Արարատված եմ․ երազանքից մինչև Մասիսի կատար
Արարատ բարձրանալու մասին ես շատ չեմ երազել։ Այն ինձ համար մի սահման էր, որի հետևում թաքնված էին անհասանելիության, անհնարինության ու ցավոտ պատմությունների զգացումները։ Հետո դարձավ աշխարհաստեղծման, հավատի, կորուստների, Հայրենիքի ու կարոտի խորհրդանիշ։ Յուրաքանչյուր նոր տարիքի և աշխարհընկալման հետ նոր շերտեր էին ավելանում։
Արարատի գագաթին լինելու ցանկությունն իմ մեջ ծնվեց մոտ 10 կամ ավելի տարի առաջ, երբ իմացա, որ դա հնարավոր է, և ArmGeo-ն իրականացնում է վերելքներ։ Իսկ մինչ այդ Արարատի գագաթին հայտնվելն ինձ համար շա՜տ հերոսական մի բան էր։ Այդ զգացումը ծնվել էր դեռ 4-րդ դասարանում, երբ գրականության ուսուցչուհին՝ ընկեր Նազարյանը, պատմում էր Խաչատուր Աբովյանի՝ Արարատի վերելքների մասին այնպիսի հիացումով, այնքան հերոսացնելով այդ պատմությունը, որ երբեք չեմ մոռանա իմ զարմանքն ու ոգևորությունը։
ArmGeo-ի՝ ինձ համար անհնարինը հնարավոր դարձնելուն հաջորդեց շատ թանկ ուսուցչիս՝ ընկեր Գինոսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Արարատ բարձրանալը։ Ես տարված էի նրա գաղափարախոսություններով, արժեքներով, ազգային պարերով և վճռեցի, որ անպայման ես էլ մի օր կանցնեմ այդ ճանապարհը, կլինեմ հայոց վեհության գագաթին ու կծածանեմ եռագույնը։
Եվ ահա, բազմաթիվ չստացված որոշումներից հետո, վերջապես ամուսնուս հետ վճռեցինք, որ 2026-ի ամռանը՝ ինչ էլ լինի, պետք է կանգնենք Արարատի գագաթին։
Պատկերացրած վերելքն ու իրականությունը
Ինձ թվում էր՝ շատ բարդ վերելք է լինելու՝ ցուրտ, սառույց, ժայռեր ու մագլցումներ։ Հասարակ բան չէ. ստորոտից մինչև գագաթ աշխարհում ամենաբարձր սարն է։ Հայաստանյան արշավների ժամանակ ինչ-որ պահից ես սրտխփոց ու գլխապտույտ եմ զգում, թուլանում եմ, և մտավախություն ունեի, որ գուցե Արարատի վրա այդ պահն անհաղթահարելի դառնա։ Այդպես էլ ինձ վստահաբար պատրաստ չէի զգում։
Հենց առաջին նախապատրաստական արշավից՝ Արագածից հետո, ողնաշարի անտանելի ցավով մոտ 10 օր պառկած էի անկողնում։ Այդ ընթացքում ամենածանրն այն միտքն էր, որ այս հիվանդության պատճառով գուցե այլևս երբեք չկարողանամ անել այն, ինչ կյանքում ամենից շատ եմ սիրում՝ լեռներ գնալ։ Չեմ կարողանա բարձրանալ Բիբլիական լեռը և իրականացնել ուրիշ շատ երազանքներ։
Այն պահը, երբ երազանքը դարձավ իրականություն
Բարեբախտաբար, բժիշկը վերականգնվելու համար ֆիզիկական ակտիվություն նշանակեց, և ամեն թերապիայից հետո ես տալիս էի նույն հարցը. «Արդեն կարո՞ղ եմ սար բարձրանալ»։ Եվ պատկերացրեք իմ երջանկությունն ու հուզմունքը, երբ վերջապես ասաց. «Կարող ես, բայց առանց ծանր ուսապարկի»։Այդ պահին ապրեցի էներգիայի անհավանական ներհոսք, երջանիկ էի։ Անհամբերությամբ զանգեցի ամուսնուս. «Գա՛գ, կարող ենք Արարատ գնալ, խնդրում եմ՝ հաստատիր գրանցումը»։ Այդ պահը լի էր թե՛ ուրախությամբ, թե՛ անհանգստությամբ ու տագնապով, բայց ես շատ վճռական էի, որ գնալու եմ։
