած անձ համարելու համար, և արդեն իմ կողմից նրանց տալու ժամանակն է։ Փնտրում էի իմ ներդաշնակությունը նրա հետ և արդեն գտել եմ։
Հովհաննես Նազարյան
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Ոչ:
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Էլբրուսի գագաթի հաղթահարումը։ Առանձնանում է նրանով, որ ամենադժվարն էր իմ կյանքում, և առաջինն էր, որ ինձ փորձեց ստիպել նահանջել, բայց ուրախ եմ, որ կարողացա հաղթել ինքս ինձ և գնացի մինչև վերջ։
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Կազբեկ, Լենինի պիկ, Կիլիմանջարո… Ուշբա, Էվերեստ, K2։
Հովհաննես Նազարյան
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Հանգստություն, ներդաշնակություն, ուրախություն։
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Վստահելի և հուսալի մարդիկ, ովքեր կարող են դառնալ քո ընկերները։
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)
Չեմ կարող պատասխանել, ուղղակի տենց ստացվեց։ Միգուցե ենթագիտակցաբար, քանի որ իրար հետ բոլորով առաջին անգամ եղանք Արարատի գագաթին:
Հովհաննես Նազարյան
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Մեկ անգամ պետք է իրականում փորձել, քանի որ բան չես կարող կորցնել բացի բացահայտելուց։ Օրինակ, ես իմ հարմարավետության գոտուն եմ վերադառնում արշավների ժամանակ, առավել ևս, վրանային գիշերակացով արշավների դեպքում։
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Գևորգ Հարությունյան
/in Ակումբի անդամներ /by armeniangeographicԻ՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ, երկրորդը՝ բիզնեսի կառավարում։ Աշխատում եմ երկրորդ մասնագիտությամբ։
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Չեմ հիշում։ Մանուկ հասակում սիրում էի թափառել գյուղի սարերում, ինձ համար բացահայտումներ անել, դպրոցական տարիներին քեֆերի, էքսկուրսիաների ժամանակ հաճախ խմբից առանձնանում, մոտակա բլուրը կամ սարն էի բարձրանում՝ անհայտն էր ձգում և, իհարկե, բացվող տեսարանները։
Գևորգ Հարությունյան
Հետո սկսեցի ինքնուրույն արշավել, երբեմն ընկերների հետ, նպատակը հիմնականում ճանաչողական էր՝ լքված ամրոցներ, վանքեր, բնական հուշարձաններ․․․
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Առաջինը՝ իմ վերաբերմունքն է փոխվել բնությանը․ սուտ է՝ քաղաքում նստած չես կարող գնահատել բնությունը և խնամքով վերաբերվել նրան․ մինչև գիշերն անտառում չքնես, ամբողջ օրը սարերում չթափառես ու լեռնային գետակի ջուրը չխմես, չես գիտակցի, որ բնությունն է քո միջավայրը։ Իսկ կյանքումս բազմաթիվ հրաշալի մարդիկ են հայտնվել արշավների շնորհիվ։
Գևորգ Հարությունյան
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Դժվարանում եմ պատասխանել․ չեմ փնտրում երևի, ուղղակի լեռներում հանգստանում եմ, խաղաղվում մի տեսակ։
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Դե իհարկե, ամեն անգամ գագաթին կանգնելիս գալիս է․ «Այստեղ սարեր կան սարերի վրա, Եվ ձորերի մեջ ձորեր կան մթին․․․» Սա բանաստեղծություն չի, սա տեսարան է, որ կարելի է տեսնել․․․
Գևորգ Հարությունյան
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