Վերելքի առաջին օրերը շատ սովորական էին՝ ոչ այնքան ռոմանտիկ մեկնարկով, ինչպես պատկերացրել էի։ Ոչ մի կախարդական կամ գերբնական զգացում չկար, ոչ մի առանձնահատուկ բարդություն։ Սար ենք բարձրանում, ավելի լավ ճանաչում խմբին, իրար օգնում, զրուցում՝ ինչպես մեր մյուս բոլոր արշավների ժամանակ։
Բայց ահա լույսն աննկատ բացվում է, թիկունքում ամպերի ծովն է, առջևում՝ մի գագաթ, որը ծածկում է իրական գագաթը։ Ինձ թվում է՝ երազ եմ տեսնում, չեմ հավատում, որ Արարատի վրա եմ։ Կանգնում եմ, նայում շուրջս, շունչս կտրվում է հորիզոնի լայնությունից ու ամեն վայրկյան փոխվող տեսարաններից։ Տեսնում եմ Արարատի ստվերը՝ գագաթին յոթնագույն լեռնային ուրվական։ Սա իսկական Սուրբ լեռան պատկերն էր՝ գլխին լուսե պսակ… Չեմ ուզում, որ այս երազը վերջանա։ Ես նոր հասկացա, թե որքան հեռու էի գնացել իմ մտքերի հետ՝ դեպի ներս։
Շարունակում եմ ինքս ինձ հետ դանդաղ բարձրանալ։ Ամպերը հոսում են, ու բացվում է Սիսը։ Փակում եմ աչքերս ու նայում ինձ երկնքից՝ հստակ տեսնելով իմ դիրքը։ Նայում եմ Արարատին իմ սենյակի պատուհանից. այնտեղից չեմ երևում։ Նայում եմ պապիկիս տան բակից, պատկերացնում, որ եթե հարյուր մետր էլ բարձրանամ, կարող եմ ինձ տեսնել Հայաստանից։ Մասիսի ու Սիսի ամենասիրուն տեսարանը և ես կլինենք մի պատկերում։
Արդեն գագաթին շատ մոտ ենք։ Ես ուզում եմ, որ այս րոպեները երկարեն։ Հուզվել եմ… Լաց եմ լինում ու չեմ կարողանում քայլել։ Լսում եմ գագաթ հասած ընկերներիս բացականչությունները։ Այո՛, երազ չէր, մենք Մասիսի կատարին ենք։
Մարդկային հոգատարություն, որն անմոռանալի մնաց
Վերելքի ամբողջ ընթացքում հիացել եմ ուղեկցորդների հոգատարությամբ ու ուշադրությամբ։ Մթության մեջ անգամ հեռվից Գոհարը զգում էր մասնակիցներից յուրաքանչյուրին ու շարքի ծայրից անունն այնպես էր կանչում (հնչում էր զորավարի հրամանի պես), որ բոլորս մի պահ արթնանում ու լիցքավորվում էինք։
Մի պահ որոշվեց, որ նրանք, ովքեր իրենց լավ չեն զգում, ավելի դանդաղ տեմպով քայլեն ու հետ մնացին։ Ժամեր անց, երբ դանդաղ քայլող խումբը միացավ ավելի արագ քայլողներին, իմացանք, որ մեր ընկերներից երկուսը որոշել են չշարունակել վերելքը։ Անսպասելի էր, նեղվեցի, ինչ-որ կիսատության զգացում կար։ Սարի վրա, ինչքան էլ անծանոթ լինենք, ինձ համար բոլորը հարազատ են ու կարևոր։ Ու հիմա, երբ հիշում եմ Գոհարի ջանքերը, յուրաքանչյուրիս ոգևորելու ու վեր հանելու փորձերը, հուզվում եմ ու անվերջ շնորհակալ եմ։
Երբ ուժերը սպառվում են, բայց նպատակը դեռ առջևում է
Ինձ համար անսպասելիորեն թեթև էր թվում վերելքը մինչև այն պահը, երբ Գագիկն ասաց, որ իրեն լավ չի զգում։ Անհանգստությունն իմ էներգիան կորզում է, ու ես չէի ցանկանում առանց նրա շարունակել։ Սկսեցի նրան խնդրել, որ հնարավորինս լավ շնչի և ուժերը հավաքի։
Մի փոքր անց նա արդեն իրեն լավ էր զգում, իսկ ես աննկարագրելի հոգնած էի. ուզում էի քնել, աչքերս փակել… Բարեբախտաբար, դա արդեն գագաթին շատ մոտ հատվածում էր, և այդ պահին արդեն Գագիկն էր ինձ հիշեցնում, որ չեմ կարող ամենածայրին հանձնվել։
Արարատի գագաթին՝ Թումանյանի տողերով
Նկարագրելու համար, թե ինչ զգացի, երբ առաջին անգամ ոտք դրեցի Արարատի գագաթին, ես ավելի լավ չեմ կարող, քան Թումանյանի այս տողերը.