2016 թվականին ArmGeo-ի անդամների հետ գնացինք Քաջքար, որն Արևելապոնտական լեռների բարձր գագաթն է։ Իսկական լեռնային ճանապարհորդություն էր՝ ինֆորմացիայի պակասի պատճառով չկար հստակ ծրագիր, չբացահայտված, գողտրիկ մի երկրամաս՝ լիքը պատմական և բնական հուշարձաններով, բավականին դժվար վերելք և հզոր գագաթ՝ փառահեղ տեսարաններով․․․
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Ուզում եմ Հայաստանը ծայրից ծայր սարերով-ձորերով քայլելով անցնել։
Գևորգ Հարությունյան
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Ազատություն, խաղաղություն, հանգստություն։
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Արշավականները ամենասովորական ոչ սովորական մարդիկ են, որոնք գիտեն, թե որտեղ է իրական կյանքը։
Գևորգ Հարությունյան
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)
Տիգրանի հետ ընկերացել էինք մինչև ArmGeo-ն, ծանոթացել էինք լեռներում, արշավել իրար հետ։ Երբ հիմնադրվեց ակումբը, ճանաչելով Տիգրանի մոտեցումները, այլևս կասկած չունեի, թե որն է իմ արշավական ակումբը։ Հետո նոր ու լուսավոր մարդիկ եկան, ու արշավական ակումբը դարձավ նաև ընկերական ակումբ։
Գևորգ Հարությունյան
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Կասեմ՝ եկեք, ես իմ հարմարավետության գոտին գտել եմ հենց արշավներում։
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Հայաստանը ծայրից ծայր՝ հեծանիվով
/in Բլոգ /by armeniangeographicՀայաստանը հեծանիվով
Մանկության երազանք
Այս գաղափարի հեղինակը Գևորգ Հարությունյանն է, որն էլ առաջարկել է Ֆելիքս Քոչարյանին միանալ իրեն։ Մեզ հետ զրույցում Գևորգն ասաց, որ նա վաղուց է ունեցել այդ միտքը․ «Կարելի է ասել՝ մանուկ հասակից այդ միտքը եղել է, երբ բակում հեծանիվ ես քշում, մտածում ես՝ ինչքան հեռու կարող ես գնալ, ինչքան երկար կքշես, ու մանկական պատկերացմամբ՝ դա Հայաստանի ծայրն է։ Այդ միտքը միշտ եղել է, խմորվել է, այն չիրականացվող երազանքի բնույթ է կրել մանուկ հասակում, հետո ժամանակի հետ, երբ ֆիզիկական, հեծանվային հնարավորություններդ մեծանում են, գիտակցում ես, որ այն լրիվ իրագործելի է։ Այս տարի էլ կորոնավիրուսը հնարավորություն ընձեռնեց վերադառնալու մանկական երազանքին։ Խոսեցի Ֆելիքսի հետ, քանի որ ինքն էլ բավականին լավ հեծանիվ է քշում ու լավ պատրաստվածություն ունի։ Առաջարկեցի, միտքը դուր եկավ նրան, որոշեցինք փորձել, կստացվի-կստացվի, չի ստացի, դե, ոչինչ չենք կորցնում»։
Հայաստանը հեծանիվով
Ֆելիքսն էլ նշում է, որ գաղափարն իրեն շատ է դուր եկել, ու մի քանի օր պլանավորելուց հետո՝ սկսել են ուղևորությունը։ Նրա տպավորությամբ՝ իրենց 5-օրյա հեծանվային ուղևորությունը շատ լավ է անցել։
Հայաստանի ճանապարհները
«Լրիվ մեր պլանավորած ձևով էր, ճիշտ է, ընթացքում կային դժվարություններ ռելիեֆի հետ կապված, բայց դրանք ավելի շատ ֆիզիկական դժվարություններ էին, հոգեբանական դժվարություններ շատ քիչ էին լինում, որովհետև երբ դու ֆիզիկապես հոգնած ու մեռած ես, ընդհանրապես չես պատկերացնում՝ ոնց ես հաջորդ օրը քշելու։ Հաջորդ օրն արթնանում ես, ու այն միտքը, որ պետք է շտապես ու հասցնես ավարտին, քեզ լրիվ ուժ է տալիս։ Կես ժամ քշում ես ու հետո լրիվ ֆիզիկապես դառնում ես նույնը, որովհետև իրականում մկանները ցավում են, բայց երբ դու նրանց տաքացնում ես մի կես ժամ, իրենք լրիվ դառնում են սովորական»,-նշում է Ֆելիքսը։
Հայաստանը հեծանիվով
Գևորգը նույնպես գտնում է՝ իրենց հեծանվային արշավը շատ լավ է անցել․ «Ես էմոցիոնալ առումով շատ հագեցված եմ, որովհետև միշտ մի բան անելուց առաջ մտավախություն կա, որ գուցե չստացվի, ինչ-որ բան խանգարի։ Սակայն ամեն ինչ շատ լավ անցավ, գրեթե իդեալականին մոտ։ Մի քիչ վստահության պակաս կար Հայաստանի ճանապարհների որակի հետ կապված, ինձ համար հաճելիորեն զարմանալի էր, որ ճանապարհները բավականին լավն էին հեծանիվով արշավելու համար, ու փաստորեն Հայաստանը բավականին գրավիչ կարող է լինել հեծանվային տուրերի համար։ Ինձ համար դա բացահայտում էր, որովհետև մենք սովոր էինք հեծանիվ վարել Երևանի շրջակայքում, մերձակայքում։ Մարզերի մասին այդպես ինֆորմացիա չկար, ու հետո պարզվեց, որ ինքը և՛ բավականին գեղեցիկ է, և՛ հարմար է, վարորդներն էլ, ի զարմանս ինձ, բավականին տոլերանտ էին, ու այդքան էլ վտանագավոր չէր»։
Հայաստանը հեծանիվով
Ֆելիքսն էլ նշեց, որ իրենք եղել են ամենանուրբ, բարակ ակերով հեծանիվներով․ «Դրանք «roadbike» են կոչվում, նախատեսված են հենց ասֆալտի համար, բայց ընդհանուր առմամբ շատ լավ էր, որովհետև հիմա շատ ճանապարհներ (երևի մեր անցած ճանապարհների 30-40 տոկոսը) լրիվ ասֆալտապատած են, մի մասն էլ արդեն ասֆալտում էին։ Երբեմն այնպիսի ճանապարհներով ենք անցել, որ լրիվ քանդած էին այդ պահին, շինարարություն էր գնում։ Այդ առումով իրականում կան խնդիրներ, բայց արդեն շատ ճանապարհներ սարքված են»։
Հեծանվային արշավների մշակույթը Հայաստանում
Ֆելիքսը գտնում է, որ հայ վարորդները, ամեն դեպքում, սովոր չեն, որ հեծանիվը պետք է ճանապարհին մեքենաների հետ զուգահեռ գնա․ «Իրենք սպասում են, որ եթե դու հեծանիվով ճանապահ ես գնում, պետք է դուրս գաս ճանապարհից, երբ մեքենա ես տեսնում, իսկ մեր հեծանիվներով դա հնարավոր չէ, որովհետև եթե մենք ասֆալտից դուրս գանք, կարող ենք հենց այդ պահին ծակել անիվը։ Իրականում դա նաև մշակույթի հարց է։ Ես, օրինակ, Եվրոպայում էլ եմ քշել երեք տարի առաջ․ Բուդապեշտից մեկ ամսում քշել եմ դեպի Բարսելոնա։ Այնտեղ լրիվ ուրիշ ձև է ընկալումը, վարորդներն ապահովության համար 3-4 մետր քեզնից հեռավորություն են պահում։ Հայաստանում այդպես չէ։ Հայաստանում շատ են ազդանշան տալիս, իրենց թվում է, թե մենք տուրիստ ենք։ Հիմնականում գյուղերում շատ էր լինում, որ երեխաները կամ տարեցները գոռում էին՝ «Hello, Hi» և այլն, հետո, որ ասում էինք՝ «բարև, ախպեր, ո՞նց ես», ուրախանում էին, որ հայ ենք։ Վարորդները ազդանշան են տալիս, իրենց թվում է՝ ողջունում են, բայց իրականում շատ տհաճ է, երբ դու քո մտքերով գնում ես, ու մեկն ականջիդ տակ բարձր ազդանշան է տալիս»։
Հայաստանը հեծանիվով
Գևորգն էլ է գտնում, որ հեծանիվներով ճանապարհորդելու մշակույթը Հայաստանում դեռ բավականին հետ է․ «Վերջին տարիներին մեծ առաջընթաց կա հեծանիվ վարելու հետ կապված, ավելի շատ մարդիկ սկսում են հեծանիվ վարել, բայց դա կրում է լոկալ բնույթ, բայց կարծում եմ՝ դա առաջին քայլն է։ Սա մի տեսակ արշավական կյանքի նման է, ինչքան շատ մարդ սկսի զբաղվել, այնքան շատ մարդիկ կտեսնեն, կհետաքրքրվեն։ Հայաստանում այդ առումով դեռ ամեն ինչ առջևում է, քանի որ նկատում եմ, որ բավականին շատ մարդ է արդեն հեծանիվ քշում, հաջորդ քայլն էլ լինելու է դա։ Այսինքն՝ մարդ չի սահմանափակվելու սրանով, ուզելու է անել ավելին, գնա ավելի հեռու, քշի ավելի երկար, ինձ թվում է առաջիկա տարիներին մենք կտեսնենք դա»։