«Հոգիս տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել,
Տիեզերքի տե՛րն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել»։
Ամբողջ աշխարհն իմ ներսում էր։ Ես լիքն էի ոգևորությամբ, լույսով ու սիրով…
5165 մետր՝ ճանապարհ դեպի ներս
Այսպիսի փորձառությունները ինքնաճանաչման, սեփական հնարավորությունները փորձելու, մտքի սահմանները ջնջելու և ներկա ժամանակն ապրելու մասին են։
Առօրյայում բոլորս էլ բազմաթիվ կիսատ գործեր, չլուծված խնդիրներ ու դժվարություններ ենք ունենում։ Ինֆորմացիոն աղմուկն ու կենցաղային խնդիրները զբաղեցնում են մեր միտքը գրեթե ողջ ծավալով, ու չենք նկատում ժամանակի ընթացքը։ Իրականում նույնիսկ չենք հասցնում լիարժեք ապրել ամեն պահը։
Որքան բարձրանում ես լեռն ի վեր, այնքան սկսում ես ապրել ավելի դանդաղ, ավելի մանրամասն։ Որքան ավելի դժվար է լինում վերելքը, այնքան ավելի կարևոր է դառնում այդ պահը։ Եվ դրան զուգահեռ չքվում են բոլոր անկարևոր խնդիրները, փոքրանում այնքան, որ սկսում ես վերարժևորել կյանքը, քեզ, ներկան և այն մարդկանց, ովքեր հենց այդ պահին քեզ հետ են։
Արարատը այս բոլոր զգացումները եռապատիկ ապրելու մասին էր՝ եռապատիկ դանդաղ, եռապատիկ սիրուն։ Սա ինձ համար ճամփորդություն էր դեպի ներս՝ 5165 մետր ներքև։
Մինչև վերելքը ես կարծում էի, որ մեկ անգամ բարձրանամ Արարատի գագաթ, էլ բան չեմ ուզի։ Կարծում էի՝ ամենավառ պահերը հենց գագաթին են։ Գագաթին մի բան կար միայն՝ «որոնման ճանապարհի» սկիզբը…
Հիմա, գագաթից իջնելուց հետո, պետք է խոստովանեմ, որ ավելի շատ եմ ցանկանում վերադառնալ այնտեղ։
«Արարատված եմ»․ 5165 աստիճան դեպի նոր զգացողություն
Եթե կասկածում եք՝ բարձրանալ Արարատ, թե ոչ, ուրեմն դա լավագույն պահն է սեփական մտքի սահմանափակումները վերացնելու և վախերը հաղթահարելու համար։ Ինչքան ավելի շատ եք կասկածում, այնքան ավելի մեծ հաճույք եք զգալու։ Երանի նրանց, ովքեր դա դեռ առաջին անգամ են անելու։
5165-ով փոխվել են իմ զգացողությունները. «Ես կարող եմ շարունակել այն պահին, երբ ինձ թվում է, որ այլևս չեմ կարող»։
«Արարատված եմ»․ հնչում է ինչպես «Մկրտված եմ»։
Մարիամ Մանուկյան


