Հետաքրքիր դրվագներ
Խոսելով հետաքրքիր դրվագների մասին՝ Ֆելիքսը հիշեց, որ երբ առաջին օրը գնացել են սահման՝ Տաշիրի անցակետ, սկսել են նկարվել անցակետի նշանի մոտ, ու մի կին է մոտեցել նրանց․ «Ասում է՝ «տղերք ջան, էս ո՞ւր եք գնում», ասում ենք՝ «գնում ենք Մեղրի», ասում է՝ «սխալ եք եկել»։ Այդպես ծիծաղեցինք, ինքն էլ չհասկացավ՝ ինչի ենք ծիծաղում։ Ասեցինք՝ «մենք ստեղից ենք քշում Մեղրի», ասում է՝ «բա ի՞նչ եք անում ստեղ», ասեցինք՝ «նկարվում ենք», ասում է՝ «դե, զինվորները ստեղ նայում են, չի կարելի նկարվել»։ Ասեցինք՝ «լավ գնում ենք»»։
Գևորգի համար հետաքրքիր դրվագներից մեկն այն էր, որ ամբողջ ընթացքում իրար հետ առանց միջադեպի քշելուց հետո՝ ընդամենը րոպեների տարբերությամբ ինքն ու Ֆելիքսը միաժամանակ ծակում են իրենց հեծանիվների անիվները․ «Շատ հետաքրքիր է, որ անցնում է 5 օր, ու երկուսի մոտ էլ նույն բանը միաժամանակ է տեղի ունենում։ Էն, որ ասում են՝ «ընկերովի մահը հարսանիք է», այդ վիճակն էր։ Դե, մեզ հետ ունեինք վերանորոգման պարագաներ, ընթացքում լուծեցինք խնդիրը»։
Հայաստանը հեծանիվով
Խոսելով ընթացիկ դժվարությունների մասին՝ Գևորգը նշեց, որ հիմնական դժվարությունը պայմանավորված էր Հայաստանի ռելիեֆով, քանի որ լեռնային է, անկումներն ու վերելքները շատ են․ «Բայց դա էլ ավելի գրավիչ ու հետաքրքիր է դարձնում ճանապարհորդությունը։ Մեր ընկերները մեզ օգնեցին տարբեր հարցերով՝ իրերի տեղափոխում, հյուրանոցներ գտնել։ Պարզվեց՝ Քաջարան քաղաքի միակ հյուրանոցը պղնձամոլիբդենային կոմբինատինն է, որը չի թողնում այնտեղ ուրիշ մարդ մնա։ Այդպես, հեծանիվներով երեկոյան հասել ենք այնտեղ, պարզվում է՝ Քաջարանում մնալու տեղ չկա, դա միակ բացասական էպիզոդն էր»։
Ֆելիքսն էլ նշեց, որ դժավրություններից մեկն այն էր, որ տեղում էին որոշում, թե որտեղ են մնալու․ «Այդպես, ամեն օր քշում էինք, ու որտեղ հասնում էինք՝ որոշում էինք՝ որտեղ պետք է մնանք։ Մի երկու-երեք անգամ եղել է, որ մնալու հետ կապված խնդիրներ են եղել։ Օրինակ, Քաջարանի դեպքը, որ հյուրանոց չգտանք։ Մեզ հետ ուղեկցող մեքենա ունեինք, հեծանիվները քանդեցինք, դրեցինք այդ մեքենայի մեջ ու գնացինք Կապան քաղաք, որ գիշերենք։ Նորից հաջորդ օրը եկանք Քաջարան ու այնտեղից շարունակեցինք»։
Հայաստանը հեծանիվով
Հայաստանը՝ հյուիսից հարավ
Հարցին, թե ի՞նչ տվեց ձեզ այս ճանապարհորդությունը, Ֆելիքսն այսպես պատասխանեց․ «Ես Հայաստանի հյուսիսային մասերում չէի եղել։ Որպես արշավական, ճանապարհորդ, մարդ, որը սիրում է ճանապարհորդել՝ ինձ համար կարծես նոր տեղերի բացահայտում էր։ Շատ սիրուն էր Ստեփանավանից Տաշիր ճանապարհը։ Բացի այդ, ինչքան էլ մյուս ճանապարհներով գնացած լինեի մեքենայով, հեծանիվով շատ ավելի սիրուն է ամեն ինչ, շատ ավելին ես կարողանում տեսնել, զգալ։ Մենք առավոտվա ժամերին էինք քշում, որ մեքենաներ քիչ լինեն, ու այդ ընթացքում բնության ամբողջ ներդաշնակությունը զգում ես։ Հայաստանի հարավը շատ սիրուն է, որովհետև մեքենայով, որ գնում ես, 4-5 ժամ է տևում, որ հասնես Գորիս-Կապան, կեսից քնում ես, հոգնածություն ես զգում, բայց այս անգամ ոնց որ Հայաստանի լրիվ այլ հարավ տեսա, որովհետև հեծանիվով քշում ես, նայում ես կողքերդ ու հավատդ չի գալիս, որ դու այն ճանապարհով ես անցնում, որով մի քանի անգամ մեքենայով անցել ես, լրիվ ուրիշ տեսարաններ են, ուղղություններ են։ Սա նաև մեծ փորձ տվեց։ Մենք երևի առաջին հայաստանցիներն ենք, որ այս երթուղին հեծանիվով անցել է ծայրից ծայր»։
Հայաստանը հեծանիվով
Գևորգն էլ նշեց, որ այս ուղևորությունն իրեն նախ վստահություն տվեց․ «Երկրորդը՝ մեծ բավարարվածության զգացողություն տվեց։ Ինքն ամբողջությամբ ֆիզիկական աշխատանք է, ու, բնականաբար, առաջացնում է բավարարվածության զգացողություն։ Ես չեմ կարող ասել՝ ինչ տվեց, ես շատ մեծ հագեցածություն եմ զգում։ Նաև այն, որ մի միտք կա ուղեղումդ, որ անընդհատ պտտվում է, հետո երբ այդ միտքն իրագործում ես, երջանկությանը մոտ զգացում ես ունենում, մի քիչ էլ դատարկվում ես»։
Գևորգը նշում է, որ ինքը նաև նպատակ ունի Հայաստանը ոտքով ծայրից ծայր անցնել, արշավել սարերով, ձորերով, ոչ թե՝ մայրուղիներով։
Հայաստանը հեծանիվով
Հեծանվային 5-օրյա ուղևորության երկու մասնակիցներն էլ երջանիկ են, որ հաղթահարել են այս մարտահրավերն ու Հայաստանը հեծանիվով անցել են հյուսիսից՝ հարավ։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Վարդենիսի լեռների բոլոր 3000 մետրից բարձր գագաթները հաղթահարված են
/in Բլոգ /by armeniangeographicՎարդենիսի լեռներ, լուսանկարը՝ Աղասի Մարտիրոսյանի
Ինչպես ծնվեց գաղափարը
Armenian Geographic-ի հետ զրույցում Աղասի Մարտիրոսյանը պատմեց, որ այդ գաղափարը շատ պատահական է առաջացել նրանց մոտ ու նախապես որևէ բան պլանավորված չի եղել: Նա ասում է, որ ամեն անգամ մարդիկ դասական տարբերակով բարձրանում էին Արագած, իսկ այդ ճանապարհին կողքից այլ սարեր էին երևում, որոնք ոչ ոք չէր բարձրանում: Իրենք սկսել են սկզբում բարձրանալ Արագածի լեռնազանգվածի բոլոր գագաթները. ոչ թե՝ հիմնական չորս գագաթը, այլ՝ մյուսները նույնպես: Այնուհետև բարձրացել են Գեղամա լեռները, հետո՝ Փամբակը. «Ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Մտածեցինք՝ հիմա գնանք, հերթով փորձենք բոլորը բարձրանալ: Մի քանի օր առաջ արդեն Վարդենիսի լեռներ կատարած վերելքներն ավարտեցինք»:
Արագած, լուսանկարը՝ Աղասի Մարտիրոսյանի
Երկուսով արշավելու դժվարությունները
Աղասին ու Հրաչն այս վերելքները հիմնականում երկուսով են իրականացրել, թեև ընթացքում երբեմն նրանց ընկերները միացել են որոշ վերելքների ժամանակ: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դժվարություններ են եղել երկուսով սարեր բարձրանալիս: Ի պատասխան՝ նա ասաց. «Երբեմն մեր ընկերները գալիս են մեզ հետ, ու մանավանդ, որ ճանապարհը երկար է լինում, մեզ համար մի քիչ ավելի հարմար է դառնում մյուսների հետ: Սկզբից երկուսով ենք եղել, հիմա էլ էլի երկուսով ենք լինում: Դա, իհարկե, տալիս է նաև որոշակի առավելություններ արագության տեսանկյունից, որ կարող ես արագ գնալ կամ երկար քայլել: Դժվարության տեսանկյունից՝ եղել են արշավներ, որ մի քիչ բարդ են եղել, որոնք, այսպես ասած, քամել են մարդուն»:
Վարդենիսի լեռներ, լուսանկարը՝ Աղասի Մարտիրոսյանի
Դժվար վերելքներից Աղասին առանձնացրեց ձմեռային վերելքները. «Ձմռանը վերցնում էինք ձնեթափեր, որ ձյան վրա հեշտ լիներ, բայց երբ ձյունը նոր էր եկած լինում, մի քիչ խրվում էինք, մանավանդ, որ օրերն էլ ավելի կարճ են լինում, ուզում ես այնպես անես, որ մթին չմնաս սարի վրա, քանի որ ձմռանը վտանգավոր կլինի»:
Անակնկալ հանդիպում արջերի հետ
Խոսելով իրենց արաշավների ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր դրվագների մասին՝ Աղասին պատմեց, որ երկու անգամ արջերի են հանդպել. «Շատ հետաքրքիր էր: Երկրորդ անգամ նույնիսկ հասցրել եմ լուսանկարել: Հենց Վարդենիսի լեռներում էր, որ բավականին մոտիկից տեսանք արջին ձագերի հետ: Այդքան էլ չէինք սպասում, մի քիչ անակնկալ էր, մի քիչ ադրենալին էր, բայց ամեն ինչ նորմալ անցավ: Ինչ-որ առումով մենք մտածել էինք, որ տեսնում ենք, չթողնենք՝ փախնենք, որովհետև կարող էր մեր հետևից հարձակվել. ավելի նորմալ, բնական պահեցինք մեզ»:
Վարդենիսի լեռներ, լուսանկարը՝ Աղասի Մարտիրոսյանի
Անդրադառնալով Վարդենիսի լեռներ կատարած իրենց վերելքներին՝ Աղասին նշեց, որ այդ տարածքն առանձնացավ նրանով, որ ավելի վայրի էր ու արշավականներն ավելի քիչ էին գնացել, լուսանկարել այդ հատվածները. «Ավելի երկար ստացվեց, 12 անգամ գնացել ենք, որպեսզի ամբողջությամբ ավարտենք բոլորը: Եթե Արագած կամ Գեղամա 7-8 անգամով վերջացնում էինք, այստեղ 12 անգամ գնացինք: Օրինակ, Գեղամայի համեմատ՝ քայլելու կիլոմետրերի առումով անգամ ավելի քիչ ստացվեց, բայց ավելի շատ անգամներ գնացինք, որովհետև գուցե գագաթները մոտ լինեին, բայց հարաբերականով շատ էինք իջնում, որ նորից բարձրանայինք, ու ավելի քարքարոտ էր, չէր ստացվում մի անգամ գնալով շատ գագաթներ բարձրանալ: Ինքը շատ գեղեցիկ տեղ էր՝ իր տեսարանների առումով, այդ տարածքն ամեն ինչ ուներ, ու կարծում եմ՝ այն շատ թերագնահատված է տուրիզմի տեսակետից»:
Բացահայտված ուղղություններ
Մենք Աղասիից հետաքրքրվեցինք, թե արդյոք եղե՞լ են ուղղություններ, որ իրենք առաջինն են եղել, որ գնացել են: Ի պատասխան՝ նա ասաց, որ նման ուղղություններ շատ են եղել. «Օրինակ, չեմ լսել, որ արշավախումբ գնա դեպի Մեծ Սևքար (Սևսար) լեռ: Սովորական Սևսար շատ են գնում, ու հենց ArmGeo-ի հետ էլ ենք գնացել, բայց դրանից բացի՝ կա նաև Մեծ Սևսար (Սևքար), որը մենք գնացինք: Սանդուխտասար գնում են, բայց այդքան հաճախ չեն գնում, այդ սարն իրոք շատ սիրուն է թե՛ իր տեսքով, թե՛ կողքի տեսարաններով: Սոխասար ենք գնացել, ու արջին հենց այնտեղ գագաթին հանդիպեցինք: Ինքը բավականին լուրջ սար է՝ սիրուն ու շքեղ տեսքով: Այսինքն՝ սովորաբար խմբերը գնում են ամենահայտնիները Վարդենիս, Աստղոնք, մեկ-մեկ էլ կարող է՝ Սանդուխտասար գնան: Բայց Վարդենիսի լեռներ կատարած վերելքների արդյունքում ընդհանուր առմամբ 23 գագաթներով ենք մենք անցել»:
Վարդենիսի լեռներ, լուսանկարը՝ Աղասի Մարտիրոսյանի
Աղասին նշում է, որ ինքը հիմա հիմնականում էքսպեդիցիոն վերելքներ է անում ու աշխատում է գնալ այնպիսի տեղեր, որ նախկինում չի եղել. «Հիմա ունենք փոքր ընկերական խումբ, որ գնում ենք, էլի նույն սկզբունքը պահում ենք, գնում ենք այնպիսի տեղ, որ նախկինում չենք եղել: Իրականում դա նախօրոք լավ մտածված է լինում, նայում ենք քարտեզները, չափում ենք, նայում ենք սպուտնիկով, տոպոգրաֆիկ քարտեզով, թե ոնց կարող ենք մոտենալ, ինչ offroad ճանապարհներ կան, մինչև որտեղ կարելի է մեքենայով հասնել ու որտեղից կարելի է քայլել: Այդ ամենը չափում-ձևում ենք, ու շատ մեծ է արշավների թիվը, որ այդպես ենք կազմակերպել ու իրականացնել, սակայն, բարեբախտաբար, վրիպակներ դեռևս չեն եղել, որ գնանք, չհասնենք, չլինի: Եղել է, որ մի քիչ ավելի երկար ենք քայլել, քան սկզբից նախատեսված էր և այլն, բայց, մեծ հաշվով, բոլոր վերելքները եղել են հաջողված»:
Ի՞նչ պետք է իմանալ
Արշավականը նշում է, որ նման վերելքներ իրականացնելու համար շատ կարևոր է փորձը, որ ժամանակի ընթացքում է առաջանում. «Դա երևի ամենակարևոր բանն է, ինչքան էլ պրակտիկայի մասին տեսականորեն խոսենք, որ սա սխալ է, ճիշտ է, սակայն լեռնային հոտառությունը ժամանակի ընթացքում առաջանում է հենց փորձի արդյունքում: Անհրաժեշտ է նաև գույքի տեսանկյունից հագեցած լինել, ինչն արդեն ահագին հեշտացնում է գործը: Այսինքն՝ մարդը պետք է լավ պատրաստված լինի: Մի կարևոր բան էլ կա. թե՛ ես, թե՛ Հրաչը, թե՛ մյուսները մեր խմբում, շատ ենք սիրում պունկտուալությունը: Այսինքն՝ ժամ պայմանավորվել, հետո մեկ կամ կես ժամ ուշ գալ, նման բաներ չկան, մենք նման հայացքների տեր մարդիկ չենք, ավելի չափված-ձևված ենք, ժամը ժամով, րոպեներով… Այսինքն՝ ավելի հաշվարկված է էլի ամեն ինչ անցնում, ու դա էլ երևի գլխավոր հաջողության գրավականն է»:
Վարդենիսի լեռներ, լուսանկարը՝ Աղասի Մարտիրոսյանի
Էստաֆետը փոխանցված է
Խոսելով այն մասին, թե ի՞նչ են տվել այս վերելքները արշավականներին՝ Աղասին նշեց, որ իրենց շատ է դուր գալիս այն, ինչ իրենք անում են, ու սա իրենց համար գործ չի եղել. «Սա մեզ համար հաճելի է և հետաքրքիր, լի բացահայտումներով, երբեմն տեսնում ենք այնպիսի տեսարաններ, որ հետո գանձ են դառնում, ու ամեն տարին ունի իր հետաքրքիր բացահայտումները: Ամեն տեղ ինչ-որ հետաքրքիր բան ես բացահայտոմ, ու ասում ես՝ մենք այստեղ դեռ ետ կգանք»:
Վարդենիսի լեռներ, լուսանկարը՝ Աղասի Մարտիրոսյանի
Նա պատմեց, որ երբ սկզբում սկսել են վերելքները, այդքան հաճախ չեն գնացել, քանի որ ավելի քիչ էր փորձը, ավելի դժվար էր ամեն ինչ. «Հիմա, հատկապես այս տարի, որ պանդեմիան սկսվեց, դա մեզ համար Հայաստանի սարերը մեծ քանակությամբ գնալու մեծ հնարավորություն էր»: Աղասին նշում է, որ այժմ էստաֆետը փոխանցված է Ջավախքի լեռներին, որի կեսն արդեն բարձրացել են:
Հայաստանի հնարավոր բոլոր 3000 մետրից բարձր լեռներում եղած արշավականն այս նախաձեռնությունն իր կյանքի մի կարևոր էտապ է համարում, որը նրան ու իր ընկերոջը բազմաթիվ բացահայտումներ է տվել:
Ներկայացնում ենք Վարդենիսի լեռների այն ցանկը, որոնցում եղել են Աղասին և Հրաչը:
Վարդենիսի լեռներ (Հարավ-Սևանի լեռներ)
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Արշավային կարգապահություն և էթիկա
/in Բլոգ /by armeniangeographicԱրշավային կարգապահություն
Այնինչ, փաստն այն է, որ արշավային կարգապահության անհրաժեշտությունը պայմանավորված է նախ և առաջ անվտանգության հետ: Սա երբեմն մարդկանց կողմից թերագնահատվում է, և շատ հաճախ նրանք շրջանցում են տարբեր կարգապահության նորմեր: Իհարկե, արշավային կարգապահությունը նաև արշավն ավելի արդյունավետ ու հաճելի դարձնելու կարևոր հանգամանք է, ինչը ևս կարևոր է: Այժմ կներկայացնենք արշավային կարգապահության մի քանի դրույթներ, որոնց անհրաժեշտ է հետևել արշավների ընթացքում:
Հետևել ուղեկցորդի հրահանգներին
Լեռնային ուղեկցորդին լսելու ու հետևելու կանոնը արշավային մշակույթում ամենակարևորներից է: Լեռնային ուղեկցորդը պատասխանատու է առավել անվտանգ ու արդեն անցած ճանապարհներով մարդկանց ուղղորդելու համար, սակայն միայն եթե խումբը ենթարկվում է նրա հրահանգներին: Այս դեպքում ուղեկցորնդներն այն մարդիկ են, որոնք տիրապետում են իրավիճակին և կրում են ամբողջ պատասխանատվությունը:
Արշավային կարգապահություն
Եթե դուք արշավում եք, պետք է հասկանաք, որ պարզապես չեք այցելում այդ վայրերը, այլ քայլում եք հստակ սահմանված տեմպով ու ուղղությամբ: Այսինքն՝ այս ակտիվ հանգստի միջոցը պահանջում է հստակ կանոնակարգում, որն անում են լեռնային ուղեկցորդները: Նրանց չենթարկվելը կարող է ճակատագրական լինել ոչ միայն ձեզ, այլև՝ մյուս մասնակիցների համար:
Շարքով քայլել
Շարքով քայլելը նույնպես բխում է անվտանգության ու վերահսկելիության նկատառումներից: Սա արշավային մշակույթի կարևոր բաղադրիչներից է: Սարերում ժամանակի հաշվարկը շատ կարևոր է, քանի որ եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունները կարող են բարդացնել կամ անհնար դարձնել քայլելը:
Քայլել շարքով
Լեռնային ուղեկցորդները հաշվարկում են, թե տվյալ դեպքում մի կետից մյուսն անցնելու համար քայլելու ինչպիսի տեմպ ու արագություն է պետք: Երբ դուք շարքից դուրս եք գալիս, սկսում եք ձեր սեփական տեմպով քայլել ու ստեղծել քաոս խմբում՝ շեղելով ընդհանուր խմբի տեմպը: Բացի դրանից, լեռնային ճանապարհները կարող են լինել դժվարանցանելի ու խորդուբորդ: Այս դեպքում ևս ավելի անվտանգ է շարքով անցնել այդ ճանապարհները, քան՝ քաոտիկ:
Տանել սեփական ուսապարկը և մնացած իրերը
Եթե որոշել եք արշավել, պատրաստ եղեք բոլոր դժվարությունները հաղթահարել ինքնուրույն: Ծանր իրերով երկար քայլելը բոլորի համար էլ սթրեսային կարող է լինել, ու պետք չէ մտածել, որ որևէ մեկը ավելի լավ կարգավիճակում է, քան՝ դուք: Այնպես որ, եթե արշավում եք, վերցրեք ձեր ու ձեր իրերի ամբողջ պատասխանատվությունը ու մի ծանրաբեռնեք ձեր կողքիններին, որոնք իրենց սեփական իրերն էլ պետք է տանեն: Նշանակություն չունի՝ ձեզ հետ արշավում է ձեր հայրը, եղբայրը, մայրը, ընկերը, թե ամուսինը, մի տվեք ձեր իրերը նրանց, անգամ եթե նրանք ցանկանան տանել:
Ուխտասար
Տանել սեփական աղբը և չթափել լեռներում
Լեռներում գտնվելու կարևորագույն էթիկայի կանոններից է աղբը բնության մեջ չթափելը: Պետք է գիտակցել, որ այդ հատվածներում սանիտարահիգենիկ աշխատանքներ չեն կարող իրականացվել, ու բնության մաքրությունն ու պաշտպանությունը մնում է այդ վայրերն այցելողների վրա: Ամեն մեկս պետք է մեզ պատասխանատու համարենք սարերում մաքրությունը պահպանելու ու այնտեղ աղբ չթողնելու համար:
Արշավային կարգապահություն
Armenian Geographic-ը մեծ ուշադրություն է դարձնում արշավական կարգապահությանն ու էթիկային: Մենք աշխատում ենք այնպես անել, որ մեր արշավների ժամանակ այս դրույթները պահպանվեն:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային գույք և հանդերձանք
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին
Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ
Ինչպես ընտրել արշավային գլխարկ
Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ
Արշավային լապտեր
Արշավային գուլպաներ